Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հականեխիչ միջոց է լորձաթաղանթի համար (արգիրոլ, պրոտարգոլ, կոլարգոլ)։

ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, դեկորատիվ–կիրառական արվեստի հնագույն Ա տարածված տեսակներից, արծաթյա գեղարվեստական իրերի պատրաստում՝ հաճախ այլ թանկարժեք մետաղների (տես Ոսկերչություն) և քարերի համադրությամբ։ Տարածված է եղել Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բյուգանդիայում և այլուր։ Հայաստանում Ա․ զարգացած է եղել հին ժամանակներից։ Արծաթից պատրաստված աչքի րնկնող գեղարվեստական առարկաներ գտնվել են էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ․ թ․ ա․ V–IV դդ․)․ Արտաշատում (մ․ թ․ ա․ II –I դդ․)։ Հետագայում էլ Ա–յան կարևոր կենտրոններ եղել են Վանը, Երզնկան, Դվինը, Կարինը (էրզրում), Անին, Երևանը, Ալեքսանդրապոլը (Լենինական), Թիֆլիսը, Կ․ Պոլիսը, Ախալցխան, Շուշին, Շամախին և այլ քաղաքներ։ Ա–յան հիանալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները։ Կիրառվել են զանազան տեխնիկական հնարներ՝ «ձուլում», «դրվագում», «ցանցկեն», «փորագրություն», «դրոշմում», «սևադապատււմ», «ֆիլիգրան» (ցանցկեն) «արծնակիտում» (էմալապատում)։ Հայ վարպետները պատրաստում էին թագեր, խույրեր, գավազաններ, կանացի նուրբ մանյակներ, ապարանջաններ, ճակատնոցներ, թասակներ, ականջօղեր, հերազարդեր, գոտիներ, սպասք, ձեռագրերի կազմեր, եկեղեցական սպասքներ։ սովետական շրջանում հայկական Ա–յան ավանդույթները շարունակեցին՝ Վ․ Հացագործյանը, Ն․ Դիոնեսյանը, Հ․ Ստեփանյանը, Ն․ Տեր–Ղևոնդյանը, Կ․ Նորաշխարյանը, Ն․ Դույումճյանը, ժ․ Չուլոյանը, Հ․ Փիլիպոսյանը, ժ․ Մազլումյանը, որոնք այն հարստացրին նոր ձևերով ու բովանդակությամբ։ Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսներում։ Արծաթյա բարձրարվեստ իրեր է արտադրում Երևանի ոսկերչական գործարանը։

Պատկերազարդումը տես 65 էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV–XVIII դդ․, Ե․, 1956։ Վ․ Աբրահամյան


ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ ԱՄՊԵՐ, լուսարձակող ամպեր մթնոլորտի մեծ բարձրություններում (80–85 կմ)։ Նրանց բնույթը լրիվ պարզված չէ։ Ա․ ա․ բարակ են և չեն թուլացնում անգամ աստղերի լույսը։ Արձակած լույսի սպեկտրի հետազոտությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք բաղկացած են չափազանց մանր սառցային բյուրեղիկներից։ Հյուսիսային կիսագնդում ամռան գիշերներին Ա․ ա․ նկատվում են 50–60° լայնություններում։ Առաջին անգամ նկատել է ռուս աստղագետ վ․ Կ․ Ցերասկին (1885)։


ԱՐԾԱԹԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, քանակական անալիզի տիտրաչափական եղանակ։ Հիմնված է արծաթի նիտրատի՝ AgN03, տիտրված լուծույթների կիրառման վրա։ Հետազոտվող թույլ հիմնային կամ չեզոք լուծույթները տիարում են AgNՕ3 լուծույթով (տես Տիտրում)։ Որպես ինղիկատոր օգտագործում են CrO4–2 իոնը, որը AgNO3–ի ավելցուկի հետ առաջացնում է անլուծելի կարմիր նստվածք՝ Ag2Cr04։ Տիտրման վերջնակետը կարելի է որոշել նաև ադսորբցիոն ինդիկատորներով կամ էլեկտրաքիմիական եղանակներով։ Հետազոտվող թթու լուծույթների դեպքում ավելացնում են AgN03^ լուծույթի ավելցուկ և ապա տիարում ռոդանիդով (ինդիկատոր է Fe+3^)։ Ա–ով մեծ ճշտությամբ որոշում են աղեր և թթուներ, որոնց անիոնները Ag+ կատիոնի հետ առաջացնում են նստվածքներ կամ կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ, ռոդանիդներ, ցիանիդներ ևն։ Վ․ Թառայան


ԱՐԾԱԹԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում, էրզրում քաղաքից մոտ 15 կմ հյուսիս–արևելք, Ծաղկավետ (Դյումլի) լեռան հարավ՜արևելյան ստորոտին։ Հիշատակվում է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»–ում, Վահանանց պատերազմի կապակցությամբ։ 1880–ին ուներ 341 բն․, որից 210–ը՝ հայեր, իսկ 1909–ին՝ 100 տուն, որից 70–ը թուրքեր էին, իսկ 30–ը՝ հայեր։ Գյուղի մոտակայքում գտնվող ջերմուկը տեղացիները օգտագործում էին բուժական նպատակներով։ Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ քարակերտ եկեղեցի և վանք (Ս․ Լուսավորիչ)։ Հայ բնակիչների մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ Եղեռնի ժամանակ։

Թ․ Հակոբյան


ԱՐԾԱԹԻ ԲՐՈՄԻԴ, AgBr, արծաթի և բրոմի քիմիական միացությունը։ Բրոմ–ջրածնական թթվի աղն է։ Բնության մեջ հանդիպում է բրոմարգիրիտ միներալի ձևով։ Դեղնավուն բյուրեղներ են։ Ա․ բ–ի հալման ջերմաստիճանը 420–430°C է, քայքայվում է 700°C-ում, խտությունը՝ 6473 կգ/մ3։ Ջրում գործնականորեն չի լուծվում։ Լուծվում է սպիրտում, ազոտական թթվում, թիոսուլֆատների լուծույթներում ևն։ Կլանում է ամոնիակ՝ առաջացնելով կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ [Ag(NH3)3]Br։ Ա․ բ․ լույսի ազդեցությունից քայքայվում է։ Ստացվում է բրոմաջրածնի կամ նատրիումի բրոմիդի և արծաթի նիտրատի լուծույթների փոխազդմամբ։ Որպես լուսազգայուն նյութ օգտագործվում է լուսանկարչական թաղանթներ պատրաստելու համար։ Արծաթբրոմիդային լուսանկարչական թղթերն ունեն բարձր լուսազգայնություն և փոքր շղարշառաչացում։ Ա․ բ․ օգտագործվում է նաև որպես կատալիզատոր՝ օլեֆինների սինթեզում։

Լ․ Գրիգորյան


ԱՐԾԱԹԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, արծաթ պարունակող մետաղական միահալույթներ։ Ա․ հ–ում արծաթը կամ հիմնական բաղադրիչն է, կամ պայմանավորում է համաձուլվածքի որևէ կարևոր հատկությունը։ Ա․ հ․ պատրաստում են հիմնականում արծաթի կարծրությունը և քիմիական կայունությունը թթուների, ծծմբի և նրա գազային միացությունների նկատմամբ մեծացնելու համար։ Այդ նպատակով օգտագործվում են Ա․ հ․ ոսկու, պլատինի, պալադիումի, պղնձի, կադմիումի և այլ մետաղների հետ։ Ոսկին և պալադիումը լուծվում են արծաթում բոլոր հարաբերություններով և առաջացնում պինդ լուծույթներ։ Ոսկի ավելացնելիս արծաթի սպիտակ գույնը աստիճանաբար վւոխվում է՝ սպիտակից (35% Au) դեղնականաչավունի (70% Au)։ 40%–ից քիչ ոսկի պարունակող արծաթը լուծվում է ազոտական թթվում։ Ա․ հ․ պալադիումի հետ պլաստիկ են, կայուն՝ թթուների և օքսիդիչների նկատմամբ, լուծվում են թթուներում մինչև 5% Pd–ի պարունակության դեպքում միայն։ Արծաթը պլատինի հետ առաջացնում է ներմեաաղական միացություններ (Ag3Pt, AgPt ևն)։ Հաճախ օգտագործում են եռկոմպոնենտԱ․ հ․՝ Ag–Au–Cu, Ag–Pd–Cu, Ag–Au–Pt ևն, երբեմն սրանց ավելացնում են ցինկ, նիկել, կադմիում ևն։ Ա․ հ․ ազնիվ մետաղների և պղնձի հետ միօրինակացված են (տես Հարգ)։ Սրանք օգտագործվում են ոսկերչական և կենցաղային իրեր, մանրադրամ, ատամնապրոթեզներ, քիմիական և էլեկտրական կոնտակտներ պատրաստելու համար։

Բազմաթիվ երկրներում դրամը կտրում են Ա․ հ–ից(10–50%Си), որտեղից էլ՝ արծաթյա մանրադրամ անվանումը։ ՍՍՀՄ–ում ամենատարածված Ա․ հ․ ունեն 875 հարգանիշը, Եվրոպայում՝ 800։ Ա․ հ․ պղնձի և ցինկի հետ օգտագործվում են որպես զոդանյութեր։ Հալման ջերմաստիճանն իջեցնելու նպատակով ավելացնում են նաև կադմիում, նիկել, անագ ևն։ Արծաթը սնդիկի հետ առաջացնում է ներմետաղական միացություններ, որոնք տաքացնելիս քայքայվում են․ այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերից արծաթն անջատելու համար։ Որպես ամալգամային ատամալից օգտագործվում է Ag(33%)– Hg (52%) – Տո (12,5%) – Си (2%)– Zn (0,5%) համաձուլվածքը։ Արծաթի չնչին քանակները խիստ մեծացնում են կապարի դիմադրողականությունը դեֆորմացման նկատմամբ։ Այդ համաձուլվածքները օգտագործվում են մեծ բեռնվածության տակ աշխատող առանցքակալներ պատրաստելու համար։ Ա․ հ․ կադմիումի (25%), անագի (10%–ից ավելր), ալյումինի (մինչև 10%) հետ ունեն մեխանիկական լավ հատկություններ և քիմիապես կայուն են։ Քրոմի և ցիրկոնիումի փոքր քանակները չափազանց մեծացնում են Ա․ հ–ի կարծրությունը։


ԱՐԾԱԹԻ ՆԻՏՐԱՏ, AgNO3, ազոտական թթվի արծաթային աղը։ Ունի երկու ձևափոխություն՝ անգույն ռոմբային բյուրեղներ (խտությունը՝ 4352 կգ/մ3), որոնք 159,8°C–ից բարձր տաքացնելիս փոխարկվում են ռոմբոէդրային ձևին (հալման ջերմաստիճանը՝ 208,6°C)։ Ա․ ն․ լավ լուծվում է ջրում (100 գ ջրում՝ 69,5 գ, 20°C–ում), սպիրտում, ացետոնում, քացախաթթվում ևն։ 300°С–ում քայքայվում է՝ առաջացնելով արծաթ, ազոտ, թթվածին և ազոտի օքսիդներ։ Օրգանական խառնուրդներ չպարունակող Ա․ ն․ լույսից չի քայքայվում։ Ջրածինը և այլ երականգնիչներ Ա․ ն–ի լուծույթից անջատում են արծաթ, իսկ հալոգենները՝ արծաթի համապատասխան հալոգենիդներ։ Ա․ ն․ ստանում են արծաթի և ազոտական թթվի փոխազդ–