Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հս․, ապա արլ․ և Կուրթան գյուղի մոա թափվում Ձորագետ։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիս–հունիսին։ Տարեկան միջին ծախսը 1,24 մ3/վրկ է, հոսքը՝ 39,1 մլն մ3։ Ձմռանը սառցապատվում է։ Գ–ի ափին է Գյուլագարակի «Սոճուտ» մանկական առողջարանը։ Գ․ Աբրահամյան


ԳԱՐԴԱ (Garda), լիճ Իտալիայի հյուսիսում, Ալպերի ստորոտում, հարավային մասը՝ Լոմբարդական դաշտավայրում։ Գտնվում է 65 մ բարձրության վրա։ Մակերեսը 370 կմ2 է, խորությունը՝ 346 մ։ Գ–ի մեջ թափվում է Սարկա գետը և սկիզբ առնում Մինչոն (Պոյի ձախ վտակը)։ Ափերին կան առողջարաններ։


ԳԱՐԴՄԱՆ, Գարդմանք, պատմական գավառ և ամրոց Ուտիք նահանգում։ Համապատասխանում է այժմյան Ադրբ․ ՍՍՀ Ղազախի, Թովուզի հս․ և Շամքորի շրջանի արմ․ մասերին։ Արշակունյաց ժամանակ այստեղ էր Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչա–քաղաքական առումով հայտնի էր որպես «Գարդմանցւոց իշխանութիւն»։ VII դ․ սկզբին Գ․ դարձել է պարսիկ Միհրանյան տոհմի սեփականությունը։ Միհրանյաններն իրենց ձեռքն են գցել նաև Ուտիքի մյուս գավառները, և նրանց տիրապետության շրջանում (VII–VIII դդ․) «Ուտիք» անունը փոխարինվել է «Գարդմանք»-ով։ Գավառի կենտրոնն էր Գարդման ամրոցը, որը հիմնադրել է Միհրանյան Վարդան իշխանը VII դ․ սկզբին և որը հետագայում բարեկարգել և ամրացրել է Ջիվանշիր իշխանը (636–84)։ Բ․ Ուլուբաբյան


ԳԱՐԵՋՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, մշակում է գարու ածիկ, գայլուկ, խմորասունկ և արտադրում գարեջուր։ Գարեջրի պատրաստումը հայտնի է վաղ ժամանակներից (տես Գարեջուր)՝․ Սակայն նրա արտադրությունը մեծ թափ է ստացել ուշ միջնադարում Կենտրոնական Եվրոպայում և XX դ․ առավել զարգացած երկրներում։ ՍՍՀՄ–ում գարեջրի արտադրությունը զարգացել է գրեթե բոլոր տնտ․ շրջաններում։ Սոցիալիստական երկրներից Գ․ ա․ զարգացած է Չեխոսլովակիայում, Լեհաստանում, ԳԴՀ–ում։ Կապիտալիստական երկրներից գարեջրի խոշոր արտադրողներն են ԳՖՀ–ն, ԱՄՆ։ Մինչսովետական Հայաստանում Գ․ ա․ թույլ էր զարգացած (1913-ին 54 հզ․ դաւ)։ 1940-ին ՀՍՍՀ–ում արտադրվել է 523 հզ․ դաւ գարեջուր։ Գ․ ա․ բարձր տեմպերով սկսեց զարգանալ պատերազմից հետո, երբ 1952-ին շարք մտավ Երևանի գարեջրի գործարանը։ 1971-ին արտադրվել է 3758 հզ․ դաւ գարեջուր։ 1976-ին Աբովյանի շրջանում շահագործման հանձնվեց 7,2 մլն դաւ հզորությամբ գարեջրի նոր գործարան։ Գարեջրի արտադրությունը հումքով ապահովելու համար Շիրակի դաշտավայրի գարու բազայի վրա Լենինական քաղաքում կառուցվում է ածիկի հզոր արտադրամաս (10 հզ․ տ կարողու– թյամբ)։


ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Շարք է մտել 1952-ին։ Ունի եփման, խմորման, հնացման, լցման արտադրամասեր։ Թողարկում է «ժիգուլևյան»-, «Հոբելյանական», «Անի» գարեջրատեսակներ։ Սկզբնական կարողությունը կազմել է 0,5 մլն, 1975-ի վերջին՝ 2,7 մլն դկլ։ Արտադրանքը սպառվում է ՀՍՍՀ–ում։


ԳԱՐԵՋՈՒՐ, խմիչք։ Ստացվում է գարու ածիկի քաղցուի սպիրտային խմորմամբ։ Որոշ տեսակների համար գարու ածիկի մի մասը փոխարինվում է գարու կամ այլ հացահատիկների (բրինձ, եգիպտացորեն) ալյուրով և շաքարով։ Քաղցու ստանալու համար գարին թրջում են, ծլեցնում և չորացնում։ Ածիկը աղում ու խառնում են տաք ջրին, ֆիլտրմամբ անջատում քաղցուն և եռացնում գայլուկի հետ։ Այնուհետև գայլուկը հեռացնում են, քաղցուն սառեցնում ու խմորում։ խմորումն ընթանում է երկու փուլով, հիմնական և լրացուցիչ։ Հիմնական խմորումը կատարվում է 6–9° ջերմաստիճանում և տևում է 6–10 օր՝ կախված քաղցուի խտությունից։ խմորվում է շաքարի մեծ մասը, ստացվում է չհասունացած (թերհաս) Գ․։ Լրացուցիչ խմորման ընթացքում, որը տևում է 11–100 օր, Գ․ հագեցվում է ածխաթթու գազով, պարզվում և ձեռք բերում համ ու բույր։ Պատրաստի Գ․ ֆիլտրում են, լցնում տակառներն ու շշերը։ Նայած հումքի տեսակին, Գ–երը լինում են բաց («ժիգուլևյան», «Ռիգայի», «Լենինգրադյան», «Մոսկովյան») և մուգ («Ուկրաինական» «Մարտովյան», «Պորտեր», «Անի») գույնի։ Ցուրաքանչյուր տեսակ բնութագրվում է գույնով, համով, բույրով, սպիրտի և սննդարար նյութերի որոշակի քանակով։ Յուրատեսակ դառնավուն և զովացուցիչ համն ու բույրը պայմանավորված են ածիկի ու գայլուկի լուծամզուքների, 2,5–6,0% սպիրտի, 0,3–0,35% ածխաթթու գազի և բուրավետ նյութերի առկայությամբ։ Գ–ի տարբեր տեսակներ պարունակում են 80–89% ջուր, 5,5–10,7% լուծամզուք։ Մեկ լիտր Գ–ի կալորիականությունը 400–800 կկալ է։ Հույն պատմագիր Քսենոփոնի վկայությամբ Հայաստանում Գ․ են արտադրել դեռևս մ․ թ․ ա․ V–IV դդ․։ Հայերը Գ–ի պատրաստման համար օգտագործել են հացահատիկ (գարի, կորեկ), բույս (գայլուկ), խմել են եղեգներով։ Գ․ առավել լայն գործածություն է ունեցել Հայաստանի այն վայրերում, որտեղ խաղողագործությունը զարգացած չէր։ ՀՍՍՀ–ի գարեջրի գործարաններն արտադրում են 8 տեսակի Գ․ (1975)․ «ժիգուլևյան», «Մոսկովյան», «Ռիգայի», «Ուկրաինական», «Հոբելյանական», տեղական տեսակի՝ «Շիրակ», «Լոռի», «Երևանյան»։ Լենինականի գարեջրի և ածիկի գործարանում թողարկվող «Շիրակ» Գ–ին 1976-ին շնորհվել է պետական որականիշ։ Ի․ Յուզբաշյան


ԳԱՐԶԱՆԱՈՒ (Արզան) գետ Հայկական լեռնաշխարհի հարավում, Տիգրիսի աջ վտակը։ Երկարությունը 135 կմ է, ջրահավաք ավազանը՝ 2300 կմ2։ Սկիզբ է առնում Խութի լեռնաշղթայի (Հայկական Տավրոս) հվ․ լանջերից, 2000 մ բարձրությունից։ Ավազանի մեծ մասը անտառապատ է։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։


ԳԱՐԸԳԼՈՒՂ, հայաբնակ գյուղ Սամսուն նահանգի Չարշամպա գավառում, 1915-ին ուներ 50 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Լուսավորիչ, կառուցված 1871-ին) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։


ԳԱՐԻ (Hordeum), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտանման բույսերի ցեղ։ Ըստ տարբեր աղբյուրների, հայտնի է 18–30 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ մոտ 10 տեսակ։ Մշակվում է մեկ տեսակը՝ H․ sativum, որն ունի 3 ենթատեսակ։ Բազմաշար Գ․ (H․ vulgare), հասկի առանցքի յուրաքանչյուր ելուստի 3 հասկիկները

զարգանում և հատիկ են կազմում։ Ունի խիտ (վեցշար) և նոսր (քառաշար) հասկերով ձևեր։ Հատիկներն անհավասար են։ Քառաշարը երաշտադիմացկուն է, վաղահաս և հարուստ սպիտակուցներով։ Օգտագործվում է որպես կեր։ Վեցշարի հատիկները համեմատաբար մանր են, օգտագործվում է սպիրտ և ածիկ