Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղն են։ Կյանքի վերջին շրջանում հարել է այն սխալ տեսակետին, ըստ որի, հայերենը թուրանական լեզու է։ Հանգամանորեն խոսելով Հայաստանի աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների մասին, նկարագրել է նաև առանձին նահանգները, գավառները, Հայաստանը շրջապատող բոլոր երկրների աշխարհագրական միջավայրը։ Հայաստանի պատմությունը շարադրելով համաշխարհային պատմության ընդհանուր ֆոնի վրա՝ դուրս չի եկել բուրժ․ պատմագրության սահմաններից, սխալ և անընդունելի դիրքերից է մեկնաբանել հասարակական– տնտեսական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, անտեսել է ժող․ զանգվածների գործուն մասնակցությունը V դ․ ազատագրական պատերազմներին։ Գ–ի կարծիքով հայոց պատմության ընթացքը որոշող նախապայմաններն են ներքին և արտաքին կարգի գործոնները։ Վերջինին ավելի վճռական դեր է հատկացրել, գտնելով, որ հայ ժողովուրդն իր պատմական առաջընթացի համար միշտ էլ պարտական է եղել հռոմ․ ազդեցությանը։ Դեռևս Հ․ Գաթըրճյանի և Ղ․ Հովևանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատության մեջ Գ․ կիրառել է դասական հայերենի իր ելակետը, ըստ որի, գրաբարը բաժանել է դասական և հետ–դասական շրջանների։ «Նկարագիր ուսմանց» (1845) աշխատության մեջ Գ․ տվել է այդ սկզբունքի և դասական հայերենի նկարագիրը, անդրադարձել առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին։ Գրել է հայերենի դասագրքեր («Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», 1862 են)։

Երկ․ Արուեստ ճարտարախոսութեան, Վնն․, 1844։ Նկարագիր ուսմանց, Վնն․, 1845։ Սկզբունք տրամաբանության, ԿՊ, 1864։ Համառոտ պատմություն փիլիսոփայության, ԿՊ, 1868։ Համառոտ փիլիսոփայություն կամ սկզբունք հոգեբանության, տրամաբանության, բարոյականի և բնական աստվածաբանության, ԿՊ, 1868։ Աշխարհագրություն քաղաքական–տնտեսական և ֆիզիկական, ԿՊ, 1873։ Քննական պատմություն Հայոց, հ․ 1–4, ԿՊ, 1880–95։ Բան և դատումն, «Երկրագունդ», 1886, հուլիս։

Գրկ․ Խաչկոնց Դ․, Ա․ Մ․ Գարագաշյան,Կենսագրական մատենախոսական, «Բյուրակն», 1900, №11։ Քեչեյան Բ․, Մատաթիա Գարագաշյան, «Բյուզանդիոն», 1903, №2183։ Ալպոյաճյան Ա․, Անհետացող դեմքեր, Ա․ Մ․ Գարագաշյան, «Բյուզանդիոն», 1903, № 2185։ Ակինյան Ն․, Գարագաշյան Մատաթիա, «ՀԱ», 1932, № 1, 2։ Աղայան է․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958, էշ 387 – 97։ Գաբրիելյան Հ․, Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ․ 3, Ե․, 1959, էշ 129–172։ Շաքարյան Հր․, Ա․Մ․ Գարագաշյանի աշխարհայացքը, Ե․, 1962։ Պ․ Հովհաննիսյան, է․ Ռշտունի


ԳԱՐԱԳԱՇՅԱՆ Երանուհի Հարությունի (1848, Կ․ Պոլիս – 14․3․1924, Թիֆլիս), հայ դերասանուհի։ Վ․ Գարագաշյանի քույրը։ Բեմ է բարձրացել 1865-ին, «Արեվելյան թատրոնում»։ Խաղացել է Հ․ Վարդովյանի թատրոնում (1867–78), Թիֆլիսի հայկական թատերախմբում (1880–82), Ս․ Պենկլյանի օպերետային թատերախմբում (1878–79, 1882–87)։

Եղել է բազմաժանր դերասանուհի՝ խարակտերային կերպարանագծումների որոշակի հակումով։ Հիմնական դերակատարումներից են՝ Աշխեն (Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն»), Սանդուխտ (Թ․ Թերզյանի «Սանդուխտ կույս»), Ֆաթիմե (Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր–հոր աղա»), Կլերետ, ժիրոֆլե–ժիրոֆլյա (Լեկոկի «Մադամ Անգոյի աղջիկը», «ժիրոֆլե–ժիրոֆլյա»), Տուգոուխովսկայա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Բարբարե, Քեթեան (Սունդուկյանի «էլի մեկ զոհ», «Խաթաբալա»)։ Արտաքին էֆեկտների հարստությունը, տպավորիչ պլաստիկան, սալոնային փայլը, արտահայտության սրությունը և բացառիկ բեմական հմայքը Գ–ին դարձրել են XIX դ․ հայ թատրոնի երևելի դերասանուհիներից մեկը։ Հ․ Հովհաննիսյան


ԳԱՐԱԳԱՇՅԱՆ Վերգինե Հարությունի (1856, Կ․ Պոլիս – 1933, Աթենք), հայ դերասանուհի։ Ե․ Գարագաշյանի քույրը։ Բեմ է բարձրացել 1867-ին, «Արևելյան թատրոնում»։ Եղել է Հ․ Վարդովյանի թատրոնի (1869–78), Թիֆլիսի հայկական թատերախմբի (1880–82), Ա․ Պենկլյանի օպերետային թատերախմբի (1878–79, 1882–87) դերասանուհի։ Գ–ին հավասարապես մատչելի են եղել լիրիկական և կատակերգական դերերը։ Խաղացել է Ամալյա (Դյումա–որդու «Թերեզա»), Օրեսթ (Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե»), Ֆաթիմե (Չուխաճյանի «Լեբլեբիջի Հորհոր աղա»), Կեկել, Խամփերի (Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա») են։ ճկուն ձայնը և ինտոնացիոն վարպետությունը Գ–ին մեծ հաջողություն են ապահովել ասմունքի արվեստում։ Հ․ Հովհաննիսյան


ԳԱՐԱՆՅԱՆ Երվանդ Գեորգի (ծն․ 1903, գ․ Կարշումլի, Սամսունի վիլայեթ), Սովետական Միության հերոս (15․1․1944)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ընտանիքով գաղթել և հաստատվել է Աբխազիայի Գագրայի շրջանում։ Հայրենական մեծ պատերազմում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Դոնի, Բրյանսկի, Կենտրոնական, Արևմտյան, Առաջին բելոռուսական ռազմաճակատների մարտերին։ Գ–ի հրետանային հաշվարկը հատկապես աչքի ընկավ Չեռնիգովի ազատագրման և Դնեպրի գետանցման ժամանակ, որի համար և նա արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։ 1951-ից բնակվում է Կրասնոդարի երկրամասի Ադլերի շրջանի Վեսյոլոյե գյուղում։ Ք․ Գրիգորյան


ԳԱՐԱՍԵՖԵՐՅԱՆ Բարուկ Մարգարի [19․9(1․10)․1904, Վան–18․6․1952, Երևան], հայ բուսաբույծ։ Գյուղատնտեսական գիտ․ թեկնածու, դոցենտ (1937)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1928)։ Գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ–ում մշակվող ցորենի տեղական սորտերի տեսակային և տարատեսակային կազմի, տնտ․, կենսբ․ առանձնահատկությունների, տարածման վայրերի, սելեկցիայի, սորտաշրջանացման հարցերին։ Գ–ի «Արմյանկա» սորտը մշակվել է Լոռի–Փամբակի գոտում։

Երկ․ Հայաստանում մշակվող ցորենների տեղական սորտերը, 2 հրտ․, Ե․, 1955։ Ա․ Մաթևոսյան


ԳԱՐԲՈ (Garbo, իսկական ազգանունը՝ Գուստաֆսոն, Gustavsson) Գրետա (ծն․ 18․9․1905, Ստոկհոլմ), ամերիկյան կինոդերասանուհի։ Ազգությամբ՝ շվեդուհի։ Ավարտել է Ստոկհոլմի դրամատիկական արվեստի դպրոցը։ Առաջին անգամ նկարահանվել է 1922-ին։ 1926-ից խաղացել է Հոլիվուդում։ Ստեղծել է տառապող, դժբախտ կանանց կերպարներ։

Դերասանուհու խաղի անկեղծությունը և բնատուր հմայքը նրան բերեցին համաշխարհային ճանաչում։ Գ–ի և Ռ․ Մամուլյանի ստեղծագործական սերտ համագործակցության արդյունքն է «Քրիստինա թագուհին» (1933) ֆիլմի հաջողությունը։ Այս, ինչպես նաև «Աննա Կարենինա» (1935) և «Քամելիազարդ տիկինը» (1937) ֆիլմերում խորապես բացահայտվել է դերասանուհու դրամատիկական մեծ տաղանդը։ 1941-ից հեռացել է կինոյից։ Հ․ Թահմիզյան


ԳԱՐԳԱԼՈՅԱՆ Հարություն Մկրտչի (23․4, 1901, Ալեքսանդրապոլ), ՀՍՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ 1925-ից աշխատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր բնագավառներում, պատրաստել մարմնամարզության գծով հռչակված մարզիկներ (Հ․ Շահինյան, Լ․ Զաքարյան ևն)։ Ղեկավարել է հայ մարզիկների ելույթները համամիութենական մարզական շքահանդեսներում (1939, 1940, 1945, 1946)։ Մ․ Մամիկոնյան


ԳԱՐԳԱՌ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Ձորագետի աջ վտակը։ Երկարությունը 28 կմ է, ավազանը՝ 129 կմ2։ Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հս․ լանջից (2397 մ բարձրությունից)։ Հոսում է դեպի