Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քարարծիվ

վուն բծերով ձու։ 2 սեռն էլ թխսում են (40-45 օր)։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, երբեմն՝ լեշերով։ ՀՍՍՀ–ում տարածված է 4 տեսակ՝ քարարծիվ, թզուկ, փոքր և տափաստանային։ Բացառությամբ քարարծվի, մյուսներն օգտակար են, ոչնչացնում են վնասակար կրծողներին։
Գ․ Մանուչարյան

ԱՐԾԿԵ, կղզի Վանա լճի հյուսիս–արևմտյան մասում, Արծկե ավանից ոչ հեռու։ Լճի մակարդակը բարձրանալու հետևանքով մնացել է ջրի տակ։ Թովմա Մեծոփեցու մոտ Ա–ում հիշվում է Ս․ Ստեփանոս (Ցիպնա, Դաստակ) վանքը։


ԱՐԾԿԵ, ավան (հետագայում քաղաք) Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում։ Գտնվում է Վանա լճի հս․ ափին, հրվանդանի վրա։ Ուրարտական արձանագրություններում հիշատակվում է Զիուկունի անունով։ Ա–ում գտնվել են էնեոլիթյան դարաշրջանի խեցեղեն, ուրարտական բարձրաքանդակներ։ Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին V դ․Ա․ հիշատակում են որպես գյուղ։ Մինչև 330-ական թթ․ եղել է Բզնունի նախարարության տիրույթների մեջ, այնուհետև դարձել արքունի սեփականություն, ապա, հավանաբար, դրվել Բզնունյաց եպիսկոպոսի իրավասության տակ։ VII դ․ 2-րդ կեսին արաբները գրավեցին Ա․ և քաղաքն անվանեցին Դատ ալ–Ջաուզ, որից էլ առաջացել է Ա–ի այժմյան Ալջավազ (Ադիլ–ջևազ) անունը։ 852-ից հետո, երբ Վասպուրականի և Տարոնի հայ նախարարները գերի էին տարվել խալիֆայության նստավայրը՝ Աամառա, Ա–ին տիրեց արաբական Կայսիկ տոհմը։ 885-ից հետո Ա․ մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության կազմի մեջ, բայց ավանում շարունակում էին իշխել Կայսիկները, որոնք ընդունում էին Բագրատունիների գերիշխանությունը։ Բագրատունյաց թագավորության կազմում Ա․ բարգավաճել է և վերածվել քաղաքի, ունեցել է իր բերդը։ 940-ին Ա․ գրավել է Համդանյան ամիրա Սայֆ–ալ–Դաուլան։ 967-ից հետո վերստին անցել է Կայսիկներին։ X դ․ վերջերից Ա․ հիշատակվում է որպես եպիսկոպոսական աթոռանիստ, որը մտել է Աղթամարի թեմի մեջ։ 1000-ին Բյուզանդիայի Վասիլ II կայսրը Ա․ շնորհել է Վասպուրականի թագավորության տիրակալներին։ 1021-ից հետո քաղաքը Վասպուրականի թագավորության մեջ մտնող տիրույթների հետ անցել է Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Այդ շրջանում Ա–ում հաստատվել են նաև հույներ։ 1054-ին քաղաքը ենթարկվել է սելջուկյան հրոսակախմբերի հարձակմանը։ Արիստակես Լաստիվերտցու վկայությամբ, նույն թվին սելջուկների սուլթան Տուղրիլբեկը, չկարողանալով գրավել Մանազկերտը, թողել է նրա պաշարումը և հարձակվել Ա․ քաղաքի վրա, որի բնակիչներն անհոգությամբ ապավինել էին «ամրակառույց և ապահով» բերդին։ Սելջուկները ներխուժել են Ա․, ավերել, կողոպտել և գերել բնակիչներին։ Սելջուկյան պետության անկումից հետո, 1100-ին, Ա–ին տիրել են Շահ–ի–Արմենները, իսկ 1207-ից՝ էյուբյանները։ 1244-ին գրավել են մոնղոլ–թաթարները։ XIV-XV դդ․ Ա–ում բնակություն են հաստատել նաև քրդական ցեղեր։ Օտարազգի տիրակալների՝ Կարա–Կոյունլուների, Ակ–Կոյունլուների, սեֆևյան և թուրքական բռնակալության պայմաններում Ա–ում հայ բնակչությունը շարունակել է կազմել մեծամասնություն, թեև ենթարկվել է ծանր ու օրհասական փորձությունների, որի մասին վկայում են ձեռագիր հիշատակարանները։ 1425-ին Ակ–Կոյունլուների պետության տիրակալ Կարա–Օթմանը մեծաթիվ զորքով խուժել է Ա․, բնաջնջել ու գերեվարել նրաև շրջակայքի բնակչությանը։ 1436-ին Ա–ում ընդօրինակված մի ճաշոցի հիշատակարանում նշված է, որ Կարա–Կոյունլուների պետության գլխավոր Ջհանշահի (1437-67) զորապետը հարձակվել է Ա–ի վրա, խոշտանգումների ենթարկել նրա քրիստոնյա բնակիչներին, գերության տարել երեխաներին։ Այնուհետև Ա․ դարձել է Ջհանշահի, ապա նրա որդու՝ Հասան Ալիի ասպատակությունների թատերաբեմ։ Հայ բնակչությունը հաճախակի է ենթարկվել բռնությունների։ Թովմա Մեծոփեցու վկայությամբ 1425-ին Ա–ում, մոլեռանդ քրդերի ձեռքով, նահատակվել է Գրիգոր Խլաթեցի մատենագիրը։ 1501-ին Բաղեշի խանի զորքը հարձակվել է Ա–ի վրա, գրավել և այրել այն։ Ա․ մեծապես տուժել է XVI դ․ թուրք–պարսկական պատերազմներից։ 1604-ին Աբբաս I շահի հրամանով Ալահվերդի խանը արշավել է Հայաստան, գրավել Ա․, բնակչությանը գերեվարել Պարսկաստան՝ Սպահանի գավառ։ 1639-ին, թուրք–պարսկական պայմանագրով, Ա․ անցել է Թուրքիային։ Այն Վանի վիլայեթի մեջ մտնող Ալջավազ (Ադիլջևազ) սանջակի կենտրոնն էր։ Հին Ա․ ջրածածկ է եղել ուշ միջնադարում։ Լճափի բարձրադիր մասում հիմնվել է Նոր Ա․(այժմ՝ Ալջավազ)։ Մինչև XIX դ․ կեսերը Ա–ին տիրում էին քուրդ բեկերը, որոնք հաճախ էին պատերազմում կենտրոնական իշխանության դեմ։ Այդ պատերազմների ժամանակ անլուր տառապանքներ է կրել Ա–ի բնակչությունը։ Դառնաղետ իրապայմաններում աստիճանաբար նվազել է Ա–ի հայ բնակչությունը։ XIX դ․սկզբներին Ա–ում ապրում էր 500 տուն բնակիչ։ Ա–ի հայերը ծանր զրկանքներ են կրել 1895-96-ի ջարդերի ժամանակ, շատերը հեռացել են այնտեղից։ XX դ․ սկզբին Ա․ ուներ ընդամենը 2457 բնակիչ, որից 1138-ը՝ հայեր, մնացածը՝ քրդեր, թուրքեր և հրեաներ։ Ա–ի հայ բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով, մասամբ նաև առևտրով։ Հայերն ունեին երկու եկեղեցի (Ա․ Աստվածածին և Ս. Սարգիս)։ Ա–ի հս․ կողմում, Սիփան լեռան լանջին էր Երաշխավոր (Սքանչելագործ) անունով նշանավոր վանքը, որտեղ պահվող սրբազան մասունքը համաճարակի, տարափոխիկ հիվանդությունների ժամանակ շրջեցնում էին երկրում։ Ա–ում պահպանվել են հին քաղաքաբերդի ավերակներ՝ մինչև ծովեզերքը ձգվող կիսականգուն պարիսպներով։ Մեծ եղեռնի ժամանակ Ա–ի հայերի մեծ մասը զոհվեց, փրկվածներն անցան Արևելյան Հայաստան։
Գրկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղպատ, 1896։ Ալիշան Ղ., Տեղագիր Հայոց Մեծաց, Վետ․, 1855։ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XHI դդ․, Ե․, 1958։


ԱՐԾԿԵԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, գործել է XIV-XVI դարերում, Արծկեում։ Դեռևս 884-ին Գրիգոր Մաշկևոր Քաջբերունյաց վարդապետը Արծկե քաղաքից դուրս գտնվող Աքանչելագործ (Երաշխավոր) վանքում սկսել և Լիմ անապատում ավարտել է մի Ավետարան, որի մասին միայն տեղեկություն է պահպանվել։ Գրչական կյանքը Արծկեում աշխուժացել է XIV դ․ վերջին և հատկապես XV դ.՝ կապված Մեծոփավանքի դպրոցն ավարտած գրիչների և մանրանկարիչների գործունեության հետ։ Մեզ են հասել XIV դ․ գրիչ Հովհաննեսի 1317, 1319, 1338-ին ընդօրինակած 3 Ավետարան, 1415-ին՝ մեկ Հարցմունք, իսկ Աբրահամից՝ 1428-ի մեկ ճառընտիր։ Գրիչներից հայտնի են նաև Թովմա Մեծոփեցու աշակերտ Հովհաննեսը (որի ձեռագրերից պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․Մատենադարանում) և Հակոբ Նետրարենցը։ Ա․ գ․ կ–ի ընդօրինակություններից մեզ են հասել 1459, 1463, 1486, 1501, 1590, 1652-ի մեկական, 1264-ի երեք Ավետարան, 1475, 1480-իմ եկական Հայ սմավուրք և 1502-ի մեկ ճառընտիր։ XV դ․ Արծկեում են աշխատել Գրիգոր Արծկեցի Գանձասացը և Վարդանծաղկողը։
Ա․ Մաթևոսյան


ԱՐԾՆ, քաղաք միջնադարյան Հայաստանում։ Գտնվում էր Բարձր Հայք նահանգում, Էրզրումից հս–արմ․, առևտրական ճանապարհի վրա։ Իբրև քաղաք ձևավորվել է X դ․։ XI դ․ սկզբին, երբ Կարինը ավերվեց, բնակչության զգալի մասը փոխադրվեց Ա․։ Գտնվելով առևտրական բանուկ մայրուղու վրա և Բաբերդի միջոցով կապված լինելով Տրապիզոնի հետ՝ Ա․ դարձել է արհեստագործական արտադրության և առևտրի խոշոր կենտրոն։ Հայ և բյուզանդացի պատմիչները մեծ գովեստով են խոսել Ա–ի մասին։ Արիստակես Լաստիվերտցին Ա․ անվանել է շահաստան քաղաք՝ «․․․ հոյակապ և նշանավոր բոլոր երկրների մեջ․ իբրև քաղաք, որ կանգնած է լեռան վրա, ծովը և ցամաքը երկնում էին և առատորեն կրում սրա մեջ իրենց զորությունը․․․։ Արդ սա առաջինն էր, որ պսակված էր բարիքների առատությամբ․․․»։ Նույն պատմիչը հիշատակում է նաև քաղաքի վաճառափողոցները և ընդարձակ սրահները։ Բյուզանդական պատմագիր Միքայել Ատտալիատեսը նշում է, որ Ա․ ուներ հարմար դիրք, ան–