Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարիսպ մեծ քաղաք էր՝ լի մեծաքանակ ու բազմապիսի ապրանքներով, որ բերվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից։ 1048-ին Ա․ հիմնահատակ ավերել են սելջուկ զորապետ Իբրահիմ Ցանալի զորքերը։ Սելջուկները, վեց օր պատերազմելով քաղաքի բնակչության հետ, հբդեհել և գրավել են քաղաքը, սրի քաշել 150 հազար մարդ։ XII դ․ արաբ մատենագիր Իբն ալ–Ասիրը վկայում է, որ սելջուկները վերցրել են այնպիսի մեծ քանակությամբ ավար, որը «տարել են 10 հազար սայլի վրա»։ Ա․ Հայաստանի առավել խոշոր, բազմամարդ և առետրա–արհեստավորական քաղաքներից էր։

Գրկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։
Բ․ Առաքելյան

ԱՐԾՆ, Խարարզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Էրզրումից 8-9 կմ հյուսիս–արևմուտք, Եփրատի աջ ափին։ 1880-ին ուներ 820 բնակիչ, որից 682-ը՝ հայեր։ Զբաղվում էիներկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։ Ա․ բարեկարգ ճանապարհով (Եփրատիկամրջով) կապված էր էրզրումի հետ։ Ուներ եկեղեցի և վարժարան։ Ա–ի մոտակայքում են միջնադարյան հայկական հռչակավոր Արծն քաղաքի ավերակները։ Ա–ի հայ բնակիչների մի մասը զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան։
Ս․ Մելիք–Բախշյան


ԱՐԾՆ, արծնապակի, էմալ (ֆրանս․ ётаП, <ֆրանկական smel an-հալել), սպիտակ կամ գունավոր, ապակեկերպ դյուրահալ ծածկույթ, որով պատում են մետաղները կոռոզիայից պաշտպանելու և գեղեցիկ տեսք տալու համար։ Քիմիապես կայուն է, կարծր, ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ։ Գույնը կախված է բաղադրությունից։ Ա․սովորաբար պարունակում է սիլիցիումի, բորի, ալյումինի, ալկալիական և հոդալկալիական մետաղների, կապարի և այլ տարրերի օքսիդներ, նաև որոշ ֆտորիդներ։ Արծնապատելու համար հումքը՝ դաշտային սպաթի, քվարցի, պլավիկյան սպաթի, բորաքսի, բորաթթվի, սոդայի, կրիոլիտի ևն խառնուրդը միահալում են (1150-1300°C) ։ Միահալույթը սառեցնում են, մանրում և պատրաստում ջրային կախույթ, որով ծածկում են արծնապատվող իրի մակերեսը։ Ջերմամշակման ենթարկվելիս (750-1050°C) փոշին հալվում է՝ առաջացնելով Ա–ի բարակ շերտ, որը ամուր կպչում է մետաղին։ Արծնապատիրերը օգտագործվում են կենցաղում, սննդի, քիմիական, դեղանյութերի, էլեկտրատեխնիկական ևն արտադրության մեջ։ Բարձր ջերմադիմացկունություն ունեցող Ա–երը օգտագործվում են հրթիռային շարժիչներում։ Որոշ ներկեր, որոնց ծածկույթը նման է Ա–ին, հաճախ անվանվում են արծնային (տես Ներկանյութեր)։ Գեղարվեստական արծնապատմամբ պատրաստում են զարդարանքի իրեր, անոթներ, տուփեր, գոտիներ և դեկորատիվկի բառական արվեստի առարկաներ։ Արծնապատումը ըստ կատարմանև ամրացման տեխնիկայի լինում է․ ակոսավոր (կիտվում է մետաղի մակերեսին արված փորվածքներում), միջնորմավոր կամ ցանցավոր (կիտվում է մի եզրով մետաղի մակերեսին զոդված մետաղական միջնորմիկների արանքում), մանրարուրքի վրա (պատվում է ցանցկենի տեխնիկայով կատարված նախշը), թափանցիկ (որի միջով երևում են մետաղի մակերեսին փորագրված պատկերները), գեղանկարչական (գունավոր արծներով, ինչպես և հրակայուն ներկերով գեղանկարչություն՝ արծնապատված մակերեսի վրա) ևն։ Նշանավոր են բյուզանդական, ֆրանս․, ռուս․, վրաց․, չին․, ճապ․ և այլ ժողովուրդների գեղարվեստական Ա–ով պատված առարկաները։
Ինչպես ցույց են տալիս պահպանված նմուշները, արծնապատման տեխնիկան Հայաստանում առանձնապես զարգացել է XVII դ․ սկսած։ Հնագույն օրինակներից են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի N: 7789 Խորհրդատետրի (1675, Ղարասու) , N: 6767 Ավետարանի (1471, Առեստ գյուղ, կազմը՝ 1725 թիվ) և N: 5580 Ավետարանի (1622-23, Բաղեշ, կազմը՝ 1739-ի, վարպետը՝ Զիրաք ուստա) արծաթյա կազմերը։ XVIII - XIX դդ․Ա–ի կիրառմամբ հատկապես աչքի են ընկել Շուշիի և Ախալցխայի ոսկերիչները։ Նրանք այդ տեխնիկայով զարդարում էին գոտիներ, բաժակներ, ափսեներ, տուփեր, դաշույնի դաստակներ, ապարանջաններ, կրծքազարդեր։ Շուշիում արծնապատումով զբաղվել են մինչև XIX դ․ վերջը, հին վարպետներից հայտնի էր վարպետ Բադամը, որի պատրաստած բաժակները, ափսեները, գոտին, դաշույնը պահպանվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։
Պատկերազարդումը տես աղ․ VI, 48-49 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ․ Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV-XVIII դդ․, Ե․, 1956։
Վ․ Հակոբջանյան, Ա. Լ․ Գրիգորյան


ԱՐԾՎԱՆԻԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Բարգուշատ լեռան արևմտյան լանջին, Ղափան–Գորիս խճուղու վրա, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, 2 գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, հիվանդանոց, անասնաբուժարան։ Գյուղը հնում կոչվել է Երիցավանք և գտնվել է գերեզմանատան հվ–արմ․ մասում՝ Կռավայրում, հետագայում փոխադրվել է ներկայիս տեղը։

Արծվանիկ
Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը Արծվանիկում

Պատմական հուշարձաններից նշանավոր է հս–արլ․ մասում գտնվող Երիցավանքը։ Ա–ի տարածքում են գտնվհւմ Կարմրավանք գյուղատեղին՝ եկեղեցով և գերեզմանատնով, ինչպես նաև Ագռավի տապան և ճգնավորի մատուռ միջնադարյան կառույցները։ Հնագույն ամրոցի ավերակներում գտնվել են (մոտ մ․ թ․ ա․ IV-I դդ․) ձայնարկու գուսանների բրոնզե արձանիկներ։ Արձանիկների աջ ձեռքերին ագուցված են շան, իսկ գլուխներին՝ աքաղաղի կատարներով և կենդանիների եղջյուրներով դիմակներ, որոնք եղել են կենդանիների պաշտամունքի խորհրդանիշներ։ Դրանք լայն պյստկերացում են տալիս ձայնարկու գուսանների զգեստների մասին։ Արձանիկներն այժմ պահվում են Մոսկվայում՝ Պատմության պետական թանգարանում։
Ռ․ Մինասյան


ԱՐԾՎԱՆԻՍՏ (մինչև 1968-ը՝ Ներքին Ալուչալու) , գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավային ափին, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս–արևելք։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ։ Ունի 2 միջնակարգ (ցերեկային և երեկոյան) դպրոց, ակումբ, 2 գրադարան, բուժկայան, կինոթատրոն, փոստի բաժանմունք, ծննդատուն։ Գյուղի հվ․ եզրին կանգուն է նշանավոր վանքերից մեկը՝ Վանեվանը (903)։ 3 կմ հվ․, ավերված մի գյուղատեղիում, գտնվում է Հռիփսիմեի տաճարի տիպի կիսավեր մի եկեղեցի՝ Քոլատակի Ս․ Աստվածածինը։ Քարի շարվածքի բնույթը հնարավորություն է տալիս եկեղեցու կառուցումը վերագրել IX դ․ վերջին կամ X դ․սկզբին։ Այն կառուցված է ճեղքված բազալտից, դրսից ու ներսից սվաղված, որը սակավադեպ է հայ ճարտարապետության մեջ։ Ա–ի տարածքում է Հնեվանքը (X դ․) ՝գավթով (XII -XIII դդ․) , ինչպես նաև ուշ միջնադարյան գյուղատեղիների մնացորդներ, խաչքարեր, կենցաղային մոտիվներով քանդակազարդ տապանաքարեր։ Ա․հիմնադրել են Ալաշկերտի Գորուն և Մուսոն գյուղերից գաղթած հայերը, 1829-1830-ին։
Ս․ Խաչատրյան, Ս․ Մնացականյան


ԱՐԾՎԱՔԱՐ (մինչև 1961-ի նոյեմբերի 11-ը՝ գյուղ ՀՍՍՀ Կամոյի շրջանում, այնուհետև մտել է Կամո քաղաքի շրջագծի մեջ) , հնավայր։ Շրջակայքում կան 3 կիկլոպյան ամրոցներ։ Երկուսը՝ «Ժամի դարի»և «Ջաղացի դարի» անուններով, գտնվել