Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գծա–հարթապատկերային և ծավալա–տարածական, սակայն նրանց մեջ հստակ սահման գոյություն չունի։ Գծա–հարթապատկերային գեղանկարչությանը բնորոշ են լոկալ գույնի ընդգծված եզրագծերով հարթ գունահատվածները, հստակ և ռիթմիկ գծերը։ Տոնային գեղանկարչության հնարավորությունները հարուստ են (տես Տոն), այն բարդ ու դինամիկ մշակման միջոցով ցուցադրում է գույնի նրբագույն փոփոխությունները, ինչպես նաև այդ գույնի տոնը՝ կախված լուսավորությունից (տես Վալյոր), իրար հարևանող գույների փոխհարաբերությունից (ռեֆլեքսներ)։
Գեղանկարչության ստեղծագործությունը բաղկացած է հիմքից (կտավ, փայտ, թուղթ, ստվարաթուղթ, քար, ապակի, մետաղ ևն), որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով։ Գեղանկարչության արտահայտչական հնարավորությունները, կատարման տեխնիկայի յուրահատկությունները նաև կախված են ներկերի հատկություններից, կապակցանյութի բնույթից, վրձիններից, լուծիչներից։ Անհրաժեշտ գույնը, նրբերանգը ստանալու համար ներկերը միմյանց խառնում կամ գունաթափանցում են (լեսել)։ Հաստոցային նկարի կամ որմնանկարի ստեղծման պրոցեսը բաղկացած է մի քանի փուլերից (գծանկար, նախաթույր, լեսում)։
Գեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ քարի դարում։ Պահպանվել են ժայռապատկերներ (Ֆոն–դե–Գոմ քարայրերը Ֆրանսիայում, Ալտամիրը՝ Հյուսիսային Իսպանիայում), որոնք կատարված են հողաներկերով։ Արևելքի հնագույն երկրներում (հատկապես Հին Եգիպտոսում) և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն։ Հին Հունաստանում ֆրեսկոների և խճանկարների կողքին տեղ է գտել նաև հաստոցային նկարչությունը (հաճախ տախտակի, մասամբ՝ կտավի վրա)՝ հիմնականում մոմանկարչության տեխնիկայով։ Անտիկ շրջանի հաստոցային նկարչության փայլուն օրինակներ են ֆայումյան դիմանկարները:
Միջին դարերի Արևմտյան Եվրոպայում, Բյուզանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում զարգացել է հիմնականում եկեղեցական, կանոնացված Գեղանկարչություն (որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն, խճանկար, վիտրաժ)։ Մ․ թ․ 1-ին հազարամյակում Առաջավոր և Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ցեյլոնում մեծ վերելք է ապրել մոնումենտալ գեղանկարչությունը, իսկ Միջագետքում, Իրանում, Հնդկաստանում, Միջին Ասիայում՝ դեկորատիվ հարթապատկերային մանրանկարչությունը։ Բանաստեղծականությամբ են շնչում մետաքսի և թղթի վրա կատարված Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի (տուշ, ջրաներկ, գուաշ) գեղանկարչության նմուշները։
Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դ․ իտալացի նկարիչ Ջոտտոն։ Հեռանկարի, օպտիկայի և անատոմիայի գիտական ուսումնասիրումը, Յա․ վան Էյքի (Նիդերլանդներ) կատարելագործած յուղաներկի տեխնիկայի կիրառումը գեղանկարչության առաջընթացի մեծ հնարավորություններ են ընձեռել (լուսաստվերային կերպավորման օգնությամբ ծավալային ձևերի համոզիչ վերարտադրություն, աշխարհի գունային հարստության յուրացում)։ Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են՝ Մազաչչոն, Պիերո դելլա Ֆրանչեսկան, Մանտենիան, Բոտտիչելլին, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Ջորշոնեն, Տիցիանը, Պաոլո Վերոնեզեն, Յակոպո Տինտորետտոն Իտալիայում, Յա․ վան Էյքը, Պ․ Բրեյգելը Նիդերլանդներում, Ա․ Դյուրերը, Հ․ Հոլբայն Կրտսերը, Մ․ Նիթհարդը (Գրյունեվալդ) Գերմանիայում։ XVII –XVIII դդ․ եվրոպական գեղանկարչության զարգացման պրոցեսը եղել է բարդ։ Կազմավորվել են ազգային դպրոցներ Ֆրանսիայում (Ժ․Լաթուր, Ն․Պուսսհն, Ա․Վատտո, Ժ․Բ․Շարդեն, Օ․Ֆրագոնար, Ժ․Լ․Դավիդ), Իտալիայում (Մ․Կարավաջո, Դ․Ֆետտի, Ջ․Բ․Տիեպոլո, Զ․Մ․Կրեսպի, Ֆ․Գուարդի), Իսպանիայում (էլ Գրեկո, Դ․Վելասկեզ, Ֆ․Սուրբարան, Բ․է․Մուրիլլո, Ֆ․Գոյա), Ֆլանդրիայում (Պ․Պ․Ռուբենս, Յա․Յորդանս, Ա․ վան Դեյք, Ֆ․Սնայդերս), Հոլանդիայում (Ֆ․Հալս, Ռեմբրանդ, Յա․ վան Ռյոյսդալ), Անգլիայում (Թ․Գեյնսբորո, Ու․Հոգարթ), Ռուսաստանում (Դ․Գ․Լևիցկի, Վ․Լ․Բորովիկովսկի) և այլ երկրներում։ Ակտիվ պայքար է ծավալվել հոսանքների, առաջադիմական ու ռեակցիոն գաղափարների միջև, ակադեմիզմի դեմ։ XVII դ․ ընդլայնվել և ավելի հստակ ձևավորվել է ժանրերի համակարգը։ XVII–XVIII դդ․ ծաղկել է մոնումենտալ դեկորատիվ արվեստը (հատկապես բարոկկո ոճում)։ Հասարակական բարդ իրադրության պայմաններում ձևավորվել են ինչպես ոճական ընդհանրություն ունեցող (կլասիցիզմ, ռոկոկո), այնպես էլ որևէ ոճի շրջանակում չպարփակվող գեղանկարչական համակարգեր։ XIX դ․ Եվրոպայում (Բալկանյան երկրներ) և Ամերիկայում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել է տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունը։ Սալոնային–ակադեմիսաան պաշտոնական գեղանկարչության դեմ մղվող պայքարում կազմավորվել է ռոմանտիզմի կրքոտ, մարտնչող գեղանկարչություն (Թ․Ժերիկոն, է․Դելակրուան Ֆրանսիայում, Կ․Պ․Բրյուլլովը, Ա․Ս․Իվանովը Ռուսաստանում)։ Ռեալիստական գեղանկարչության առավել հետաքրքրություն է ցուցաբերել իրական կյանքի ճշմարիտ արտացոլմանը (Դ․Կուրբեն, Ժ․Ֆ․Միլլեն, Օ․Դոմիեն, Կ․Կորոն, Բարբիզոնի դպրոցի վարպետները Ֆրանսիայում, Ջ․Կոնստեբլը Անգլիայում, Ա․Մենցելը, Վ․Լայբլը Դերմանիայում, Ա.Գ.Վենեցիանովը, Պ․Ա․Ֆեդոտովը Ռուսաստանում)։ Դեմոկրատական ռեալիզմի գեղանկարչությունը պատկերել է ժողովրդի կենցաղն ու աշխատանքը, պայքարն իր իրավունքների համար, պատմական կարևոր իրադարձությունները, հասարակ մարդկանց և առաջադեմ գործիչների կերպարները։ Սոցիալ–քննադատական սրությամբ է աչքի ընկնում պերեդվիժնիկների և մոտ կանգնած նկարիչների գեղանկարչությունը (Վ․Դ․Պերով, Ի․Ն․Կրամսկոյ, Ի․Ե․Ռեպին, Վ․Ի․Սուրիկով, Վ․Վ․Վերեշչագին, Ի․Ի․Լևիտան)։ Շրջակա իրականության կենդանի մարմնավորումը, նրա բնականության ու անմիջականության, մշտական փոփոխականության պատկերումն է եղել իմպրեսիոնիզմի (Կ․Մոնե, Օ․Ռենուար, Կ․Պիսսարո, Ա․Սիսլեյ, մասամբ՝ Է․Մանե, Է․Դեգա) ելակետը 1870-ական թթ․ սկզբին։ XIX դ․ Եվրոպայում գերիշխել է հաստոցային գեղանկարչություն։ Միայն XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին փորձեր են արվել վերականգնել մոնումենտալ գեղանկարչությունը։ Այդ շրջանում գեղանկարչության զարգացումը եղել է առանձնապես բարդ ու հակասական, գոյակցել և միմյանց դեմ պայքարել են ռեալիստական և մոդեռնիստական հոսանքները։ XIX դ․ վերջի և XX դ․ ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ Պոստիմպրեսիոնիզմի (Պ․Աեզան, Վ․ վան Գոգ, Պ․Գոգեն, Ա․Թուլուզ–Լոտրեկ) և մասամբ «մոդեռն»– գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դ․ որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դ․ առաջացած առաջին այդպիսի հոսանք էր ֆովիզմը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ Պ․Պիկասսոն, Ա․Մատիսը, Ֆ․Լեժեն, Ա․Մարկեն Ֆրանսիայում, Դ․Ռիվերան, Խ․Կ․Օրոսկոն, Դ․Սիկեյրոսը Մեքսիկայում, Ռ․Գուտտուզոն Իտալիայում, Ջ․Բելլոուզը, Ռ․Քենտը ԱՄՆ–ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․Ա․Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, Մ․Ա․Վրուբելի լարված–դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ էքսպրեսիոնիզմում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թթ․ հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
XX դ․ աճում է մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչության դերը (օրինակ՝ հեղափոխական–դեմոկրատական մոնումենտալ գեղանկարչությունը Մեքսիկայում)։
Սովետական գեղանկարչությունը սերտորեն կապված է կոմունիստական գաղափարախոսությանը, արվեստի կուսակցականությանն ու ժողովրդայնությանը։ Հենվելով ռեալիզմի ավանդույթների վրա՝ սովետական գեղանկարչությունը քննադատաբար օգտվում է XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի հայրենական և համաշխարհային գեղանկարչության փորձից, գեղարվեստական համակարգից։ Այն գեղանկարչության զարգացման նոր փուլ է, որին բնորոշ է սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաղթանակը։ Գեղանկարչությունը ԽՍՀՄ–ում զարգանում է բո–