Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան, [h․ 1], Ե․, 1942։ Սահինյան Ա․ Ա․, Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե․, 1955։ Марр Н․ Я․, Ереруйская базилика, Е․, 1968․ Ա․ Ստեփանյան

ԵՐԵՑՓՈԽՅԱՆ Գաբրիել (1819–1870), հայ բառարանագիր։ Սովորել է Մոսկվայում։ 1844 թվականին աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ։ 1854 թվականին լույս է ընծայել «Բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ»։ Այն պարունակում է 45000 բառ–հոդված։ Կովկասում հրատարակված առաջին ռուս–հայերեն բառարանն է։ Երեցփոխյանը հաճախ չտարբերելով, միևնույն արմատի տակ է վերցրել ձևով նման, բայց ծագումով տարբեր բառեր, ռուսերեն արմատներն ընտրելիս չի տարբերել նաև փոխառյալ արմատները բուն ռուսականներից։ Երեցփոխյանի բառարանը վերահրատարակվել է 1876 թվականին, Թիֆլիսում։


ԵՐԵՑՓՈԽՅԱՆ Գրիգոր (ծնդյան թվականն անհայտ – 1884, Թիֆլիս), հայ դրամատուրգ։ Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, ավարտել Մոսկվայի համալսարանը։ Մասնակցել է հայ ուսանողների կազմակերպած ներկայացումներին։ 1865 թվականին գրել է «Հնարագետ կինը» (բեմադրված 1865), 1866 թվականին՝ «Ապրիլի մեկը կամ հանկարծակի նշանդրեք» (բեմադրված 1867), 1873 թվականին՝ «Այ քեզ օյին» (հրատարակված 1886) վոդևիլները, ինչպես նաև՝ «Մանկավարժուհին» («Դաստիարակչուհին») կատակերգությունը և 1884 թվականին՝ «Ո՞վ է մեղավոր» (բեմադրված 1893) դրաման։ Հայ ռեալիստական կենցաղային կատակերգության սկզբնավորողներից է: Պիեսներում ներկայացրել է վաճառականության միջավայրը, քննադատել բուրժուական բարոյականությունն ու դրամական հարաբերությունները։

Գրականություն` Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, [h․ 1], Ե․, 1959։ Լ․ Ասմարյան


ԵՐԵՔ ՄԱՐՄՆԻ ԽՆԴԻՐ, տես Երկնային մեխանիկա:


«ԵՐԵՔ ՄԻԱՊԵՏՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ», Ռուսաստանի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի՝ XIX դարի 70–80-ակաև թվականների դաշինքը։ Սկզբում կնքվել է երկկողմ համաձայնություն, 1873 թվականի մայիսի 25 (հունիսի 6)-ին, Շյոնբրունում (Ավստրո–Հունգարիա)՝ Ալեքսանդր II-ի և Ֆրանց-Իոսիֆի միջև։ 1873 թվականի հոկտեմբերի 11(23)-ին նրանց միացել է Վիլհելմ I։ Միապետները պարտավորվել են խորհրդակցել տարաձայնությունների, չորրորդ պետության հարձակման սպառնալիքի դեպքում, պաշտպանել խաղաղությունը Եվրոպայում։ Պայմանավորվող երկրների քաղաքական նպատակները տարբեր էին․ Գերմանիան խոչընդոտում էր Ռուսաստանի մերձեցմանը Ֆրանսիային, Ռուսաստանը արևմտյան սահմանների անվտանգության որոշ երաշխիք էր ստանում և ջանում խանգարել Գերմանիայի մերձեցմանը Ավստրո–Հունգարիային, վերջինս էլ հույս ուներ կանգնեցնել ցարիզմի թափանցումը Բալկաններ։ Դաշինքը չվերացրեց նրանց հակասությունները և 1880-ական թվականների վերջերին փաստորեն կազմալուծվեց։


ԵՐԵՔԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ, գրական առաջին մանիֆեստը Սովետական Հայաստանում։ Հեղինակներն էիև Ե․ Չարենցը, Գ․ Աբովը և Ա․ Վշտունին (երեքի խմբակ)։ Տպագրվել է 1922 թվականի հունիսի 6-ին, «խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ելնելով պատմական անհրաժեշտությունից՝ Երեքի դեկլարացիան կոչ էր անում հեղաշրջել գրական սովորույթները և հաստատել նոր բովանդակություն, նոր ձև և նոր ուղիներ։ Գրական հին ըմբռնումների վերանայման պահանջն իր ժխտողական ոգով հասավ ծայրհեղության և քննադատվեց (Հ․ Սուրխաթյան, Ա․ Կարինյան, Ց․ Խանզադյան)։

Գականություն` Սովետահայ գրականության պատմություն, հ․ 1, Ե․, 1961, էջ 64-69։


ԵՐԵՔՆՈՒԿ (Trifolium), ընդավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունը գլանաձև է, տերևները՝ եռմասնյա, կան նաև 5–9 տերևներով, ծաղիկները մանր են (կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակ)՝ գնդաձև գլխիկի ձևով հավաքված ծաղկաբույլի մեջ։ Պտուղը ունդ է՝ 1–2, հազվադեպ՝ 4–6 սերմով։ Արմատն առանցքային է։ Ունի արմատապալարիկներ, որոնց մեջ զարգացող պալարամանրէները յուրացնում են օդի ազոտը և հողը հարստացնում

ազոտով։ Երեքնուկը բարձրարժեք կերաբույս է։ Բացարձակ չոր նյութի հաշվով կանաչ զանգվածը պարունակում է 16,8%, իսկ խոտը՝ 15,2% սպիտակուց։ 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 21,0 կերային միավորի, խոտը՝ 51,7, ծղոտը՝ 16,5, սիլոսը՝ 16,5, չոր խոտից պատրաստված ալյուրը՝ 83,8։ Տարածված է երիցուկի մոտ 300 տեսակ, գլխավորապես Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Աֆրիկայի որոշ շրջաներում։ ՍՍՀՄ–ում կա մոտ 70 տեսակ․ մշակության հիմնական շրջաններն են՝ մերձբալթյան հանրապետությունները, ՌՍՖՍՀ ոչ սևահողային գոտիները, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Բելոռուսական, Ուկրաինական ՍՍՀ-ները։ ՀՍՍՀ–ում մշակվում է կարմիր երիցուկի երկհար ձևը՝ Ստեփանավանի, Կալինինոյի շրջաններում, տալիս է մինչև 70 ց/հա խոտի բերք։ Միամյա երիցուկը մշակվում է Արարատյան դաշտում, տալիս է մինչև 300 ց/հա կանաչ զանգված։ Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր երիցուկ (T․ pratense), վարդագույն երիցուկ (Т. hybridum), միամյաներից՝ պարսկական երիցուկ կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական երիցուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր երիցուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3–4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2–3 տարի։ Կարմիր երիցուկի ցանքը կատարվում է ծածկոցի տակ (աշնանացան կամ գարնանացան ցորեն)։ Ցանքի նորման 16–18 կգ/հա է։ Խոտի համար բերքահավաքը կատարվում է կոկոնակալման փուլում, ծաղկման սկզբում, սերմի համար, երբ գլխիկների 90-95% –ը գորշացել է։


ԵՐԶԻՆԿՅԱՆ Լևոն Հակոբի [ծնված 10(23)․6․1906, Թիֆլիս], հայ սովեաակաև մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1938 թվականից։ 1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1933 թվականից աշխատել է կաթի արդյունաբերության Համամիութենական ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում։ 1961 թվականից ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության ինստի խմորող միկրոօրգանիզմների լաբորատորիայի վարիչն Է։ Գիտական աշխատանքները նվիրված են կաթնաթթվային բակտերիաների ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկանիշների ուսումնասիրությանը։ Մշակել է մայրական կաթին փոխարինող «Նարինե» և «Կարինե» սննդանյութերը։


ԵՐԶՆԿԱ, Գայլ, գետ Հայկական լեռնաշխարհում, Արևմտյան Եփրատի աջ վտակը։ Երկարությունը մոտ 43 կմ է։ Սկիզբ է առնում Չիմեն լեռնաշղթայի Եդի-դերելար լեռնանցքից։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ապրիլին։


ԵՐԶՆԿԱ, Երեզ, Երիզա, Երիզավան, Եզնկա, Արզնկա, թուրքական Էրզինջան, արաբական Արզինջան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Եկեղյաց գավառում, Եփրատ գետի աջ ափին։ Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը։ Երզնկան հնագույն բնակավայր է, առաջին անգամ հիշատակվում է մ․ թ․ ա․ VIII դարի ուրարտական արձանագրություններում։ Այդ ժամանակ Երզնկան քաղաքատիպ տաճարային համայնք էր։ Երզնկայում էր գտնվում Անահիտ աստվածուհու տաճարը՝ ոսկեձույլ արձանով հանդերձ։ Եփրատ գետի ձախ ափին, Երզնկայի դիմաց, տարածված էին մեհյանի կալվածքները, որտեղ զոհաբերվում էին սպիտակ երինջներ։ Ամեն տարի նավասարդի 15-ին Երզնկայում նշվում էր Անահիտի տոնը, բազմամարդ թափորով, ջահերով, տաճարի շուրջ պտտեցվում էր կուռքը, ապա կատարվում զոհաբերությունը։ Տաճարի անունով Եկեղյաց գավառը կոչվել է նաև Անահտական։ Հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագը իր «Բնական պատմության» մեջ վկայում է, որ մ․ թ․ ա․ 35-ին զորավար Անտոնիոսը, գրավելով Երզնկան, ջարդել է տվել Անահիտի արձանը և բաժանել զորապետների միջև։ Հետագայում այնտեղ կանգնեցվել է Անահիտի նոր արձանը։ Քրիստոնեության տարածման ժամանակ Տրդատ Գ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը ավերել են տվել Երզնկայի հեթանոսական մեհյանը՝ ոչնչացնելով Անահիտի արձանը։ Քրիստոնեության տարածումից հետո Երզնկան դարձավ նոր կրոնի նշանավոր կենտրոններից մեկը և