ԶԻՆԱԽԱՂԵՐ, պատանիների, երիտասարդների և զինվորականների մրցություններ։ Պատանեկան զինախաղերը (բերդախաղեր, լախտախաղեր, մկնդախաղեր, ճիպոտներով թրակռիվ, դաշույնակռիվ և այլն) ունեցել են ռազմասպորտային բնույթ։ Խաղակիցներին իրավունք էր վերապահվում հարվածել հակառակորդին, բայց, դարերով մշակված կանոնների համաձայն, խեղումներ չառաջացնել (Մխիթար Գոշի Դատաստանագրքում խաղերում դիտավորություն ցուցաբերողներին պատժելու հոդված է նախատեսվել)։ Երիտասարդական զինախաղերի (սուսերախաղեր, նիզակախաղեր, պարանախաղեր, ավելի ուշ՝ հրազենով նշանառություն և այլն) մեծ մասը կատարվում էր ձիավարությամբ։ Օգտագործվում էին նաև իսկական զենք ու զրահ (սուր, նետ ու աղեղ, հրազեն, սաղավարտ, վահան, դիմակալ, լանջապանակ և այլն)։ Զինախաղին, որպես ռազմական վարժությունների, պետական կարևոր նշանակություն էր տրվում։ Թագավորները և իշխանները խրախուսելու համար պարգևատրում էին երիտասարդներին։ Արքունի և նախարարական զինավարժական այդ սովորությունները հարատևեցին մինչև հայկական պետականության վերացումը, բայց Զեյթունում, Սասունում և այլուր դրանք պահպանվեցին մինչև 19-րդ դարի վերջը։ Պարսից, արաբական, բյուզանդական և թուրք տիրակալներն արգելում էին հայկական զինախաղը, ուստի երիտասարդությունն օգտագործում էր հարսանեկան ծեսերը, ուխտագնացությունները և այլ տոնակատարություններ, որոնց ժամանակ ծիսական քողի տակ տեղի էին ունենում հեծյալ զինախաղերի որոշ տեսակներ։ Առանձնապես կարևոր էին բարեկենդանյան զինախաղերը։ Հարսնառի ժամանակ տղայի և աղջկա բարեկամների միջև մկունդներով խաղ «ճակատամարտ» էր տեղի ունենում։ Վասպուրականում պահպանված սովորության համաձայն, հարսնառի մասնակից յուրաքանչյուր տղամարդ կրում էր երկու մական, մեկը հարվածելու, մյուսը՝ վահանի փոխարեն։
ԶԻՆԱԾԱՂԻԿ (Zinnia), բարդածաղկավորների ընտանիքի խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Ցողունը կանգուն է, լավ ճյուղավորված, տերնները երկարավուն են, նստադիր։ Բույսն ամբողջությամբ պատված է կոպիտ մազմզուկներով։ Ծաղիկները խողովակավոր են լեզվակավոր, սպիտակ, դեղնավուն, կարմիր, նարնջագույն։ Ծաղկաբույլը պարզ է կամ բազմապսակաթերթ, 12–15 սանտիմետր մեծությամբ։ Հայտնի է Զ-ի ավելի քան 10 տեսակ, որոնք վայրի վիճակում աճում են Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում։ Ծաղկաբուծության մեջ տարածված են Z. elegans և Z. haageana տեսակները։
ԶԻՆԱՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, պատմագիտության օժանդակ մասնաճյուղ, որն ուսումնասիրում է զինանշանները: Տես նաև Գերբագիտություն:
ԶԻՆԱՆՈՑ, զինվորական հիմնարկություն՝ զենքի և զինամթերքի ընդունման, հաշվառման, պահպանման, ինչպես նաև վերանորոգման ու դրանց որոշ մասերի արտադրության համար։ Մինչն XIX դարի վերջը շատ պետությունների զինանոցներ զբաղվում էին զենքի ու զինամթերքի մասսայական արտադրությամբ և ունեին իրենց զինապահեստները։ Կարևոր զինանոցներից էին՝ Պետերբուրգինը («Литейный деловой и пушечный двор»), Մյունխենինը (Գերմանիա), Լիոնինը (Ֆրանսիա), Վուլիջինը (Անգլիա), Ֆրանկֆորտինը (ԱՄՆ)։ XX դարում զենքի արտադրությունը անջատվեց և կազմեց արդյունաբերության առանձին ճյուղ, որով և զինանոցները կորցրին իրենց նախկին նշանակությունը։
ԽՍՀՄ-ում զինանոցնեները վերացված էին։ Զենքը արտադրվում էր գործարաններում, իսկ զորամիավորումները իրենք էին կատարում մասնակի վերանորոգումները։ Ավելորդ զենքերը պահվում էին զինապահեստներում։
ԶԻՆԱՊԱԼԱՏ Մոսկվայում, 1. պետական հիմնարկություն Ռուսաստանում: Որպես զենքի պահեստարան հիշատակվում է 1547-ից: Գտնվում է Մոսկվայի Կրեմլում: 1640-ին կազմակերպվել են նաև սրբանկարչության, 1683-ին՝ գեղանկարչության արվեստանոցները, իսկ 1700-ին Զ-ի մեջ են ներգրավվել Ոսկյա և Արծաթյա պալատները: Այստեղ են աշխատել նշանավոր զինագործներ Ա. և Ի. Վյատկինները, ոսկերիչ Օվդոկիմովը, գեղանկարիչներ Ի. Ա. Բեզմինը, Ս. Ֆ. Ուշակովը, փորագրիչ Լ. Բունինը և ուրիշներ: Զ-ի առաջնակարգ վարպետներից էր հայազգի նկարիչ Բոգդան Սալթանովը, որ 1685-ին նշանակվել է գեղանկարչության արվեստանոցի ղեկավար: 1711-ին Զ-ի վարպետների մեծ մասին տեղափոխել են Պետերբուրգ 1726-ին Զ. միավորել են Կրեմլի մյուս արհեստանոցների հետ: 2. Պետական զինապալատ ռուս. հնագույն թանգարան, որը ստեղծվել է 1806-ին, Զ-ի հավաքածուի հիման վրա: Տեղավորված է թանգարանի համար կառուցված հատուկ շենքում (1844-51, ճարտ. Կ. Ա. Տոն): 1960-ից գտնվում է Մոսկվայի Կրեմլի պետ. թանգարանների կազմում: Զ-ում ցուցադրված են Ռուսաստանի Արևմտյան Եվրոպայի և Առաջավոր Ասիայի մի շարք երկրների դեկորատիվ կիրառական արվեստը, այդ թվում Նոր Ջուղայի հայ վարպետների պատրաստած «Ալմաստե գահը»:
Գրկ. Оруже́йная пала́та, М., 1964.
ԶԻՆԱՊԱՐՏ, ՍՍՀՄ զինված ուժերի պահեստային համարվող քաղաքացի: Զ. վարժական, ինչպես նաև ստուգողական հավաքների է զորակոչվում 1967-ի ընդհանուր զինապարտության օրենքով սահմանված ժամկետներով: Վարժական կամ ստուգողական հավաքի զորակոչվածները հավաքի ընթացքում պետության հաշվին ապահովում են սննդով և դրամով, պահպանվում է զբաղեցրած պաշտոնը և միջին աշխատավարձի 75%-ը: Զորահավաք հայտարարվելիս Զ. պարտավոր է ժամանակին ներկայանալ զորահավաքային թերթիկում, ծանուցագրում կամ շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարի հրամանում նշված վայրը: Չներկայանալու դեպքում Զ. պատասխանատվության է ենթարկվում պատերազմական ժամանակի օրենքով:
ԶԻՆԳՇՊԻԼ (գերմ. Singspiel, Singen - երգ և Spiel - խաղ բառերից), XVIII դարի կոմիկական օպերայի գերմանական և ավստրիական տարատեսակը՝ երաժշտական համարների միջև առկա երկխոսություններով:
ԶԻՆԻՆ Նիկոլայ Նիկոլաևիչ [13(25).8.1812, Շուշի — 6(18).2.1880, Պետերբուրգ)], ռուս քիմիկոս-օրգանիկ: Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1865): 1842-ին հայտնագործել է արոմատիկ նիտրոմիացությունների վերականգնումով արոմատիկ ամիններ ստանալու ռեակցիան (Զիմինի ռեակցիա): 1868—78-ին Ռուսաստանի քիմ. ընկերության պրեզիդենտն էր:
Գրկ. Фигуровский Н. А., Соловьев Ю. И., Николай Николаевич Зинин, М., 1957 (ունի Զ-ի աշխատությունների ցանկը):
ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, սոցիալական դասակարգերի կամ խմբերի բացահայտ զինված ելույթ՝ ընդդեմ գոյություն ունեցող քաղաքական իշխանության: Մասսայական բնույթ կրող և հեղափոխական որոշակի նպատակներ հետապնդող Զ. ա-ներից բացի լինում են նաև բունտեր, տարերային, անկազմակերպ ըմբոստություններ, որոնք հաճախ չեն ունենում հստակ նպատակ ու ծրագիր: Լինում են նաև ոչ առաջադիմական, հակահեղափոխական նպատակներ հետապնդող զինված խռովություններ (օրինակ՝ խռովությունը Կրոնդշտադում 1921-ին): Մարքս-լենինյան տեսությունը հատուկ նշանակություն է տալիս այն Զ. ա-ներին, որոնք իրականացվում են ժող. լայն զանգվածների մասնակցությամբ (կամ նրանց ակտիվ աջակցությամբ) և ուղղված են իշխող, շահագործող դասակարգերի դեմ՝ նպատակ ունենալով հեղափոխական պայքարով գրավել քաղ. իշխանությունը: Զ. ա. դասակարգային սուր պայքարի հետևանք է, երբ իշխող դասակարգերը ջանում են բռնի միջոցներով քաղ. իշխանությունը պահել իրենց ձեռքում: Շատ Զ. ա-ներ անմիջականորեն կապված չեն եղել սոցիալիստական հեղափոխության հետ (Սպարտակի ապստամբությունը, միջնադարի գյուղացիական մի շարք ելույթներ ևն): Սակայն հաճախ հեղափոխությունները սկսվել են Զ. ա-յամբ (Բաստիլի գրավում, Հոկտեմբերյան Զ. ա. Խետրոգրադում): Հայտնի են նաև Զ. ա-ներ, որոնք տեղի են ունեցել հեղափոխության ընթացքում (1905-ի դեկտեմբերյան Զ. ա. Ռուսաստանում): Նման պարագայում Զ. ա. կազմում է հեղափոխության անբաժանելի մասը, նրա փուլերից մեկը: Մինչկապիտալիստական հասարակարգերում Զ. ա-ների գլխավոր ուժը եղել են ստրուկները և գյուղացիները (Ս. Ռազինի և Ե. Պուգաչովի գյուղացիական ապստամբությունները Ռուսաստանում, Ժակերիան՝ Ֆրանսիայում ևն): Բանվոր դասակարգի պատմական ասպարեզ դուրս գալուց հետո Զ. ա. դարձավ կապիտալիզմի դեմ քաղ. իշխանության նվաճման համար պայքարի ձևերից մեկը: Մարքսիզմի հիմնախնդիրները, ընդհանրացնելով պրոլետարիատի հեղափոխական պայքարի փորձը, ստեղծել են Զ. ա-յան մասին գիտական տեսություն,