Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաղութային ու տնտեսապես թույլ զարգացած երկրները, արդի փուլում՝ մի շարք հանգամանքների (ագգային–ազատագրական պայքարի աճ, համաշխարհային առևտրի կառուցվածքի փոփոխում և այլն) դրդմամբ նախընտրվում են արդ․ զարգացած երկրները։ Արագացել է կապիտալի միջազգային ներթափանցման պրոցեսը։ 1950–1960-ակա թվականներին հատկապես աճել է միջազգային մոնոպոլիաների դերը։ Դրանց նախնական ձևը կարտելներն էին, որոնց մասնակիցները համաձայնության էին գալիս շուկաների բաժանման, մրցակցության սահմանափակման, գների բարձրացման և այլ հարցերում։ Ներկայումս առաջացել են միջազգային մոնոպոլիաների նոր ձևեր։ Դրանցից շատերը տարբեր երկրներում հանդես են գալիս որպես ձեռնարկությունների համատերեր։ Կազմավորվել են հսկա տրեստներ և կոնցեռններ, որոնց մի մասը ըստ կապիտալի սեփականության ազգային են, ըստ գործունեության ոլորտի՝ միջազգային։ Կապիտալի միջազգային միահյուսման միտումը դրսևորվեց նաև իմպերիալիստական ինտեգրացիայի մեջ։ Արևմտյան Եվրոպայում 1958 թվականին կազմակերպվեց Եվրոպական տնտեսական համագործակցությոննը (ԵՏՀ), 1960 թվականին՝ «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան» (ԱԱԵԱ)։ Կապիտալի արտահանման աճը և պետությունների մասնակցությունն այդ պրոցեսին ավելի են սրում հակասությունները միջազգային ֆինանսական օլիգարխիայի և ամբողջ աշխարհի ժողովուրդների միջև։ Համաշխարհային սոցիալիստական համակարգի զարգացման, իմպերիալիզմի գաղութային համակարգի կազմալուծման հետևանքով իմպերիալիստական տերությունների փոխհարաբերություններում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Տնտեսապես արագ զարգացող երկրների մոնոպոլիաները հումքի աղբյուրների, վաճառահանման շուկաների և կապիտալի ներդրման ոլորտների նոր պահանջներ են առաջադրում։ Սակայն սոցիալիզմի համաշխարհային համակարգի գոյությունը և երկյուղը համաշխարհային հեղափոխական պրոցեսի նկատմամբ իմպերիալիստներին ստիպում են հակասությունները լուծելու համար խուսափել կոնֆլիկտներից։ Նրանք կիրառում են տնտեսական էքսպանսիայի մեթոդները և ձգտում իրենց կոնֆլիկտները լուծել միջազգային պետական–մոնոպոլիստական համաձայնագրերի միջոցով։ Սակայն այդ ուղիով հակասությունները ոչ միայն չեն հարթվում, այլև խորանում են։

Մեծ է Վ․ Ի․ Լենինի ծառայությունը իմպերիալիզմի պատմական տեղի բնորոշման հարցում, «…իմպերիալիզմը (1),– գրել է նա,– մոնոպոլիստական կապիտալիզմ է․ (2)– պարազիտային կամ նեխվող կապիտալիզմ է․ (3)– մեռնող կապիտալիզմ է» (Երկեր, հատոր 23, էջ 130)։ Կապիտալիզմի նեխումը նշանակում է, որ արտադրության զարգացմանը նախկինում նպաստող արտադրական հարաբերությունները արտադրողական ուժերի զարգացման նոր պայմաններում վերածվել են նրա առաջընթացը խոչընդոտող գործոնի։ Լենինն ընդգծում էր, որ իմպերիալիզմի համար էականը մոնոպոլիայի և մրցակցության միասնությունն է, որն առաջ է բերում երկու հակասական միտումների միահյուսում՝ տեխնիկական առաջընթացի խոչընդոտում և արտադրողական ուժերի աճ։ Մոնոպոլիաների տիրապետությունն իմպերիալիզմի պայմաններում տեխնիկական առաջընթացը արհեստականորեն կանխելու տնտեսական հնարավորություններ է ստեղծում։ Սակայն մրցակցությունը ստիպում է նրանց բարձրացնել իրենց ձեռնարկությունների տեխնիկական մակարդակը, օգտագործել ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության նվաճումները։ Մյուս կողմից, ներկա փուլում կապիտալիզմի նեխումը բնորոշվում է արտադրողական ուժերի պոտենցիալ հնարավորությունների և արտադրության աճի տեմպերի ճեղքվածքով։ Նոր տեխնիկան օգտագործվում է ոչ այն չափով, որքան հնարավորություն է տալիս արդի գիտական հետազոտությունների մակարդակը։ Տեխնիկական առաջընթացի անհամաչափությունն արտահայտվում է նաև նրանում, որ գիտական հայտնագործությունները հիմնականում ուղղվում են զենքի արտադրության ոլորտ, աննախընթաց ուժեղանում է միլիտարիզմը։ Կապիտալիզմի նեխումը դրսևորվում է նաև մոնոպոլիստական բուրժուազիայի, բանվորական արիստոկրատիայի առաջացման, ինչպես և վիթխարի չափերի հասնող պարազիտիզմի մեջ։ Իմպերիալիզմի համար բնորոշ է կապիտալիստների մեկուսացումը արտադրության անմիջական կազմակերպումից։ Այդ ֆունկցիան դրվում է վարձու կառավարիչների՝ մենեջերների վրա։ Աճում է ռանտյեների (տես Ռանտյե) շերտը։ Բուրժուազիան այլասերվում է և դադարում արտադրության, ղեկավարման գործում առաջատար դեր խաղալ։ Մեծանում է արդի հասարակության առաջատար ուժի՝ բանվոր դասակարգի դերը։ Իմպերիալիզմի մանր արտադրողների զանգվածային քայքայման հաշվին արագացնելով կապիտալիզմի զարգացումը, ոչ միայն մեծացնում է պրոլետարիատի թիվը և նրա դերը հասարակության մեջ, այլև սոցիալական լայն հիմք է ստեղծում հեղափոխական պայքարի համար, որի գլուխն է կանգնում բանվոր դասակարգը։ Վերջինիս պոտենցիալ դաշնակիցներն են քաղաքի և գյուղի մանրբուրժուական քայքայվող խավերը։ Իմպերիալիզը պայքարի թատերաբեմ է դուրս բերում նաև գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդներին, ուր ազգային բուրժուազիան, բանվոր դասակարգը և ինտելիգենցիան դառնում են ստրկացված ժողովուրդների շահերի արտահայտիչներ։ Այսպիսով, իմպերիալիզմի պայմաններում մեկ հոսանքի մեջ է միավորվում բանվոր դասակարգի հեղափոխական և գաղութային ու կիսագաղութային երկրների ժողովուրդների ազգային–ազատագրական պայքարը։ Իմպերիալիզմը մեռնող կապիտալիզմ է, սոցիալիստական հեղափոխության նախօրյակ։ Չնայած այն ստեղծում է սոցիալիզմի օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալները, բայց ինքնաբերաբար չի հեռանում պատմական ասպարեզից։ Ֆինանսական օլիգարխիան հուսահատ պայքարում է իր տիրապետությունը պահպանելու համար։ Իմպերիալիզմի վերացումը հնարավոր է միայն աշխատավորների հեղափոխական պայքարի միջոցով, որը ղեկավարում է բանվոր դասակարգը՝ կոմունիստական կուսակցության գլխավորությամբ։ Կապիտալիզմի տնտեսական ու քաղաքական անհամաչափ զարգացման օրենքի գործողության հետևանքով սոցիալիստական հեղափոխությունները տարբեր երկրներում հաղթանակում են ոչ միաժամանակ։ Ընդ որում, անցումը կապիտալիզմից սոցիալիզմին տարբեր երկրներում միատիպ լինել չի կարող։ «Արդի դարաշրջանը, որի հիմնական բովանդակությունը անցումն է կապիտալիզմից սոցիալիզմին,– նշված է ՍՄԿԿ ծրագրում,– երկու հակադիր հասարակական սիստեմների պայքարի դարաշրջանն է, սոցիալիստական և ազգային–ազատագրական հեղափոխությունների դարաշրջանը, իմպերիալիզմի կործանման, գաղութային սիստեմի վերացման դարաշրջանը, նորանոր ժողովուրդների՝ սոցիալիզմի ուղին անցնելու, համաշխարհային մասշտաբով սոցիալիզմի և կոմունիզմի հաղթանակի դարաշրջանը» (ՍՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 6)։

Ռուսաստանում իմպերիալիզմը (20-րդ դարի սկզբից մինչև 1917 թվականը) ուներ որոշ առանձնահատկություններ․ ա) ճորտատիրությունը կապիտալիզմով փոխարինելու և վերջինս իմպերիալիզմի վերաճելու պրոցեսների առավելագույն մերձեցում, բ) նորագույն կապիտալիզմի մենաշնորհի և ֆեոդալիզմի դարաշրջանի մենաշնորհի անմիջական կապ, գ) իմպերիալիզմի պայմաններում կապիտալիզմի շարունակվող լայնակի աճ, դ) համաշխարհային իմպերիալիզմի հետ Ռուսաստանի կապերի յուրահատկություն։ Ռուսաստանում, ինչպես և ամենուր, իմպերիալիզմի անցման գլխավոր նախադրյալը արտադրության համակենտրոնացման բարձր աստիճանն էր։ Սակայն Ռուսաստանում գոյություն ուներ երկու տիպի համակենտրոնացում՝ բուն կապիտալիստական, կապված տեխնիկական առաջընթացի հետ, և համակենտրոնացում՝ ծնված արդյունաբերության կիսաֆեոդալական եղանակից։ Մոնոպոլիաների առաջացման «բնական» պրոցեսն արագացվում էր կապիտալիզմը վերևից արմատավորելու քաղաքականությամբ, արքունական պահանջարկի համակենտրոնացման, ինչպես և կառավարության ուղղակի ներգործությամբ՝ հատկապես 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Մոնոպոլիաների առաջացման ընթացքում առանձնացվում էր երեք փուլ․ 1) սկզբնական փուլի համար (19-րդ դարի 1880–1890-ական թվականները) բնորոշ էին արդյունաբերության որոշ ճյուղերում ժամանակավոր համաձայնություններն ու սինդիկատները․ 2) 20-րդ դարի առաջին տասնամյակը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրան հաջորդող լճացումը արագացրին խոշոր սինդիկատների ձևավորումը․ 3) 1910–1914 թվականների արդյունաբերական վերելքի հետ կապված էր մոնոպոլիաների հզորացման ժամանակաշրջանը։ Ռուսաստանում ֆինանսական կապիտալի ձևավորումն ընթացավ թռիչքաձև։ Բաժնետիրական բանկերը 19-րդ դարի վերջին վերածվեցին համեմատաբար խոշոր և կենտրոնացված ուժի, 20-րդ դարի սկզբին կազմավորվեցին տիպիկ բանկային մոնոպոլիաներ, որոնք պահպանում էին կապիտալիզմի վաղ շրջանի որոշ գծեր։ Ռուսաստանում բանկային մոնոպոլիաների կարևոր առանձնահատկությունը սերտ