Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Նկարում` Լենինի անվան հրապարակը Նկարում` Ուրարտական բրոնզե գոտու հատված (Լենինական) Նկարում` Սև բերդը

է հայկական ՍՍՀ հս–արմ–ում, Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակերևույթից ավելի քան 1500 մ բարձրության վրա: Արմ. մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից: Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300–350 մ հզորության լճագետային ու հրաբխային նստվածքներով: Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 7°C է, հունվարինը՝ –8°C (նվազագույնը՝ –35°C), հուլիսինը՝ 20°C (առավելագույնը՝ 34°C): Տարեկան տեղումները 500 մմ են: Գտնվում են 8–9 բալանոց սեյսմիկ գոտում: Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1926-ի հոկտ. 22-ին:

Բնակչության 94,8%-ը հայեր են: Ապրում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր, հույներ: 1831-ին ուներ 3444, 1914-ին՝ 51316, 1923-ին՝ 58630, 1926-ին՝ 42385, 1935-ին՝ 78500 բնակիչ, 1939-ին՝ 67700: 1926–78-ին բնակչությունն ավելացել է մոտ 5 անգամ: 1977-ին ժողտնտեսության տարբեր բնագավառներում զբաղված էր շուրջ 80 հզ. մարդ:

Պատմական ակնարկ: Լ. Սովետական Միության հնագույն բնակավայրերից է: Հիև և միջին դարերում կոչվել է Կումայրի: Ըստ Ղևոնդ պատմիչի, արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժող. հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում: Տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնցից արժեքավոր են ներկայիս մսի կոմբինատի շրջագծում գտնվող հնագույն բնակատեղին և Կումայրի ամրոց–բնակատեղին (քաղաքի հվ. և հս–արմ. ծայրամասերում): Դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնվել են մ. թ. ա. II հազարամյակի բրոնզե իրեր, իսկ 1908-ին՝ մ. թ. ա. X–IX դդ. երկաթե ապարանջաններ ու դանակներ: Առաջին լուրջ հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1928-ին՝ Լ–ի ավազահանքերում. «Կազաչի պոստ»-ում հայտնաբերվել են բրածո կենդանիների (երրորդական շրջանի վերջի, չորրորդականի սկզբի) մնացորդներ (փղի, նախնադարյան ձիու, ցուլի, ուղտի, եղջերվի, ռնգեղջյուրի): 1941-ին, հողային աշխատանքների ժամանակ, մսի կոմբինատի տարածքում գտնվել է մամոնտի կողոսկր: 1929-ին Լ–ում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ. թ. ա. XI–IX դդ.: 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պկղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքի գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր): 1943-ին այդ բնակատեղիում և նրան կից դամբարանադաշտում պեղումներ է կատարել ՀՍՍՀ մշակույթի պատմության ինստ–ի արշավախումբը՝ Ա. Քալանթարի ղեկավարությամբ: Առանձնապես արժեքավոր են բնակատեղիում բացված՝ վաղ երկաթի դարի ձուլման արհեստանոցը (կենտրոնում՝ մոխրով լցված վառարան, կողքին՝ խարամի կույտ) և կացնի ձուլման կաղապարը: Հիմնահողային և սալարկղային դամբարաններից, ուր կատարվել են առանձին և խմբային թաղումներ, հանվել են բրոնզե, կավե և քարե իրեր, որոնց մեջ գերակշռում են գետաքարից և ծակոտկեն բազալտից պատրաստված աշխատանքի գործիքները: Դրանք բնորոշ են հիմնականում ուշ բրոնզի դարից վաղ երկաթի դարին անցման ժամանակաշրջանին (մ. թ. ա. X–IX դդ.): 1952-ին ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի արշավախումբը, Տ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բացել է տուֆի և բազալտի կոպիտ, խոշոր կտորներից շարված պատերով, կավածեփ, քառանկյունի բնակարանների հիմքեր և 14 քարարկղային դամբարան: Գտնված առարկաների (կավամաններ, բրոնզե և երկաթե ապարանջաններ, բրոնգալարից մատանիներ են) մի մասը վերաբերում են մ. թ. ա. VIII–VII դդ.: Լ–ում հայտնաբերվել է նաև ուրարտական արձանագրություն, որը տեղեկություններ է պարունակում Էրիախի երկրի և նրա բնակավայրերի մասին: 1970-ին Կումայրի–ամրոց բնակատեղիում գտնված նյութերը վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակից մինչև միջնադարն ընկած ժամանակաշրջանին: Նույն ժամանակաշրջանն ընդգրկող նյութեր են պեղվել նաև թռչնաֆաբրիկայի տարածքում (1971-ին): Լ–ում բացվել են հիմնահողային, սալարկղային, քարարկղային դամբարաններ, դամբարանաբլուրներ, կրոմլեխներ, որոնք պարունակում են մ. թ. ա. X–VII, մասամբ՝ VII–VI դդ. նյութեր: Հնագիտական նյութերի մեջ գերակշռում են ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամանները, աշխատանքի բրոնզե և երկաթե գործիքները, զենքերն ու զարդերը: Դրանց մեջ առանձնապես ուշագրավ են թևավոր գառնանգղի և սրբազան ծառի պատկերով՝ նախշազարդ ուրարտական բրոնզե գոտին և կոլխիդաոբանյան տիպի կացնակը: Առանձին խումբ են կազմում մածուկից, ագատից, սարդիոնից և այլ քարերից պատրաստված ուլունքները: Բոլոր այդ նյութերը զուգահեռներ ունեն Հայաստանի և շրջակա երկրամասերի հնավայրերից հայտնաբերվածների հետ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի հնագույն բնակիչները հաղորդակցվել են շրջակա երկրամասերի հետ: Լ–ի հնագիտական նյութերի մեծ մասը պահպանվում են տեղի երկրագիտական թանգարանում:

1804-ին Գյումրին գրավել են ռուսները: Ռուսաստանին միանալը դրական դեր է ունեցել քաղաքի հետագա զարգացման համար: 1829–30-ին Արևմտյան Հայաստանից գաղթած կարսեցի ու կարնեցի (էրզրումցի) մեծ թվով հայ ընտանիքներ հաստատվեցին Գյումրիում: Առաջացան ուրույն ավանդույթներով և օրենքներով արհեստավորական համքարություններ: 1837-ին, ռուս. ցար Նիկոլայ I-ի այցելությունից հետո, Գյումրին վերածվեց բերդ–ամրոցի, ապա նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվեց Ալեքսանդրապոլ: 1849-ին Շիրակում կազմվեց Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով: Վերջինս գլխավոր պրիստավի (գավառապետի) «աթոռանիստն էր», Անդրկովկասի ռուս. զորքերի կարևոր ավանպոստը: Ստեղծվեցին ռազմ. ամրություններ, զինվորական ավաններ («Սևերսկի», «Պոլիգոններ», «Կազաչի պոստ»): Երկաթուղու կառուցումից (1899) հետո Ալեքսանդրապոլը Արևելյան Հայաստանում դարձավ նշանավոր քաղաք, երկաթուղային կարևոր հանգույց, առևտրական (XIX դ. վերջին քաղաքում կար 430 խանութ ու կրպակ), արհեստավորական, ռազմա–ստրատեգիական և մշակութային կենտրոն: Քաղաքը հայտնի էր գուսաններով, ժող. երգիչներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրազ, Հայաթ և ուրիշներ), ինչպես նաև եկեղեցիներով (նշանավոր է Ս. Փրկչի եկեղեցին, XIX դ.): Գործում էին օրիորդաց գիմնազիա, առևտրական ուսումնարան, ծխական ու մասնավոր դպրոցներ, տպարաններ, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, տրվում էին թատերական ներկայացումներ: 1912-ին, առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը: 1902-ին բացվեց քաղաքային բանկը: