Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարում` Ս. Շահումյանի արձանը Նկարում` Պուշկինի անվան № 6 դպրոցը (նախկին օրիորդաց գիմնազիան) Նկարում` Քաղաքային սովետի Գործադիր կոմիտեի շենքը Նկաորւմ` Ե. Սեյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատը Նկարում` Մայիսյան ապստամբության հերոսների անվան հրապարակը

1913-ին հիմնվել է ջուլհականոց, սպիրտի 3 ձեռնարկություն, չուգունի ձուլարան և մեխանիկական գործարան: Մինչև սովետական կարգերի հաստատվելը քաղաքում կար 31 տնայնագործական ձեռնարկություն (օճառի, կաշվի, գարեջրի, աղյուսի, կրի, բրուտագործական, ձիթհան, ալրաղաց ևն):

Լ. ունի հեղափոխական հարուստ ավանդույթ: Քաղաքի երկաթուղայինները, սերտ կապերի մեջ գտնվելով Անդրկովկասի բանվորական կենտրոնների և ռուս, կայազորի զորամասերում գործող բոլշևիկների հետ, դեռես դարասկզբին ստեղծեցին առաջին սոցիալ–դեմոկրատական խմբակները (1902-ին կայազորում, 1903-ին՝ քաղաքում): Սրանց միավորումից 1905-ին ստեղծվեց Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը՝. 1905–07-ին ռուսական առաջին հեղափոխությանը Ալեքսանդրապոլի (Լենինականի) բոլշևիկները արձագանքեցին գործադուլային պայքարով: Նրանց ղեկավարությամբ անցան 1905-ի մարտին և ապրիլին դեպոյում և երկաթուղային հանգույցում բռնկված բանվորական գործադուլները: Բոլշևիկների ղեկավարությամբ քաղաքի երկաթուղայինները կազմակերպված մասնակցեցին հոկտեմբերյան համառուսաստանյան քաղաքական գործադուլին (1905): 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից հետո երկրի մյուս արդ. կենտրոնների օրինակով Ալեքսանդրապոլում ստեղծվեց բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետ, որտեղ աչքի ընկնող դեր էին խաղում բոլշևիկները (տես Ալեքսանղրապոլի բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների սովետ): 1917-ի հուլիսին, համաքաղաքային ժողովում, բոլշևիկները կազմակերպչորեն անջատվեցին մենշևիկներից և ստեղծեցին ինքնուրույն ՌՍԴԲ(բ)Կ կազմակերպությունը: 1920-ի մայիսին Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար առաջինը ապստամբության դրոշ բարձրացրին Ալեքսանդրապոլի բոլշևիկները (տես Մայիսյան ապստամբություն): Ապստամբության պարտության, ինչպես նաև թուրք. օկուպացիայի (1920-ի նոյեմբեր – 1921-ի մարտ) հետևանքով կազմակերպությունը ծանր հարված ստացավ: Չնայած դրան, այն շարունակեց գործել մինչև սովետական իշխանության հաստատումը:

1921-ի ապրիլին տեղի ունեցավ l-ի կոմունիստական կազմակերպության I քաղաքային կոնֆերանսը, որին մասնակցեց 32 պատգամավոր: Լ–ի քաղաքային կուսակցական կազմակերպությունը, մինչև 1930-ի վարչա–տերիտորիալ բաժանումը, կազմակերպչորեն ենթարկվում էր համանուն գավառային կազմակերպությանը: Մինչև 1978-ի հունվարը կայացել է կազմակերպության 29 կոնֆերանս: 1978-ի հունվ. 1-ի դրությամբ գործում էր 250 սկզբնական կուսակցական կազմակերպություն՝ 8783 կոմունիստով, և 220 ԼԿԵՄ կազմակերպություն՝ 26967 կոմերիտականով:

1941–45-ին շուրջ 8 հզ. լենինականցիներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Նրանցից մոտ 3 հզ. զոհվել է մարտերում: Արիության, խիզախության, հրամանատարության առաջադրանքները օրինակելիորեն կատարելու համար բազմաթիվ լենինականցիներ արժանացել են մարտական շքանշանների ու մեդալների, իսկ Աշոտ Ամատունին, Արտյոմ Պետրոսյանը և Արամայիս Պողոսյանը՝ Սովետական Միության հերոսի կոչման:

Սովետական կարգերի հաստատումից հետո Լ–ում ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերություն (տեքստիլ–տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, կարի, փայտամշակման, ապակու ևն): Քաղաքի ավելի քան 50 ձեռնարկություններում աշխատում է մոտ 40 հզ. բանվոր–ծառայող, թողարկվում է ավելի քան 700 տեսակ արդ. ապրանք 370 մլն ռուբլու ընդհանուր արժեքով (1977): Տնտեսության առաջատար ճյուղը թեթև արդյունաբերությունն է՝ հատկապես բամբակե գործվածքեղենի արտադրությունը (տալիս է քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 54,8%-ը): Միավորում է 11 ձեռնարկություն, այդ թվում՝ Մայիսյան ապստամբության անվ. Լենինականի տեքստիլ կոմբինատը (տես Լենինականի բամբակեղենի արտադրական միավորում մայիսյան ապստամբության անվան), Վ. Չկալովի անվ. կարի և «Արշալույս» գուլպա–նասկեղենի արտադրական միավորումները, Լուկաշինի անվ. մանարանը, տրիկոտաժի ֆաբրիկաները: Լ. ՍՍՀՄ տեքստիլ արդյունաբերության կարևոր կենտրոններից է և ամենախոշորը Հայկական ՍՍՀ–ում: Հանրապետությունում առաջինը Լ–ում հիմք դրվեց տրիկոտաժեղենի արդյունաբերությանը: 1924-ին «Մեղու» արտելի բազայի վրա ստեղծվեց գուլպա–տրիկոտաժեղենի առաջին ֆաբրիկան, որն այժմ հանրապետության թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից է: Կարևոր ճյուղերից են նաև կոշիկի ու կարի արդյունաբերությունը: Լ. Մեքենաշինական կարևոր կենտրոն է. տալիս է քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 22,8%-ը (1977): Գործում է 13 մեքենաշինական գործարան: Առաջատար ճյուղերն են էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունը: Խոշոր ձեռնարկություններից են հղկող հաստոցների, դարբնոցա–մամլիչային սարքավորումների, էլեկտրատեխնիկական, միկրոէլեկտրաշարժիչների, կենցաղային էլեկտրասարքավորումների, «Ստրոմմաշինա» սարքաշինական գործարանները: Ստեղծվել է կենտրոնական ձուլարան: Գործում են երկաթուղու շարժական կազմի վերանորոգման, դարբնոցա–մամլիչային սարքա–