Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յաց և սկսեց զբաղվել երկրագործությամբ: VIII դ. վերջին Խ. ընդունեցին մահմեդականություն, իսկ Խազարական խաքանության կործանումից (965) հետո աստիճանաբար տարրալուծվեցին թյուրք–պոլովեցական ցեղերի մեջ:

Հայ մատենագրության մեջ Խ. հիշվում են խագիրք ձևով: Աոաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին: Նրանց մասին տեղեկություններ կան նաև VII դ. «Աշխարհացոյց»-ում, Մովսես Կաղանկատվացու և ուրիշների մոտ: 552-ին Խ. ներխուժեցին Աղվանք և ասպատակեցին Հայաստանի հս–արլ. շրջանները: 626-ին և 627-ին, դաշնակցելով Բյուզանդիային ընդդեմ Իրանի, ներխուժեցին Կովկաս, 630-ին գրավեցին և ավերեցին Թիֆլիսը, թափանցեցին Աղվանք: Նույն թվականին նրանք արշավեցին Հայաստան և Սևանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին պարսկական զորքին, սակայն շուտով վերադարձան Խազարիա՝ այնտեղ բռնկած ներքին խռովությունների պատճառով: IX դարից Խ. դադարել են արշավել Հայաստան, Վրաստան և Աղվանք:

Գրկ. Apтамонов M. И., История xaзap, Л., 1962; Плетнева C.A., Xaзapы M., 1976.

ԽԱԶԵՐ (խազ՝ գիծ, գիր), հայկական միջնադարյան երաժշտական գրության նշանները, որոնցով, տարբեր համակարգերում տարբեր մանրամասնությամբ, հաստատագրվել են հոգևոր, մասամբ աշխարհիկ մեղեդիները: Բնույթով հարում են նեմային գրության նշաններին (տես Նեմեր), սակայն ձևերով, անվանումներով և նշանակությամբ ինքնուրույն են: Գրվել են գրական տողից վեր՝ եթե մեկ վանկին մեկ–երկու խազ է ընկնում, և տողում՝ եթե մեկ վանկի Խ. շատ են: Լայն առումով Խ–ի մեջ ընդգրկում են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները (տես Առոգանության արվեստ), այբուբենի այն բաղաձայններն ու կիսաձայնը, որոնք երաժշտական համակարգերում կիրառվել են որպես լրացուցիչ նշումներ և մոնոդիկ երաժշտության ձայնեղանակների տառային նշումները, որ կոչվել են «բանալի խազեր»: Խ–ի քանակը, ձևերը, անվանումները և դրանց վերագրած նշանակությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են (տես Խազագրություն): Խ–ից մի քանիսն օգտագործվել են նոր–հայկական ձայնագրության համակարգում: Ռ. Աթայան

«ԽԱԹԱԲԱԼԱ», երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1906–1916, 1922, 1925–26-ին, Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Ա. Երիցյան, Ա. Աթանասյան: Տպագրել է ֆելիետոններ, առակներ, հանելուկներ: Դատապարտել սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը, նպաստել Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությանը: Արձագանքել է միջազգային իրադարձություններին, Բալկանյան և Արևելքի ժողովուրդների ազատագրական պայքարին: Արժեքավոր են Գ. Բաշինջաղյանի, Գ. Գրենևսկու, Գ. Երիցյանի, Ա. Միրզոյանի, Գ. Ռոտտերի պատկերազարդումները: Աշխատակցել են Ատրպետը, Մ. Բագրատունին, Կ. Մելիք–Շահնազարյանը, Գ. Լևոնյանը, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Մ. Արազին, Ս. Զորյանը:

ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ Սեյրան Հովհաննեսի [ծն. 20.4.1937, գ. Լենինավան (Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում)], հայ սովետական նկարիչ: 1964-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը: Աշխատում է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում: Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները (մասնավորապես՝ Մ. Սարյանի)՝ Խ. ստեղծել է հայրենի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի բնապատկերներ («Շինուհայր», 1964, «Հեքիաթային Հայաստան» շարք 1967-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ («Հորս դիմանկարը», 1975, «Ալբերտ Կոստանյան», 1975): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1966, 1967 և 1976-ին: ՀԼԿԵՄ II Փառատոնի դափնեկիր: Մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների:

ԽԱԹՐԱՎԱՆՔ, Խադավանք, ճարտարապետական հուշարձան ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափին: Հիմնադրվել է վաղ միջնադարում: XII դ. ավերվել է երկրաշարժից, ապա՝ սելջուկների արշավանքից: Համալիրի այժմյան եկեղեցին 1204-ին կառուցել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենեցին: Եկեղեցին հորինվածքով բացառիկ է հայ ճարտ–յան մեջ՝ զուգակցում է նաև գավիթներին բնորոշ առանձնահատկություններ: Հատակագծում ասիմետրիկ է, աղոթասրահի մեջ ներառված են ուղղանկյուն բեմ ունեցող միանավ թաղածածկ երկու մատուռներ: Գմբեթը թմբուկ չունի (ինչպես գավիթներում) և բարձրանում է չորս տարբեր կտրվածքներով (ուղղանկյուն, ութնիստ, խաչաձև) քարե սյուների վրա: Սյուների խարիսխներին քանդակված են ավետարանիչների խորհրդանշանները: Եկեղեցուն հս–ից կից է երկհարկ զանգակատունը: Համալիրից հս. և արլ. վանքի բնակելի ու տնտեսական շենքերն են: XIII դ. Խ–ում հավաքել են գավառի ավերված եկեղեցիների արձանագրություններ, խաչքարեր, քանդակներ, և Խ. դարձել է միջնադարյան Հայաստանի հնագույն, եզակի թանգարանն ու մատենադարանը: Բ. Ոււուբաքյան, Մ. Հասրաթյան

ԽԱԺԱԿ (Չազալյան) Գարեգին (1867, Ալեքսանդրապոլ –1915), քաղաքական գործիչ, դաշնակցություն կուսակցության անդամ: 1898-ին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը: 1903-ից եղել է «Մշակ» թերթի խմբագիրը և դասավանդել Ներսիսյան դպրոցում: 1906-ից, Ա. Ահարոնյանի և Ե. Թոփչյանի հետ, հրատարակել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը: 1912-ին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Աամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը: Մեծ եղեռնի զոհերից: Ընդունելով դասակարգերի հակադրությունը մանրբուրժուական ազգայնականության դիրքերից՝ պնդել է, որ հայերի համար, որոնք դեռևս չեն լուծել ազգային հարցը, դսաակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ յուրովի է ըմբռնում իր շահերը, անգամ՝ սոցիալիզմը: Խ–ի դեմ հրապարակախոսական պայքար են մղել հայ մարքսիստներ Մ. Շահումյանը, Մ. Կասյանը և ուրիշներ: Գրկ. Անանիկյան Բ. Հ., Դաշնակցության գաղափարական–քաղաքական կրախը, Ե., 1974: Վ. Գրիգորյան

Նկարում` Գ. Խաժակյանը Նեզնամովի դերում (Ա. Օսարովսկու «Անմեղ մեղավորներ»)

ԽԱԺԱԿՅԱՆ Գարուշ (Կարապետ) Խաչատուրի [ծն. 10(23).10.1913, Ալեքսանդրապոլ], հայ սովետական դերասան: ՀՍԱՀ Ժող. արտիստ (1961): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1931-ին ավարտել է Լենինականի թատրոնին կից ստուդիան: 1931–1936-ին աշխատել է Երևանի բանվորական, 1936-ից՝ Մունդուկյանի անվ. թատրոններում: Դերերից են՝ Մասիսյանց (Սունդուկյանի «Խաթաբալա»), Էրեկլե (Յուժին–Մումբատովի «Դավաճանություն), Նեզնամով (Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ռուբեն (Գ. Տեր–Գրիգորյանի «Այս աաողերը մերն են»), Ֆերդինանդ (Շիլլերի «Աեր և խարդավանք»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1950):

ԽԱԻՆ Վիկտոր Եֆիմովիչ [ծն. 13(26).2.1914, Բաքու], սովետական երկրաբան: ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1966): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ–ը (1935): Գիտական աշխատությունները վերաբերում են ռեգիոնալ երկրաբանության (Կովկաս, Կարպատներ ևն), տեկտոնիկայի, նավթի երկրաբանության հարցերին: Առաջարկել է երկրակեղևի հիմնական կառուցվածքային տարրերի դասակարգումը, մշակել երկրակեղևի զարգացման մի շարք պրոբլեմներ:

ԽԱԼ, բնածին բծեր, նեվուս (naevus maternus), մաշկի զարգացման բնածին արատ, երբ մաշկի առանձին հատվածներ տարբերվում են գույնով կամ մակերևույթի գորտնուկանման տեսքով: Որոշակի տեղադրություն չունի: Անոթային (հեմանգիոմա) Խ–երը բնորոշվում են տարբեր մեծությամբ, անհավասար եզրերով, վարդագույն կամ կապտակարմիր գույնով, սեղմելիս գունատվում են: Մազանոթային Խ–երը հարթ են, մակերեսային կամ հանգուցավոր, տեղադրված մաշկի մեջ: Խոռոչավոր (կավերնոզ) կամ թմբիկավոր Խ–երն ունեն սպունգանման մակերևույթ: Գորտնուկանման Խ–երը լինում են միայնակ կամ բազմաթիվ թմբիկներով, բազմաձև են, գորշ կամ մուգ գույնի, անհավասար եղջերացող մակերևույթով: Գունակային (պիգմենտային) Խ–երը բաց դարչնագույնից սև են, քորոցի գլխիկի մեծությամբ, իսկ երբեմն ավելի մեծ: Պիգմենտային Խ–երի ինքնաբուժումը