Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ձեռագիր Ավետարան)՝ կից դպրոցով։ Ունի երեք ջրաղաց։ Հողերը պատկանում են պարսիկ կալվածատերերին։


ԽՈՒՆԿ, 1. խեժ, որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից։ 2. Տարբեր խեժերի (լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ) հավաքական անվանումը։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։ Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր ևն։ Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշիանում է։ Խ. օգտագործվել է ժող. բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ։ Զոհաբերությունների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։

Խ–ի ծխումը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին Խ. են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին Խ. ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն։ Խ. Պալյան


ԽՈՒՆՎԵՅԲԻՆՆԵՐ (չինարեն՝ կարմիր պահապաններ, կարմիրգվարդիականներ), 1966-ին Չինաստանում դպրոցականներից և ուսանողներից կազմված ջոկատների անդամներ, որոնց ցզաոֆանների (խռովարարների) հետ օգտագործել է Մաո Ցզե Դունը՝ հակառակորդների դեմ պայքարելու համար։ 1968-ից խունվեյբինական շարժումը անկում է ապրել։


ԽՈՒՆՏԱ (իսպ. junta), միավորումների, միությունների, հանձնաժողովների, պետական մարմինների անվանում իսպանալեգու երկրներում (Իսպանիա և Լատինական Ամերիկայի շատ երկրներ)։


ԽՈՒՇԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ XX դ. վերջին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան (75 աշակերտ)։ Խ–ի շրջակայքում էր Ս. Անտոն ավերակ եկեղեցին։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։


ԽՈՒՊԵՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էր գրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 140 (20 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ, մասամբ՝ երկրագործությամբ։ Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվեւ է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։


ԽՈՒՌԻԵՐԵՆ, խուռիների լեզուն (մեռած)։ Հաճախ հատկացվում է «Ասիանական լեզվախմբին»։ Եղել են նաև խեթական, ուրարտական, արիական և կովկասյան առնչակցություններ հաստատելու փորձեր։ Խոսվել է Մերձավոր Արևելքում (Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքներում, Վանա լճի շրջակայքում)։ Գրավոր աղբյուրները (սեպագիր) վերաբերում են մ. թ. ա. II հազարամյակին (խուռիական թագավորի նամակը եգիպտական փարավոնին, շումերա–խուռիական բառացանկ, աքքադա–խուռիական երկլեզվյան արձանագրություններ ևն)։ Հիմնականում կցական լեզու է. առկա է նախադասության էրգատիվ կառուցվածքը։


ԽՈՒՌԻՆԵՐ, խուրրիներ, սուբարիներ, հնագույն էթնիկական խումբ Առաջավոր Ասիայում։ Մ. թ. ա. IV–III հազարամյակներում բնակվել են Հյուսիսային Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասի հվ. շրջաններում։ Մ. թ. ա. Ill–II հազարամյակներում տարածվել են Միջերկրականի արլ. ափերը՝ մինչև Պաղեստին [այստեղ հայտնաբերել են Հայկական լեռնաշխարհի մշակույթի նման մշակույթ (այսպես կոչված, Կիրբեթ–Կերաքյան մշակույթ)], Եփրատի վերին հոսանքի շրջանը, ուր ապրել են խեթա–լուվիացիների հարևանությամբ, Ասորեսաան և Բաբելոն։ Մ. թ. ա. XVI–XIII դդ. Խ. Հյուսիսային Միջագետքում ստեղծել են Միտաննի պետությունը, որը էական դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղ. և մշակութային կյանքում՝ սերտ հարաբերություն ունենալով Խեթական պետության, Ասորեստանի, Բաբելոնի, Եգիպտոսի, Հայկական լեռնաշխարհի հետ։ Խ–ի ազդեցությունը Հայկական լեռնաշխարհում արտահայտվում է Կիրովականի, Լճաշենի, Թռեղքի բրոնզեդարյան մշակույթում։ Խ–ի էթնիկական տարրը դեր է խաղացել հայ ժողովրդի կազմավորման ընթացքում՝ դառնալով նրա ֆիզիկական–մարդաբանական հիմնական տարրը։ Միտաննիի անկումից հետո Խ. առաջատար տեղ են գրավել մի շարք մանր պետություններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի հվ–ում գտնվող Շուբրիայում (Շուպրիա, որի անունը ծագում է Խ–ի երկրի երկրորդ՝ Շուբարաու անունից)։

Գրկ. Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933։ Дьяконов И. М., Предыстория армянского народа, E.,1968; Хачикян М. Л., Щумеро-хурритский словарь из Рас-Шамры как источник по хурритской диалектологии, «Вестник древной истории», 1975, № 3 Գ. Սարգսյան


ԽՈՒՌՆԱՎԻԼ, Խոնավիլ, Խոռնավուլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ 1915-ին ուներ 150 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կային եկեղեցի և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Նկարում` Խուստուփ լեռը


ԽՈՒՍՏՈՒՓ, լեռնագագաթ Հայկական ՍՍՀ հարավում, Խուստուփ–Կատարի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3202 մ է։ Կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգելներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների ու քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ։


ԽՈՒՏՈՐ, գյուղական բնակավայր։ Սկզբում եղել է միաբակ (յուրահատուկ է հողագործ ժողովուրդներին՝ նոր հողեր յուրացնելիս), հետագայում՝ բազմաբակ։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիստական տարրերի զարգացման հետ սկսեցին Խ. անվանել անհատական օգտագործման հողակտորի վրա առանձնացված տնտեսությունը։ 1905–07-ի հեղափոխությունից հետո Ռուսաստանում Խ–երի քանակը խիստ աճեց (տես Ստոլիպինյան ագրարային ռեֆորմ)։ ՍՍՀՄ–ում, գյուղատնտեսության կոլեկտիվացումից հետո, ստեղծվեցին Խ–ները խոշոր կոլտնտեսային գյուղերում համախմբելու պայմաններ։


ԽՈՒՐԱՄՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, Աբբասյան խալիֆայության դեմ Իրանի տարածքում ծագած մի շարք ապստամբությունների ընդհանուր անվանումը։ Խ. շ–ման գաղափարախոսությունը համարվում է մազդակյան ուսմունքի (տես Մազդակյան շարժում) հետագա զարգացումը։ Խ. շ–ման մասնակիցներն ընդունել են երկու հիմնական հոգևոր ուժ՝ լույսն ու խավարը, բարին ու չարը, պայքարում էին խալիֆայության դեմ, թշնամի էին մահմեդականությանը, քարոզել են սոցիալական հավասարություն, ժխտել մասնավոր սեփականությունը և ձգտել են վերականգնել հին գյուղացիական ազատ համայնքը։ Խ. շ. սկզբնավորվել է 755-ին՝ Հյուսիս–Արևելյան Իրանում։ Ամենախոշոր արտահայտություններն էին Մուքաննայի ապստամբությունը և Բաբեկի ապստամբությունը։ Վերջինս ուներ երկակի բնույթ։ Ապստամբները, արաբ, զորքերի դեմ պայքարելուն զուգընթաց, ասպատակել են Հայաստանի Սյունիք և Արցախ նահանգները (միայն Գեղարքունի գավառում Բաբեկը կոտորել է 15 հգ. մարդ, ավերել Մաքենոց նշանավոր վանքը)։ Արցախի իշխան Սմբատի որդի Սահլը» ԱԱԴ չարագործություններից վրդովված, 837-ին Հայաստան ապաստանած Բաբեկին հանձնել է Աֆշին զորավարին։

Գրկ. Միխայել Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1871, էջ 364–65։ Լեո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967, էջ 414-24։ Томара M., Бебек, M., 1936; Петрушевский И. П., К истории маздакитов в этоху посподства ислама, «Hapoды Азии и Африки» 1970, № 5. Ա. Տեր–Ղևոնդյան