Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՒՐՄԱ ԱՐԵՎԵԼՅԱՆ (Diospyros kaki), էբենազգիների ընտանիքի պտղատու, սաղարթավոր ծառ։ Բարձրությունը՝ 8–12 մ։ Երկտուն կամ միատուն բույս է։ Ապրում է 100 և ավելի տարի։ Հայրենիքը Չինաստանն է։ Տերևները ձվաձև են, հերթադիր, մուգ կանաչավուն, խոշոր, կաշեկերպ, տերևաթափից առաջ կարմրում են։ Ծաղիկները 3 տիպի են. արականները մանր են, փնջերով, իգականները և երկսեռները՝ մեկական, բաց կանաչավուն։ Պտուղը տարբեր ձևի, խոշոր, մսալի հատապտուղ է, նարնջա–դեղին կամ կարմիր գույնի։ Չհասունացած պտուղները տտիպ են։ ՍՍՀՄ–ում Խ. ա. մշակվում է Արևմտյան և Արևելյան Վրաստանում, Ադրբեջանական ՍՍՀ–ում, Սև ծովի ափերին (Կրասնոդարի երկրամաս), Ղրիմի հվ. շրջաններում, Ուզբեկական, Տաջիկական, Թուրքմենական ՍՍՀ–ներում, ՀՍՍՀ–ում՝ Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններում։ Թարմ պտուղները պարունակում են շաքարներ, պրոտեին, ճարպեր, վիտամին, երկաթ ևն։ Օգտագործում են ստամոքս–աղիքային հիվանդությունների, սակավարյունության, ցինգայի բուժման նպատակով։ Կանաչ պտուղները և տերևները պարունակում են դաբաղանյութեր։ Խ. ա–ի բնափայտը լավ ողորկվում է, նրանից պատրաստում են կահույք, երաժշտական գործիքներ։ Բազմացվում է ստրատիֆիկացված սերմերով, ինչպես նաև պատվաստով։


ԽՈՒՐՅՈՒԳՍԿԻ (իսկական ազգանունը՝ Ալիմով) Թահիր (1893–1958), լեզգի սովետական գրող։ Գաղստանի ժող. բանաստեղծ (1943)։ Հայտնի են Խ–ի «Օդային դյուցազնը», «Մայիսի իննին», «Հայրենիք», «Մոսկվա», «Սև ոսկի» բանաստեղծությունները՝ նվիրված սովետական մարդու առօրյային։

Գրկ. История дагестанской советской литературы, т. 2, Махачкала, 1967


ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ Ասատուր Աղաբեկի [12.9. 1896, գ. Շինուհայր (այժմ՛ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)–14.12.1971, Երևան], հայ սովետական իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից, 1920–21-ին՝ Կարմիր պարտիզան։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Ավարտել է համամիութենական իրավաբանական ինստ–ը (1947)։ 1921–31-ին աշխատել է Գորիսում, ՀԿԿ Զանգեզուրի գավկոմում, Սիսիանի շրջսովետում։ 1931–35-ին Սիսիանում, Ամասիայում եղել է կուսշրջկոմի աոաջին քարտուղար, 1939-43, 1954–66-ին՝ ՀՍՍՀ Գերագույն դատարանի անդամ։ 1943–52-ին՝ ՀՍՍՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալ։ 1931-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ, ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։


ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ Լենդրուշ Արշակի [ծն. 1.5.1927, գ. Շինուհայր (ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ. դ–ր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1951)։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում (1956–74), ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ում՝ որպես գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչ (1974–77)։ 1977-ից Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչն է։ Զբաղվում է հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմությամբ։ Աշխատություններում լուսաբանված են Հայաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, հայ քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և Սովետական Հայաստանի պատմության հարցերը։

Երկ. Ստեփան Շահումյան–պետական և կուսակցական գործունեությունը 1917 – 1918 թվականներին, Ե., 1959։ Միջազգային կոմունիստական շարժումը ժամանակակից էտապում, Ե., 1960։ Հայաստանում սոցիալիստական մրցության պատմությունից, Ե., 1961։ Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե,, 1964։ Սովետական Ռուսաստանը և հայկական հարցը, Ե., 1977։


ԽՈՒՐՋԻՆ, երկու կից բաժիններից բաղկացած պարկ։ Լինում է մեծ (գրաստի վրա բարձելու) և փոքր (ուսապարկ)։ Գործվում է բրդյա կամ բամբակյա գունավոր թելերից, կապերտի հյուսվածքով, զարդարվում երկրաչափական, ոճավորված բուսական (կենաց ծառ, ծաղիկներ, տերևներ ևն) և այլ նախշերով։ Բաժիններից յուրաքանչյուրի բերանը փակում են կաշվե, մետաղե կամ պարանից օղերի մեջ անցկացրած կապիչով։ Խ. օգտագործել են Հայաստանի համարյա բոլոր շրջաններում (հատկապես՝ լեռնային)։ Այժմ գործածվում է հազվադեպ։ Ն. Ավագյան.


ԽՈՒՑԻԵՎ Մարլեն Մարտինովիչ (ծն. 10.10. 1925, Թիֆլիս), սովետական կինոռեժիսոր։ ՌՄՖՄՀ արվեստի վաստ. գործիչ (1965)։ 1950-ին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1959-ից աշխատում է «Մոսֆիլմ» ստուդիայում; Առաջին գեղ. ֆիլմը՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956, Ֆ. Միրոների հետ), նկարահանել է Օդեսայի Կադր «Հուլիսյան անձրև» կինռնկարից (1967), ռեժիսոր՝ Մ. Խուցին կինոստուդիայում։ Խ–ի հետագա՝ «Երկու Ֆեոդոր» (1959), «Ես քսան տարեկան եմ» (1965), «Հուլիսյան անձրև» (1967) ֆիլմերը շոշափում են հասարակական և բարոյական կարևոր հարցեր։ Արժանացել է համամիութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների։