Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գըրման գործով վերադարձել է Հայաստան, 1889-ին Տրապիզոնում ստեղծել հնչակյան կենտրոն: 1890-ին Կ. Պոլսում ղեկավար մասնակցություն է ունեցել Գում–Գափուի ցույցի (տես Գում–Գափուի ցույց 1890) կազմակերպմանը: 1905-ին, հնչակյան կուսակցության IV համագումարից որոշ ժամանակ անց, հեռացել է քաղ. ասպարեզից: Խ. իր աշխատություններում պաշտպանել է մանր բուրժուական սոցիալիստական հայացքներ («Իդեալիզմ թե՝ մատերիալիզմ», 1904, «Ի՝նչ է սահմանադրությունը», 1907): Գրել է հայ ժողովրդի պատմության վերաբերյալ դասագրքեր, կատարել թարգմանություններ (ֆրանս., ռուս.):

Գրկ. Ղարաշյան Գ. [Արկոմեդ Ս. Տ.], Ռուբեն Խանազատի հեքիաթները. Ովքե՞ր են Հնչակյանները և ինչ են ասում նրանք իրենց մասին, Թ., 1928: Վ. Գրիգորյան

ԽԱՆԱԿԱ, խոնակո (< պարսկ. խանե–տուն, գա–վայր), Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Ադրբեջանում (խանեգա) հյուրատան տիպ, որը բաղկացած էր խուցերից և մզկիթից: Խ. սովորաբար դերվիշների օթևան էր և սուֆիզմի պրոպագանդման վայր: Ստեղծվել է բուդդայական և մանիքեական ճգնավորների խուցերի օրինակով, հետագայում վերածվել մեծ կառույցների, նույնիսկ՝ համալիրների: Երբեմն Խ–ները ծառայում էին որպես պաշտպանված, ապահով կետեր կարավանային ճանապարհներին:

Ս.Հ. Խանամիրյան


ԽԱՆԱՍԻՐՅԱՆ Ստեփան Հակոբի [29.11.1926, Լենինական–22.2.1975, Խմելնիցկի (Ուկրաինական ՍՍՀ–ում), թաղված է Երևանում], գեներալ–մայոր (1974): ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Բաքվի հետևակային ուսումնարանը (1946), Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1961) և դրան կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1969): 1946-ից ծառայել է Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային դասակի հրամանատար, 1961–69-ին՝ զորքերի Հյուսիսային խմբում: Այնուհետև 1967-ից սովետական բանակում վարել է մի շարք ղեկավար պաշտոններ: 1969–71-ին ծառայել է Անդրկովկասյան կարմրադրոշ զինվորական օկրուգում, 1971-ից՝ Մերձկարպատյան զինվորական օկրուգում: Եղել է գնդի և դիվիզիայի հրամանատար, կայազորի պետ:


ԽԱՆԱՄԻՐՅԱՆ Վանուշ Գերասիմի (ծն. 5.11.1927, Երևան), հայ սովետական բալետի արտիստ: Հայկական ՍՍՀ ժող. արտիստ (1963): 1941-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում: Լավագույն դերապարերից են՝ Արմեն (Ա. Խաչատրյանի «Գայանե», 1947), Գավիթ («Խանդութ», երաժշտ.՝ Ա. Սպենդիարյանի, 1953), Բակուր (է. Հովհաննիսյանի «Մարմար», 1958), Սպարտակ (Ա. Խաչատրյանի «Սպարտակ», 1961): 1962-ին հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: 1968-ից ղեկավարում է Հայաստանի պարի պետ. անսամբլը: Բեմադրել է Կոմիտասի «Վաղարշապատի պար», Ա. Սպենդիարյանի «Էնգելի», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն», Ա. Խաչատրյանի «Գայանե»-ից սյուիտ և այլ պարեր: Գ. Ստեփանյան


ԽԱՆԱՊԱՐ, խանաբար, հյուրատուն: Անիում 1908-ին Ն. Մառը պեղել է Խ–ի (մոտ XII–XIII դդ.) մնացորդներ՝ պահպանված մոտ 2 մ բարձրությամբ: Կառույցը բաղկացած է համանման, ձգված ուղղանկյուն հատակագծով կից երկու շենքերից: Կամարակապ մուտքերով, թաղածածկ սենյակների երկու շարքով կազմված միջանցքանման բակի (մոտ 5–6 մX18 մ) կենտրոնում՝ քարե ջրամբար, երկու ծայրերին՝ մուտքեր: Շենքերը (մեկը՝ երկհարկանի)՝ սրբատաշ քարից, շքեղ ձևավորված, քանդակազարդ մուտքերով: Այդ կառույցի նշանակությունը տարբեր կերպ է մեկնաբանվել՝ հյուրատուն (Ն. Մառ, Հ. Օրբելի), վաճառատուն (Թ. Թորամանյան): Տեղադրված լինելով Անիի առևտրական շարքում՝ հավանաբար երկու նշանակությունն էլ միաժամանակ ունեցել է: Գրկ, Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964:

Անիի հարավային խանապարի շքամուտքը (վերակազմություն՝ Թ. Թորամանյանի) Անիի խանապարի հատակագիծը (ըսա Թ. Թորամանյանի)


ԽԱՆԱՍՈՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Վսապուրականի (Կոտուրի) լեռնաշղթայի հարավում, 2509 Վ բարձրության վրա: Ռեզայե լճի ավազանը կապում է Վանա լճի ավագանին: Ձմռանը փակվում է:


ԽԱՆԳԱՐՈՒՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, համակարգի՝ ազդանշանները տվյալ հավաստիությամբ տարբերելու կամ վերականգնելու ունակություն: Ամբողջ համակարգի ընդհանուր Խ. որոշելը բավական բարդ խնդիր է, ուստի հաճախ որոշում են համակարգի առանձին օղակների Խ. (օրինակ, ընդունիչինը՝ հաղորդման, կոդավորման և մոդուլացման համակարգերինը՝ ընդունման տվյալ եղանակի դեպքում են): Տարբերում են իրական և պոտենցիալ Խ.-ներ, որոնց համեմատությամբ հնարավոր է գնահատել տվյալ սարքի որակը:


ԽԱՆԴԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շիրվանի գավառում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՆԴԱՁՈՐ, Խնդաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում, խոտորջուր ավանի յոթ թաղերից մեկը: Խ. շրջապատված է Պարխարյան լեռներով, որոնք ծածկված են փշատերև և սաղարթավոր անտառներով: Ենթադրվում է, որ գյուղի անունն առաջացել է խինդ, խնդության ձոր բառերից: 1915-ին ուներ մոտ 1500 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար երկու եկեղեցի (Մայր Աստվածածին և Մ. Երրորդություն), հինգ մատուռ: Բնակիչները 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել են: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվել են ընդամենը 17 հոգի, որոնք բնակություն են հաստատել Թիֆլիսում: Խ–ում է ծնվել հայագետ Համազասպ Ոսկյանը: Թ. Գնորգյան


«ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԹԱՏՐՈՆ», կառուցվել է 1891-ին, Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, թատերական և հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով: «Խ. թ.» ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասան–