Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ: Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով: Վարագույրը նկարել է 0. Շմեռլինգը: Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով: «Խ. թ.» բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891-ի հուլիսի 7-ին: Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ: «Խ. թ.»-ում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Դ. Պետրոսյան, Սիրանույշ, Տ. Աբելյան), հյուրախաղերի եկել ռուս., ադրբ., ուկր. թատերախմբեր: Թատրոնն այրվել է 1905-ին: Բ. Հովակիմյան


ԽԱՆԴՈ, հայաբնակ գյուղ վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Փարվանա և Թոգ գետերի միախառնման տեղում, շրջկենտրոնից 18 կմ արևմուտք: Գյուղը գտնվում է ձորագլխին՝ բարձր սարահարթի վրա: Կոլտնտեսությունն զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Խ. ունի միջնակարգ դպրոց, կապի բաժանմունք: Պատմական հուշարձաններից կանգուն են մնացել Ս. Գևորգ եկեղեցին (XII –XIII դդ.), որը կառուցված է սրբատաշ կարծր քարով ու աչքի է ընկնում ճարտ. բարձր արվեստով, և իջևանատունը: Կան նաև արհեստական քարանձավներ, որոնք իրար են միացած ստորգետնյա անցուղիներով (մեկը իջնում է դեպի Փարվանա գետը): Գյուղի նոր եկեղեցին (Ս. Խաչատուր) կառուցվել է 1831-ին: Խանդոցիները գաղթել են էրգրումի վիլայեթի Խաչքավան գյուղից, Բասենից և Կարսից, 1830-ին:


ԽԱՆԵՆՑ (Խանյան) Գալուստ (ծն. 1910, Թեհրան), իրանահայ բանաստեղծ: Սովորել է Թեհրանի ֆրանս. Սեն–Լուի և Դավթյան Քուշեշ դպրոցներում: Եղել է Տպագրվել է 1928-ից: Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականներին: Հրատարակել է «Ամբողջ սրտով» (1957), «Հրաշալի զորություն» (1972), «Բարև քեզ, մա՛րդ» (1974) բանաստեղծությունների ժողովածուները: Խ.-ի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում հայրենաբաղձության թեման: Թարգմանություններ է արել իրանական բանաստեղծներից:

Նկարներում` Ս. Ն. Խանզադյան, Զ.Հ. Խանզատյան


ԽԱՆԶԱԴՅԱՆ Սերո Նիկոլայի (ծն. 3.12. 1915, ք. Գորիս), հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1943-ից: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1972): Ավարտել է (1934) Գորիսի մանկավարժական տեխնիկումը, զբաղվել է (1934–41) ուսուցչությամբ: Մասնակցել է (1941–45) Հայրենական մեծ պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934-ին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է X դ. Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940-ին): 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմ. միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին: Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը: Խ–ին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1–2, 1954–55) վեպը: Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով: Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը: Այնուհետև լույս են տեսել Խ–ի «Լալ Համագը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները: Խ–ին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը: Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը: XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը: Ժող. այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների: Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն է: Խ. պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է մեր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը: Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները: Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները: Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում: Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է: Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդաշխատավորի, մարդ–զինվորի, մարդ–հայրենասերի մասին: Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է: Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը: Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժող. աննկուն ոգու վերակենդանացումը: Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուս, կողմնորոշումը: Խ–ի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը: Խ. հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների: Նրա շատ երկեր թարգմանվել են ԱԱՀՄ և աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով: «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977): Երկ. Երկ. Ժող., հ. 1–5, Ե., 1967–70: Գրկ. Հայրյան Դ., Սերո Խանզադյան, Ե., 1975: Գ. Հայրյան


ԽԱՆԶԱԴՅԱՆ Ցոլակ Խորենի [23.3.1886, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)–19.9.1935, Մոսկվա, թաղված է Երևանում], հայ սովետական գրականագետ, թարգմանիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Ավարտել է (1905) Լազարյան ճեմարանը, Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1912): Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկ. համայնքի գրական–մշակութային կյանքին: 1921-ին հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչ: Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910–20-ական թթ.՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից: Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913), «Քննադատության իրավունքը» (1913), Ռեալիզմը թատրոնում» (1913), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ: Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված Խ–ի բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են: Խ. թարգմանել է Վ. Ի. Լենինի «Ագրարային հարցի թեորիան» (1935), «Ի՞նչ են ժողովրդի բարեկամները» (1935), «Ի՞նչ անել» (հրտ. 1939), «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (հրտ. 1939) աշխատությունները: Երկ. Հոդվածների ժողովածու, Ե., 1963: Ա Շտիկյան


ԽԱՆԶԱՏՅԱՆ Զատիկ Հակոբի (ծն. 3.4. 1886, Զմյուռնիա), ֆրանսահայ քարտե–