Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պակաս չպետք է լինի, որպեսզի չվնասի հորիզոնական կմախքային արմատների հիմնական մասը: Ծ. վ–ման համար նախօրոք պատրաստում են փոսեր, որոնց տրամագիծը 50–60 սմ–ով ավելի պետք է լինի հողազանգվածի տրամագծից: Ծ. վ–ից հետո փոսը լցնում են հողով և առատորեն ջրում: Ծառն ամրացնում են լարերով, ծառաբունը ծածկում մամուռով կամ հաստ կտորով, որոնք ամռանը հաճախակի խոնավացնում են: Վերատնկված ծառերը երբեմն էտում են, ամռանը խնամում են, աշնանը՝ մերձբնային բաժակները փխրեցնում, ծածկում տորֆով, գոմաղբով: Հատապտուղների թփերը վերատնկում են աշնանը, քանի որ գարնանը վեգետացիան շատ վաղ է սկսվում:

ԾԱՌՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի վիլայեթում: 1915-ին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, աքսորի ճանապարհին:

ԾԱՌՈՒԿՅԱՆ Անդրանիկ Թորոսի (ծն. 1913, ք. Կյուրին), հայ գրող: 1915-ի Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից: 1918–22-ին եղել է Հալեպի որբանոցում: Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928): 1930–34-ին սովորել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանջյան ճեմարանում: 1935–42-ին դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում: 1941-ին հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946-ին խմբագրել «Արևելք» օրաթերթը: Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956-ին: Ծ–ի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի, Մ. Զարիֆյանի մասին է: Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Սովետական Հայաստանի հանդեպ: Լույս են տեսել Ծ–ի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր: ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուս.), Փարիզում (1977, ֆրս/նս.): Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը: 1958-ին առաջին անգամ այցելել է Սովետական Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (I960) գրքում:

Շ. Տաուրյան

ԾԱՌՈՒՂԻ, ծառերով եզրավորված ճանապարհ (սովորաբար պարտեզներում, զբոսայգիներում՝ զբոսուղի, ճեմելիք. կան նաև Ծ. փողոցներ): Զբոսայգիները հատակագծելիս նախատեսվում են ուղղագիծ և կորագիծ Ծ–ներ (կամ միայն մեկ տիպի): Ծառերը ձևավորվում են կամ թողնվում իրենց բնական տեսքով: Նրանց միջև հեռավորությունը մոտ 5 մ է, շարքերինը՝ 10 մ:

ԾԱՎ, Շիշկերտ, Բասուտ, գետ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Արաքսի ձախ վտակը, ստորին հոսանքում՝ Խաչինչայ: Կազմվում է Շիշկերտ և Մազրա վտակներով: V-աձև հովտով հոսում է արլ. և մտնում Ադրբ. ՍՍՀ–ի սահմանը: Երկարությունը 42 կմ է (ՀՍՍՀ–ում՝ 27 կմ) է ջրհավաք ավազանը՝ 356 կմ² (ՀՍՍՀ–ում՝ 195,5 կմ³), սնումը ձնաանձրևային է, վերին հոսանքում՝ ստորերկրյա ջրերից: Հորդանում է ապրիլմայիսին: Տարեկան միջին ծախսը 1,15 մ³/վրկ է, հոսքը՝ 36,2 մլն մ³: Ծ–ի հովտում կա սոսու արգելավայր (ամենամեծը ՍՍՀՄ–ում):

ԾԱՎ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղում գործում տեղական արդյունաբերության ձեռնարկություն: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, եկեղեցիներ, բերդ, գերեզմանոցներ:Ծ–ի մոտ է Ա. Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը: Ծ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Հ. Ավետիսյանը:

ԾԱՎԱԼ, երկրաչափական մարմինը բնորոշող հիմնական հասկացություններից: Ծ–ի միավոր է համարվում միավոր կողով խորանարդի Ծ.: Պարզագույն դեպքում մարմնի Ծ. հաշվվում է իր պարունակած միավոր խորանարդների քանակով: Ավելի բարդ դեպքերում մարմնի ծավալը հաշվում են հետևյալ կերպ. A մարմինն ու իր շրջակայքը փոխուղղահայաց հարթություններով տրոհում են a երկարության կող ունեցող խորանարդների: V(a)-ով նշանակենք բոլոր այն խորանարդների Ծ–ների գումարը, որոնք ամբողջությամբ ընդգրկված են A-ի մեջ, իսկ W(a)-ով՝ բոլոր այն խորանարդներինը, որոնք A-ի հետ ունեն գոնե մեկ ընդհանուր կետ: á–ն փոքրացնելիս V(a) աճում է, իսկ W(a)՝ նվազում, ընդ որում՝ միշտ V(a)≤W(a): V(a)-ն և W(a)-ն ունեն նույն սահմանը (երբ a-ն ձգտում է 0-ի), որը և կոչվում է A մարմնի Ծ.: Ուղղանկյուն դեկարտյան կոորդինատների համակարգում A մարմնի Ծ. հաշվվում V=∫∫∫dxdydz և V=∫ S(z)dz բանաձևերով, որտեղ առաջին ինտեգրալը տարածված է A մարմնով, իսկ երկրորդը՝ A-ի՝ Z առանցքի վրա ունեցած պրոյեկցիայով: Ընդհանուր աֆինական կոորդինատական համակարգում Ծ. հաշվվում է V=∫∫∫√g dx dx dx բանաձևով, որտեղ g-ն ds²= gdxdx հիմնական քառակուսային ձևի դիսկրիմինանտն է: Ընդհանրացնելով այս բանաձևը՝ մուծվում է ո–չափանի Ծ–ի հասկացությունը. V=∫∫...∫√g dx...dx :

Վ.Քոչյան

ԾԱՎԱԼԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ, ծավալային վերլուծություն, քիմիական քանակական վերլուծության եղանակների ամբողջություն, երբ որոշվելիք նյութի քանակության (պարունակության) հաստատումը կատարում են ծավալները չափելու միջոցով: Ծ. ա–ի մեջ են մտնում տիտրաչափական վերլուծության (տես Տիարաչափություն) շատ եղանակներ, որոնք հիմնված են հայտնի կոնցենտրացիայով նյութի լուծույթի ծախսված ծավալը չափելու վրա, որն անհրաժեշտ է համարժեքության կետը հաստատելու համար: Տիտրաչափական եղանակները ոչ բոլոր դեպքերում են նույնանում ծավալային եղանակների հետ: Եթե հայտնի է ծախսված նյութի լուծույթի ծավալը, բաղադրությունը և կոնցենտրացիան, ապա հեշտությամբ կարելի է հաշվել որոշվելիք նյութի քանակությունը: Ռեակցիայի վերջը (համարժեքության կետը) հաստատելու համար օգտագործում են հատուկ սարքեր կամ ինդիկատորներ: Ծ. ա–ի մեջ են նաև գազային վերչուծության շատ եղանակներ,որոնց դեպքում չափում են անջատված կամ կլանված գազի ծավալը: Ծ. ա–ի որոշ եղանակներ հիմնված են նստվածքների ծավալը չափելու վրա, օրինակ, թուջի մեջ ծծմբի պարունակությունը կարելի է որոշել բարիումի սուլֆատի նստվածքի ծավալը աստիճանավորված փորձանոթով չափելով:Ծ. ա–ին հատուկ է կատարման արագությունը, բարձր զգայունությունը, ճշտությունը, քիմ. զանազան ռեակցիաների լայն օգտագործումը:

ԾԱՎԱԼԱՅԻՆ ԲԼՈԿ, շենքի ծավալի մասը կազմող կոնստրուկտիվ մոնտաժային տարր: Հիմնականում օգտագործվում է հավաքովի բնակարանային շինարարության մեջ (տես նկ.): Ծ. բ–ները լինում են կրող և ինքնակրող: Պատրաստում են երկաթբետոնից, մետաղից, փայտից,պլաստմասսայից: Ըստ պատրաստման եղանակի տարբերում են հավաքովի և հավաքովի–միաձույլ Ծ. բ–ներ: Հավաքովին պատրաստում են հարթ պանելներից՝միջադիր դետալների եռակցմամբ դրանք իրար միացնելով, իսկ հավաքովի–միաձույլը՝ եղած հինգ միաձույլ նիստերին առանձին պատրաստած վեցերորդ նիստը միացնելով:

Գ. Սրվանձայան

ԾԱՎԱԼԱՅԻՆ ԴՐՈՇՄՈՒՄ, մետաղները ճնշմամբ մշակելու հիմնական եղանակ, երբ նախապատրաստուկը ենթարկվում է պլաստիկ դեֆորմացիայի, փոխում իր բոլոր չափերը և ընդունում դրոշմոցի ձևը: Կիրառվում է դարբնոցա–դրոշմիչ արտադրության մեջ՝ մեքենաների դետալների և այլ շինվածքների սերիական և զանգվածային արտադրության դեպքում: Տարբերում են սառը և տաք Ծ. դ.: Սառը դրոշմումը իրականացվում է առանց տաքացման: Այս եղանակով ստանում են պատասխանատու դետալներ՝ բարձր և կայուն մեխանիկական հատկություններով: Սառը դրոշմման համար պահանջվում են մեծ