Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում են մի շարք խոշոր պրոֆեսիոնալ խմբերի. վարչա–կառավարչական կադրեր (ղեկավար Ծ.), ինժեներա–տեխնիկական աշխատողներ և դիպլոմավոր մասնագետների այլ խմբեր (գիտաշխատողներ, դասախոսներ, դասատուներ, բժիշկներ), առևտրի և գրասենյակային աշխատողներ: Ծ–ի պրոֆեսիաները տարածուն բնույթ են ստացել հասուն արդ. կապիտալիզմի փուլում, XIX դ. վերջին, հասարակական աշխատանքի բաժանման, կապիտալիստների կողմից վարձու աշխատողներին կառավարման ֆունկցիաներ տալու հետևանքով: Կապիտալիզմի ժամանակ Ծ–ի թվի ավելացման գործոններ են՝ տնտեսության զարգացումը, կրթական համակարգի, բժշկ. սպասարկման, ծառայությունների ոլորտի ընդլայնումը և, հատկապես, բուրժ. պետության բյուրոկրատական ապարատի աճն ու պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացումը: Մարքսիզմը Ծ–ին համարում է ոչ թե դասակարգային, այլ պրոֆեսիոնալ կատեգորիա, որի ներկայացուցիչները տարբեր դիրքեր են գրավում կապիտա– լիստական հասարակության սոցիալական կառուցվածքում: Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց ուժեղանում է նրանց սոցիալական շերտավորումը: Ծ–ի առանձին խմբերի աշխատանքի և կյանքի պայմանները տարբեր են: Վարձու մասնագետները մեծ մասամբ պահպանում են իրենց արտոնյալ վիճակը, իսկ բազմաթիվ Ծ–ի աշխատանքը պայմաններով և բնույթով նմանվում է արդ. բանվորների աշխատանքին: Բանվորական միջավայրից սերած Ծ–ի մեծ մասը գիտակցում է բանվոր դասակարգի հետ իր շահերի ընդհանրությունը և տնտ., սոցիալական ու քաղ. պայքարում համագործակցում է նրա հետ:

ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Ծ. օգտվում են սոցիալական բոլոր նվաճումներից, աճում է նրանց նյութական բարեկեցությունը, թվաքանակը (ՍՍՀՄ–ում 1977-ին, 1940-ի համեմատ, ավելացել է 3 անգամ և կազմել 32 մլն), բարձրանում է կրթական մակարդակը, փոփոխվում պրոֆեսիոնալ կազմը: Ծ. սոցիալիստական հասարակարգի ակտիվ կառուցողներ են, նրանց առաջավոր մասն ընդգրկված է մարքս–լենինյան կոմունիստական և բանվորական կուսակցությունների շարքերում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օգտակար աշխատանքային գործունեության տեսակներ, անմիջաբար բավարարում են մարդկանց անձնական և հասարակական պահանջմունքները: Ընդգրկում են՝ բնակարանային–կոմունալ տնտեսությունը, բնակչության կենցաղսպասարկումը, տրանսպորտը (մարդատար), կապը (կազմակերպությունների և բնակչության ոչ արտադրական գործունեության ոլորտը սպասարկող), առողջապահությունը, ֆիզիկական կուլտուրան, սոցիալական ապահովությունը, լուսավորությունը, մշակույթը, արվեստը, վարկավորումը, պետ. ապահովագրությունը, ոչ արտադրական վարչական կառավարումը ևն: Ծ–ի ոլորտում աշխատանքի ներգործության օբյեկտը մարդն է: Աշխատանքն այստեղ տնտ. իմաստով չի նյութականացվում: Ծ–ի մի մասն աշխատանքի օգտակար հատկության, դրա առանձնահատուկ սպառողական արժեքի գործադրում է՝ մարդկանց այս կամ այն պահանջմունքները բավարարելու համար (արվեստի աշխատողների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների գործունեություն ևն): Որոշ Ծ. սպասարկում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը կամ հանդես են գալիս հասարակական–քաղաքական ֆունկցիաների ձևով: Ծ–ի ոլորտում նույնպես օգտագործվում են նյութա-տեխնիկական միջոցներ, սակայն արդյունքները չեն ընդունում առարկայական ձև, չեն ստանում իրենց կատարողներից անկախ իրային կեցություն (բացառություն են կազմում գրագրությունները): Դրանց կատարումն ու սպառումը տեղի է ունենում միաժամանակ: Ծ–ի կատարումն իրականացվում է ազգային եկամտի վերաբաշխման հիման վրա: Ապրանքա-փողային հարաբերությունների պայմաններում Ծ. ընդունում են ապրանքային ձև. վաճառվում են որպես առանձնահատուկ ապրանք: Դրանք ունեն սպառողական արժեք (երևակայելի և իրական) և փոխանակային արժեք՝ գին, բայց արժեք չունեն:Ծ-ի գինը գնի կեղծ ձև է, այն ապրանքի արժեքի փողային արտահայտությունը չէ: ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Ծ. վճարովի և անվճար են: Դրանց ծավալն արտահայտվում է բնաձևային (սպասարկված մարդկանց թիվը) և դրամական (արժեքային) ցուցանիշներով: Վճարովի Ծ–ի արժեքային ամփոփ ցուցանիշը իրացված Ծ–ի գների գումարն է, իսկ անվճարինը՝ մատուցված Ծ–ի ինքնարժեքը:

ՍՍՀՄ–ում օգտագործվում են «սպասարկման ոլորտ» և «սպառողական ծառայություններ» հասկացությունները: Առաջինն ընդգրկում է ամբողջ զուտ Ծ. և կենցաղսպասարկման արտադրական բնույթի Ծ., իսկ երկրորդը՝ միայն վճարովի Ծ.: Բնակչության անվճար սպասարկման համակարգը դիտվում է որպես սպասարկման ոլորտ:

Կապիտալիստական հասարակարգում անձնական բոլոր տեսակի սպասարկումները (նյութական և ոչ նյութական) դիտվում են որպես Ծ.: Տես նաև Ոչ արտադրական ոլորտ: 
Վ.Ներկարարյան

ԾԱՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, բնապաշտականոգեխոսական հավատալիք: Տոհմային ժամանակներից տարածված է եղել բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների մեջ: Բարդին, եղևնին, կաղնին, ձիթենին, մայրին, սոսին և այլ ծառեր համարվել են ոգիների բնակարան, աստվածների ժամադրավայր: Հին հույները հավատում էին, որ ծառերի ոգիները՝ պատգամախոս դրուիդներն (դրիադներ) ու դրուիդուհիները, հովանավորում են ծառեր աճեցնող ու խնամող մարդկանց: Նրանց պատկերացմամբ Զևսի հնագույն տաճարը եղել է Եպիրոս նահանգի Դոդոնյան անտառի հսկա կաղնին: Հավատացյալներն ունկընդրելով Դոդոնյան կաղնու սաղարթների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների «կամքով» արել են զանազան գուշակություններ: Հին հույները սոսի (սուսի) ծառը նվիրաբերել են Ապոլլոնին, լատինացիք՝ Պահապան ոգուն, իսկ ծննդյան օրերին մերձավորները միմյանց նվիրել են սոսու ճյուղերից հյուսված պսակներ: Ծ. կարևոր տեղ է գրավել նաև հին հայոց կրոնում: Հավիտենական սրբության, օրհնության և անմեղության խորհրդանիշ «Կենաց ծառի» պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղ ժամանակներից: Սոսիի պաշտամունքի գլխավոր տաճարատեղին եղել է Արմավիր մայրաքաղաքը: Ըստ հայ ավանդական պատմության, Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրել է նաև Սոսի նվիրական անունը, որովհետև հայրը՝ Արա Արայանը, նրան նվիրել էր Արմավիրի Աոսի տաճարին: Սուսի (Սոսի) անունով տաճարները գոյություն են ունեցել Ուրարտու պետության ժամանակ (մ. թ. ա. IX– VI դդ.): Իսկ էրեբունի (Արին–բերդ) քաղաքատեղում պեղվել է Սուսի անունը կրող տաճար՝ զարդարված սրբազան ծառերի որմնանկարներով, ծառերի մոտ կատարվող զոհաբերությունների տեսարաններով: Արմավիրը բոլորված է եղել ձեռատունկ սոսիներով, որոնց սաղարթների սոսափյունից և ճյուղերի շարժումներից հին հույների նման գուշակություններ են արել հեթանոս հայերը: Ծ., որոշ ձևափոխություններով, գոյատևել է քրիստոնեության ժամանակ: Ամանորի և Ծաղկազարդի (Ծառզարդար) տոներին հայերն իրենց տները, անգամ եկեղեցիները զարդարել են ծառերի դալար ճյուղերով: Ներսես Շնորհալին վկայում է, որ Սամոսատա քաղաքի հայ աղանդավորների՝ արևորդիների մեջ XII դ.պահպանվում էր բարդի ծառի հնավանդ պաշտամունքը: Ծ. տակավին դրսևորվում է մեր օրերում, հավատացյալները «սրբազան» ծառը զարդարում են ժապավեններով, տիկնիկներով, այլ զոհանվերներով, աղոթում են նրա մոտ, զոհում կենդանիներ, շուրջը պտտվելով՝ ապաքինում աղերսում: Ծ–յան վերապրուկ է նաև տարեմուտի տոնին տները դալար ծառերով զարդարելու սովորույթը:

Մ. Կաւռվաւյան

ԾԱՌԱՏՆԿԻՁ ՄԵՔԵՆԱ, ծառաթփեր, պտղատու ծառեր, սերմնաբույսեր, տնկաշվեր ու խաղողի մատեր տնկող մեքենա: Լինում է միաշարք, երկշարք, կախովի կամ կցովի: Ծ. մ. հողի մեջ ակոս է բացում (15 սՎ լայնությամբ և 30 սմ խորությամբ) և մեխանիկական բռնիչներով տեղադրում է տնկին, ամրացնում ու կոնաձև գլանակների օգնությամբ սեղմում է հողը: Տնկիների հեռավորությունը շարքերում կարող է տատանվել 0,5–1,5 մ , իսկ միջ– շարքերինը՝ 1,0–2,5 մ սահմաններում: Ծ. մ. աշխատում է մինչև 10°–15° թեքության սարալանջերի վրա:

ԾԱՌԵՐԻ ՎԵՐԱՏՆԿՈՒՄ, ագրոտեխնիկական միջոցառում պտղաբուծության և դեկորատիվ այգեգործության մեջ: Զբոսայգիներ, այգիներ, պուրակներ ստեղծելու նպատակով կարճ ժամկետում ծառերը տեղափոխում են մի տեղից մյուսը: Կատարվում է վաղ գարնանը կամ ուշ աշնանը (երբեմն՝ ձմռանը)՝ –5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում: Ծառերը վերատնկում են հողազանգվածով կամ առանց դրա (սովորաբար 4–5 տարեկան): Հողազանգվածի բարձրությունը 60–80 սմ–ից