նշանակությունը, նրա տեսակարար կշիռը, պորտուգալ. գաղութարարները հիմնական հարվածն ուղղել էին հայերի դեմ: Նրանք փակել էին Պարսկական ծոցից Հնդկական օվկիանոս տանող ուղին՝ արգելելով հայ առևտրականների մուտքը Բահրեյնյան կղզիներ, Օրմուզ: Հայ առևտրական ծովագնացների դրությունը ավելի էր բարդացել հնդկական օվկիանոսի ավազան անգլիացիների մուտք գործելուց հետո, որոնք դիմում էին բռնությունների, զավթում ու կողոպտում հայերի առևտրական նավերը, անգլիացի ծովայիններին արգելում ծառայության մտնել նրանց մոտ և կամ զինամթերք վաճառել նրանց: Հայերի առևտրական ծովագնացությունը խոչընդոտելու համար անգլիացիներն օգտվում էին Անգլիայի և օտարերկրյա ծովահենների ծառայություններից:
Այսպես, 1688-ին Հնդկական օվկիանոսում հայտնի ծովահեն կապիտան Ու. Կիդը զավթել էր «Կվեդա Մերչանտ» հայկ. նավը (200000 ռուփի արժողությամբ բեռով): Անգլիացիներն ու այլ եվրոպացիներ հայկ. նավերը կողոպտելիս հաճախ քողարկվում էին օտարերկրյա դրոշի ներքո [1685-ին սուտակով բեռնված «Նոր Երուսաղեմ» նավը 565000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, Հովհաննես (Ջոն) և Տովսեփ (ժոզեֆ) Մարգարյան (Դա-Մարկ կամ Դեմարկոր) եղբայրների «Ս.Խաչ» («Սանտա Կրուզ») նավը]: Արևելքում դիրքերն ամրապնդելուց հետո անգլիացիները բացահայտորեն Ծ. էին անում սեփական դրոշի ներքո (1692-ին «Ա. Լյուդովիկոս» հայկ. նավի զավթումը Բենգալյան ծոցում): XVI-XVIII դդ. հայ վաճառականների նավերը, որոնք հաճախ կրում էին հայկական դրոշ (կարմիր-նարնջագույն), մուտք ունեին Մանիլա («Մանիլյան առևտուր»), որտեղից տեղափոխում էին Ասիա և Եվրոպա Կոլումբոսի «հայտնագործած» երկրներից բերված ոսկին ու արծաթը: Այդ պատճառով հայկ. նավերը գտնվում էին ծովահենների (Տ. Դրամոնդ, Բոուեն) ուշադրության կենտրոնում: 1746-ին Մադրասի մոտ անգլ. ծովակալ Գրիֆինը, որպես «թշնամու սեփականություն», բռնագրավել է երկու հայկ. նավ և ողջ գույքն ուղարկել Լոնդոն: 1783-ին հայկ. մի նավից ծովահենների կողոպուտը կազմել 200000 ռո՛ւփի, իսկ հայկ. մեկ այլ Կավից՝ 250000 ռուփի: 1796-ին աղա Մարութի «Արշակ» նավի կողոպտմանը մասնակցել են երեք ֆրանս. նավեր: 1853-ին «Հարություն Աբգար» նավը կողոպտել են չինացիները: Երկարատև Ծ-յան հետևանքով հայ առևտրական ծովագնացությունը, կորցնելով իր պատմական համբավն ու նշանակությունը, ի վերջո, որպես այդպիսին, փաստորեն դադարեց գոյություն ունենալ: Ազգային պետության պաշտպանությունից զուրկ հայ առևտրականները հարկադրված են եղել մշակել ինքնապաշտպանության սեփական միջոցներ: Տարբեր ժամանակներում հայերի առևտրական նավերի պաշտպանությունն ստանձնել են Վենետիկը, Ջենովան, Հոլանդիան, Ռուսաստանը և այլ պետություններ: Երբեմն հաջողվել է, ծովային երկրների հակասություններն օգտագործելով, ստանալ այս կամ այն երկրի դրոշի ներքո նավարկելու իրավունք կամ բաց ծով դուրս գալ օտարերկրյա ռազմ. կամ քաղաքացիական նավերի ուղեկցությամբ: Սակայն նման ուղևորությունների անշահավետության պատճառով հայերը գերադասում էին իրենք զինվել (խոջա Մինասի նավն ուներ 18, «Հնդկաստանի վաճառական»-ը՝ 14 հրանոթ, զինված էին «Նոր Երուսաղեմ», «Ս. խաչ» և շատ ուրիշ նավեր): Պաշտպանության միջոցների թվում կարևոր տեղ էր հատկացվում միջազգային համաձայնագրերին, որոնք հայերը կնքում էին կա՛մ անմիջականորեն իրենք, կա՛մ դիվանագիտական միջնորդների միջոցով: Եվրոպական Ծ-ից պաշտպանվելու նպատակ էր հետապնդում XVII դ. հայ վաճառական խոջա Էլ Սաֆարի առաքելությունը Եվրոպա, որտեղ նա, որպես պարսկ. շահի դեսպան, Տոսկանայի մեծ հերցոգից պահանջում էր ազատել ծովում գերված հայերին ու նրանց ունեցվածքը: Նման համաձայնություններ կնքելու, դրանց արդյունքների մասին են վկայում նավարկության անվտանգությունն ապահովելու, ծովահենությունից տուժած վաճառականների վնասները հատուցելու նպատակով միջազգային ծովային առևտրի ուղիները փոխելու մասին Ռուսաստանի հետ կնքված պայմանագրային փաստաթղթերը: 1673-ի պայմանագրով ռուս. ցարը պարտավորվում էր տեղեկացնել կողոպուտների փաստի մասին: Ըստ հայ վաճառականական ընկերության հետ կնքված համաձայնագրի, ռուս. կառավարությունը 1699-ին Աստրախանում հոլանդացիների օգնությամբ կառուցել էր «Օրյոլ» ռազմանավը՝ ծովում հայերի անվտանգությունն ապահովելու համար: Իրենց իրավունքների պաշտպանության կարևոր միջոցներից մեկը հայերը համարում էին դատական պաշտպանությունը՝ միջազգային ծովային իրավունքի նորմաներով: Գործի արդարացիության, ծովային իրավունքի իմացության և նրանցից խելացի օգտվելու շնորհիվ եզակի չէին հարցն իրենց օգտին լուծելու, ծովահեններին կամ կապերներին պատասխանատվության ենթարկելու դեպքերը: Այսպես, հայերի օգտին լուծվեց ֆրանս. դրոշի ներքո նավարկող «Մարկանդե Արմանո» նավի զավթման առթիվ անգլ. ծովահեն դ′Անգլյուր դը Բուրլեմոնի նկատմամբ 1649-ին հարուցված գործը: Դատական կարգով իրենց իրավունքների հիմնավորման մասին են վկայում նաև «Նոր Երուսաղեմ» և «Ս. խաչ» նավերի զավթման կապակցությամբ հարուցված գործի փաստաթղթերը: Նույն կարգով հայերին հաջողվեց Ցեյլոնում ետ ստանալ «Ս. Լյուդովիկոս» նավի բեռը (1692), «Նոր Երուսաղեմ» նավն ու բեռը (1742): Ծ-յան դեմ հայերի ակտիվ պայքարի մասին են վկայում Բրիտանական թանգարանում պահպանվող 320 ձեռագիր նամակները (№147)՝ կազմված Նոր Ջուղայում, Սուրաթում, Բասրայում, Կարակասում, Կալկաթայում և այլուր: Ծ-յան դեմ պայքարում միջազգային իրավունքի զարգացման մեջ հայերի Ներդրման ցայտուն օրինակ են 1751-ին անգլ. կառավարության դեմ հարուցված գործի փաստաթղթերը: Ուրույն տեղ ունի նաև հայ. ազգային իրավունքը, որը ոչ միայն նպաստել է միջազգային իրավական նորմաներ նկատմամբ հայերի վերաբերմունքի ձևավորմանը, այլև անմիջական ազդեցություն է ունեցել Ծ. վերացնելու գործում: Ըստ որում այդ ազդեցությունը շոշափելի է եղել ինչպես պետականության շրջանում, այնպես էլ կորստից հետո: Աշխարհի տարբեր մասերում հայկ. գաղթավայրերի ազգային դատաստանագրքերում նախատեսվում էին Ծ. արգելող նորմաները [Աստրախանի հայոց դատաստանագիրքը (հոդված 68, գլուխ 11)], որոնք ավազակային բոլոր գործողությունների, ներառյալ սպանությունների և ուրիշի գույքը կողոպտելու համար սահմանում էին մահապատիժ՝ կախաղանի միջոցով: Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պայքարելով Ծ-յան դեմ՝ մեծապես նպաստել են նրա վերացմանը, միջազգային ծովային առևտրի և ծովագնացության համար բնականոն պայմանների ստեղծմանն ու բաց ծովի սկզբունքի հաստատմանը:
Գրկ. Стрейс Я.Я., Три путешествия, M., 1935; Маховский Я., История Mopcкого пиратства, nep. c noльского, M., 1972;՝ Бapceroв Ю. Г., Бopьбa Киликиской-Армении против пиратства, в Средеземном море, «ՊԲՀ» 1973, N° 3; Можейко M.B., B Индиском океане, M., 1977; Seth M. J., Armenians in India from the earlest times to the present day, Calcutta, 1937; Neukirchen H., Piraten, Seeraub auf alien Meeren, B., 1976,
ԾՈՎԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ, նավագնացության անվտանգությունն ապահովող և ջրային ուղիներում նավերի մանևրումը դյուրացնող կարգադրությունների, ծանուցումների, բանակցությունների հաղորդումը կապի զանազան միջոցներով։ Ծովային ազդանշանները լինում են ձայնային (զանգ, սուլիչ, շչակ) և տեսողական (դրոշակներ, ազդանշանային պատկերներ, լուսարձակներ ևն); Գոյություն ունեն Ծ. ա-ման միջազգային և տեղական կոդեր՝ այբուբենի (սեմաֆորային, Մորզեի) և աղյուսակների տեսքով:
ԾՈՎԱՅԻՆ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ, կիրառվում է մայրցամաքային ծանծաղուտի, ինչպես նաև Համաշխարհային օվկիանոսի մայրցամաքային լանջի և տաշտակի սահմաններում՝ օգտակար հանածոների հանքավայրեր որոնելիս և հետազոտելիս: Ծ. ե. հ-յան գծով առաջին աշխատանքները կատարվել են XX դ. 30-ական թթ. ՍՍՀՄ-ում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում՝ էլեկտրահետախուզության և գրավիմետրիայի օգտագործմամբ: Ծ. ե. հ-յան խնդիրներն են. երկրակեղևի՝ ծովերով և օվկիանոսներով ծածկված հատվածների խորքային կառուցվածքի ուսումնասիրումը, նավթա- և գազաբերության տեսակետից հեռանկարային տարածքների որոնումը և նախապատրաստումը հետախուզական հորատման համար, ստորջրյա ցրոնային հանքավայրերի քարտեզագրումը: Ծ. ե. հ. օգտվում է մագնիտոմետրիայի, գրավիմետրիայի, էլեկտրահետախուզության, սեյսմահետախուզության մեթոդներից: Վերջին մեթոդը շատ կարևոր է նավթա- և գազաբերության տեսակետից հեռանկարային ստրուկտուրաների որոնման համար:
ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՍՍՀՄ-ում մշտական գործող հասարակական կազմակերպություն: Ստեղծվել է 1930-ին՝ Համամիութենական առևտրի պալատին առընթեր: Քննում է ծովային փոխադրումների, գործակալական ծառայության, բուքսիրի, ապահովագրության, նավերին օգնություն ցույց տալու կապակցությամբ վարձատրման, ինչպես նաև միջազգային գետերով ծովային և գետային նավերի նավարկության առիթով ծագած վեճեր:
ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, տես Միջազգային ծովային իրավունք:
ԾՈՎԱՅԻՆ ԿԼԻՄԱ, մթնոլորտի վրա օվկիանոսային տարածությունների գերիշխող ազդեցությամբ ձևավորվող կլիմա: Առավել լավ է արտահայտված օվկիանոսային տարածքում: Տարածված է նաև մայր ցամաքների այն շրջաններում, որոնք հաճախ են ենթարկվում ծովային, օդային զանգվածների ազդեցությանը (օրինակ, Արևմտյան Եվրոպայի Ծ. կ.): Ծ. կ-ին բնորոշ են բրիզները (ափամերձ շրջաններում), օդի ջերմաստիճանի օրական և տարեկան փոքր տատանումները, առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների ուշացումը (մեկ-երկու ամսով), բարձր խոնավապարունակությունը, օդում աղային մասնիկների առատությունը: