ԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱՆԵՐ (Chelonioidea), կրիաների կարգ: Խոշոր կենդանիներ են, ունեն օվալաձև շրջահոսուն, եղջրային վահանիկներով զրահ: Գլուխը մեծ է, վիզը՝ կարճ, ամբողջությամբ չեն ներառվում զրահի տակ: Ապրում են ջրում, ափ են դուրս գալիս միայն ձվադրման համար, վերջավորությունները լաստանման են, առևեինները՝ ավելի երկար: Տարածված են արևադարձային և մերձարևադարձային ծովերում: Հայտնի է Ծ. կ–ի 1 ընտանիք, 4 սեռ, յուրաքանչյուրը՝ 1 տեսակով: Ամենախոշորը կանաչ կրիան է (Che- lonia mydas), որի զրահի երկարությունը մինչև 1,5 մ է, քաշը՝ 400–450 կգ: Ծ. կ, արագ և ճարպիկ լողում են, զգալի խորությամբ սուզվում: Դնում են մի քանի տասնյակից մինչև 200 ձու:
ԾՈՎԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, հիվանդագին վիճակ, որն առաջանում է ներքին ականջի վեստիբուլյար ապարատի վրա նավերի ճոճման ազդեցությունից: Հիմնական ախտանշանները, ինքնազգացողության վատացում, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, առատ թքարտադրություն, փսխումներ: Գլխավորապես պատահում է ծովով առաջին անգամ ճանապարհորդելիս: Բուժիչ միջոցներն անարդյունավետ են: Ծ; հ–յան ախտանշանների դրսևորման դեպքում և կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում մաքուր օդ, պառկած վիճակ, տեղափոխություն դեպի նավի միջնամաս (ուր ավելի փոքր են ճոճման ազդեցությունները), աերոնի և դիմեդրոլի հաբերի (1–2) ընդունում:
ԾՈՎԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ, օվկիանոսային հոսանքներ, ջրային զանգվածների առաջընթաց հոսանքներ՝ ծովերում և օվկիանոսներում: Առաջացումը պայմանավորված է տարբեր ուժերով (ծանրահակային, շփման, մակընթացություն առաջացնող ևն): Ըստ տեղադիրքի լինում են՝ մակերեսային, խորքային, հատակային, մերձափնյա, ըստ ֆիզիկաքիմ. հատկանիշների՝ տաք և սառը, աղի և քաղցրահամ: Տաք հոսանքները շարժվում են աշխարհագրական ցածր լայնություններից (հասարակածային) դեպի բարձրը, սառը հոսանքները՝ հակառակ ուղղությամբ: Երկրի պտույտի ազդեցության հետևանքով Ծ. հ. Հս. կիսագնդում շարժվում են ժամացույցի սլաքի, Հվ. կիսագնդում՝ հակառակ ուղղությամբ: Ծ. հ. լինում են մշտական (Հյուսիսային և Հարավային Պասսատային, Գոլֆստրիմ) և ժամանակավոր (Հնդկական օվկիանոսի հս. մասի մուսսոնային): Համաշխարհային օվկիանոսում առավեել արտահայտված են մի քանի գործոնների ազդեցությամբ ձևավորվող Ծ. հ. (օրինակ, Գոլֆստրիմը): Ծ. հ. կարևոր դեր ունեն ծովագնացության մեջ և ցամաքի մերձափնյա շրջանների կլիմայի ձևավորման գործում:
ԾՈՎԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, նստվածքներ ծովերի և օվկիանոսների հատակում: Տերմինը կիրառվում է ինչպես նեղ (միայն ծովերի), այնպես էլ լայն (Համաշխարհային օվկիանոսի) առումով: Վերջին դեպքում Ծ. ն. ընդգրկում են նաև օվկիանոսային նստվածքները: Ծ. ն. կազմված են տարբեր ծագման նստվածքային նյութից. տերիգեն (ցամաքից բերված), բիոգեն (ծովային օրգանիզմների կենսագործունեության հետևանքով առաջացած), հրաբխային (ստորջրյա և վերերկրյա հրաբուխներից արտավիժած), քեմոգեն (ծովի ջրից քիմ. կամ կենսաքիմ. ճանապարհով գոյացած): Ըստ այս կամ այն բաղադրիչի գերակշռման Ծ. ն. լինում են՝ տերիգեն, բիոգեն, հրաբխածին, քեմոգեն: Կախված ծովային ավազանների չափերից, կլիմայական պայմաններից և այլ գործոններից՝ ձևավորվում են տարբեր կազմի ու ծագման Ծ. ն.: Լայնորեն տարածված են տերիգեն նստվածքները (բեկորային, կավային): Բարեխառն հումիդային խոր ծովերում առաջանում են դիատոմային, արևադարձային գոտու ծովերում՝ բիոգեն (կորալային, խեցաքարային, ֆորամինիֆերային), արիդային զոնաների ներցամաքային ծովերում՝ քեմոգեն (կարբոնատային, հալոգեն) նստվածքներ: Ծ. ն. մեծ մասամբ պարունակում են ֆաունայի և ֆլորայի մնացորդներ, որոնք առատ են ծանծաղ և հազվադեպ՝ խոր նստվածքներում:
ԾՈՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի տեսակ: Ծ. տ–ի զարգացման պատմությունն սկսվում է մ. թ. ա. VI–IV հազարամյակներից: Ծովային առաջին նավերը թիավոր էին: Մ. թ. ա. III հազարամյակում հայտնագործվեց առագաստը, որը երկար ժամանակ նավերի հիմնական շարժասարքն էր: Շոգեմեքենայի գյուտը հնարավորություն տվեց ստեղծելու մեխանիկական շարժիչով առաջին ինքնագնաց նավերը՝ շոգենավերը: Հետագայում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, ստեղծվեցին ջերմանավեր (ներքին այրման շարժիչով), ապա՝ ատոմագնացներ: Արդի ծովային նավերը ինժեներական բարդ կառույցներ են, որոնցից մի քանիսի բեռնատարողությունը հասնում է մոտ 500 հզ. տ, հզորությունը՝ 100 հզ. ձ. ու., ունեն էլեկտրառադիոնավագնացային բարդ սարքավորում, ավտոմատ հսկման և կարգավորման համալիրներ ևն (տես նաև Նավ): Ծ. ա. կարևոր դեր է կատարում ներքին և հատկապես արտաքին առևտրական փոխադրումներում. 1977-ին նրա բաժինը միջազգային բեռնափոխադրումներում կազմել է ավելի քան 80%:
ՍՍՀՄ Ծ. տ. ներառում է «Յուժֆլոտ» «Սևզապվֆլոտ», «Դալֆլոտ», «Սովսուդոպոդյոմ», «Սովֆրախտ», «Սովինֆլոտ» միավորումները՝ իրենց նավահանգիստներով, նավագնացության, նավանորոգման, վթարա–փրկիչ, հատակի խորացման և այլ ձեռնարկություններով: ՍՍՀՄ–ը նավագնացության միջազգային բազմաթիվ կազմակերպությունների անդամ է: ՍՍՀՄ Ծ. տ–ի բեռնաշրջանառությունը 1977-ին, 1940-ի համեմատ, ավելացել է 31 անգամ։
Ժամանակակից նավատորմ ունեն Լեհաստանը (617 նավ, 2 մլն ռեգիստրային տ), Հարավսլավիան (364 և 1,6), ԳԴՀ-ն (343 և 1,4):
Զարգացած կապիտալիստական երկրների Ծ. տ–ի համար բնորոշ է բեռնահոսքերի համակենտրոնացումը, նավահանգիստների և նավագնացության ձեռնարկությունների խոշորացումը, միջազգային մոնոպոլիաների ստեղծումը, Ծ. տ–ի գործունեության մեջ պետ. մասնակցության ընդլայնումը: Այն հատկապես զարգացած է Ճապոնիայում (1972-ին՝ 9433 նավ, 35 մլն ռեգիստրային տ), Մեծ Բրիտանիայում (3700 և 28,6), ԱՄՆ–ում (3687 և 15):
ԾՈՎԱՅԻՆ ՕՁԵՐ (Hydrophidae), թունավոր օձերի ընտանիք: Մարմնի երկարությունը՝ մինչև 2,7 մ, իրանը կողքերից տափակացած է, պոչը՝ լաստաձև: Գլուխը փոքր է՝ խոշոր վահանիկներով պատված: Քթանցքերը ծածկված են փականներով, որոնք արգելում են ջրի մուտքը դեպի քթի խոռոչը: Բերանի խոռոչի լորձաթաղանթը հարուստ է արյունատար անոթներով և ընդունակ է կլանել ջրում լուծված թթվածինը: Դա թույլ է տալիս Ծ. օ–ին երկար ժամանակ մնալ ջրի տակ: Ծ. օ. ունեն թունավոր զույգ ատամներ, որոնք տեղադրված են վերծնոտային ոսկրի առջևի եզրին: Թույնը օժտված է մեծ տոքսիկականությամբ: Ծ. օ. սնվում են ձկներով, մի մասը՝ ձկնկիթով: Հիմնականում կենդանածին են, կան նաև ձվակենդանածին և ձվածին տեսակներ: Հայտնի է 16 սեռ, մոտ 50 տեսակ՝ տարածված Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային ջրերում:
ԾՈՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ծովային տեսարան պատկերող նկար, բնանկարի ժանրի տարատեսակ: Որպես բնանկարի ինքնուրույն ճյուղ Ծ. եվրոպական արվեստում առանձնացել է XVII դ.: Նրա սկզբնական խնդիրը եղել է ծովային համայնապատկերում պատմական խոշոր իրադարձություններ և ռազմանավեր պատկերելը, ուր ծովը հանդես է եկել որպես դեկորատիվ միջավայր: Ծ. ծաղկել է XVII դ. հոլանդական գեղանկարչության մեջ և գրաֆիկայում: Հոլանդացի ծովանկարիչները (Յա. Պորսելիս, Հ. Սեգերս, Վ. վան դե Վելդե) պատկերել են ծովի տարերքն ու ձկնորսների կյանքը, մշակել հանդիսավոր Ծ–յան տիպը՝ կենտրոնական դեր հատկացնելով նավերին ու նավակներին, բացահայտել ծովային տեսարանների վեհությունը: XVIII–XIX դդ. խոշորագույն ծովանկարիչներից են Կ. Վեռնեն (Ֆրանսիա), Կացուսիկա Հոկուսայը (ճապոնիա), Ու. Թյոռները (Անգլիա), Հ. Մեսդագը (Հոլանդիա), Ա. Բոգոլյուբովը (Ռուսաստան): Համաշխարհային կերպարվեստում Ծ–յան կարկառուն ներկայացուցիչը