մահմեդական ամիրաներից գրավել էր Մանազկերտը, որով լարված դրություն էր ստեղծվել Հայաստանի և Ատրպատականի Ռավվադյան ամիրաների միջև: Մամլան ամիրան մեծ զորքով հարձակվեց Հայաստանի վրա և հասավ Ապահունիք գավառը, որտեղ նրան դիմավորեցին դաշնակից զորքերը՝ Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու, Տայքի զորքի հրամանատար Գաբրիելի և վրաց օժանդակ գնդերի հրամանատար Փերս իշխանի գլխավորությամբ: Ճակատամարտն ավարտվեց դաշնակիցների հաղթանակով, որի շնորհիվ Գագիկ Ա–ին հաջողվեց ամրապնդել Հայոց թագավորության դիրքերը:
ԾՈՒՅԼԵՐ (Bradypodidae), թերատամնավորների կարգի կաթնասունների ընտանիք: Մարմնի երկարությունը 50–64 սմ է, քաշը՝ 4–7 կգ: Առջևի վերջավորությունները ետևիններից երկար են: Մատներն ունեն հզոր, մանգաղաձև ճանկեր: Պարանոցը շաժուն է, 6–9 ողներից կազմված, որն ապահովում է գլխի պտույտը մինչև 270°: Ունեն 18 ատամ, 14–24 զույգ կող: Մազածածկը երկար է, գորշ մոխրագույն, հաճախ կանաչավուն երանգով, որը պայմանավորված է նրանց մեջ աճող ջրիմուռներով: Լավ զարգացած են տեսողությունը, հոտառությունը: Մարմնի ջերմաստիճանն անկայուն է՝ 24 –35°C: Հայտնի են 2 սեռ, 7 տեսակ: Տարածված են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Ապրում են արևադարձային անտառներում: Ակտիվ են գիշերը: Հորիզոնական դիրքով կախվում են ծառերի ճյուղերից: Լինում են միայնակ, հազվադեպ՝ զույգերով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1 ձագ: Սնվում են տերևներով, ընձյուղներով, մրգերով: