Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿԱԲԱՐԴԻՆԱ–ԲԱԼԿԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Կաբարդինա–Բալկարիա, ՌՍՖՍՀ կազմում: Որպես ԻՄ կազմվել է 1922-ի հունվ. 16-ին, ԻՍՍՀ՝ 1936-ի դեկտ. 5-ին: Տարածությունը 12,5 հզ. կմ² է, բն. 675 հզ (1979): Բաժանված է 8 շրջանի, ունի 7 քաղաք, 8 քտա: Մայրաքաղաքը՝ Նալչիկ:

Պետական կարգը: Կ–Բ. ԻՍՍՀ սոցիալիստական համաժողովրդական պետություն է, ինքնավար հանրապետություն: Պետ. իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ նրա Նախագահությունը: Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերագույն դատարան: Տեղական իշխանության մարմինները ժող. դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են: Կ–Բ. ԻՍՍՀ–ից ՍՍՀՄ Գերագույն սովետում ընտրվում է 11 դեպուտատ: Դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով:

Բնությունը: Կ–Բ. գտնվում է Մեծ Կովկասի հս. լանջին և դրան հարող Կաբարդինական հարթավայրում: Մակերևույթը լեռնային է: Կողքային և Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթաների առանձին գագաթներ ունեն 5 հզ. մ-ից ավելի բարձրություն (Էլբրուս՝ 5642 մ, Դիխթաու՝ 5204 մ, Շխարա՝ 5068 մ): Օգտակար հանածոներից կան մոլիբդեն, վոլֆրամ, բազմամետաղներ, ոսկի, քարածուխ, շինանյութեր, հանքային ջրեր: Հարթավայրային մասում հունվարի միջին ջերմաստիճանը –4°C է, հուլիսինը՝ 23°C, տարեկան տեղումները՝ 500 մմ, լեռներում հունվարին՝ մինչև – 12°C, հուլիս–օգոստոսին՝ մինչև 4cC, տեղումները՝ 2000 մմ: Կ–Բ–ի տերիտորիան Մեծ Կովկասի ժամանակակից սառցապատման գլխավոր կենտրոններից է: Խոշոր սառցադաշտերն են Բեզենգին և Դիխսուն: Գետերը պատկանում են Թերեքի ավազանին: Անտառները գրավում են 180 հզ. հա տարածություն: Կենդանական աշխարհին բնորոշ են լուսանը, կզաքիսը, գորշ արջը, վայրի խոզը, այծյամը, քարայծը, թռչուններից՝ փասիանը, մոխրագույն կաքավը, քարակաքավը, լորը, բարձրլեռնային մասերում՝ ցախաքլորը:

Բնակչությունը: Հիմնականում կաբարդիններ ու բալկարներ են: Բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, օսեր և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 54,0 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 58% (1979): Քաղաքներն են Նալչիկը, Պրոխլադնին, Մայսկին, Բաքսանը, Նարտկալան, Տիռնիաուզը, Թերեքը:

Պատմական ակնարկ: Կ–Բ–ի տերիտորիան բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հայտնաբերվել են միջին քարի դարի քարայրեր, նոր քարի դարի բնակատեղիներ, բրոնզի դարի գերեզմանաթմբեր (Նալչիկ): Վաղ երկաթի դարում Կ–Բ–ի տարածքում հայտնվել են սկյութական և սարմատական մշակույթի տարրեր: Հետագայում սկյութները, սարմատներն ու ալանները մեծ ազդեցություն են գործել Ազով–սևծովյան ափերին բնակվող ադըղեական, կաբարդինական և չերքեզական ժողովուրդների հեռավոր նախնիների վրա: XIII դ. սկզբին բալկարների նախնիները, մոնղոլ–թաթարների դեմ երկարատև պայքարից հետո, տեղափոխվել են լեռները: XIII–XV դդ. ադըղեների մի հատվածը ստացել է կաբարդիններ անունը և զբաղեցրել ներկա տերիտորիան: XVII դ. ֆեոդալական հարաբերությունների զարգացման համեմատ տեղի է ունեցել Կաբարդիայի ֆեոդալական տրոհումը (Մեծ և Փոքր Կաբարդիա): Գյուղացիները ճորտացվել են: 1557-ին Կաբարդիան կամավոր մտել է ռուսական պետության կազմի մեջ: Քյուչուկ–Կայնարջիի պայմանագրով (1774) Թուրքիան ճանաչել է Կաբարդիան՝ որպես Ռուսաստանի բաղկացուցիչ մաս: 1827-ին ավարտվել է Բալկարիայի միացումը Ռուսաստանին: XIX դ. ֆեոդալական հարաբերություններում պահպանվում էին նահապետական–տոհմային մնացուկներ: Ճորտատիրական շահագործման ուժեղացումը ուղեկցվում էր գյուղացիական հուզումներով (1804, 1824–25, 1837, 1854):

XIX դ. 60-ական թթ. Կաբարդիան և Բալկարիան մտան Թերեքի մարզի մեջ: 1867-ին, Կաբարդիայում և Բալկարիայում ճորտատիրության վերացումով, սաղմնավորվեցին կապիտալիստական հարաբերություններ, որոնց զարգացմանը XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին խթանեցին Ռուսաստանի հետ տնտ. կապերի ամրապնդումն ու Ռոստով–Վլադիկավկազյան երկաթգծի կառուցումը:

1905–07-ի հեղափոխության ժամանակ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի աջակցությամբ Կ–Բ–ում ստեղծվեցին մարտական դրուժինաներ: 1905-ի դեկտ. 26–28-ին ապստամբները Նալչիկում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը: Աշխատավորների ելույթները դաժանորեն ճնշվեցին: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո (մարտի 27) կազմվեց ժամանակավոր կառավարության տեղական մարմին՝ Նալչիկի օկրուգային քաղաքացիական կոմիտեն: Մարտի վերջին Նալչիկում ստեղծվեց ՌՍԴԲԿ 1-ին կազմակերպությունը, ապրիլին առաջացան սովետներ: 1918-ի մարտի 18–23-ին Նալչիկում կայացած Սովետների ժողովրդական I համագումարը Կ–Բ–ում հռչակեց սովետական իշխանություն: 1918-ի հունիսին բռնկեց Գ. Բիչերախովի հակասովետական խռովությունը, որը ջախջախեցին կարմիր բանակը և հեղափոխական ջոկատները: 1919-ի հունվարին Կ–Բ. զավթեցին Դենիկինի սպիտակգվարդիական զորքերը: 1920-ի մարտի 24-ին Կ–Բ–ի տերիտորիան ամբողջովին ազատագրվեց, և վերահաստատվեց սովետական իշխանությունը: 1921-ի հունվարին Կաբարդիան և Բալկարիան, որպես վարչական օկրուգներ, մտան Լեռնային ԻՍՍՀ–ի. մեջ: 1921-ի սեպտ. 1-ին ՌՍՖՍՀ Կենտգործկոմը հաստատեց ՌՍՖՍՀ–ի կազմում Կաբարդինական ԻՄ–ի կազմավորումը: Նոյեմբ. 25–30-ին կայացավ Կաբարդիայի սովետների սահմանադիր համագումարը: 1922-ի հունվ. 16-ին Բալկարական օկրուգն առանձնացավ Լեռնային ԻՍՍՀ–ից և միացավ Կաբարդինական ԻՄ–ին՝ կազմելով Կ–Բ-ի ԻՄ:

Նախապատերազմյան տարիներին կաբարդին և բալկար ժողովուրդները, ռուս