բռնատիրության պայմաններում հայ ժողովրդի անապահով կյանքն է արտացոլել «Սևանա ուխտավորները» (1907), «Ներսեի հիշատակին» (1907) «Մեր արյունոտ անցյալից» (1907) վիպակներում: Խ. գրի է առել (1903) «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը («Սասնա ծռեր», հ. 2, 1951, պատում ԺԲ, Դավիթ և Մհեր):
ԽԱՆ–ՏԵՆԳՐԻ, բրգաձև սրանկյուն լեռնագագաթ Տյան–Շանում, Կիրգիզական ՍՍՀ և Ղագախական ՍՍՀ սահմանում: Բարձրությունը 6995 մ է: Առաջին անգամ բարձրացել են սովետական ալպինիստները՝ 1931-ին: Խ–Տ–ում է Տյան–Շանի ամենամեծ սառցապատումը (մոտ 2500 կմ2), այդ թվում՝ Ինըլչեկ խոշորագույն սառցադաշտը:
ԽԱՆՏԵՐ (ինքնանվանումը՝ խանտե–մարդ), ժողովուրդ, ազգակից է մանսիներին: Մոտ 90%-ը բնակվում է ՌՍՖԱՀ Տյումենի մարզում (մոտ 2/3-ը՝ Խանտի–Մանսիական ԻՕ–ում, մնացածը՝ Յամալո–Նենեցական ԻՕ–ում), մասամբ՝ ՌՍՖՍՀ Տոմսկի մարզում: Խ. 21 հզ. են (1970): Խ–ի և մանսիների լեզուն հունգարականի հետ կազմում է ուգրո–ֆիննական լեզուների ուգրական խումբը:
ԽԱՆՏԻ–ՄԱՆՍԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ (մինչև 1940-ը՝ Օստյակո–Վոգուլական, իսկ մինչև 1977-ը՝ Խանտի–Մանսիական ազգային օկրուգ), ՌՍՖՍՀ Տյումենի մարզի կազմում: Ստեղծվել է 1930-ի դեկտ. 10-ին: Տարածությունը 523,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 569 հզ. (1979): Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա, կենտրոնը՝ Խանտի–Մանսիյսկ: 1970-ին պարգևատրվել է Լենինի, 1972-ին՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
Բնությունը: Օկրուգը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում: Տերիտորիան դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արմ–ում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արլ. լանջերի նեղ շերտն է: Օգտակար հանածոներից կան նավթ և գազ: Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -20-ից –22°C է, հուլիսինը՝ 16–18°C, տարեկան տեղումները 400–500 մմ են: Օկրուգի հս–ում տարածված է բազմամյա սառածությունը: Գլխավոր գետը Օբն է: Կան ավելի քան 1500 լճեր: Գերակշռում են տորֆաճահճային և պոդզոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը: Տերիտորիայի 1/3-ը անտառածածկ է: Կենդանիներից կան սկյուռ, սամույր, աղվես, նապաստակ, կզաքիս, մշկամուկ, ջրաքիս, թռչուններ, ջրերում՝ ձկներ:
Բնակչությունը: 76,9%-ը ռուսներ են, 5,2%-ը՝ թաթարներ, 4,5%-ը՝ խանտեր, 3.7%-ը՝ ուկրաինացիներ, 2,5%–ը՝ մանսիներ և այլք (1970): Միջին խտությունը 1 կմ2 վրա 1,1 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74,9%: Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները: Քաղաքներն են Սուրգուտը, Նիժնեվարտովսկը, Նեֆտեյուգանսկը, Խանտի–Մանսիյսկը:
Տնտեսությունը: Առաջատար ճյուղերն են նավթի, անտառային, գազի արդյունաբերությունը, մորթեղենի արդյունագործությունն ու գազանաբուծությունը: Նավթի արդյունահանմամբ երկրում գրավում է առաջին տեղը:
Գյուղատնտեսության կարևոր ճյուղը եղջերվաբուծությունն Է: Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն: Տրանսպորտի հիմնական տեսակներն են ջրայինը և երկաթուղայինը: Նավարկելի են Օբը, Իրտիշը և դրանց խոշոր վտակները: Գործում են Շայմ–Տյումեն, Ուաո–Բալիկ–Օմսկ, Սամոտլոր–Կուրգան–Ուֆա–Ալմետևսկ նավթամուղները և Պունգա–Սերով–Նիժնի Տագիլ գազամուղները: 1975-ին օկրուգում կար 183 գրադարան, 226 ակումբ, 264 կինոսարք, հայրենագիտական թանգարան, օկրուգային 2 թերթ:
ԽԱՆՏԻ–ՄԱՆՍԻՅՍԿ (մինչև 1940-ը՝ Օսայակո–Վոգուլսկ), քաղաք ՌՍՖՍՀ Տյումենի մարզում, Խանտի–Մանսիական ինքնավար օկրուգի կենտրոնը: Հիմնադվել է 1931-ին: Նավահանգիստ է Իրտիշի ափին: 25,9 հզ. բն. (1975): Ունի ձկան պահածոների, փայտամշակման կոմբինատներ, անտառասղոցման գործարան, կահույքի ֆաբրիկա:
ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական իշխանություն խանի գլխավորությամբ Մերձավոր և Միջին Արևելքում: XVIII դ. կեսին և XIX դ. սկգբին Խ–ներ եղել են նաև Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանի տարածքում (Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի):
ԽԱՇ, կերակուր: Եփում են հիմնականում ձմռանը՝ տավարի (երբեմն՝ ոչխարի, խոզի) ոտ ու գլխի և փորոտիքի պիտանի մասերից: Ուտում են մեծ մասամբ առավոտյան՝ լավաշով ու սխտորով: Սոսնձանյութ պարունակելու պատճառով ժող. բժշկության մեջ խորհուրդ է տրվում Խ.-ով սնել կոտրվածք ունեցողներին: Հայաստանում գործում են հասարակական խաշարաններ:
ԽԱՇԹԱՌԱԿ (մինչև 1968-ը՝ Խաչդարակ), գյուղ Հայկական ՍԱՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 8 կմ հյուսիս: Ծխախոտագործական–տավարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ և հացահատիկի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Խ–ի արմ–ում և հվ–արլ–ում պահպանվել են բնակատեղիներ, գերեզմանոցներ, դամբարաններ:
ԽԱՇԽԱԼԴԱԴ, խաշխալտաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում, համանուն քաղաքից հյուսիս: 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԽԱՇԽԱՇ (Papaver), կակաչ, կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 տեսակ: Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում: Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշթառակ