Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` Ա. Ե. Խաչատրյան

վեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի ստեղծագործություններին, հատկապես հայ ժող. երաժշտությանը: Առավել կարևոր են կոմպոզիտորի կապերը Սովետական Հայաստանի ժամանակակից կյանքի հետ: Սոցիալիզմի կառուցման ուղին բռնած ազատագրված ժողովրդի ստեղծագործական էներգիան պայմանավորել է խաչատրյանական երաժշտության արտահայտման վառ ազգային ձևերը, լարված, սլացիկ դինամիկան: Նոր կերպարները պայմանավորել են ժող. երաժշտական նյութի մշակման նոր մեթոդներ: Կոմպոզիտորի վերաբերմունքը դեպի ժող. արվեստը եղել է համարձակ և խոր ստեղծագործական բնույթի: Իր երկերում նա չի ձգտել անձեռնմխելիորեն պահպանել ժող. մեղեդիները, այլ դրանք ծառայեցրել է ստեղծագործական մտահղացումների, ժամանակակից հուզող խնդիրների մարմնավորմանը: Լայնորեն օգտագործելով ժող. ինտոնացիաները, ռիթմերը՝ Խ. «ազատագրում» է նրանց ներքին էներգիան: Երաժշտական լարված զարգացման ազատ հոսքի մեջ նրանք ձեռք են բերում նոր կյանք, նոր հատկություններ: Հատկապես ժող. երաժշտության տարրերի սիմֆոնիզացիայի շնորհիվ Խ–ին հաջողվեց ճշմարտացիորեն արտահայտել վերածնվածհայ ժողովրդի հույզերի ինտենսիվությունն ու խորությունը, ստեղծագործական հզոր թափը: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է Խ–ի ստեղծագործության նորարարական էությանը որպես նոր էջ համաշխար հային երաժշտական արվեստի պատմության մեջ: Կոմպոզիտորը հայ երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, կերպարներով, ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել նրա ժանրային շրջանակները: Նա ազգային առաջին բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների հեղինակն է, հայկ. կինոերաժշտության հիմնադիրը: Խ–ի Առաջին սիմֆոնիան նվիրված է Սովետական Հայաստանի տասնհինգամյակին: Այն ընկալվում է որպես էպիկական ասք Հայաստանի, նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի, բնաշխարհի մասին: Սիմֆոնիայում հայկ. մելոսի ժող. արվեստին հատուկ իմպրովիզացիոն զարգացման եղանակների օգտագործումը օրգանապես զուգորդվել է համաշխարհային սիմֆոնիզմի փորձի կիրառմանը: Հեղափոխական ռոմանտիկայով, հերոսական պաթոսով է ներթափանցված մոնումենտալ բնույթի՝ Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը (1936): Զութակի և նվագախմբի կոնցերտում (1940, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941) հետագա զարգացում է ստացել նրա այդ շրջանի ստեղծագործության համար առաջատար՝ ժողովրդի երջանկության թեման: Ի տարբերություն նախորդ երկերի, այստեղ իշխում է բացառիկ մեղեդիակա նությունը, քնարականությունը, որ օրգանապես միահյուսված է պարային տարերքին: Կոմպոզիտորի 30-ական թթ. ստեղծագործական որոնումների պսակը կազմեց «Գայանե» բալետը (1942, ՍՍՀՄ պետ.մրցանակ, 1943), որը գրվել է «Երջանկություն» բալետի հիման վրա (բեմ.՝ 1939, Երևանի օպերայի և բալետի թատրոն) և համարվում է ժամանակակից թեմատիկայով գրված սովետական բալետային լավագույն ստեղծագործությունը: Բալետում ժող. մասսայական պարերի երաժշտությունը աչքի է ընկնում անսպառ երևակայությամբ, տեմպերամենտով, արտահայտիչ կերպով են բացահայտված հերոսների, հատկապես գլխավոր հերոսուհու քնարական կերպարը: Խ–ի ստեղծագործության նոր փուլը սկսվել է 1940-ական թվականներից: Նրա մտահղացումները դարձել են ավելի մասշտաբային, ստեղծագործությունները ձեռք են բերել դրամատիկական, երբեմն նաև ողբերգական սրություն: Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները արտացոլվել են մոնումենտալ Երկրորդ սիմֆոնիայում (1943, ՍԱՀՄ պետ. մրցանակ, 1946), որը հուզիչ երաժշտական պոեմ է տառապանքն ու մահը հաղթահարող ժողովրդի հերոսական պայքարի, հոգևոր վեհության մասին: Դ. Շոստակովիչի Ցոթերորդ, Ս. Պրոկոֆևի Հինգերորդ սիմֆոնիաների հետ Խ.-ի այս գործը պատերազմական տարիների սովետական երաժշտության առավել նշանակալից նվաճումներից է: Քնարական բնույթի Թավջութակի և նվագախմբի կոնցերտում (1946) առանձնանում են փիլիսոփայական մտորումներիդ պահերը: Հատկապես հարմոնիայի և տեմբրային դրամատուրգիայի ասպարեզում վառ նորարարությամբ աչքի է ընկնում Երրորդ սիմֆոնիան (1947): Բարձր գնահատանքի է արժանացել «Պեպո» (1936), «Զանգեզուր» (1938), «Վլադիմիր Իլյիչ Լենին» (1948), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950) կինոնկարների և «Վալենսիայի այրին» (1940), «Դիմակահանդես» (աշխարհահռչակ «Վալս»-ով, 1941) դրամատիկական ներկայացումների համար Խ.-ի երաժշտությունը: Հայկական ՍՍՀ Պետական հիմնի երաժշտության (1944) հեղինակն է: Կոմպոզիտորի այդ տարիների ստեղծագործության բարձունքն է «Սպարտակ» բալետը (1954, լենինյան մրցանակ, 1959): Անդրադառնալով Հին Հռոմի ստրուկների ապստամբությանը՝ Խ, ստեղծել է արդիականությանը համահնչուն ստեղծագործություն, բացահայտելով հանուն իր ազատության և մարդկային արժանապատվության ժողովրդի պայքարի գաղափարը: «Սպարտակ»-ը բնույթով մոնումենտալ, հերոսական–էպիկական ստեղծագործություն է՝ հագեցված վառ դրամատիկական հակադրություններով: Խ–ի Ջութակի (1961), Թավջութակի (1963, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1965) և Դաշնամուրի (1968) կոնցերտ–ռապսոդիաներում (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1971) ժող. ակունքների հետ կապը դրսևորվել է նյութի ազատ իմպրովիզացիոն զարգացման մեջ՝ հարստացված նուրբ վարիանտա–վարիացիային սիմֆոնիկ տեխնիկայով: Առանձնանում են մենանվագ գործիքների համար գրված Խ–ի կադենցիաները, որոնք ժող. կատարողների ոգեշունչ իմպրովիզացիա են հիշեցնում: խ–ի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը՝ դաշնամուրի (1961), մենանվագ թավջութակի (1974), մենանվագ ջութակի (1975), մենանվագ ալտի (1976) համար գրված սոնատներ, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարք (1928–70): 1950-ից Խ. ծավալել է դիրիժորական լայն գործունեություն: Հեղինակային համերգ ներով հանդես է եկել ՍՍՀՄ տարբեր քաղաքներում և ավելի քան 30 արտասահմանյան երկրներում (Եվրոպայի բոլոր սոցիալիստական երկրներում, ինչպես և ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԳՖՀ–ում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում են): 1950-ից դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվ. երաժշտական–մանկավարժական ինստ–ում (պրոֆեսոր՝ 1952-ից): Աշակերտներից են կոմպոզիտորներ Ա. Էշպայը, Է. Հովհաննիսյանը, Ա. Վիերուն (Ռումինիա), Մ. Թարիվերդիևը (Թարվերդյան), Է. Խաղագորտյանը, Բ. Տրոցյուկը, Կ. Վոլկովը: Պարգևատրվել է Լենինի շքանշաններով (1936, 1963, 1973), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1946, 1966), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1971), ինչպես և արտասահմանյան երկըրների բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, այդ թվում՝ Ֆ. Լիստի, Բ. Սմետանայի, Բ. Բարտոկի հուշամեդալներով, Խաղաղության համաշխարհային խորհրդի՝ ժ. Կյուրիի մեդալով, ԲԺՀ–ի Կիրիլի և Մեֆոդիի I աստիճանի, ֆրանսիական «Արվեստի և գրականության» III աստիճանի շքանշաններով: Ընտրվել է Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (1960), ԳԴՀ–ի ԳԱ թղթակից անդամ (1961), Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960), ՀՍՍՀ Գերագույն սովետի I և ՍՍՀՄ Գերագույն սովետի V գումարումների դեպուտատ: Խ–ի անունով է կոչվում Հայֆիլհարմոնիայի մեծ դահփճը (Երևան): Թաղվել է 6.5.1978-ին, Երևանի Պանթեոնում:

Գրկ. Асафьев Б., Арам Хачатурян, в его кн.:Очерки об Армении, М., 1958;

Նկարում` Ա. Խաչատրյանը Հայաստանի պետ. սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելիս