օրինակություն՝ 1620–58-ի): Ժամանակագրությունը հրատարակվել է հայ. (Մանր ժամանակագրություններ, հ. 1, 1951) և գերմ. («Acta Orientalia Academia Scientiarum Hungaricae», 1975, t. 29, f. 2, էջ 133–86): Գ. Աբգարյան
ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ (մոտ 1260 – մոտ 1331), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ: Եղել է Կեչառույքի (Ծաղկաձորում) միաբանության վանահայր, հայ ազգային ավանդների ջատագով ու պաշտպան՝ մոնղ. արշավանքների շրջանում: Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, նշանավոր պատմա–քաղաքական «Վասն աւերման տանս արևելեան» ողբի, հոգևոր մի շարք երգերի, ինչպես նաև «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի: Նրա ջանքերով է վերականգնվել Մուտ–Կալիսթենեսի «Վարք Աղեքսանդրի» հայերեն թարգմանության բնագիրը՝ իր իսկ կազմած 18 օրինակներով, ներածությամբ ու համապատասխան պատկերազարդումներով: Խ. Կ–ու բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ, բայց բազմաբովանդակ է: Ձեռագրերում պահպանված «Վասն աերման տանս արևելեան» պոեմատիպ ողբը ժամանակի հրատապ հարցերի արձագանքն է: Խ. Կ–ու մյուս ստեղծագործությունները նույնպես ժամանակի արձագանքն են, որոնց մեջ առավել ցայտուն են արտահայտված բանաստեղծի անձնական ապրումներն ու խոհերը: Խ. Կ–ուն հատուկ է խոսքի հակիրճությունն ու որոշակիությունը: Խ. Կ. խորհում է աշխարհի ունայնության և վերջին դատաստանի մասին, անդրադառնում հոգու և մարմնի պայքարին, կյանքում մարդու անելիքին, խրատներ տալիս: Սակայն Խ. Կ–ու խրատները ոչ միայն ժամանակի ըմբռնումներից բխող, քրիստոնեական բարոյախոսությամբ ներծծված քարոզներ են, այլև առօրեական, կենցաղային առնչություններում անհրաժեշտ մարդկային խորհուրդներ: Խ. Կ–ուն բնորոշ են գեղարվեստական պատկերավորման հետաքրքրական ու զուսպ հնարանքները, միջին հայերենի մտածված օգտագործումը, հայրենների տաղաչափության կիրառումը: Միջնադարյան շատ բանաստեղծների նման Խ. Կ–ուն նույնպես հատուկ է «հողեղեն մարդու» անկատարության ողբերգությունը:
Հին և նոր մտայնությունների մի յուրօրինակ շաղախ է «Աղեքսանդրի պատմության» վրա կատարած Խ. Կ–ու աշխատանքը, որը արտահայտությունն է ժամանակի քաղ. նկրտումների, երկրի անկախության գաղափարի և «պսակավոր արքայի» գեղագիտական իդեալի: Առասպելական հատկանիշներով օժտված Ալեքսանդր Մակենդոնացին թերևս ամենահարմար կերպարն էր նշված խնդիրների արծարծման համար: Սրանց արտահայտությունն են նաև «Աղեքսանդրի պատմության» հարասությունը ներկայացնող Խ. Կ–ու չափական դրվագները, որ քառյակատիպ կաֆաների ձևով տեղադրվել են արձակ պատմության մեջ: Ի տարբերություն միջնադարում տարածված գերազանցապես խոհա–խրատական բնույթի կաֆաների, այս ոտանավոր–շարքը պահպանում է պատմության սյուժետային գիծը: Խ. Կ–ու բանաստեղծությունները քնարական են, անմիջական, նրանց բնորոշ է ժող. պարզ մտածողությունն ու տաղաչափությունը:
Գրկ. Տաշյան Հ., Ուսումնասիրութիւն Ստոյն Կալիսթենեայ վարուց Աղեքսանդրի, Վեն., 1892: Հովսեֆյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ–պատ, 1928: Ավդալբեգյան Մ., Խաչատուր Կեչառեցի, Ե., 1958: Մ. Ավդալբեգյան
ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ (1590, Կեսարիա –1646, Նոր Ջուղա), կրթական–լուսավորական գործիչ: Երիտասարդ տարիներն անց է կացրել Կիպրոսի Ս. Մակարվանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ էջմիածին: Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել Դավիթ Անհաղթի երկերը, ծանոթացել Արիստոտելի, Պլատոնի ուսմունքներին: Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր 1620–1646-ին) կատարել է կրթական–լուսավորական աշխատանք: Հիմնել է դպրոց, գրադարան, հավաքել Հայաստանից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր: Նրա սաներից էին Հակոբ Ջուղայեցին, Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցին և ուրիշներ: Կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է: 1630-ին Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է Լվով՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու: Վերադառնալով Նոր Ջուղա՝ 1638-ին հիմնել է Իրանի առաջին տպարանը (տես Նոր Ջուղայի տպագրություն): Խ. Կ. թաղված է Ս. Ամենափրկիչ վանքի տաճարում:
Գրկ. Տեր–Հովհանյան Հ., Պատմություն Նոր Ջուղայու, Նոր Ջուղա, 1881, էջ 18–20: Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ Կեսարիո, հ. 2, Կահիրե, 1937, էջ 1022–1024: Հ. Դավթյան
ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ [հայրանունը՝ Իսահակ (ծն. և մահ. թթ. անհտ.)], XVIII դարի հայ պատմագիր: Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան) և սովորել տեղի Ս. Ամենափրկիչ վանքում: Հետագայում դարձել է հոգևորական ու ձեռնադրվել աբեղա: Հայկ. պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքեմենյան Կյուրոս II Մեծից (մ. թ. ա. 550–530) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760–79): Վերջինիս գործունեությանն ավելի մեծ տեղ է հատկացրել, որովհետև ժամանակակից և ականատես է դեպքերին, մինչդեռ հին պատմությունը շարադրել է երբեմն բավարարվելով գահակալների ու նրանց տարեթվերի սոսկ հիշատակմամբ: Իրանի պատմության հետ շաղկապված՝ գրքում բավականին տեղ է տրված նաև հայերին, առանձնապես XVII դ. սկզբին Հայաստանից Իրան՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած հայերի բռնագաղթին, Նոր Ջուղայի հիմնադրմանը, նրա կյանքին, հոգևոր առաջնորդների կենսագրությանը, Խաչատուր Կեսարացու լուսավորական գործունեությանը, դերձակ Թումիկի (Թոմաս) աղանդավորական շարժմանը ևն: Խ. Ջ–ու երկը հատկապես կարևոր աղբյուր է Քերիմ խանի ժամանակաշրջանի, Նոր Ջուղայի հայ համայնքի և Թումիկի շարժման պատմության ուսումնասիրման համար: Խ. Ջ. վախճանվել է Բասրայում (այժմ՝ Իրաքում)՝ Հնդկաստան մեկնելու ճանապարհին: Երկ. Պատմութիւն Պարսից, Վաղ–պատ, 1905:
ԽԱՉԱՏՈՒՐ ՏԱՐՈՆԱՑԻ, Հաղարծնեցի (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ երաժիշտ–գիտնական և բանաստեղծ–երաժիշտ: Հաղարծնի վանահայր XII դ. վերջին քառորդում և XIII դ. սկզբում: Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում: Խ. Տ. նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբական կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է Հայոց պատարագի մեջ անցած «Խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը: Խ. Տ. այն երգել է XIII դ. սկզբներին, Զաքարե սպասալարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտերքը), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ: Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով ու զարդոլորումների նկարագրով կրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանին հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը: Աչքի է գարնում նաև նրա երկ–եռամասանի հազվագյուտ կառուցվածքը:
Գրկ. Թահմիզյան Ն., Խաչատուր Տարոնեցին և հայոց պաաարագի նախերգը, «Էջմիածին», 1975, N°: 11: Նույնի, Հաղարծնի վանքը և Խաչատուր Տարոնեցի երաժիշտ վարդապետը, «Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու», 1976, N°: 2: Ն. Թահմիզյան
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Կարո Էրանի [ծն. 7.1. 1909, գ. Ջրաշեն (Բասենի գավառում)], հայ սովետական ֆիզիկա–քիմիկոս: Տեխ. գիտ. դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1935-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը: 1939-ից դասախոսել է Կ. Ե. Վորոշիլովի անվ. ռազմածովային ակադեմիայում, 1945-ին՝ նշանակվել Ա. Ն. Կռիլովի անվ. ակադեմիայի թերմոդինամիկայի և այրման տեսության ամբիոնի պետ: 1960-ից Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետի տեսական քիմիայի ամբիոնի վարիչն է: 1967–77-ին՝ նույն համալսարանի գիտական գծով պրոռեկտոր: Գիտական աշխատանքները վերաբերում են հեղուկների ու լուծույթների մակերևութային լարվածության թերմոդինամիկայի և հրթիռային շարժիչներում վառելանյութի այրման ու գազային պրոցեսների տեսու–