Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարագլուխներից: 1642–43-ին մի քանի ամիս եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, սակայն գահընկեց է արվել Գավիթ Վարդապետ Արեելցուց: Այնուհետև գործելով Կ. Պոլսում ու Հալեպում՝ պայքարել է էջմիածնականության դեմ և համախոհների ջանքերով տիրացել Կիլիկիայի հայոց կաթողիկոսական աթոռին (օծվել է Ասում, հուլիսի 17-ին): Հայ ժողովրդի ազատագրության հույսը կապելով Արևմտյան Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի և Վենետիկի հանրապետության հետ՝ փորձել է դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով: Այդ նպատակով 1662-ին, իր որդու միջոցով, «դավանության գիր» և օգնություն հայցող նամակ է հղել Ալեքսանդր VII պապին ու Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ին: Վերջինիս գրել է նաև 1663-ին՝ Անտիոքի հունաց պատրիարք Մակարիոսի և Միջագետքի ասորի հակոբիկյանների հակաթոռ կաթողիկոս (օծել է Խ. Գ Գ.) Անդրեասի հետ մեկտեղ: Հռոմին հայտնած «հպատակությամբ» Խ. Գ Գ. ավելի է գրգռել հակառակորդներին, որոնք 1663-ին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Գավիթ Կարկառեցուն (նույնպիսի անհաջողություն կրել է նաև 1668-ին, սակայն 1669-ին վերստին գրավել է գահը): 1664-ին Խ. Գ Գ. սսականության մեջ է ներքաշել նաև Եղիազար Ա Ախթափցուն՝ օծելով նրան արևմտահայոց կաթողիկոս, որով է՛լ ավելի է սրվել պայքարը էջմիածնականների դեմ: 1668-ին անձամբ մեկնել է Կանդիա (այժմ՝ Հերակլիոն, Կրետեում)՝ վենետիկյան զորքերի հրամանատար Ֆրանչեսկո Մորոզինիի մոտ՝ մեծ հույսեր կապելով Կանդիայի պատերազմի հետ: Սակայն 1669-ին Թուրքիայի հաղթանակը հուսախաբ է արել Խ Գ Գ–ուն: Հավանաբար դրանից հետո հեռացել է պայքարից և 1674-ին հրաժարվել նաև կաթողիկոսական գահից: Գրկ. Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Անասյան Հ. Ս., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե., 1961:


ԽԱՉԱՏՈՒՐ ԷՐԶՐՈՒՄՑԻ (Առաքելյան) (1666, Կ. Պոլիս –1740, Վենետիկ), հայ հանրագիտակ, փիլիսոփա, հայկական կլասիցիզմի հիմնադիրներից, եկեղեցական գործիչ: Սովորել է Հռոմի պրոպագանդայի (Ուրբանյան) կաթոլիկական վարժարանում: 1696–1707-ին Կ. Պոլսում զբաղվել է քարոզչությամբ, այնուհետև դարձել է Վենետիկի հայկ. համայնքի հոգևոր առաջնորդը: Հեղինակ է փիլիսոփայության, բարոյագիտության, աստվածաբանության, տրամաբանության, հռետորության, երկրագիտության, մաթեմատիկայի, բնագիտության և այլ հարցերի նվիրված աշխատությունների: «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) հանրագիտական բնույթի երկհատոր երկում անդրադարձել է ժամանակի գրեթե բոլոր գիտություններին: Քաջատեղյակ լինելով եվրոպական գիտության նվաճումներին՝ նպաստել է առաջավոր գաղափարների ներթափանցմանը Հայաստան: Երկերի մի մասը գրված է լատ., որոնք հիմնականում թարգմանվել են հայերեն:

Գոյաբանական հարցերը լուծելիս Խ. Է. հետևել է Թովմա Աքվինացուն. աստծուն համարել է աշխարհի միակ սկզբնապատճառը: Ըստ նրա, բնության հիմքում ընկած է նյութը՝ որպես կարողություն, որը կատարյալ է դառնում տեսակի (ձևի) միջոցով: Բնափիլիսոփայական հարցադրումները հիմնականում մեկնաբանել է մատերիալիստական ոգով: Նյութը համարել է անվերջ բաժանելի, անոչնչանալի, հավերժական, որը շարժման ու փոփոխման հետևանքով մի ձևից անցնում է մեկ այլ ձևի: Տվել է բազմաթիվ բնական երևույթների գիտական բացատրությունը, այսպես, օդի տաքանալը բացատրել է երկրից անդրադարձած արեգակնային ճառագայթների ազդեցությամբ: Ձյան, բքի, ցողի, ստորերկրյա ջրերի և երկրաշարժերի պատճառը համարել է գոլորշիները: Բնության մեջ, ըստ նրա, տեղի ունի զարգացում և փոփոխություն, որոնց հիմքում ընկած են ներհակ ուժերը: Խ. Է–ու այս մտքերը փաստորեն նյութի պահպանման ու փոխակերպման օրենքի արտահայտությունն են: Խ. է. հետաքրքրվել է նաև երկրագիտության հարցերով, նկարագրել բազմաթիվ երկրների քաղ. աշխարհագրությունը: Իմացաբանության և տրամաբանության մեջ Խ. է. հետևել է ռացիոնալիզմի և սխոլաստիկայի հիմնական դրույթներին: Հասարակական, բարոյագիտական ըմբռնումներով հակադրվել է Թովմա Աքվինացուն և ֆեոդալական անօրինականություններին, առաջադրել բուրժ. գաղափարախոսության պահանջներ: Արժեքավոր է պատերազմի և խաղաղության հարցադրումը, որը հիմնականում պարզաբանում է՝ կապելով արդարացի պատերազմների ու ազատագրական պայքարի ընդունման հետ:

Խ. Է–ու գեղագիտական ըմբռնումները ձևավորվել են ռացիոնալիզմի և XVII դ. ֆրանս. կլասիցիզմի տեսաբանների (Ն. Բուալո և ուրիշներ) ազդեցությամբ: Մարդն ունի ինչպես զգացմունքային, այնպես և բանական ցանկություններ: Արվեստը, ամենից առաջ, արդյունք է մտածողության ու տրամաբանության: Արվեստի հիմքում Խ. է. դնում է հասարակական օգտակարության սկզբունքը և այն բաժանում «ծառայականի» (տարբեր արհեստներ) ու «ազատականի» (պոեզիա, երաժշտություն, ճարտասանություն ևն): «Համառօտական իմաստասիրութիւն»-ում արտացոլված են պոեզիայի պատկերման առարկայի, սահմանների ու ներգործության մասին կլասիցիզմի նորմատիվ պոետիկային բնորոշ կողմեր: Խ. Է–ու ռացիոնայիզմի հիմքում ընկած է այն պատկերացումը, թե բանաստեղծական արվեստը սկիզբ է առնում մտածողությունից (բանաստեղծի) և հանգում է մտածողությանը (ընթերցողի)՝ վերածվելով գաղափարական և գեղագիտական ներգործության: Չանտեսելով զգացմունքի ու երևակայության վճռական նշանակությունը՝ Խ. Է. շեշտում է պոեզիայում բանականության առաջատար դերը: Հենց այդ դիրքերից նա մեկնաբանում է բարձր պոեզիայի, իրականության «ընտիր ու վսեմ» կողմերի պատկերման, թեմայի նպատակահարմար ընտրության, բնությանը նմանվելու, մարդկային կրքերի ծայրահեղ դրսևորումները հաղթահարելու ու կանոնավորելու կլասիցիստական դրույթները: Խ. Է. հիմնավորում է ստեղծագործական աշխատանքում կանոններին հետևելու անհրաժեշտությունը, գտնլով, որ դրանք բխում են արվեստի էությունից և մտածողության անհրաժեշտ բաղադրամասերն են: Բանականության օրենքներին հավատարիմ մնալու սկզբունքը Խ. Է. տարածում է ստեղծագործության բովանդակության ձևական (լեզվա–ոճական, կառուցվածքային) կողմերի վրա: Պոեզիայի հասարակական կոչումն ու ներգործությունը Խ. Է. կապում է բարոյագիտական խնդիրների հետ: Բանաստեղծական արվեստի (նաև երաժշտության) գեղագիտական, բարոյադաստիարակչական կողմերը սերտորեն առնչվում, փոխադարձաբար պայմանավորում են միմյանց: Արվեստի նպատակն է նպաստել հասարակության առաջընթացին, ծառայել բարոյական դաստիարակության խնդիրներին:

Երկ. Գիրք քերականութեան, Լիվոռնո, 1696: Համառօտ մեկնութիւն երգոյ երգոցն Սողոմոնի, ԿՊ, 1700: Համաոօտութիւն բարոյականի աստուածաբանութեան, Վնտ., 1709: Բանք և քարոզք յաղագս տէրունական տօնից (Քարոզգիրք), հ. 1, Վնտ., 1710: Համառօտական իմաստասիրութիւն, հ. 1–2, Վնտ., 1711: ճարտասանութիւն, Վնտ., 1713: Լիակատար աստուածաբանութիւն, հ. 1–2, Վնտ., 1729 – 1734: Ներածումն առ քրիստոնէական կատարելութիւն, Վնտ., 1733: Կարճառօտագունեղ համաոօտութիւն ընդհանրականի աստուածաբանութեան, Վնտ., 1736:

Գրկ. Թորոսյան Հ., Վարք Միփթարայ Աբբայի Սեբաստացւոյ, Վնտ., 1901: Թահմիզյան Ն. Խաչատուր Էրզրումցին որպես միջնադարյան հայ երաժշտության տեսաբան, «ԼՀԳ», 1966, № 11: Նազարյան Շ., Պետրոս Ղափանցի, Ե., 1969: Լ և ո, Երկ., հ. 3, Ե., 1973: Ջահուկյան Գ., Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974: Թադեոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը. Ե., 1977: Очерки развития эстетической мысли в Армении, M,, 1976. Մ. Թադնոսյան, Ա. Ասչանյան, Ֆ. Առաքելյան


ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՖԱՅԵՑԻ [աշխարհիկ անունը՝ Խաչգռուզ, 1592, Կաֆա–1658/59, Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա, Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում)], հայ ժամանակագիր: Եղել է քահանա: Կազմել է 1583–1658-ի ժամանակագրությունը, որը կարևոր սկզբնաղբյուր է XVII դ. առաջին կեսին Ղրիմում կատարված պատերազմական գործողությունների, Ղրիմի խանության հասարակական ու տնտ. կյանքի և հատկապես՝ ղրիմահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար: Գրված է ղրիմահայ բարբառով և կարևոր նշանակություն ունի հայ բարբառագիտության համար: Խ. Կ. հավաքել, ընդօրինակել և կազմել է նաև միջնադարյան հայկ. տաղերի ժողովածու, որտեղ զետեղված են շուրջ երկու տասնյակ ժող. երգեր (Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, 1956): Վերջիններիս ընդօրինակությունը մեզ հասած ամենահին հավաքածուն է: ժամանակագրության հեղինակային բնագիրը և տաղերի այդ ինքնագիրը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. № 7709, ընդ–