Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

tial of David of Ganjak, edited text and translation, Louvain, 1961․ Ա․ Սուքիասյան


ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱԶՄԱՆԻՍՏ, տես Բազմանիստ։


ԿԱՆՈՆԻԿ ԲԱՇԽՈԻՄ, Գիբսի բաշխում, վիճակագրական ֆիզիկայի հիմնական օրենք. որոշում է շրջապատի հետ ջերմային հավասարակշռության մեջ գտնվող մակրոսկոպիկ փակ համակարգի մաս կազմող ցանկացած մակրոսկոպիկ համակարգի (ենթահամակարգ)՝ տվյալ միկրովիճակում գտնվելու հավանականությունը։ Դասական վիճակագրական ֆիզիկայում Կ․ բ․ (ստացել է Ջ․ՈՒ․ Գիբսը 1901-ին) ունի dω = Ae (_E(p, q)/kT) dpdq տեսքը, dω-ն հավանականությունն է այն բանի, որ համակարգը կազմող մասնիկների շարժման քանակների և կոորդինատների համախմբի արժեքներն ընկած են համապատասխանաբար p, p+dp և q, q+dq տիրույթներում․ E(p,q)-ն համակարգի էներգիան է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ A հաստատունը որոշվում է ʃdω = 1 պայմանից և կապված է համակարգի ազատ էներգիայի հետ։ Քվանտային վիճակագրությունում Կ․ բ․ ունի ωn = Ae (_En/kT) տեսքը, որտեղ En-ը համակարգի էներգիան է քվանտային ո–րդ վիճակում, իսկ A-ն հաստատուն է և որոշվում է Eωn= 1 պայմանից։ Ա․ Ավետիսյան


ԿԱՆՈՆՆԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, կազմակերպական–մեթոդական փաստաթուղթ, որում սահմանված են աշակերտի հիմնական պարտականությունները դպրոցում, ընտանիքում, փողոցում, հասարակական վայրերում։ Առաջին կանոնները կազմվել են ՍՍՀՄ ժողկոմխորհի և ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի 1935-ի սեպտ․ 3-ի «Տարրական, ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ դպրոցներում ուսումնական աշխատանքի և ներքին կարգապահության կազմակերպման մասին» որոշմանը համապատասխան և հաստատվել ՌՍՖՍՀ ժողկոմխորհի 1943-ի օգոստ․ 2-ի որոշմամբ։ Համապատասխան կանոններ են ընդունվել միութենական հանրապետություններում։ 1961-ից սովետական դպրոցում մտցվել են նոր կանոններ, որոնք, ի տարբերություն նախորդների, կազմվել են տարրական, միջնակարգ և բարձր դասարանների համար առանձին–առանձին։ Կանոնները նպաստում են մանկական կոլեկտիվի կյանքի ճիշտ կազմակերպմանը, դպրոցում և ընտանիքում կայուն ռեժիմի ստեղծմանը։


ԿԱՆՈՊՈՒՍ, Կանաբոս, α Ողնուցի, երկնքի երկրորդ (Սիրիուսից հետո) պայծառ աստղը (–0,75 աստղային մեծության)՝․ Լուսատվությամբ Արեգակին գերազանցում է 7800 անգամ։ Արեգակից գտնվում է 160 պս հեռավորության վրա։ Երևում է 37° հս․ լայնությունից հվ․ գտնվող վայրերից։


ԿԱՆՈՎԱ (Canova) Անտոնիո (1757–1822), իտալացի արձանագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Վենետիկում (1768–74)։ Հիմնականում աշխատել է

Վենետիկում և Հռոմում։ Վաղ շրջանի գործերում հետևել է բարոկկոյի արվեստի ավանդույթներին։ Հետագայում ընթացել է անտիկ քանդակագործության ձեական խնդիրները նմանակելու ուղիով։ Ստեղծել է տպավորիչ տապանաքարեր (Կլեմենտ XIII-ի տապանաքարը, 1792, Ս․ Պետրոսի տաճար, Հռոմ), դիցաբանական հերոսների արձաններ («Ամուրը և Փսիքեն», 1973, Լուվր, Փարիզ), իդեալականացված դիմաքանդակներ («Պաոլինա Բորգեզեն՝ Վեներայի տեսքով», 1805–07, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ)։ Կ–ի ստեղծագործությունը հիմք է հանդիսացել XIX դ․ եվրոպական ակադեմիական քանդակագործության համար։


«ԿԱՆՉ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1971-ից, Բեյրութում։ Հրատարակության պատասխանատու՝ Հ․ Մատեյան։ Լիբանանի կոմունիստական կուսակցության քաղաքականության արտահայտիչն է։ Լուսաբանում է Լիբանանի և միջազգային կոմունիստական շարժումը, ՍՄԿԿ և Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը, արծարծում արաբ ժողովրդի սոցիալական և տնտ․, ազգային–ազատագրական պայքարի հարցեր։ Լայն տեղ է հատկացնում Սովետական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պրոպագանդում հայրենիքի մշակութային և տնտ․ վերելքը։ Աշխատելով սփյուռքահայությանը համախմբել հայրենիքի շուրջը, նրան մտահոգող հարցերի «Կանչ» թերթի գլխագիրը լուծումը կապում է հայրենիքի պետականության հետ։ Ջատագովում է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, պայքարում միջազգային իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ։ Օգտվում է ՏԱՍՍ–ի և Արմենպրեսի հաղորդագրություններից, արտատպում սովետահայ գրողների ստեղծագործություններ և մշակույթի գործիչների հոդվածներ։ Տպագրում է գրական էջեր, արվեստի հարցերին նվիրված նյութեր, մարզական լուրեր։ Համարվում է Լիբանանի կոմունիստական կուսակցության «Ալ–Նիտա» արաբերեն օրաթերթի հավելվածը։ Գ․Քեշիշյան


ԿԱՆՉԱՌՍ, Կանջառս, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում։ Պատկանում էր Աղթամարի թեմին։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Գեորգ)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։


ԿԱՆՊՈՒՐ, քաղաք Հյուսիսային Հնդկաստանի Ուտտար–Պրադեշ նահանգում, Գանգեսի աջ ափին։ 1,3 մլն բն․ (1971):


«ԿԱՆՍԱՆ ՈՒՈՒՏԻՍԵԹ», «Kansan Uutiset» («ժողովրդական նորություններ»), օրաթերթ։ Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության և Ֆինլանդիայի ժողովրդի դեմոկրատական միության օրգան։ Լույս է տեսնում 1957-ից, Հելսինկիում։


ԿԱՆՏ (Kant) Իմանուիլ (1724–1804), գերմանացի փիլիսոփա և գիտնական, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը։ Համարյա ամբողջ կյանքն անց է կացրել Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)։ Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը (1745)։ Համալսարանում դասախոսել է ֆիզիկական աշխարհագրություն, մարդաբանություն, բնական իրավունք, տրամաբանություն և մետաֆիզիկա։ Ստեղծագործական ուղին ընդունված է բաժանել երկու շրջանի՝ «մինչքննադատական» և «քննադատական»։ Առաջինին հատկանշական է «Համընդհանուր բնական պատմություն և երկնքի տեսություն» (1755) աշխատությունը, որում զարգացված է արեգակնային համակարգի ծագման մասին հիպոթեզը (Կ–ի հիպոթեզ)։ «Քննադատական» շրջանում են գրված «Զուտ բանականության քննադատությունը» (1781), «Պրոլեգոմեններ․․․»-ը (1783), «Պրակտիկ բանականության քննադատությունը» (1788), «Դատողության ունակության քննադատությունը» (1790) են։ Կ–ի տրանսցենդենտալ փիլիսոփայության առանցքը իմացաբանությունն է։ Դրա հիմնական խնդիրը, ըստ Կ–ի, բովանդակային («սինթետիկական») է, դրա մասին համընդհանուր ու անհրաժեշտ, գիտելիքի հիմնավորումն է։ Իմացաբանության մեջ Կ․ խստորեն տարբերակել է մասնավոր գիտական (մաթեմատիկա, բնագիտություն) և մետաֆիզիկական (փիլիսոփայական) գիտելիքների հնարավորության պայմանները, ենթադրելով, որ փիլ․ սկզբունքներն ունեն լոկ կարգավորիչ կիրառում։ Հաղթահարելով դասական սենսուալիզմի և ռացիոնալիզմի սահմանափակությունները՝ Կ․ առաջ է քաշել էմպիրիկական և տեսական (ապրիորի) գիտելիքի փոխհարաբերության մասին նոր պրոբլեմը։ Ըստ Կ–ի դուալիստական ուսմունքի, գիտելիքի բովանդակությունը ստացվում է ապոստերիորի ձեով՝ դրսից, իսկ համընդհանրության և անհրաժեշտության արժանիքներ գիտելիքին տրվում են ապրիորի ձևերով, որոնք իրական աշխարհում