Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախատիպեր չունեն և արմատավորվում են տրանսցենդենտալ սուբյեկտի գիտակցության մեջ։ Կ․ իր փիլիսոփայությունը գնահատել է որպես «ձևական իդեալիզմ», այսինքն՝ որպես ճանաչողական ձևերի իդեալիստական բացատրություն։ Կ․ կտրուկ զատել է «ինքնին իրերի» աշխարհը երևույթների աշխարհից։ Թեև, նրա տեսակետով, հենց «ինքնին իրերն» են ներգործում զգայարանների վրա, առաջ բերելով զգայություններ, այնուամենայնիվ, իրերը մենք ճանաչում ենք ոչ այնպես, ինչպես նրանք գոյություն ունեն ինքնին, այլ այնպես, ինչպես նրանք մեզ տրվում են։ Դրանում է հենց Կ–ի ագնոստիցիզմի յուրահատկությունը։ Կ․ պաշտպանել է գիտական մտքի ազատությունը։ Նա հանդես է եկել բոլոր «գերզգայական» էությունները բնագիտությունից վտարելու օգտին։ Նրա քննադատությունն ուղղված էր ավանդական մետաֆիզիկայի դոգմատիզմի և սպեկուլյատիվիզմի դեմ։ Վերջինիս սնանկությունը, ըստ Կ–ի, դրսևորվում է այն բանում, որ նա, անխուսափելիորեն ընկնելով հակասությունների մեջ, խճճվում է անտինոմիաներում։ Կ․ հայտնի է որպես, այսպես կոչված, «ռացիոնալ աստվածաբանության» հակառակորդ։ Նա մասնավորապես տվել է աստծու կեցության «գոյաբանական ապացուցման» իմացաբանական քննադատությունը։ Կրոնի փիլիսոփայության վերաբերյալ նրա մի քանի աշխատություններ արգելել է պրուսական գրաքննությունը։ Աստվածաբանության Կ–ի քննադատությունը, սակայն, չի եղել հետևողական։ Նա տեղ է թողել կրոնի համար նրան տալով բարոյական նշանակություն և այն խարսխել է ոչ թե գիտելիքով, այլ բարոյական հավատով։ Կ–ի բարոյագիտական կոնցեպցիան ուղղված է նատուրալիզմի, հեդոնիզմի և էվդեմոնիզմի դեմ։ Ըստ Կ–ի՝ վարքը կարող է ճանաչվել բարոյական, եթե այն ղեկավարվում է ոչ թե երջանիկ լինելու, այլ երջանկությանն արժանի լինելու ձգտմամբ։ Ենթարկվելով պարտքի պատվիրանին (կատեգորիկ իմպերատիվ)՝ անհրաժեշտ է միշտ հիշել, որ անձնավորությունը բարձրագույն արժեք է և որ մարդուն ոչ մի դեպքում չի կարելի դիտել որպես միջոց։ «Մարդաբանություն գործնական տեսանկյունից» (1798) աշխատության մեջ խնդիր է դրված ուսումնասիրել, թե մարդն ինչպիսին կարող է և պետք է դարձնի ինքն իրեն։ Այդ աշխատության մեջ տրված է մի շարք ժողովուրդների, այդ թվում նաև հայերի էթնիկական բնութագիրը։ Իր գեղագիտական տեսությունը Կ․ գնահատել է որպես միջին օղակ գիտական գիտելիքի տեսության և բարոյագիտության միջև։ Գեղեցիկը նրա համար եղել է բարոյականի խորհրդանիշ։ Գեղեցիկի ընկալումից ստացվող անշահախնդիր հաճույքի յուրահատկության մասին հարցի ձևով նա դրել է գեղագիտական գիտակցության առանձնահատկության պրոբլեմը։ Կ–ի հասարակական–քաղաքական հայացքներն ունեն հակաֆեոդալական ուղղվածություն՝ արտահայտված, սակայն, չափավոր ձևով։ Նրա այդ հայացքների հանրագումարը և նրա ողջ փիլիսոփայությունը Կ․ Մարքսը բնորոշել է որպես ֆրանս․ հեղափոխության գերմ․ տեսություն։ Ընդհանուր առմամբ Կ–ի փիլիսոփայությունը, ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը, ներքնապես հակասական է և մատերիալիզմը իդեալիզմի հետ հաշտեցնելու փորձ է։ Կ–ի ուսմունքը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Նեոկանտականությունը փորձել է դեն նետել նրա ուսմունքի ռացիոնալ տարրերը։ Կ–ի ուսմունքը մեծ ազդեցություն է ունեցել փիլիսոփայության (հատկապես գերմ․) զարգացման վրա։ Կ․ ազդել է նաև հայ (մասնավորապես XIX դ․) տեսական մտքի (փիլիսոփայություն, բարոյագիտություն, տրամաբանություն, բնագիտություն) վրա։ Այն արտահայտվել է գիտելիքի ծագման ու հիմնավորման, տրանսցենդենտալ տրամաբանության՝ որպես կշռադատության հիմքի ընդունման, բարոյականության ինքնավարության և դեոնտոլոգիայի, աշխարհի էվոլյուցիոն զարգացման գաղափարների քննարկման ժամանակ, որի ընթացքում հայ մտավորականները (Ա․ Գարագաշյան, Ստ․ Ոսկան, Ն․ Ռուսինյան, Հ. Հարությունյան, Ավ․ Գուրգենյան, Պ․ էմմանուելյան, է․ Սիրունյան, Գ․ Աշըգյան) դրսևորել են ապրիորիստական և ֆորմալիստական մտածելակերպ։ Կ–ի գաղափարները ներգործել են նաև հայ մանկավարժական (Ռ․ Պերպերյան, Ի․ Հարությունյան) և գեղարվեստական ըմբռնումների վրա։ Մուրացանն ու Նար–Դոսը ոչ միայն առանձնահատուկ նախասիրություն են ունեցել դեպի Կ–ի բարոյագիտությունը, այլև գեղ․ կերպարներն օժտել են նրա բարոյագիտ․ որոշակի սկզբունքներով։ Կ–ի ժառանգության վերհանման և գնահատման հարցում հայ իրականության մեջ դրսևորվել են հակադիր մոտեցումներ՝ սենսուալիստները (Ա․ Բագրատունի, Գ․ Կոստանդյան) պարզապես մերժել են Կ–ի ուսմունքը և հակադրվել նրա տարածմանը։ Մինչդեռ Սա․ Նազարյանը, էմպիրիզմի դիրքերից քննադաաելով ապրիորիզմը, այնուամենայնիվ, փորձել է իմաստավորել այն, իսկ Ա․ Գարագաշյանը, իր գործունեության երկրորդ շրջանում, պարզապես տուրք է տվել Կ–ի ուսմունքին, գտնելով, որ էմպիրիզմը և ռացիոնալիզմը, առանձին վերցրած բավարար չեն գիտական իմացության տրամաբանությունը բացահայտելու համար։ Նա Կ–ի փիլիսոփայությունը ներկայացրել է որպես բեկոնյան սենսուալիզմի և ապրիորիզմի յուրատեսակ զուգակցում։ Կրոնաիդեալիստ մտածողները (Ավ․ Գուրգենյան, Պ․ էմմանուելյան, Գ․ Աշըգյան և ուրիշներ) բարձր են գնահատել Կ–ի ուսմունքը և նպաստել տարածմանը, այսուհանդերձ այդ փիլիսոփայությանն անդրադառնալու բուն նպատակը կրոնի գոյության տեսական հիմնավորումն էր։ Հայ մտավորականները փորձել են նաև գնահատել Կ–ի տեղը փիլ․ ուղղությունների մեջ։ Ոմանք նրան բնորոշողը համարել են ռացիոնալիզմը (Ա․ Բագրատունի) կամ ապրիորիզմը (Ստ․ Ոսկան), մյուսները՝ մատերիալիզմը (Ա․ Գարագաշյան) կամ սուբյեկտիվ իդեալիզմը (Մ․ Վարդանյան)։

Երկ. Кант И., Сочинения, т. 1-6, М., 1963-66․

Գրկ․ Карапетян А.А., Критический анализ философии Канта, E., 1958; Асмус В.Ф , Иммануил Кант, M., 1973; Абрамян Л.А., Кантова философия математики, E., 1978; Նույնի, Кант и проблема знания, E., 1979․ Լ․ Աբրահամյան, Ա․Թևոսյան


ԿԱՆՏԱԲԻԼԵ (իտալ․ cantabile, բառացի՝ երգուն), մեղեդու, նաև երաժշտական կատարման երգայնությունը։ XVIII դ․ կեսից երաժշտական պիեսի սկզբում տեմպի հետ հաճախ գրվել է Կ․՝ նշելով երաժշտության բնույթը (Պ․ Չայկովսկու երկ 11, լարային կվարտետի 2-րդ մասը՝ Andante cantabile)։ Համապատասխան բնույթի գործիքային պիեսը կոչվում է Կ․, առանց որևէ հավելման։


ԿԱՆՏԱԲՐՅԱՆ ԼԵՌՆԵՐ (Cordillera Cantabrica), լեռներ Իսպանիայի հյուսիսում։ Ձգվում են Բիսկայան ծոցի հվ․ ափով։ Երկարությունը մոտ 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 2648 մ (Տոռե դե Սեռեդո)։


ԿԱՆՏԱՏ (իտալ․ cantata, < լատ․ cantare–երգել), վոկալ–գործիքային մեծակտավ ստեղծագործություն, սովորաբար՝ մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար։ Մոտ է օրատորիային, վերջինիս նման կարող է պարունակել նվագախմբային նախանվագ, արիաներ, ասերգեր և խմբերգեր, բայց տարբերվում է համեմատաբար փոքր ծավալով, հաճախ նաև սյուժեի դրամատիկական ծավալման բացակայությամբ։ Լինում է աշխարհիկ և հոգեվոր, տարբեր բովանդակության և բնույթի, երբեմն զուգորդված այլ ժանրերի հետ (օպերա–Կ․, սիմֆոնիա–Կ․, պոեմ–Կ․, երգ–Կ․, բեմական–Կ․)։ Սկզբնավորվել է Իտալիայում, XVII դ․ 1-ին կեսին։ Արևմտաեվրոպական երաժշտության մեջ բարձրարժեք Կ․ են ստեղծել Զ․ Կարիսիմին, Ա․ Ստրադելան, Ա․ Սկարլատին, Յո․ Բախը, Վ․ Մոցարտը, Լ․ Բեթհովենը, Ֆ․ Շուբերտը, Գ․ Մահլերը (սիմֆոնիա– Կ․), Կ․ Օրֆը (բեմական– Կ․), Պ․ Հինդեմիթը, Ա․ Վեբեռնը և ուրիշներ։ Ռուսաստանում Կ․, սկզբնավորվելով XVIII դ․, բարձունքի է հասել Պ․ Չայկովսկու, Ն․ Ռիմսկի–Կորսակովի, Ս․ Տանեևի, Ս․ Ռախմանինովի գործերում։ Ն․ Մյասկովսկու, Մ․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի, Յու․ Շապորինի Կ–ներում հիմնավոր տեղ է գրավում պատմական–հերոսական, հայրենասիրական թեմատիկան։ Կ․ հայ պրոֆեսիոնալ երաժշտության ինքնուրույն ժանրերից է։ Նշանավոր են Մ․ Եկմալյանի, Ա․ Մպենդիարյանի, Ա․ Տիգրանյանի, Հ․ Ստեփանյանի, է․ Միրզոյանի, Ա․ Հարությունյանի (համընդհանուր ճանաչում է գտել «Հայրենիք» Կ․),