Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մորֆոզի: Խ. սնվում են անողնաշարավորներով: Հայտնի է 4 հզ. տեսակ, որից 50-ը՝ նաև ՍՍՀՄ–ում: Հայաստանի համարյա բոլոր գետերում ու գետակներում նույնպես տարածված են: Խ–ի առանձին տեսակներ սննդարդյունաբերական նշանակություն ունեն, որոշ Խ. վնաս են հասցնում արդ. նշանակություն ունեցող փափկամարմիններին և ձկներին: Բ. Բաղդասարյան


ԽԱՉԲԱՌ, կրոսվորդ (անգլ. crossword, cross – հատում և word – բառ), խաղ–խնդիր. նպատակն է փոխհատվող շարքերի վանդակները լրացնելը՝ ցուցակով տրված սահմանումների հիման վրա գուշակած բառերով:


ԽԱՉԳՅՈՒՂ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանում, շրջկենտրոնից 40 կմ հյուսիս–արևմուտք: Անտառային սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան, անասնաբուժական կայան: Խ–ի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի, խաչքարեր, գյուղատեղիներ: Հայերը եկել են Աշկալա և այլ գյուղերից: Գյուղը հիմնադրվել է 1837–1845-ին: Հ. Միքայելյան


ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ, Հիսուս Քրիստոսին խաչելու քրիստոնեական պատկերացումը: Խաչված Քրիստոսի սրբապատկերի երկրպագությունը հատկապես տարածված է կաթոլիկության մեջ:


ԽԱՉԵՆ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում (այժմ՝ Ադրբեջանական ՍՍՀ ԼՂԻՄ–ում): IX–XIII դդ. Խ–ի անունով է կոչվել ամբողջ Արցախ նահանգը, երբ նրա նախարարական իշխանական տան հիմնական նստավայր էր դարձել Խաչենի բերդը: Կոստանդին Ծիրանածինի վկայությամբ (X դ.), բյուգանդական արքունիքը գրագրություն է վարել Խ–ի իշխանի հետ՝ այն դիտելով որպես Հայաստանի վարչական միավոր: Մինչև XII –XIII դդ. գրաված տարածքով համապատասխանում էր Արցախին: Սելջուկ–թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ Մուխանք գավառի (Մուղանի դաշտ) մեծ մասն անցավ Գանձակում բնակված քրդական Շադդադյան ամիրայությանն ու նրա ժառանգորդներին: Խ. զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հվ. կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու–Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը:

Խ. նահանգի սահմաններն անցնում էին արմ–ում Սևանա լճի արլ. ափերով (ընդգրկելով Սոդք և Գեղամա գավառները), հվ–արմ–ում՝ Դարաբաղյան լեռնաշղթայի հվ. լանջերով և Աղավնո (Հագարի) գետի հոսանքով, հս–ում՝ Մոավ սարի հս. լանջերով, իսկ արլ–ում ընդգրկում էին Մուխանքի արմ. մասը:

XII դ. 2-րդ կեսին Խաչենի իշխանությունը բաժանված էր երեք ճյուղի, որոնցից յուրաքանչյուրի զբաղեցրած տարածքն ստացել էր իր հատուկ անունը. Ներքին Խաչեն (խոխանաբերդցիների իշխանության տիրույթները՝ Մեծսաանք, Բերդաձոր գավառները, Մյուս Հաբանդի հս. մասը), Կենտրոնական Խաչեն կամ Հաթերք (Մեծ Կուենք կամ Մեծ Կվենք գավառի մեծ մասը, Փառիսոսն ու Կողթը) և Վերին Խաչեն կամ Ծար, որն ընդգրկում էր Սևանի արլ. ափերը և Թարթառ (Տրտու) գետի ավազանը՝ Գեղամա, Սոդք և Ծար գավառները: Ուշմիջնադարյան աղբյուրներում Խ. անվան տակ հասկացվում էր հիմնականում Խաչենի մելիքության բռնած տարածքը Խաչենագետի ավազանում, քանի որ նախկին նահանգի տարբեր մասերը XVI դ. սկզբից սկսած զբաղեցնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Ծարի, Սողքի, Վարանդայի մելիքությունները:

Գրկ. Կոստանդին Ծիրանածին, Ե., 1975 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6. Բյուգանդական աղբյուրներ, 2), գիրք 2, գլուխ 48: Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե., 1975:


ԽԱՉԵՆ, Դաղեթ–Խաչեն, Դաղեթ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ՝ հարավ–արևելք: Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, բուժկայան: Հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը, 1789-ին: Խ–ի շրջակայքում կան գյուղատեղիներ, մատուռներ, գերեզմանոցներ: Խ–ում են ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոսներ Ե. Վանյանը, Ս. Մովսիսյանը, Հ. Մկրտչյանը և Գ. Վանյանը:


ԽԱՉԵՆ, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն կամ Ծար գավառում, Թարթառ գետի վերին ավազանում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Քյալբաջարի շրջանում): Հիշատակում է Մովսես Կաղանկաավացին IX դ. 1-ին կեսին, Արցախի Առանշահիկների և Ուտիքի Միհրանյանների միջև տեղի ունեցած միջտոհմական պայքարի կապակցությամբ: Խ. պատկանում էր Վերին Խաչենի տեր Ատրներսեհին՝ Մահլ Սմբատյանի որդուն: Հավանաբար բերդն իսպառ ավերվել է սելջուկ–թուրքերի ասպատակություններից (XII դ. 1-ին կես), քանի որ հետագա դարերի գրավոր աղբյուրներում չի հիշատակվում:


ԽԱՉԵՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, հայ ավատական վարչա–քաղաքական կազմավորում Հայաստանում, X–XVI դարերում՝ նախկին Ծավդեք–Արցախի նախարարական–իշխանական տան տոհմաճյուղերի գլխավորությամբ: Արաբ, տիրապետության վերջին շրջանում (IX դ. վերջ) Գանձակում (այժմ՝ Կիրովաբադ) գոյացած քուրդ–մահմեդական ամիրայությունը յուրացրել էր Ուտիքի մի շարք գավառներն ու Արցախի Մուխանք գավառը, և Բագրատունիների թագավորության օրոք արդեն նախկին Ծավդեք–Արցախի նախարարական տունը, բաժանված երկու ճյուղի, հիմնականում իշխում էր նահանգի լեռնային ու նախալեռնային տարածքում: Եթե նահանգի արլ. եզրը հասնում էր Մուխանք (Միլ–Մուղան) դաշտին, ապա արմ–ում այն ընդգրկում էր Գեղամա (Սևան) լճի ամբողջ արլ. ափը՝ Սոդք գավառով: IX դ. կեսից Խ. ի. տարածվում էր նաև Ուտիքի հվ. ու արմ. գավառների վրա: Մահլ Սմբատյանի (IX դ. I կես) գրավումների շնորհիվ Մեծ Մյունիքի հս–արմ. մասը (Գեղամա գավառ) նույնպես անցավ Խ. ի–յանը: X դ. սկսած մեծ կարևորություն է ստանում նահանգի կենտրոնական, բերդ–ամրոցներով հարուստ մասը՝ Խաչենը (Թարթառ, Խաչեն ու Կարկառ գետերի հովիտները), որի ընդհանուր անունով էլ կոչվում էր ամբողջ իշխանությունը: Անկախ տոհմաճյուղերի քանակից՝ Խ. ի. միշտ հանդես է եկել որպես մեկ ամբողջություն՝ ճյուղերից մեկի գահերեցությամբ: Կոստանդին Ծիրանածինը, թվարկելով Հայաստանի պետ. կարևորագույն կազմավորումները, որոնց հետ բյուգանդական արքունիքը գրագրություն ուներ, հիշատակում է նաև Խաչենի իշխանին (Կոստանդին Ծիրանածին, Արարողությունների մասին, գիրք 2, գլ. 48): Այս նշանակում է, որ Մեծ Հայքի Ծավդեք–Արցախի նախարարության չընդմիջվող ժառանգորդ Խ. ի. շարունակում էր մնալ Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորներից մեկը: Մխիթար Գոշը հանձին Խ. ի–յան ու Կիլիկյան (Ռուբինյան) իշխանապետության տեսնում էր հայրենի թագավորության այն հզոր բեկորները, որոնց հետ էր կապում հայ ժողովրդի քաղ. միասնության վերականգնման բաղձանքները: Սելջուկ–թուրքերի տիրապետության դեմ մղած մարտերի և Զաքարյանների ձեռնարկած ռազմաքաղաքական միջոցառումների հետևանքով Խ. ի. բաժանվեց նոր ճյուղավորումների. XII դ. վերջում դրանք արդեն երեքն էին՝ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն (Ծար): Այս ճյուղերի գործարար հովանավորությամբ շեն ու բարգավաճ էին մնում հոգևոր–մշակութային կենտրոններ Գանձասարը, Դադի, Խադարի վանքերը ևն, որոնցում ստեղծված գրչության կենտրոններն ու դպրատները մեծ համբավ ունեին Հայաստանում և հաջողությամբ գլխավորում էին Խ. ի–յան և հարակից շրջանների մշակութային կյանքը:

Մոնղոլ. տիրապետության տևական շրջանը ծանր ազդեցություն ունեցավ Խ. ի–յան քաղ. ու մշակութային կյանքի վրա: XIII դ. 1-ին կեսին վերացավ Հաթերքի իշխանությունը, և նրա տիրույթներն անցան Ներքին Խաչենի Հասան–Զալալյաններին ու Վերին Խաչենի Դոփյաններին: Հակամոնղոլական շարժումները գլխավորելու համար 1261-ին գազանաբար սպանվեց շուրջ 40 տարի Խ. ի–յան գահերեց իշխան Հասան– Զալալը, որը հովանավորում էր ամբողջ Հս–Արլ. Հայաստանի մշակութային գործը, իսկ մոնղոլների տիրապետության առաջին շրջանում աչքի էր ընկել հայրենի իշխանությունները միավորելու, մոնղոլ տիրակալների հետ արդյունավետ բանակցություններ վարելու շրջահայաց քաղաքականությամբ: Գիտակցելով Վերին ու Ներքին Խաչենների իշխանների ազդեցիկ դերը Արևելյան Հայաստանի քաղ. կյանքում՝ մոնղոլ կուսակալները ջանում էին գլխատել Խ. ի., մոնղոլ մեծ խանի մոտ պարբերաբար դավեր էին նյութում նրանց դեմ, կալանում