Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանցից առավել ուժեղներին: 1387-ին Լենկթեմուրի հորդաները կոտորեցին հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած Ծարի տեր Հասանին ու նրա վեց որդիներին: Եվ, այսուհանդերձ, Խ. ի. չվերացավ: Ակ–կոյունլու և կարա–կոյունլու թուրքերի դժնդակ տիրապետության շրջանի բովանդակ Հայաստանում Խ. ի. անընդմեջ գոյատևած միակ պետ. կազմավորումն էր: Օտար տիրակալների կործանարար հարվածներից թուլացած ու մանրացած Խ. ի. կառչած էր մնում հայրենի երկրին՝ գերագույն ջանքերով պահպանելով ազգային ինքնությունը: XVI դ. 2-րդ կեսի պարսկա–թուրքական պատերազմների շրջանում Խ. ի–յան կազմում գոյատևող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական–տնտ եսական կյանքի ինքնուրույն բնագավառներ: Մնում էր գերագույն տիրապետողի վավերացումը, որը և կատարեց շահ Աբբաս I-ը 1603-ին՝ Խ. ի–յան գավառների իշխանավորներին օժտելով մելիքական (տես Մելիք, Մելիքություն հոդվածները) տիտղոսներով ու կոնկրետ իրավունքներով:

Գրկ. Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901, էջ 386: Բարխուտարյանց Մ., Պատմություն Աղվանից, հ. 1–2, Թ., 1900–1907: Կարապետ Եպիսկոպոս [Տեր–Մկրտչյան Կ.], Դոփյանք և Մելիք–Շահնազարյանք, Էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքության մասին), պրակ 2: Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե., 1975: Բ. Ոււլուբաբյան


ԽԱՉԵՆԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ, ավատական իշխանություն Արցախի Խաչեն գավառում: Ձևավորվել է XVI դ. 2-րդ կեսին և վավերացվել 1603-ին՝ Իրանի շահ Աբբաս I-ի հրովարտակով: Մելիքի տիտղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Ներքին Խաչենի տեր Ջալալը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանատոհմից տարընդոստնած Հասան–Ջալալի ժառանգներից: Վերջինիս անունով էլ Խ. մ–յան տերերը կոչվել են Հասան–Ջալալյաններ: Խ. մ. ընդգրկում էր Խաչեն գետի հովիտը: Սահմաններն էին. հս–ում՝ Թարթառի հովիտը (Վաղուհաս գյուղի մոտ), արլ–ում՝ Գյուլիստանի գավառը (Մատրակերտ գյուղի մոտ), հվ–ում՝ Բալուջա գետը, արմ–ում՝ Ռմբոստյան լեռները: Սահմանակից էր Ջրաբերդի, Գյուլիստանի, Վարանդայի և Ծարի մելիքություններին: Իշխանանիստն էր Խոխանաբերդը (Թարխանաբերդ):

Խ. մ. խամսայի մելիքություններից էր և թուրք, ու պարսկ. նվաճողների դեմ XVII դ. վերջին ու XVIII-ի սկզբին ձևավորված նրանց զինադաշնակցության ազդեցիկ անդամը: Խ. մ–յան տերերը հաճախ գլխավորել են Խամսայի երկիրը, իսկ XIV դ. 2-րդ կեսից՝ ժառանգաբար գրավել են նաև Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսական աթոռը: Խ. մ. գոյատևել է մինչև XIX դ. 1-ին քառորդը: Գրկ. Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, Երկ. Ժող., հ. 10, Ե., 1964: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Զ. Հարությունյան


ԽԱՉԵՆԻԿ ԱՆԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի հայ ճարտարապետ: Կառուցել է Արցախի Վարանդա գավառի Հացի գյուղի (այժմ՝ ԼՂԻՄ–ի Մարտունու շրջանում) մոտ գտնվող «Բռի եղցի» հուշարձանախմբի եկեղեցիներից մեկը և կերտել որմնափակ խաչքար: Եկեղեցին միանավ է, թաղածածկ՝ կառուցված սպիտակավուն կրաքարի անտաշ սալերից: Միակ՝ արմ. դուռն ունի քանդակազարդ շքամուտք: Ճարտարապետի անունը հիշատակող արձանագրությունները գտնվում են եկեղեցու մուտքի վերևում և որմնափակ խաչքարի հս. կողին: Մ. Հասրաթյան,


ԽԱՉԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Գուդաուրի լեռնանցք, Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայում, միացնում է Թերեքի և Արագվիի հովիտները: Բարձրությունը 2379 մ է: Կազմված է վերին յուրայի և ստորին կավճի ֆլիշներից: Տարածված են ալպյան մարգագետինները: Խ. լ–ով է անցնում Ռազմավիրական ճանապարհը (Օրջոնիկիձե–Թբիլիսի): Անվանումը՝ 1824-ին լեռնանցքի ամենաբարձր կետը ցույց տալու համար կանգնեցված քարե խաչից:

ԽԱՉԻԵՎ (Խաչիկյան) Արշակ Միքայելի (7.11.1874, Բաքու–13.3.1935, Թբիլիսի), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և սովետական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1902-ից: Հեղափոխական գործունեությունն սկսել է 1895-ից՝ Բաքվի տպարաններում: Առաջին անգամ բանտարկվել է 1895-ին, հեղափոխական թռուցիկներ և մարքսիստական գրականություն տարածելու համար: Հետագայում տարբեր քաղաքներում հեղափոխական ակտիվ գործունեություն ծավալելու համար Խ. բազմիցս (1903, 1904, 1906, 1910, 1913, 1915) բանտարկվել է: 1918-ին Բաքվի կոմունայում գլխավորել է պոլիգրաֆարդյունաբերությունը: 1921-ին գործուղվել է Հայաստան և նշանակվել, աշխատանքի ու սոցապահովության ժողկոմ՝ միաժամանակ գլխավորելով Հայաստանի արհմիությունների խորհուրդը: Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո Խ տեղափոխվել է Թբիլիսի և նշանակվել ՄՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի Անդրկովկասյան երկաթուղու լիազորի տեղակալ, որտեղ և աշխատել է մինչև իր կյանքի վերջը: Վ. Ավագյան


ԽԱՉԻԿ, գյուղ Հայկական ՄՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հարավ–արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո, հիվանդանոց: Դյուղում պահպանվել են Քարկոփի վանքը (IX դ.), Բերդաթաղ ամրոցը, Առնետ և Մռամոշի գյուղատեղիները, խաչքարեր:


ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԵՑԻ, Խաչիկ Ա Արշարունի (ծն. թ. անհտ.–992), Հայոց կաթողիկոս 973-ից: Նախապես եղել է Արշարունյաց եպիսկոպոսը, որի համար էլ Մ. Օրմանյանն անվանել է «Արշարունի»: Նպաստել է կաթողիկոսական աթոռը Արգինայում հաստատելուն: Բյուգանդական կայսրության արլ. շրջաններում հայ բնակչությունը հուն, դավանական ազդեցությունից զերծ պահելու համար Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ, օժանդակել պետականության ամրապնդման ուղղությամբ հայ Բագրատունիների ձեռնարկած միջոցառումներին: Կատարել է շինարարական աշխատանքներ (կաթողիկե եկեղեցի, մատենադարան՝ Արգինայում ևն):

Նկարում` Խաչիկ


ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑԻ [ծն. թ. անհտ., Անի - 1065, Թավբլուր (Երկրորդ Հայքում)], Հայոց կաթողիկոս՝ 1058-ից: Պետրոս Ա Գետադարձի հաջորդը և քրոջ որդին: Սովորել է Անիի դպրոցում: 1040-ական թթ. առաջին կեսին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել կաթողիկոսի օգնական: Բագրատունյաց թագավորությունը վերացնելուց (1045) հետո Բյուզանդ. կայսրությունը փորձել է բառնալ կամ բոլորովին իրեն ենթարկել նաև Հայոց կաթողիկոսությունը, որով կհեշտանար հայ ժողովրդին դավանափոխելու և հույների մեջ ձուլելու իր վաղեմի քաղաքականության իրագործումը: Այդ նպատակով 1047-ի սկզբին Պետրոս Գետադարձն ու Խ. Բ Ա. ձերբակալվել են, սակայն բռնությամբ հաջողություն չունենալով՝ բյուզանդ. իշխողներն ապրիլի սկզբին արձակել են նրանց: Համոզվելով, որ բռնությունները կշարունակվեն նաև հետագայում՝ Պետրոս Գետադարձը ապրիլի վերջին, Անիում Խ. Բ Ա–ուն կաթողիկոսական աստիճանով հայրապետական ձեռնադրություն է տվել և նշանակել տեղապահ, իսկ 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ, կաթողիկոսական օծմամբ թողել փոխանորդ: Վերադարձից հետո Պետրոս Գետադարձին արգելվել է Անի անցնել: Ստիպված նա հաստատվել է (1051-ին, այլ կարծիքներով՝ 1052 կամ՝ 1054-ին) Սեբաստիայում: Անիից այնտեղ է մեկնել նաև Խ. Բ Ա. և, որպես կաթողիկոսի աթոռակից, այնուհետև վարել հայրապետական գործերը: