Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Զերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանում: Խ. հ. արտադրվում են նաև Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում: Ժամանակակից Խ. հ. թողարկվում են ծրագրային կառավարման համակարգերով և հնարավորություն են տալիս լրիվ ավտոմատացնել մշակման պրոցեսը՝ ռեժիմների փոփոխմամբ, չափերի և մակերևույթների ստացման ճշգրտության ապահովմամբ ևն (տես Ծրագրային կառավարման հաստոցներ): Ա. Ճենտերեճյան


ԽԱՌԱՏԼՈՒ (1978-ին վերանվանվել է Արևաբույր), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան:


ԽԱՌԸ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, բուրժուական–ռեֆորմիստական տեսություն, ըստ որի՝ զարգացած կապիտալիստական երկրների էկոնոմիկան, պետության տնտեսական գործունեության մասշտաբների ընդլայնման պատճառով, մասնավոր ձեռնարկատիրական համակարգից վերածվել է միմյանց փոխադարձաբար լրացնող մասնավոր և պետական սեկտորներից կազմված խառը էկոնոմիկայի: Տեսությունը մշակել է Վ. Զոմբարտը XX դ. 20-ական թթ.: Խ. է. տ–յան ջատագովները պնդում են, որ ժամանակակից էկոնոմիկան հսկում են հասարակությունն ու մասնավոր ինստ–ները՝ իբր ժողովրդի «սոցիալական բարեկեցությունը» բարձրացնելու նպատակով, և որ բուրժ. պետության ֆունկցիաներում կատարված «հեղափոխության» շնորհիվ նրա տնտ. և սոցիալական գործունեությունը կարող է վերացնել կապիտալիզմի հակասությունները, ապահովել էկոնոմիկայի անճգնաժամ զարգացում, բարձր աճ և կայուն տեմպեր: Խ. է. ա. նենգափոխում է բուրժ. պետության տնտ. դերը, չափազանցնում պետ. սոցիալական միջոցառումների նշանակությունը: Անհիմն են նաև կապիտալիստների և բանվորների միջև ազգային հարստության ու եկամտի բաշխման հավասարեցման պնդումները:


ԽԱՌԸ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, պատրաստի պարարտանյութերի մեխանիկական խառնուրդ, որը պարունակում է բույսերին անհրաժեշտ երկու և ավելի սննդանյութեր: Հիմնական սննդանյութերի հարաբերությունը (N:P205:K2O) տարբեր կուլտուրաների և հողերի համար տարբեր է: Պատրաստում են գործարաններում, տնտեսություններում: Անհրաժեշտ է պահպանել պատրաստման կանոնները և ժամկետները: Խ. պ. պետք է լինեն համասեռ, սորուն: Կարելի է ավելացնել նաև միկրոտարրեր, հերբիցիդներ, պեստիցիդներ: Լավ խառնուրդ է ստացվում հատիկավորած պարարտանյութերից՝ խառնվում են համաչափ, կոշտեր չեն առաջացնում:


ԽԱՌՆ ԱԾԱՆՑՅԱԼ, տես Դիֆերենցիալ հաշիվ:


ԽԱՌՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ երեք վեկտորների, առաջինի և երկրորդի վեկտորական արտադրյալի և երրորդի սկալյար արտադրյալը: վեկտորների Խ. ա. նշանակվում է : Խ. ա. հավասար է վեկտորների վրա կառուցված զուգահեռանիստի ծավալին՝ վերցրած դրական նշանով, եթե եռյակը կողմնորոշված է ինչպես կոորդինատական միավոր վեկտորները, և բացասական նշանով՝ հակառակ դեպքում: Խ. ա. հավասար է զրոյի միմիայն այն դեպքում, երբ երեք վեկտորներն էլ զուգահեռ են միևնույն հարթությանը: Խ. ա. հավասար է վեկտորների կոորդինատներից կազմված երրորդ կարգի որոշիչին՝

Խ. ա. կախված է արտադրիչների կարգից.


ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, պրոմիսկուիտետ (լատ. promiscus – խառը, ընդհանուր), որևէ ամուսնական նորմայի կամ ընտանիքի ձևին նախորդող, սեռերի միջև ոչնչով չսահմանափակված հարաբերությունների ենթադրյալ փուլը բնորոշող տերմին: Անմիջականորեն չի դիտվել ո՝չ հնագույն ժողովուրդների, ո՝չ ժամանակակից հասարակության մեջ: Ի. Բախոֆենը Խ. նախապես անվանել է հետերիզմ (հուն, exatpa – ընկերուհի): Հետերիզմ տերմինը այժմ գիտության մեջ գործածվում է որպես որոշ ժողովուրդների մեջ խմբամուսնության առանձին վերապրուկների անվանում:


ԽԱՌՆԱՐԱՆ, հրաբխի երախ, որով վերջանում է հրաբխափողը Երկրի մակերևույթի վրա: Խ–ի առաջացումը կապված է հրաբուխների ակտիվ՝ գլխավորապես պայթյունային գործունեության հետ: Խ. գավաթաձև կամ ձագարաձև իջվածք է: Տրամագիծը հազվադեպ է գերազանցում 2–2,5 կմ: Խորությունը սովորաբար մի քանի տասնյակից մի քանի հարյուր մ է: Խ–ով են վերջանում ՀՍՍՀ հարյուրավոր կոնաձև հրաբուխների գագաթները:


ԽԱՌՆՎԱԾՔ (լատ. temperamentum, մասերի պատշաճ հարաբերակցություն), անհատի հոգեկան գործունեության դինամիկական հատկանիշների ընդհանուր բնութագիրը՝ ըստ հոգեկան պրոցեսների ու վիճակների, տեմպի, ռիթմի և ինտենսիվության: Խ–ի հիմնական բաղադրամասերն են. ա. անհատի ընդհանուր հոգեկան ակտիվությունը, որի դրսևորումներից են համառությունը, նպատակասլացությունը, ուշադրության կայունությունը ևն: բ. Հուզականությունը, որը բնորոշում է անհատի զգացմունքների ծագման յուրահատկությունները՝ տպավորվող լինելը, իմպուլսիվությունը և հուզական շարժունությունը (լաբիլություն): գ. էքստրավերսիան և հակադարձ որակը՝ ինտրովերսիան, ցույց են տալիս անհատի ակտիվության մոտիվացիայի աղբյուրը: դ. Խ–ի շարժողական բաղադրիչը (շարժումների արագություն, ուժ, կտրուկություն են)՝ ներհոգեկան վիճակների դինամիկայի դրսևորման միջոցները: Մարդու գործունեության դինամիկան պայմանավորված է նաև Խ–ի մյուս գծերով և դրդապատճառներով: Խ. նույնն է մնում, սակայն տարբեր մոտիվացվածության դեպքում գործում է տարբեր արագությամբ, ինտենսիվությամբ և հուզականությամբ: Դրանք հստակորեն դրսևորվում են անձի գերմոտիվացված գործունեության ձևերում (օրինակ, ստրեսի կամ ֆրուստրացիայի վիճակում): Խ. հիմնականում պայմանավորված է ժառանգականությամբ և սաղմնային զարգացման պայմաններով, այդ պատճառով էլ Խ–ի առանձնահատկություններն ուղղակիորեն կապված են օրգանիզմի (նյարդային համակարգություն, ներքին արտազատման գեղձեր) հատկանիշների հետ: Խ–ի և օրգանիզմի կապին առաջինն անդրադարձել է Հիպոկրատը: Նա այդ կապը պայմանավորում է օրգանիզմում շրջանառություն կատարող չորս հեղուկների՝ արյան, լեղու, լորձունքի (ավիշ) և սև մաղձի քանակությամբ: Արյան գերակշռման դեպքում անձի Խ. սանգվինիկ (տաքարյուն) է, լեղու՝ խոլերիկ (մաղձոտ), լորձունքի՝ ֆլեգմատիկ (սառնարյուն), իսկ սև մաղձի գերակշռման դեպքում՝ մելանխոլիկ (մելամաղձոտ): Խ–ի այս տիպերի հոգեբանական նկարագրությունը տվել է Ի. Կանտը («Անթրոպոլոգիա», 1789): Ըստ նրա սանգվինիկն աչքի է ընկնում հույզերի արագ հերթափոխմամբ, բայց մակերեսայնությամբ ու թուլությամբ, խոլերիկը՝ բռնկվող է և սրընթաց, մելանխոլիկի ապրումները խորն են ու տևական, իսկ ֆլեգմատիկը դանդաղկոտ է, հավասարակշռված, զգացմունքների թույլ դսևորումներով:

Խ–ի նյութական հիմքերի մասին հումորալ և մորֆոլոգիական տեսակետներ են առաջ քաշել Է. Կրեչմերը և Ու. Շելդոնը: Կրեչմերը Խ–ի տիպերը որոշել է ըստ մարմնի կառուցվածքի, իսկ Շելդոնը տարբերել է գիտական այլ ղասակարգարգում: Նա առանձնացրել է մարմնի կառուցվածքի («սոմատոտիպերի») երեք բնութագրող մեծություններ. 1. էնդոմորֆիզմ (ներքին խոշոր օրգանների փափկություն, մկանային ու ոսկրային թույլ զարգացած կառուցվածք), 2. մեզոմորֆիզմ (ոսկրա–մկանային կառույցների գերակշռում, աթլետիզմ և ֆիզիկական զգալի ուժ), 3. էլեկտրամորֆիզմ (մարմնի նրբագեղություն, խիստ արտահայտված մկանների բացակայություն, հարթ կրծքավանդակ): Կրեչմերի և Շելդոնի տեսակետների հիմնական թերությունը մարմնի տիպի և նյարդային համակարգի տիպի ու Խ–ի գծերի միջև գոյություն ունեցող կապերը խորությամբ չուսումնասիրելն է: Ի. Պավլովը առաջինը հիմնավորեց Խ–ի առանձնահատկությունների կախվածությունը կենտրոնական նյարդային համակարգից, իր իսկ հայտնաբերած հիմնական հատկանիշներով՝ գրգռման և արգելակման պրոցեսների ուժով, հավասարակշռվածությամբ և շարժունությամբ, որոնց կոմբինացիաները նա համապատասխանեցնում էր հիպոկրատյան տիպերին: Սովետական հոգեբանները (Բ. Տեպլով, Վ. Նեբիլիցին, Վ. Մեռլին և ուրիշներ), ելնելով Ի. Պավլովի դրույթներից, հաշվի են աոել,