Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցից այաոեղ է տեղափոխվել Սարդիս Ապրակունեցու վարդապետարանը և իր գոյությունը պահպանել ավելի քան 15 տարի: Այդ ժամանակ Խառաբաստի դպրոցում սովորում էին «60 կարգաւորք և ուսումնականք», որոնք հավաքվել էին Վասպուրականից և շրջակայքի գյուղերից: Դասասաց վարդապետներ էին Սարգիս Րաբունապետը, Վարդան Հոգոցվանեցին և Հովհաննես Որոտնեցու աշակերտ Գրիգոր Խլաթեցին: Այդ թվականներից հայտնի են՝ Ոսկեփորիկ (1391, գրիչ՝ Գրիգոր Խլաթեցի), «Մեկնութիւն հնգեմատենին Վարդանայ Արնելցւոյ» (1393, գրիչ՝ Մխիթար): Այստեղ Խլաթեցին խմբագրել է Հայսմավուրքը (1401) և Գանձարանը (1400): XV դարի սկզբին Մեծոփավանքի դպրոցի հաստատմամբ ընկնում է Խառաբաստի դպրոցի հեղինակությունը, բայց գրչական կյանքը կանգ չի առնում և աշխուժանում է հատկապես Գրիգոր Տաթևացու աշակերտ և Թովմա Մեծոփեցու դասընկեր Կարապետ վարդապետի առաջնորդության ժամանակ: Հայտնի են Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (1414, գրիչ՝ Սարգիս), նույնի «Քարոզգիրք»-ը (1418, գրիչ՝ Հակոբ), Մաշտոց (1443, գրիչ՝ Իգնատիոս), նույն գրչից՝ Հայսմավուրք (1457), Շարակնոց (1462, գրիչն անհայտ), ինչպես նաև 10 ձեռագիր, վերջինը՝ 1613-ից: Խ. գ. կ–ում են աշխատել նաև Հովհաննես, Մարգարա, Տիրատուր, Ստեփանոս գրիչները: Վանքը և նրա մատենադարանը կողոպտել են թուրքմ. ցեղերը, 1895-ին:

Գրկ. Ոսկյան Հ., Վանի–Վսապուրականի վանքերը, մաս 2, Վնն.. 1942, էջ 396–412: Ա. Մաթևոսյան


ԽԱՌԱԿՈՆԻՍ, Խարակոնիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակ գավառում, Արճակ լճի հյուսիս–արևելյան ափին: 1909-ին ուներ 200 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Թադևոս) և նախակրթարան (50 աշակերտով): Այս վարժարանը բացվել է 1879-ին: Խ–ի եկեղեցին և գերեզմանատունը ունեին 400–450 տարվա հնություն: Գյուղի շրջակայքում կային ավերակ եկեղեցի և մի քանի ուխտատեղիներ: Բնակիչները տեղահանվել են 1915-ին: Փրկվածները ռուս. զորքի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: Խ–ում են ծնվել Նահապետ Քուչակը և Նաիրի Զարյանը:


ԽԱՌԱՆ (հուն. Kappai), պատմական քաղաք Հս. Միջագետքում: Հիմնվել է մ. թ. ա. III հազարամյակում: Մ. թ. ա. XVII-XIII դդ. եղել ԷՄիտաննիի, մ. թ. ա. XIII–XII դդ.՝ Ասորեստանի կազմում: Մ. թ. ա. 610-ին Խ. նվաճել է Բաբելոնի թագավոր Նաբոպալասարը, մ. թ. ա. VI դ. 40-ական թթ.՝ Պարսկաստանը, այնուհետև գտնվել է Սելևկյանների, պարթևների, Հռոմի գերիշխանության տակ: Մ. թ. ա. 53-ին Խ–ի մոտ պարթևական զորքը ջախջախել է հռոմ. զորավար Մարկոս Կրասոսի զորքերին: Մ. թ. 166-ին հայտարարվել է ազատ քաղաք՝ Հռոմի հովանավորության տակ: Հետագայում գտնվել է Սասանյանների և արաբների տիրապետության տակ: XIII դ. մոնղոլների արշավանքների հետևանքով ավերվել է:

Նկ. 1. Երևանի Ֆ. Է. Զերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանի 16Բ16 խառատային հաստոցը Նկ. 2. Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանի 16Ս04Ա խառատային հաստոցը


ԽԱՌԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ, 1. պտտման մարմինների տեսք ունեցող շինվածքները շրջատաշմամբ մշակող հաստոցներ: Խ. հ. ըստ նշանակության, տեխնոլոգիական հնարավորությունների և այլ հատկանիշների լինում են ունիվերսալ խառատային և խառատա–պտուտակահան, խառատադարձուկային, բազմակտրիչ, պատճենահան միաիլ և բազմաիլ ավտոմատ, խառատա–կարուսելային և այլ տիպերի: Խ. հ–ով կատարվում են արտաքին գլանային, կոնական և ձևավոր մակերեվույթների շրջատաշում, ներքին մակերևույթների ներտաշում, ճակատամասերի մշակում, կտորահատում, կտրիչներով ու պարուրակիչներով արտաքին ու ներքին պարուրակների մշակում, անցքերի գայլիկոնում ևն: Ամենաշատ տարածված Խ. հ. ունիվերսալ խառատա–պտուտակահան հաստոցներն են (կան նաև մասնագիտացված և հատուկ Խ. հ.): Դրանց հիմնական հանգույցներն են հենոցը, առջևի կամ իլի թամբը, փոխովի ատամնանիվներով կիթառը, սուպորտը, գոգնոցը, ետին թամբը, արագ տեղաշարժերի հաղորդակը, հովացնող հեղուկի համակարգը, հաստոցի էլեկտրասարքավորումը: Հենոցը ծառայում է հաստոցի մյուս բոլոր հանգույցների տեղակայման համար: Նրա վրա ամրանում են առջևի թամբը և մատուցումների տուփը: Հենոցի երկարությամբ հատուկ ուղղորդիչներով տեղաշարժվում են ետին թամբը և սուպորտը: Հենոցը իր պատվանդաններով տեղադվում է հիմքի կամ թրթռամեկուսիչ հենարանների վրա: Առջևի թամբն ամրացվում է հենոցի ձախ մասի վրա և ծառայում է մշակվող շինվածքի ամրակապման ու դրան պտտական շարժում հաղորդելու համար: Առջևի թամբի մեջ հավաքվում են արագությունների տուփը, իլը իր հենարաններով, դարձափոխի, արգելակիչ և այլ մեխանիզմներ: Փոխովի ատամնանիվներով կիթառը տեղադրվում է հաստոցի ձախ ճակատամասի վրա՝ պահպանիչ պատյանի տակ և պտտական շարժումը առջևի թամբից հաղորդում մատուցումների տուփին: Մատուցումների տուփը ամրացվում է հենոցի առջևի մասի ձախ կողմին և պտտական շարժումը հաղորդում է ընթացքային պտուտակին կամ ընթացքային լիսեռին: Կիթառի և մատուցումների տուփի տարբեր լարումներն ապահովում են կտրող գործիքի մատուցումների անհրաժեշտ մեծությունները: Սուպորտը ծառայում է կտրող գործիքի ամրակապման և նրան անհրաժեշտ տեղաշարժեր հաղորդելու համար: Սուպորտի երկայնական սահնակի տեղաշարժը հենոցի ուղղորդիչներով ապահովում է կտրիչի երկայնական մատուցումները, իսկ լայնական սահնակի տեղաշարժը՝ երկայնական սահնակի համապատասխան ուղղորդիչներով՝ լայնական մատուցումները: Վերին սահնակը դարձող մասի հետ կարող է կենտրոնների առանցքի նկատմամբ տեղակայվել անկյան տակ: Սուպորտի երկայնական և լայնական տեղաշարժերը կատարվում են մեխանիկական հաղորդակով կամ ձեռքով: Գոգնոցը հենոցի առջևի կողմից ամրանում է սուպորտի երկայնական սահնակին և ծառայում ընթացքային պտուտակի կամ ընթացքային լիսեռի պտտական շարժումը սուպորտի ուղղագիծ շարժման փոխակերպելու և վերջինիս ուղղությունը փոփոխելու համար: Ետին թամբը ծառայում է մշակման ժամանակ նախապատրաստուկը կենտրոնում պահելու, ինչպես նաև անցքեր մշակելիս գայլիկոնիչ գործիքներն ամրացնելու համար: Արագ տեղաշարժերի հաղորդակը տեղադրված է հենոցի աջ ճակատին և ծառայում է սուպորտի պարապ ընթացքների ժամանակը կրճատելու համար: Այս հաղորդակը պտտական շարժումը հաղորդում է ընթացքային լիսեռին: Հովացնող հեղուկի համակարգը կիրառվում է տաշեղի և նախապատրաստուկի ու կտրող գործիքի համապատասխան մակերևույթների միջև շփումը փոքրացնելու, կտրման գոտուց ջերմությունը հեռացնելու համար ևն: Որպես կտրող գործիքներ Խ. հ–ում օգտագործվում են ճակատատաշ, կտորահատ, ներտաշ, ձևավոր, պարոլրակահատ կտրիչներ, ներպարուրակիչներ, արտապարուրակիչներ, գայլիկոններ, անցքալայնիչներ, անցքակոկիչներ ևն: Խ. հ–ի վրա նախապատրաստուկի ճշգրիտ տեղակայման և հուսալի ամրակապման համար կիրառվում են զանազան հարմարանքներ (կենտրոններ, կապիչներ, հենամահիկներ ևն): ՍՍՀՄ–ում արտադրում են տարբեր չափերի ունիվերսալ Խ. հ., որոնցով կարելի է մշակել մինչև 4000 մմ տրամագիծ և 20000 մմ երկարություն ունեցող նախապատրաստուկներ: Հայկ. ՍՍՀ–ում Խ. հ. սկսել են արտադրել 1945-ից: Հայ մասնագետներն առաջին խառատա–պտուտակահան հաստոցն ստեղծել են 1955-ին, Ֆ. Է.