Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոտիվները: Լուսանցքներում` գլխատառերի մոտ նկարված թռչունները և կենդանիները իրենց զուգահեռը չունեն ժամանակի հայկ. և բյուզանդական ձեռագրերում: Խորանները, ինչպես այդ ժամանակվա բյուզանդական ձեռագրերում, սյուների վրա ունեն ուղղանկյուն գլխազարդեր: Թռչունների, կենդանիների և ծաղկատերևների ռեալիստական վերարտադրությունը հմտորեն զուգակցված է ոճավորման հետ: Արևելյան ոճով են պատկերված Գագիկ թագավորը, Մարեմ արքայադուստրը և Գորանդուխտ թագուհին, որոնք ծալապատիկ նստած են գորգածածկ բազմոցին: Գորգը, նաև թագավորական ընտանիքի անդամների հագուստները զարդարված են սասանյան և մահմեդական մոտիվներով (երկարակնճիթ փղեր, թռչուններ և ծաղիկներ` մարգարտաշար շրջանների մեջ, վայրի խոյեր, թռչուններ` մեդալիոններում, արմավիկներ` մարգարտաշար ոլորազարդերում, հին արաբական «քուֆի» տառեր ևն): Արքայական ընտանիքի նկարը ցույց է տալիս Հայաստանը շրջապատող մահմեդական աշխարհի ներգործությունը հատկապես գործվածքեղենի զարդամոտիվներում և նստելու ձևում: Ավետարանական տեքստերի պատկերազարդումներում ինչպես վաղ շրջանի մի քանի այլ հայկ. ձեռագրերում, արտահայտված են կապերը Բյուզանդիայի հետ: Սակայն բյուզանդական մանրանկարներում շեշտված է Քրիստոսի տիրական, աստվածային էությունը, «Կ. Ա.»-ում` մարդկային–հուզական կողմը: «Կ.Ա.», առավել քան այդ շրջանի այլ ձեռագրեր, կրում է այն բոլոր սաղմերը, որոնք հետագայում զարգացան ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ կիլիկյան մանրանկարչության մեջ:
Պատկերազարդումը տես 408-409-րդ էջերի միջև` ներդիրում:
Գրկ .Tchobanian A., La Roseraie d’Arménie, t. 3, P., 1929; Der-Nersessian S., Armenia and the Byzantine Empire, Cambridge - Massachusets, 1945, p. 119 -120; Նույնի, L’art arménien, P., 1977, p. 109-114.
Վ. Ղազարյան.

ԿԱՐՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, վանանդի թագավորություն, ավատատիրական քաղաքական կազմավորում Հայաստանում, 963–1065-ին` հայ Բագ–րատունիների ճյուղերից մեկի գլխավորությամբ: Կոչվել է կենտրոնի` Կարսի կամ կենտրոնական գավառի` Վանանդի անունով: Հիմնադիրն է Մուշեղ Ա Բագրատունին: 961-ին մայրաքաղաքը Կարսից Անի փոխադրելուց հետո Աշոտ Գ Ողորմածը Կարսի կառավարիչ նշանակեց իր կրտսեր եղբորը` Մուշեղին: Վերջինս, օգտվելով Կարսի և գավառի տնտ. վերելքի շնորհիվ ստեղծված նպաստավոր պայմաններից, իրեն «թագավոր Կարուց» հռչակեց` ընդունելով Անիի Բագրատունիների թագավորության գերագահությունը: Այդ գերիշխանությունն ընդունել են նաև Մուշեղի հաջորդները՝ որդին` Աբասը, և թոռը` Գագիկ Աբասյան Կարսեցին: Այս վերջին գահակալը 1045-ից, Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից հետո, ինքն է դարձել տոհմի ավագ` «ազգապետ» և «շահնշահ»:
Կ. թ. ընդգրկել է շուրջ 10 հզ. կմ2 տարածություն՝ Մեծ Հայքի Այրարատ նահանգի արմ. մասը Երասխի (Արաքս) վերին հոսանքում, Ախուրյան գետի վերին ու միջին հոսանքները, Հյուսիսական ծովակի (Պաղակացիս, այժմ՝ Չլդըր լիճ) գոգահովիտը և սրան արմ–ից հարող Փոս գավառակը` մինչև Կուր գետը: Հիմնական տարածքը` Կարսի սարահարթը, բարձրադիր էր` խստաշունչ կլիմայով: Երկրամասը թեև բնատնտեսական ինքնամփոփ շրջան էր, սակայն Կ. թ–յան գոյության ընթացքում ունեցել է տնտ. ու մշակութային վերելք: Զարգացած էին երկրագործությունը, անասնապահությունը, պարտիզագործությունը, գինեգործությունը, հատկապես` լեռնագործությունը: Հայտնի էին պղնձի, արծաթի, երկաթի, արճճի, ինչպես և աղի հանքերը, որոնց հիման վրա Կարսում և մյուս քաղաքներում զարգացել էր արհեստագործությունը: Մեծրաց լեռների անտառները տալիս էին շինափայտ: Ծաղկող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքների (Կարս, Կաղզվան, Կողբ) վերելքին: Տնտ. խոշոր նշանակություն ուներ Աղտոձոր լեռնանցքը` Շատիկ ամրոցով, գտնվելով առևտրական ճանապարհների վրա` այն դարձել էր մաքսագանձման կետ, իսկ Կարսն իր հռչակավոր ամրոցով ուներ ռազմավարական մեծ նշանակություն:
Կ. թ. մեկդարյա գոյության ընթացքում հիմնականում վայելել է խաղաղություն` բարեկամական հարաբերություններ պահպանելով շրջակա հայ և այլազգի իշխանությունների հետ: Սակայն վերջին շրջանում Կ. թ–յան դեմ ոտնձգություններ են արել Բյուզանդական կայսրությունը և սելջուկները: Սելջուկները 1054-ին գրավեցին ու կողոպտեցին Կարսը, բայց Գագիկ Աբասյանին և Թաթուլ Վանանդեցուն հաջողվեց նրանց դուրս քշել երկրամասից (տես Վանանդի դիմադրություն 1054): Երբ 1064-ին սելջուկները կրկնեցին հարձակումը, Գագիկ Աբասյանը բռնեց նրանց սիրաշահելու ուղին, Ալփ–Արսլանի դեսպանների պատվին ճաշկերույթ տվեց և ժամանակավոր դաշն կնքեց: Սակայն, վախենալով սելջուկ–թուրքերի հետագա հարձակումներից, նա 1065-ին իր տիրույթները հանձնեց Բյուզանդիային` փոխարենը ստանալով Ծամնդավ, Կեսարիա և Խավատանեք քաղաք–ամրոցները: Սրանով վերացավ Կ. թ.:
Գրկ. Epeмин C. T., присоединение ceвepo-зaпадных областей Армении к Византии в XI веке, «ԼՀԳ», 1971, N° 3.
Ս. Երեմյան


ԿԱՐՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1921, Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) և քեմալական Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Կարսում, սեպտ. 26-ից մինչև հոկտ. 13-ը, կողմերի փոխհարաբերությունները կարգավորող պայմանագիր կնքելու նպատակով: Նախատեսված էր Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի պայմանագրով (տես Սովետա–թուրքական պայմանագրեր 1921, 1925): Սովետական պատվիրակության անդամներն էին` Ադրբ. ՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, պետ. վերահսկողության ժողկոմ Բ. Շահթախթինսկի (պատվիրակության ղեկավար), ՀՍՍՀ արտաքին գործերի ժողկոմ Ա. Մռավյան և ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյան, ՎՍՍՀ ռազմ. ու ծովային գործերի ժողկոմ Շ. Էլիավա և արտաքին գործերի ու ֆինանսների ժողկոմ Ա. Սվանիձե: Քանի որ Կարսում ճշգրտվելու էր Մոսկվայի պայմանագիրը, ըստ նրա 15-րդ հոդվածի, կոնֆերանսին մասնակցում էր նաև ՌՍՖՍՀ–ի ներկայացուցիչը` Յա. Գանեցկին, որին և միացյալ պատվիրակությունը ընտրեց նախագահ: Թուրք. պատվիրակության կազմն էր. Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազըմ Կարաբեքիր (նախագահ), Վելի բեյ, Մուխթար բեյ, Մեմդուհ Շևքեթ բեյ (Թուրքիայի ներկայացուցիչը Ադրբեջանում):
Անտեսելով Մոսկվայի պայմանագիրը, Թուրքիան, դեռևս մինչև Կ. կ., տարբեր պատրվակներով ձգձգում էր բանակցությունները, աշխատում էր կնքել առանձին պայմանագիր անդրկովկասյան հանրապետություններից յուրաքանչյուրի հետ, ուզում էր իր պայմանները թելադրել ՀՍՍՀ–ին և նրան պարտադրել արդեն չեղյալ հայտարարված՝ 1920-ի հայ–թուրք. պայմանագրի հոդվածները (տես Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920):
Կ. կ–ում ևս թուրք, պատվիրակությունը փորձեց պառակտել սովետական միասնական պատվիրակութունը` հայտարարելով, որ ինքը նրանց կդիտի որպես Անդրկովկասի երեք հանրապետությունների առանձին պատվիրակություններ և կկնքի առանձին պայմանագրեր: Սովետական պատվիրակներն անդրդվելի մնացին այդ կարևոր քաղ. հարցում, և թուրք. կողմը ստիպված զիջեց` կնքելով միասնական պայմանագիր (տես Կարսի պայմանագիր 1921) անդրկովկասյան միացյալ պատվիրակության հետ: Դրանից բխեց կոնֆերանսի մեկ այլ կարևոր որոշումը` Թուրքիան առևտրական պայմանագիր էր կնքում ոչ թե առանձին հանրապետությունների, այլ Անդրկովկասի արտաքին առևտրական միավորման հետ: Կ. կ–ում Թուրքիան փորձեց իր խնամակալությունը հաստատել Բաթումի և Նախիջևանի մարզերի նկատմամբ` պահանջելով քննարկել նրանց ինքնավարության պայմանների հարցը: Մասնավորապես նա ձգտում էր իրեն վերապահել Բաթումի նավահանգստի տնտ. սերվիտուտի իրավունքը և, հակառակ Մոսկվայի պայմանագրի, այն վերածել մի տեսակ «ազատ» քաղաքի: Այս հարցում նա անհաջողության մատնվեց: Թուրքիան միջամտեց նաև ՀՍՍՀ և Նախիջևանի միջև սահմանի որոշմանը, պահանջելով, որ Նախիջևանի նկատմամբ հաստատվի Ադրբեջանի պրոտեկտորատ, Ադրբեջանը Թուրքիային մատակարարի ավելի մեծ քանակությամբ նավթ ևն: Թուրքիան հրաժարվեց ընդառաջել Անդրկովկասի հետ իր սահմանները փոքր–ինչ փոփոխելու, նույնիսկ Անի քաղաքի ավերակները Սովետական Հայաստանին վերադարձնելու սովետական առաջարկներին: