Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում Ա. Ղ. Խարազյան

է կազմակերպել Թիֆլիսում և Բաքվում: 1906-ին մեկնել է Փարիզ, հետևել ժ. Մունե Սյուլիի, Ս. Բեռնարի, Ա. Անաուանի և Գ. Ռեժանի արվեստին, աշակերտել Պ. Մունեին: 1903-ին Թիֆլիսում հիմնել է «Նոր դրամա» թատերախումբը, հյուրախաղերով շրջագայել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի հարավի հայաշատ կենտրոններում: 1915–1918-ին ղեկավարել է «Աշակերտա–ուսանողական դրամատիկ ընկերության», Զուբալովի ժող. տան թատերախմբերը, 1918-ին՝ Կաշեգործների միության բոլշևիկյան թևի հիմնած՝ «Պրոլետկուլտ» գրական–գեղարվեստական խմբակի (նախագահ՝ Ա. Վարդանյան) բանվորական թատերախումբը: 1920-ին Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական) կազմակերպել է սովետական առաջին թատրոններից մեկը, 1921-ի փետրվարին՝ Երևանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՄՀ Քաղլուսվարի, 1925-ին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը: Վերջինս 1926-ից կոչվել է Գյուղշրջիկ թատրոն, 1928-ին վերանվանվել Պետական շրջիկ թատրոն (1933-ից Խ–ի անվան, տես Ամո Խարազյանի անվան պետական շրշիկ թատրոն): 1949-ից աշխատել է Էջմիածնում (թատրոնը փակվել է 1952-ին): 1955-ի դեկտ. 26-ից Խ–ի անունով է կոչվել Արտաշատի պետական թատրոնը: Խ. իր ղեկավարած տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 300 դեր: Լավագույն բեմադրություններից են՝ Յանովսկու «Ցասում»-ը (1930), «Հացի խնդիրը» (ըստ Պ. Պռոշյանի, 1936), «Փոստակայանի վերակացուն» (ըստ Պուշկինի, 1937), Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»-ը (1940): Խ–ի լավագույն դերերից են՝ էլիզբարով (Շիրվանզադեի «Պատվի համար»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Ցագոր (Մդիվանու «Հայրենիք»): Բեմականացումների («Փոստակայանի վերակացուն», ըստ Պուշկինի, «Հացի խնդիր», ըստ Պ. Պռոշյանի, «Փոթորկածիններ», ըստ Ն. Օստրովսկու), պիեսների թարգմանությունների հեղինակ է: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով:

Գրկ. Գուլազյան Օ., Հուշեր, Ե., 1957: Սարգսյան Ս.Հ., Ամո Խարազյան, Ե., 1959: Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: Ս. Սարգսյան

Նկարում` Ա. Խարազյանը Ուրիել Ակոսատյի դերում (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»)


ԽԱՐԱԶՅԱՆ Սարգիս Մացակի [ծն. 15.6. 1923, գ. Կուրթան (ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ: 1941-ին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը: Այնուհետև աշխատել է տարբեր տեղերում, 1947–52-ին նավաշինարար–բանվոր էր Փոթի քաղաքում: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1952-ին: Հեղինակ է 10-ից ավելի ժողովածուների («Վերադարձեք, թռչուններ», 1957, «Գարնան առավոտ», 1958, «Բանաստեղծի աշխարհը», 1963, «Միջօրեի զանգեր», 1967, «Տարիների միջով», 1973, «Մասրենի», 1974, «Դեպի հեռուն», 1977, ևն):


ԽԱՐԱԿԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ 173 (34 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին): Խ–ի արմ. կողմում, Վանա լճի մոտ, նշմարվում էին Քրմանց կոչվող գյուղի ավերակները: Ըստ ավանդության այդ գյուղում ապրել են արհեստավոր քրմեր, որոնք նույն գավառի Աստվածաշեն գյուղում եղած հեթանոս աստվածների արձանների համար պատրաստել են թագեր, և գյուղը ստացել է Քրմանց անունը: Այնուհետև այդ թագերը զարդարել են խառն ակներով, և այստեղից առաջացել է Խառնականց անունը, որը, աղավաղվելով, դարձել է Խարականց: Խ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

Նկարում` Խարակտրոնում նշանի պատկերի առաջացման սկզբունքը


ԽԱՐԱԿՏՐՈՆ [< հուն, χάράχτήρ – պատկեր և (էլեկ/տրոն)], նշանային ինդիկատորային էլեկտրոնաճառագայթային խողովակ՝ էկրանի վրա տառեր, թվեր և այլ նշաններ պատկերելու համար: Ստեղծվել է 1941-ին, ԱՄՆ–ում: Էլեկտրոնային ճառագայթը, անցնելով մետաղե սկավառակաձև մատրիցայի՝ տարբեր նշանների ձևով փորված անցքերից որևէ մեկով, ձևավորվում, ստանում է համապատասխան նշանի տեսք (նկ.): Կախված Խ–ի կառուցվածքից, նշանների ընտրությունը (այսինքն՝ թե ճառագայթը որ նշանի միջով պետք է անցնի), էկրանի տարբեր մասերում դրանց արտապատկերումը և էկրանի վրա տեղաշարժը իրագործվում են էլեկտրաստատիկ կամ էլեկտրամագնիսական դաշտերի օգնությամբ: Ըստ խողովակի նշանակության, Խ–ները լինում են երկարատև (5–10 վրկ) և կարճատև (10–20 մկվրկ) ետլուսարձակող էկրաններով: Պատկերվող նշանի չափերը որոշվում են կիզակետ–էկրան հեռավորությամբ և սովորաբար ունենում են 2–5 մմ բարձրություն, նշանի գծի հաստությունը 0,5 մմ է: Խ. օգտագործվում է ինֆորմացիայի արագ և ակնառու ցուցադրման համար, ինչպես նաև որպես ցուցադրական սարքերի (օրինակ՝ օդանավակայանի շրջանում օդային իրադրությունը ցույց տվող սարքերի) ինդիկատոր:


ԽԱՐԱՁԵ Եվգենի Կիրիլի (ծն. 31.10.1907, Թբիլիսի), վրացի սովետական աստղաֆիզիկոս: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1979), ՎՄՄՀ ԳԱ ակադեմիկոս (1950), 1978-ից՝ ՎՍՍՀ ԳԱ պրեզիդենտ (1972–77-ին՝ փոխպրեզիդենտ): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Եղել է Թբիլիսիի համալսարանի աստղագիտության ամբիոնի վարիչ (1936), ռեկտոր (1959-65), Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ (1976): Խ. աստղագիտության հիմնադիրն է Սովետական Վրաստանում: 1932-ից գլխավորում է իր ղեկավարությամբ ստեղծված Աբասթումանի աստղադիտարանը: Աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կառուցվածքի և նրանում միջաստղային կլանող նյութի բաշխման, աստղերի սպեկտրալ դասակարգման խնդիրներին: Կարևոր արդյունքներ է ստացել նաև փոփոխական աստղերի, աստղադիտակների և աստղագիտական կլիմայի ուսումնասիրության բնագավառում: ՍՍՀՄ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով: Լ. Միրզոյան


ԽԱՐԱՄ, 1. մետալուրգիական, մետաղների հալման ժամանակ ստացվող հալույթ: Պինդ վիճակում Խ. քարանման կամ ապակենման նյութ է: Հավաքվելով հալված մետաղի մակերևույթին՝ Խ. մետաղը պաշտպանում է վառարանի գազային միջավայրի վտանգավոր ներգործությունից, մաքրում հալվածքը խառնուկներից և կատարում մի շարք ֆիզիկաքիմիական ֆունկցիաներ: Ուստի, հալման պրոցեսում խարամային ռեժիմը պետք է պահպանվի: Խ. լինում է հիմնային և թթվային, երկաթային և վերականգնող: Հատուկ խարամահալման վառարաններում ստանում են սինթետիկ խարամ: 2. Վառելիքային, շոգեկաթսաների հնոցներում պինդ վառելիքի այրման ժամանակ ստացվող օջախային մնացուկներ: Խ. հիմնականում կիրառվում է շինարարության մեջ:


ԽԱՐԱՄԱԲԵՏՈՆ, տես Թեթև բետոն:


ԽԱՐԱՄԱՅԻՆ ԿՈՆ, փոքր հրաբուխ, որն առաջանում է կարճատև, պայթյունային հրաբխային գործունեության հետևանքով: Խ. կ. հրաբխի ելքի շուրջը առաջացած բեկորային նյութի կոնաձև կուտակումն է՝ ներկայացված հրաբխային խարամով և ավազով: Բարձրությունը մի քանի տասնյակ մ.-ից մի քանի հարյուր մ է, հիմքի տրամագիծը՝ մի քանի կմ: Խ. կ–երը հայտնի են ժամանակակից հրաբխային մարզերում: Լայնորեն տարածված են ՀՍՍՀ–ում: Խ. կ–երի հիման վրա մեր