Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանրապետությունում կազմակերպված է խարամի և ավազի արդյունահանում:


ԽԱՐԱՄԱՅԻՆ ՊԵՄԶԱ, թերմոզիտ, արհեստական ծակոտկեն լցանյութ: Նստացվում է մետալուրգիական խարամը օդի օգնությամբ փքելով (այնուհետև այն արագ սառեցնում են): Խ. պ–ից պատրաստված խճի ծավալային զանգվածը 475–850 կգ/մ3 է, ավազինը՝ մինչև 1200 կգ/մ3: Օգտագործում են թեթև բետոններ, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ պատրաստելիս:


ԽԱՐԱՄԱՏԵՄԵՆՏ, տես Ցեմենտներ:


ԽԱՐԱՅԻՆ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Charophyta, Charophyceae), ջրիմուռների բաժին: Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են: Նման են փոքր ծառերի: Խ. ջ–ի թալոմը բաժանված է հանգույցների և միջհանգույցների, որոնք նման են բարձրակարգ բույսերի օրգաններին, սակայն ոչ մի ընդհանրություն չունեն միմյանց հետ: Հայտնի է 300 տեսակ, 6 ցեղ, ՍՍՀՄ–ում՝ 45 տեսակ: Բազմանում են վեգետատիվ և սեռական ճանապարհով: Առաջինը կատարվում է ջրիմուռից կտրված մասերով, միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկներով, որոնք գոյանում են տիղմի մեջ ընկղմված ընձյուղի վրա: Սեռական բազմացման օրգանները բազմաբջիջ են: Սպորների միջոցով անսեռ բազմացումը բացակայում է: Աճում են քաղցրահամ ջրամբարներում, մաքուր, հանգիստ ջրերում:


ԽԱՐԱՆՈՒՄ, դաղում, 1. կաուտերացում (ուշ. լատ. cauterisatio, հուն, χαύτήρ - շիկացած երկաթ), բուժիչ նպատակով ջերմային, քիմիական, էլեկտրական և ճառագայթային այրվածքների առաջացում: Կիրառում են մաշկի փոքր ուռուցքները, գորտնուկները քայքայելու, ինչպես նաև դաջվածքները վերացնելու նպատակով:

2. Ցզյու, ասեղնածակում, չինական ժող. բժշկության մեթոդ, որի նպատակն է մաշկի կետավոր այրվածքների առաջացումը: Ասեղնաբաժության տեսակներից է (չժեն–ցզյու–թերապիա): Հիմնական ցուցումները՝ նևրոզներ, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, հենաշարժական ապարատի հիվանդություններ:


ԽԱՐԱՊՊԱ, հնագույն քաղաք (մ. թ. ա. Ill–II հազարամյակներ) Արևմտյան Պակիստանում, Խարապպայի քաղաքակրթության գլխավոր կենտրոններից: Խ–ի զարգացման հիմնական փուլերը որոշվել են Մոհենշո–Դարոյի (Պակիստանում), Ռուպարի (Հնդկաստանում) և այլ հնավայրերի ուսումնասիրությունների հիման վրա: Խ. հետազոտվում է 1921-ից: Պեղումներ են կատարվել հիմնականում քաղաքի տարածքից դուրս գտնվող միջնաբերդի շրջանում: Հայտնաբերվել են պաշտպանական հզոր կառույցներ, թրծած աղյուսից հացահատիկի հորեր, ալրաղացներ, ծառաների, ստրուկների բնակելի շենքեր: Խ–ի բնակիչներին հայտնի էր երկաթը: Խիսա զարգացած էին բրոնզագործությունը, խեցեգործությունը և այլ արհեստներ: Գտնված են Հնդկաստանի հնագույն, դեռևս չվերծանված գրերով կնիքներ: Ավերակների գրաված տարածքի հիման վրա ենթադրվում է, որ Խ. եղել է Հնդկաստանի հնագույն պետություններից մեկի մայրաքաղաքը:


ԽԱՐԱՊՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ Ինդոսի հովտում, մ. թ. ա. մոա III հազարամյակ – մ. թ. ա. XVII–XVI դդ. բարձր զարգացած քաղաքակրթություն Հյուսիս–Արևմտյան Հնդստանում: Այժմյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Խ. ք. տարածված է եղել ոչ միայն Ինդոսի հովտում, այլև ընդգրկել է արմ.–արլ.՝ Սուտկագան–Դորից (Պակիստան) մինչև Ալամգիրպուր (Հնդկաստանի Ուտտար–Պրադեշ նահանգ), հս.-հվ.՝ Ռուպարից (Փենջաբ) մինչև Գուջարատ (Հնդկաստան) ընկած երկրամասերը: Խ. ք. գրավել է առավել մեծ տարածք, քան Նեղոսի հովտի և Միջագետքի քաղաքակրթությունները միասին: Խ. ք–յան հնավայրերից առավել արժեքավոր են Խարապպան, Մոհենշո–Դարոն, Չանհու–Գարոն՝ Պակիստանում, Լոտհալը, Կալիբանգանը և Ռուպարը՝ Հնդկաստանում: Խ. ք. ստեղծող ժողովուրդը, որն զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ, կերտել է արվեստի հոյակապ նմուշներ, ունեցել սեփական գիր, բնակվել է լավ հատակագծված քաղաքներում ու գյուղերում:

Խ. ք–յան քաղաքներին առավել բնորոշ են ուղիղ, միմյանց հատող, հս.–հվ. և արլ.–արմ. ձգվող փողոցները: Տները կառուցվել են թրծած աղյուսներով, գյուղերում և փոքր բնակավայրերում օգտագործվել է նաև հում աղյուս: Խ. ք–յան խոշոր կենտրոններն ունեցել են միջնաբերդ, որը երբեմն (օրինակ՝ Խարապպայում) շրջափակվել է ներսից հում, դրսից՝ թրծած աղյուսե, հանգուցային կետերում՝ աշտարակներ ունեցող հաստ պատով: Պարզված է, որ Խ. ք–յան բնակիչները պատրաստել են բամբակե գործվածքներ, պղնձե և բրոնզե գործիքներ, տնտ. և կենցաղային այլ առարկաներ, զենքեր, նախշազարդ բազմապիսի խեցեղեն: Զարգացման բարձր մակարդակի վրա են եղել քանդակագործությունը և կնիքի փորագրությունը: Կենցաղային առարկաների վրա հայտնաբերված արձանագրությունները, որոնք գրված են աջից ձախ, դեռևս վերծանված չեն: Կրոնական պաշտամունքները եղել են բազմազան, հրո զոհասեղանի առջև կատարվող ծիսակատարությունից բացի, հավանաբար, պաշտվել է նաև Շիվա աստծո նախատիպը, երկրպագվել են ծառերը, կենդանիները: Նկատի առնելով, որ Խ. ք–յան հասարակությունը բազում ընդհանրություններ է ունեցել Շումերի հասարակության հետ, ենթադրվում է, որ Խ. ք. եղել է վաղ դասակարգային հասարակություն՝ ստրկատիրական կացութաձևով: Խ. ք–յան քաղ. կարգը, ըստ երևույթին, հին արլ. տիպի բռնապետություն էր:

Գրկ. Маккей Э., Древнейшая культура долыны Инда, пер. с англ., M., 1951; Чайлд Г., Древнейший Восток в свете ховых раскопок, пер. с англ., М., 1956.


ԽԱՐԱՋ (արաբ. ծախսեր, միջոցներ), հողահարկ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում: Մասանյանների պետության մեջ կոչվել է խարագ և վճարվել հիմնականում բնահարկի ձևով՝ բերքի 0,3-ի, նույնիսկ 0,5-ի չափով: Արաբ. խալիֆայությունում, սկզբնական շրջանում (VII դ.), Խ. նշանակում էր ընդհանրապես հարկ, որ գանձվում էր նվաճված ոչ մահմեդական ժողովուրդներից, սակայն, VIII դ. արդեն իբրև հողահարկ, Խ. վճարել են բոլորը՝ անկախ կրոնական պատկանելությունից: Մահմեդական հողատերերը հաճախ վճարել են ուշր (տասանորդ) և խուսափել Խ–ից: Աբբասյանների ժամանակ Խ. վերջնականապես ստացել է նեղ իմաստով հողահարկի նշանակություն, վճարվել է երկու ձևով (Խ. միսահա և Խ. մուկասամա): Առաջինը գանձվել է պետ. հաշվառման ենթարկված կալվածներից՝ դրամական հարկի և բնահարկի ձևով, երկրորդը՝ ըստ հողի որակի, ոռոգման պայմանների և կազմել է բերքի 0,25, 0,3 կամ 0,5 մասը: Այն հողերը, որոնցից Խ. է վերցվել, կոչվել են խարաջային: Խ–ի և ընդհանրապես հարկերի վերաբերյալ կային հատուկ մատյաններ, ինչպես նաև իրավագիտական ժողովածուներ: Ա. Տեր–Ղևոնդյան


ԽԱՐԱՎԱՆՔ, Ղաչավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի օկրուգում, Կաղզվանից 8 կմ հարավ, Երասխ գետի աջ ափին: XIX դ. վերջին ուներ 177 (23 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար սրբատաշ քարից կառուցված եկեղեցի, շրջակայքում՝ հին գերեզման՝ 1056-ի տապանաքարերով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ:


«ԽԱՐԱՎԳԻ» («χάράύΎή» – «Արշալույս»), հունարեն օրաթերթ: Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության (նախկին կոմունիստական կուսակցություն) օրգանը: Լույս է տեսնում 1956-ից, Նիկոզիայում:


ԽԱՐԱՓԱԽԱՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում: 1909-ին ուներ 47 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:

նկարում` Խարբերդը մինչև եղեռնը


ԽԱՐԲԵՐԴ (հուն. Խարպոտե, ասոր. Քորդբերդ, թուրք. Խարպութ, Խարբութ), քաղաք Արևմտյան Հայաստանում, այժմ Թուրքիայի Էլյազըգ վիլայեթում։ Գտնվում է Խարբերդի դաշտում, սարահարթի վրա, Արածանիի ձախ ափին: Ըստ որոշ հետազոտողների, Խ. Ստրաբոնի հիշատակած Կարկաթիա–