Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դամներից և բարձր պաշտոնյաներից բացի, իբրև առանձին սոցիալական խավ, հանդես էին գալիս զինվորները և քրմերը: Կար բնակչության միջակ և հողազուրկ ազատ դաս: Ստրուկները կազմել են համեմատաբար փոքր թիվ: Ազատների և ստրուկների միջև կար ռազմագերիների միջանկյալ խավ, որոնց տվել են հողաբաժիններ: Քաղաքների և գյուղերի բնակիչները ապրում էին համայնքներով: Խ. պ–յան կազմի մեջ մտել են բազմաթիվ կիսանկախ թագավորություններ, որոնցից շատերը կառավարել են թագավորական տոհմի անդամները:

Խ. պ–յան տնտեսությունը հիմնված էր անասնապահության և հողագործության վրա: Հողագործությունը զարգացած էր գետերի հովիտներում, իսկ անասնապահությունն ուներ կիսաքոչվորական բնույթ: Զարգացած էր արհեստագործությունը (թեև մետաղամշակությունը սահմանափակ էր) և առեաուրը: Առևտրականներն օգտվում էին հատուկ արտոնություններից: Խ. պ–յան ռազմ. հզորության հիմքը ռագմակառքերով բանակն էր:

Գրկ. Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933: Դյակոնով Ի. Մ., Խեթերը, փռյուգացիները և հայերը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1956, № 11: Менабде Э. A., Хеттское общество, Tб., 1965; Довгло Г. И., К истории возникновения государством Минск, 1968; Замаровский В., Тайны хеттов, M., 1968; Хачатрян . Н., Восточные провинции хеттской империи, E., 1971; Gotze A., Kleinasien, Miinchen, 1957; Friedrich I., Die he’thitische Gesetze, Leiden, 1959; Gurney O., The Hittites, LM 1961. Վ. Խաչատրյան


ԽԵԹԵՐ, հաթեր, հնագույն ժողովուրդ Փոքր Ասիայում: Խ. իրենց ցեղակից լուվիացիների և պալայացիների հետ մ. թ. ա. XXV դ. Բալկաններից (որոշ ուսումնասիրողներ ենթադրում են՝ Կովկասից) թափանցել են Փոքր Ասիա և Հալիս գետի ավազանից դուրս մղել տեղաբնիկ խատտերին (հաթերին), որոնց անունը հետագայում դարձել է Խ–ի էթնոսի և երկրի (Հաթի, Խատտի) անվանումը: Գիտական գրականության մեջ գործածվող «խեթեր» անվանումը վերցված է Աստվածաշնչի «քեթ» ձևից: Մ. թ. ա. XIX–XVII դդ. Խ–ի մոտ ձևավորվել է դասակարգային հասարակություն, մ. թ. ա. XVIII դ.՝ սկզբնավորվել Խեթական պետությունը: Խեթական պետության կործանումից հետո ասորեստանյան, ուրարտական և հին արլ. այլ աղբյուրներում Կիլիկիայի արլ. մասը, Հյուսիսային Ասորիքի Կարքեմիշի շրջանը հիշատակվում են որպես Խ–ի երկրներ: Հետագայում Կարքեմիշի շրջանի Խ. արաբացել են, Կիլիկիայի արլ. մասում բնակվող Խ.՝ հայացել: Նախկին Վատտին մտել է Փռյուգիայի կազմի մեջ, իսկ բնակիչները՝ Խ., որոնք անտիկ աղբյուրներում հիշատակվում են «սպիտակ ասորիներ» անունով, հետագայում, հավանաբար, հունացել են:

Գրկ. տես Խեթական պետություն հոդվածի գրականությունը: Վ. Խաչատրյան


ԽԵԹԵՐԵՆ, «խեթերեն» անվամբ հայտնի են Փոքր Ասիայի հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթա–լուվիական խմբին պատկանող երկու բնիկ լեզուներ: 1. Սեպագրային Խ. (հեթիթերեն), կոչվում է նաև նեսերեն (նեսիտերեն)՝ Հին խեթական թագավորության մայրաքաղաք Նեսասի անունով: Փոքր Ասիայում հայտնաբերված սեպագիր արձանագրություններից (մ. թ. ա. XVII–XIII դդ.) հնագույնները ամենահինն են հնդեվրոպական լեզուներից պահպանված հուշարձանների մեջ: Ըստ նորագույն ուսումնասիրությունների, Խ. և նրան ցեղակից լեզուները (տես Խեթաչուվիական լեզուներ) ծագել են մեկ մայր անատոլիական լեզվից, որը տեղաբաշխված է եղել Փոքր Ասիայի հվ. շրջաններում: Մասնագետները այս շրջանները համարում են հնդեվրոպական նախալեզվի բնօրրան: Խ–ում պահպանված են հնդեվրոպական շատ բառեր, բառակազմական համակարգը հնդեվրոպական է, ունի հնդեվրոպական կոկորդային հնչյունը: Կա գոյականների քերականական երկու սեռ՝ ընդհանուր և միջին (չկա իգական–արական հակադրություն), երկու թիվ (եզակի, հոգնակի), նախապես ունեցել է յոթ, ապա՝ վեց հոլով, հոլովման համակարգում հակադրվում են ուղղականի, հայցականի հիմքերը մյուս հոլովների հիմքերին: Բայն ունի ներկա և անցյալ ժամանակներ: Խ. առաջին անգամ ուսումնասիրել ու վերծանել է չեխ գիտնական Բ. Հրոզնին: 2. Գաղափարագրային (հիերոգլիֆային) Խ., տարածված է եղել Փոքր Ասիայում և Ասորիքում: Ավանդված է գաղափարագրերով գրված կնիքային նիշերի ու արձանագրությունների մեջ (մ. թ. ա. XVI–XIII դդ.): Ռ. Իշխանյան

Նկարում` Սիբիրական խեժափիճի. ա. ճյուղը, բ. միամյա ընձյուղը, գ. սերմը


ԽԵԺԱՓԻՃԻ (larix), կվենի, սոճազգիների ընտանիքի փշատերև ծառերի ցեղ: Խոշոր, տերևաթափ ծառեր են, բարձրությունը՝ 30–35 մ: Սաղարթը կոնաձև է, տերևներն ասեղնաձև, երկարացած ընձյուղների վրա տեղադրված են զսպանակաձև, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով: Սերմնակոները կլորավուն են կամ երկարավուն: Սերմերը մանր են, թևավոր, հասունանում են առաջին տարում, սակայն տարածվում են աշնանը կամ հաջորդ գարնանը: Բացված կոները 2–3 տարի կարող են մնալ ծառերի վրա: Խ. լուսասեր, խոնավասեր բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ: Հայտնի է 25 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի ցուրտ շրջաններում: ՍՍՀՄ տարածքում աճում է Խ–ու 4 տեսակ, առավել տարածված են Գմելինի կամ դաուրյան Խ. և սիբիրական Խ.: Հայաստանի բնական անտառներում Խ. չի աճում, սակայն նախալեռնային որոշ շրջանների արհեստական տնկարկներում և պուրակներում կարելի է հանդիպել Խ–ու որոշ ինտրոդուկցված տեսակների (եվրոպական, սիբիրական, ճապոնական): Խ. ապրում է մինչև 400 տարի: Բնափայտն ամուր է, առաձգական, դիմացկուն, օգտագործվում է ստորջրյա կառույցներում, նավաշինության, կահույքի, թղթի, ցելյուլոզի արդյունաբերության մեջ ևն: Խ–ու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր տերպենտին, որից ստացվում է բևեկնայուղ և բևեկնախեժ: Կեղևն օգտագործում են որպես դաբաղող նյութ: Դեկորատիվ նպատակով աճեցվում է այգիներում, պուրակներում:


ԽԵԺԵՐ, լինում են բնական և սինթետիկ: Բնական Խ. պինդ նյութեր են, որոնք առաջանում են խեժատու բույսերում բնականոն ֆիզիոլոգիական փոխանակության, ինչպես նաև վնասվածքների դեպքում: Բնական Խ. կազմում են փշատերև բույսերի հյութի հիմնական մասը (65%), առավել հարուստ են արևադարձային բույսերը: Բնական Խ. չեն լուծվում ջրում, լուծվում կամ ուռչում են օրգ. լուծիչներում, ընդունակ են առաջացնելու բարակ թաղանթներ: Տաքացնելիս փափկում են ու հալվում: Այրվում են մրոտ բոցով: Մի քանիսը հիմքերի ազդեցությամբ ենթարկվում են օճառացման: Բնական Խ–ի մեծամասնությունը ամորֆ և տարբեր գույնի, օրինակ, դեղնանարնջագույն (դեղնախեժ), կարմիր (վիշապի արյուն), դարչնագույն (դոճախեժ), դեղինից մինչև մուգ դարչնագույն (բևեկնախեժ, սաթ) նյութեր են: Մի քանիսն ունեն բնորոշ հոտ ու համ (օրինակ խունկը): Բնական Խ–ի բաղադրության մեջ մտնում են խեժաթթուներ, մեկ կամ բազմատոմ խեժասպիրտներ (ռեզինոլներ), խեժաթթուների, խեժասպիրտների կամ միատոմ ֆենոլների էսթերներ ու եթերներ, որոշ իներտ նյութեր, որոնք պատկանում են, ըստ երևույթին, հետերոցիկլավոր միացությունների շարքին: Բնական Խ. կարող են պարունակել նաև եթերային յուղեր և ջուր (մեծամասնության քիմ. բաղադրությունը ճշգրիտ հաստատված չէ): Ներկայումս բնական Խ–ից առավել շատ կիրառվում են բևեկնախեժը, դոճախեժը և սաթը: Շատերը դուրս են եկել գործածությունից՝ իրենց տեղը զիջելով սինթետիկ Խ–ին: Բնական Խ. կիրառվում են օճառագործության, լաքերի ու ներկերի արտադրության մեջ, լուսատու բաղադրություններ, փայլալաքեր, կոսմետիկ նյութեր, սպեղանի պատրաստելու համար:

Սինթետիկ Խ. համեմատաբար ոչ մեծ մոլեկուլային կշռով սինթետիկ պոլիմերներ են (այսպես կոչված, օլիգոմերներ), որոնք քիմ. փոխազդեցության մեջ մտնելիս ընդունակ են առաջացնելու չլուծվող և չհալվող նյութեր (նախկինում «սինթետիկ խեժեր» և «սինթետիկ պոլիմերներ» տերմինները համարվում էին հոմանիշներ): Սինթետիկ Խ–ից են. ալկիդային խեժերը, կարբամիդային խեժերը, էպօքսիդային խեժերը, պոլի–