Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնակչության բարյացակամ վերաբերմունքը: Նստավայրը դարձրեց Փարիզը: Խ. I ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական:

ԽԼՈՒԹՅՈՒՆ, լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար: Լրիվ Խ. լինում է հազվադեպ: Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր: Հիմնական պատճառները ներքին ականջի և լսողական նյարդի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք հիվանդությունների (ցերեբրոսպինալ մենինգիտ, գրիպ, խոզուկ, կարմրուկ, քութեշ): Որոշ դեպքերում Խ., կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման (օտոսկլերոզի դեպքում): Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով (մկնդեղ, սնդիկ, կապար) թունավորվելիս: Խ. կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից: Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած Խ. երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (տես խուլհամրություն): Ավելի ուշ տարիքում առաջացած Խ–յան դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում: Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ:

Բուժումը քիչ արդյունավետ է: Բորբոքային պրոցեսների և օտոսկլերոզի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ: Կանխարգելումը. լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում:

ԽԼՈՒՐԴՆԵՐ (Talpidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք: Հիմնականում հարմարվել են ստորգետնյա կյանքին: Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 9–23 սմ, դունչը երկար է, կնճիթանման: Ականջի, արտաքին խեցին բացակայում է, առջևի վերջավորությունները կարճ են, լավ զարգացած: Մազածածկը թավշանման է, առանց խավի: Տեսողությունը թույլ է, որոշ տեսակների աչքերը ծածկված են մաշկային բարակ թաղանթով: Հոտառության և շոշափելիքի օրգանները լավ զարգացած են: Հայտնի է 4 ենթաընտանիք, 17 սեռ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան Խ. (Talpa orientalis) տարածված են նաև ՀՍՍՀ Կալինինոյի, Ստեփանավանի, Կիրովականի, Դիլիջանի, Շամշադինի, Ալավերդու և Սևանի շրջաններում: Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն այգիներում ու բանջարանոցներում: Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ: Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով: Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում 4–5 ձագ: Մորթին բավականին արժեքավոր է: ՍՍՀՄ–ում Խ–ի որսը սահմանափակված է օրենքով:

ԽԽՈՒՆՋՆԵՐ, տես Փորոտանիներ՝.

ԽԾԱԲԵՐԴ, Խիծապէրթ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 50 կմ արևմուտք: Միավորված է Արփագյադուկի կոլտնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո: Խ–ի շրջակայքում պահպանվել են Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ պարսպապատ բերդերը՝ քանդված եկեղեցիներով, խաչքարերով (VII –XIII դդ.), գյուղատեղիներ, գերեզմանատներ, խաչքարեր (IX –XVII դդ.), Ղալալվի բերդ–քարայրը:

ԽԾԿՈՆՔ, Խծկունք, IX–X դարերի վանքային համալիր, Անիից մոտ 40 կմ դեպի հարավ–արևելք, Տեկորի (կամ Խծկոնից) գետակի ձորի բարձունքներին (այժմ՝ Թուրքիայի պետական սահմաններում): Խծկունք անվանումը հավանաբար առաջացել է խուցակյացներ բառից: Խ. բաղկացած էր միասին խմբավորված՝ Ս. Կարապետ, Ս. Սարգիս, Ս. Աստվածածին, Ս. Ստեփանոս և առանձին կանգնած Ս. Լուսավորիչ եկեղեցիներից, խաչքար–կոթողներից, վանքային օժանդակ շինություններից: Համալիրից կիստվեր պահպանվել է միայն Ս. Սարգիսը, մնացած կառույցները XX դ. կեսին պայթեցվել են: Եկեղեցիներից ամենահինը քառաբսիդ հորինվածքով, ութնիստ, ութ լուսամուտներով թմբուկով, հովանոցաձև վեղարով Ս. Կարապետն էր (ըստ Թ. Թորամանյանի, հավանաբար, VII դ. կառույց): Նրա արմ. ճակատին եղել է 1001 թ. արձանագրություն, ուր հիշատակված էր Կատրանիդե թագուհին, իսկ արմ. մուտքի բարավորին արձանագրված է եղել Սաղքոսագրքի խոսքերից՝ «Այս դուռն Տեառն է և արդարք մտանեն ընդ սա»: Ս. Սարգիսը, ըստ Սամվել Անեցի պատմիչի հիշատակության, կառուցել է մեծահարուստ իշխան Վեստ Սարգիսը, 1027-ին: Եկեղեցին արտաքուստ 20 դեկորատիվ խորանազարդ նիստերով, 12-նիստանի թմբուկով, հովանոցաձև վեղարով կառույց է: Հատակաձևի հորինվածքը ներքուստ խաչաձև է, քառաբսիդ, խաչաթևերի անկյուններին 4 խորաններով, որոնց վերին հարցերում եղել են գաղտնարաններ: Ունի բազմաթիվ արձանագրություններ, որոնցից ամենահինը թվագրված է ՆՁԲ (1033) և հիշատակում է Վեստ Սարգսին, մյուսներից 1211-ինը՝ Զաքարիա Հայոց և Վրաց սպասալարին: Ս. Սարգիսը իր չափերով, գույնով (դեղնավուն տուֆ), նուրբ մշակված դեկորով և ընդհանուր ծավալատարածական հորինվածքով եղել է ամբողջ անսամբլի կոմպոզիցիոն գերիշխող լառույցը: Եկեղեցու հս. կողմին կանգնած է եղել մեծ խաչքար–կոթող, որն ունեցել է (1031 –ի և 1216-ի արձանագրություններ: (Վերջինը հիշատակել է վանքի վերանորոգման փաստը Զաքարիա սպասալարի որդի Շահնշահի ձեռքով: Ս. Կարապետի հվ–ից եղել է Ս. Աստվածածին ուղղանկյուն, ներքուստ կարճ թևերով խաչաձև եկեղեցին, որն արմ–ից ունեցել է թաղածածկ գավիթ: Երեք եկեղեցիներից դեպի արլ. եղել է Ս. Աստվածածնի հորինվածքով, կարմիր տուֆից կառուցված Ս. Ստեփանոսը՝ շրջապատված 1208–09-ին Կեչրոր քաղաքի պատերազմում նահատակվածների գերեզմաններով: Հինգերորդ եկեղեցին՝ Ս. Լուսավորիչը, կառուցված կարմիր և դեղնավուն տուֆից, մնացածներից անջատ դեպի արլ., եղել է պարսպապատ (կազմել է պարսպի հվ–արմ. անկյունը), հորինվածքով նման Ս. Ստեփանոսին և Ս. Աստվածածնին: Պարսպից ներս, հնգաստիճան պատվանդանի վրա կանգնած է եղել մեծաչափ և բարձրարվեստ