Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՍՄՈԳՈՆԻԱ 607 մոլորակները։ Լապլասը խուսափեց Կանտի այն սխալից, ըստ որի ենթադրվում էր, որ քաոսային շարժվող միգամածությունն իբր մասնիկների փոխադարձ ազդեցությամբ և միայն Արեգակի ձգողությամբ կսկսի պտտվել։ Այդ ենթադրությունը հակասում էր պտտման մոմենտի պահպանման օրենքին։ Լապլասը ենթադրում էր, որ սկզբնական շիկացած միգամածությունը իրենից ներկայացրել է արագ պտտվող Արեգակի չափազանց ընդարձակ մթնոլորտ, որի շնորհիվ էլ օժտված է եղել անհրաժեշտ պտտման մոմենտով։ Այդ սկզբնական միգամածությունից հետագայում մոլորակների առաջացման բացատրությունը երկու հիպոթեզներում էլ ըստ էության նույնն է։

Ըստ Լապլասի պատկերացման, շիկացած պտտվող գազային միգամածությունը, որն իր չափերով պետք է գերազանցեր այժմյան ամբողջ մոլորակային համակարգը, պետք է ունեցած լիներ տափակ ձև։ Սառելու և դեպի կենտրոն ունեցած ձգողության հետևանքով ժամանակի ընթացքում այդ միգամածությունը սեղմվել է։ Պտտման մոմենտի պահպանման օրենքի հետևանքով պտտման արագությունը, հետևաբար և գծային արագությունը, հասարակածում մեծացել է. դրա հետևանքով մեծացել է նաև միգամածության տափակությունը։ Հետագայում պտտման արագության մեծացման պրոցեսում պետք է հասներ այնպիսի պահ, երբ հասարակածում կենտրոնախույս ուժը հավասարվեր միգամածության՝ դեպի կենտրոն ունեցած ձգողության ուժին։ Այդ բանի հետևանքով միգամածությունից նրա հասարակածային մասում անջատվել է մի շերտ, որը կազմել է նրա շուրջը պտտվող մի գազային օղակ։ Շարունակվող սեղմման հետևանքով այդ պրոցեսը կրկնվել է, և անջատվել են մի շարք օղակներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բաղադրիչ մասնիկների փոխադարձ ձգողության ուժի ազդեցությամբ հավաքվել է մի գնդաձև մարմնում՝ մոլորակում, որը սկզբում եղել է շիկացած, բայց ջերմության առաքման հետևանքով հետագայում սառել է։ Իսկ միգամածության կենտրոնական մասը, սեղմվելուց ու մի շարք օղակների անջատումից հետո ընդունել է կոմպակտ աստղի՝ Արեգակի տեսք, իր այժմյան ծավալով։ Արբանյակների առաջացումը բացատրվել է օղակների անջատման նման պրոցեսով, այս անգամ այդ օղակները անջատվել են մոլորակներից։

Հետագայում, սակայն, պարզվեց, որ Լապլասի հիպոթեզը իր նախնական տեսքով ի վիճակի չէ բացատրել արեգակնային համակարգի մի շարք առանձնահատկություններ։ Այսպես, օղակների անջատումից հետո, որոնցից հետագայում առաջացել են մոլորակները, Արեգակը զանգվածի մեծ մասի հետ իր մեջ պետք է պահպաներ նաև պտտման մոմենտի զգալի մասը։ Դրա շնորհիվ Արեգակը իր ներկա դրությամբ ևս պետք է օժտված լիներ շատ մեծ պտտման մոմենտով և պտտվեր այնքան արագ, որ արեգակնային հասարածակի վրա կենտրոնախույս ուժն իր մեծությամբ համեմատելի լիներ ծանրության ուժի հետ։ Հակառակ դրան, Արեգակը մի դանդաղ պտտվող աստղ է, որի հասարակածում կենտրոնախույս ուժը ծանրության ուժի համեմատությամբ արհամարհելի փոքր է։ Այդ հակասությունն այն հիմնական պատճառն էր, որն ստիպեց հրաժարվել Լապլասի հիպոթեզից։ Մյուս լուրջ առարկությունն այն էր, որ ապացուցվեց, որ անհնար է գազային օղակների խտացմամբ մոլորակների առաջանալը, որովհետև այդքան փոքր գազային զանգվածը, ինչպիսին օղակների զանգվածն է, պետք է ընդարձակվեր ու ցրվեր և ոչ թե սեղմվեր ու առաջացներ համեմատաբար խիտ մարմիններ՝ մոլորակներ։ Բացի դրանից, Լապլասի հիպոթեզն ուներ այն սկզբունքային թերությունը, որ արեգակնային համակարգի առաջացման ամբողջ պրոբլեմը նրա մեջ լուծվում էր միայն մեխանիկայի միջոցներով։ Ֆիզիկայի մյուս ճյուղերն այդ ժամանակ դեռևս անբավարար էին մշակված, իսկ աստղաֆիզիկան ամբողջությամբ գոյություն չուներ։ Այդ պատճառով էլ, ընդգծելով Լապլասի տեսության արժանիքները, տեսություն, որը լրջորեն ազդեց Կ–ի զարգացման վրա, միաժամանակ պետք է նշել նրա հիպոթեզի մեխանիցիզմն ու սահմանափակվածությունը։

Լապլասից հետո, XIX դ. երկրորդ կեսը և XX դ. սկիզբը պարունակող ամբողջ ժամանակաշրջանում առաջարկվել են կոսմոգոնիական մի շարք այլ հիպոթեզներ, որոնք, սակայն, անբավարար էին հիմնավորված և Լապլասի հիպոթեզի համեմատությամբ ըստ էության մի քայլ էին դեպի ետ։ Այդ հիպոթեզների մի մասը (օրինակ, ֆրանսիացի աստղագետ Է. Ֆայի հիպոթեզը) բացարձակ հակագիտական բնույթ ունեին։

Արեգակնային համակարգի առաջացման բացատրության մյուս փորձը XX դ. առաջին քառորդի կեսին կատարել է անգլիացի աստղագետ Ջ. Ջինսը, որն ընդունում էր, թե արեգակնային համակարգն առաջացել է Արեգակի մոտով այլ աստղի անցնելու շնորհիվ։ Ըստ որում Ջինսը ենթադրում էր, որ մոտեցման ժամանակ աստղի ու Արեգակի հեռավորությունը փոքրացրել էր մինչև նրանց տրամագծերի մեծության կարգը, որից հետո աստղը հեռացել է դեպի տիեզերական տարածություն։ Իր ձգողությամբ աստղն իբր Արեգակի ներքին շերտում խախտել է հավասարակշռությունը, որից հետո անցնող աստղի ուղղությամբ դուրս է շպրտվել նյութի ահագին շիթ, որից, բաժանման ու հետագա խտացման հետևանքով, կազմվել են մոլորակները։

Սակայն վիճակագրական հաշվումները ցույց են տալիս, որ որևէ աստղի՝ իր ամբողջ կյանքի ընթացքում նման մերձեցում ունենալու հավանականությունը մեր աստղային համակարգում մեկ տասմիլիարդերորդից էլ փոքր է։ Այդ նշանակում է, որ ժամանակակից Գալակտիկայի բոլոր աստղերից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ այդպիսի դեպք կարող էր տեղի ունենալ։ Ջինսի հիպոթեզից հետևում է, որ Արեգակն իր մոլորակային համակարգով միլիարդավոր աստղերի մեջ հազվագյուտ բացառություն է կազմում։ Մոլորակների համակարգի, որում և մենք ենք ապրում, հազվագյուտ լինելու այդ հակագիտական հետևությունը շատ շուտով օգտագործեցին իդեալիստները՝ որպես աշխարհի երկրակենտրոն համակարգին յուրահատուկ վերադարձ, իհարկե, նոր՝ «արդիացված» ձևով։

Ջինսի հիպոթեզը մի շարք տարիների ընթացքում անբաժանորեն գերիշխող էր ոչ միայն արտասահմանյան, այլև սովետական հանրամատչելի գրականության մեջ, ըստ որում հաստատվում էր, թե իբր այդ հիպոթեզը, ի տարբերություն Լապլասի հիպոթեզի, բացատրում է մեծ մոլորակների ուղեծրային շարժումներում եղած մեծ պտտման մոմենտի առկայությունը ևս։ Սակայն դեռ 1935-ին նրա ճշտության վերաբերյալ կասկածներ առաջացան, իսկ սովետական աստղագետ Ն. Ն. Պարիյսկու առաջին անգամ բավականին ճշտությամբ կատարած մանրազնին վերլուծությունը (1945) ցույց տվեց, որ Ջինսի հիպոթեզը մեծ մոլորակների շարժման մոմենտների վրա այնպիսի սահմանափակումներ է դնում, որոնք բացահայտորեն հակասում են դիտումներին։ Այսպիսով ապացուցվեց այդ հիպոթեզի անճշտությունը։ Անգլիացի մի շարք հեղինակների որոշ փորձեր հիպոթեզի լավացման ուղղությամբ ձախողվեցին։ Այդ պատճառով 1942-ից սկսած արտասահմանյան աստղագիտական գրականությունում երևացին մի շարք նոր կոսմոգոնիական հիպոթեզներ (օրինակ, անգլիացի աստղագետներ Ֆ. Հոյլի և Գ. Ջեֆրիսի, գերմանացի աստղագետ Ֆ. Վեյցզեկերի հիպոթեզները), որոնք, սակայն, բնորոշ են կա՛մ ժամանակակից աստղաֆիզիկայի կուտակած փաստական տվյալներից ամբողջովին կտրված լինելով և կա՛մ արտակարգ արհեստականությամբ։

Ավելի դժվարին դրության մեջ է գտնվում աստղերի և աստղային համակարգերի զարգացման ընդհանուր պրոբլեմի մշակումը կապիտալիստական երկրներում։ Մինչև վերջին ժամանակներս էլ այդ ասպարեզում արևմտյան գիտնականները սահմանափակվել են երկու ուղղությունների զարգացմամբ. ա. «ընդարձակվող Տիեզերքի» իդեալիստական տեսության կառուցմամբ, որից հետևում է, որ ոչ միայն բոլոր աստղերը, այլև բոլոր գալակտիկաները ծագել են միաժամանակ՝ մեզանից մոտավորապես երկու մլրդ տարի առաջ, և, բ. գալակտիկաների էվոլյուցիայի մասին Ջինսի «տեսությամբ»։ Ըստ Ջինսի «տեսության», պարուրաձև գալակտիկաները առաջացել են էլիպսաձև միգամածություններից, որոնք անհիմն կերպով համարվել են փոշու և գազերի կուտակումներ, չնայած նրանց սպեկտրների ուսումնասիրությամբ վաղուց արդեն հայտնի էր դարձել, որ այդ միգամածությունները կազմված են աստղերից։

XX դարի 40–50-ական թթ. մոլորակների առաջացման կոնկրետ հիպոթեզի մշակման մի փորձ է կատարել սովետական գիտնականների մի խումբ՝ Օ. Յու. Շմիդտի ղեկավարությամբ։ Ըստ Շմիդտի ենթադրության, մոլորակներն առաջացել են տիեզերական փոշու ամպից, որը մի ժամանակ պտտվել է Արեգակի շուրջը։