Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՆՈՒՍ, Խնուս – բերդ, թուրք. Խընըս, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում: Գտնվում է Բյուրակն բարձրավանդակում, Բյուրակնյան լեռների արլ. լանջերը ակոսող ձորահովտում, Խնուս գետի երկու ափերին: Խնուսի գավառի վարչական կենտրոնն է: Դեռևս XIII դ. Խ. եղել է առևտրական–կարավանային կարևոր հանգույց Խոյ (Հեր)–Վան–Բերկրի–Մանագկերտ–Էրգրում– Բերդ– Տրապիզոն ճանապարհի վրա: 1647-ին, որպես «անառիկ կառուցվածք», հիշատակվում է Խ–ի բերդը:

XIX դ. վերջին–XX դ. սկզբին Խ. աշխույժ առևտրական կապեր ուներ մերձակա բազմաթիվ բնակավայրերի հետ, հայտնի էին հատկապես նրա անասնապահական մթերքները և մեղրը: Խ. բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին Խաստալարը, ճսթմահլեն ու Բաղջեն և Բերդը, ձախում՝ ժամու թաղը, Խայպաշին ու Պալու քիթը: Խոր անդունդների մեջ կային ընդարձակ քարայրեր: Ձորից ստորերկրյա գաղտնի ճանապարհը տանում էր դեպի բերդը, որ բարձրացել էր ժայռի կատարին: Գետն ուներ երկու կամուրջ: Խ–ի Ս. Աստվածածին եկեղեցուն կից կար նախակրթարան, իսկ Հայկ. վարժարանում, որտեղ տրվում էր Կարնո Սանասարյան վարժարանի 2-րդ դասարանին հավասար կրթություն, աշխատում էին Գևորգյան ճեմարանի շրջանավարտները:

1914-ին Խ. ուներ 900 տուն, որից 325-ը՝ հայ (շուրջ 2163 մարդ), մնացածը՝ քրդեր ու թուրքեր: 1915-ի մայիսին թուրք, իշխանությունները ձերբակալեցին 150 հայի (մեծ մասամբ մտավորականների) և նետեցին բերդը: Չորս օր այդտեղ պահելուց հետո նրանք շարք–շարք, ոստիկանների ուղեկցությամբ, դուրս բերվեցին բանտից՝ իբր Էրզրում տեղափոխելու նպատակով: Բոլոր բանտարկյալները ոչնչացվեցին նախօրոք մշակված պլանով՝ Դերջան–Երզնկա ճանապարհիև, Սանասար դարա կոչված ձորում: Սկսվեց նաև Խ–ում մնացած հայերի ջարդը, որի զոհը դարձան շատ մանուկներ, կանայք, պատանիներ ու զառամյալներ:

1916-ի ձմռանը ռուս, զորքերը մտան Խ., և քաղաք վերադարձան նրանք, ում հաջողվել էր փրկվել կոտորածից: Բայց 1918-ին, ռուս, զորքերի նահանջից հետո, նրանք նորից հեռացան քաղաքից: Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքների նման Խ. զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: Ա. Սիմոնյան

ԽՆՈՒՍԻ ԳԱՎԱՌ, Խնուս, Հարք, Վարաժնունիք, պատմա–աշխարհագրական միավոր Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Էրզրումի վիլայեթում: Վարչական կենտրոնը՝ Խնուս: Գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ զբաղեցնելով հիմնականում Խնուսի գոգավորությունը Բյուրակնյան լեռների հետ միասին: Խ. գ. բանուկ ճանապարհներով կապված է Մուշի, Կարինի, Վանի հետ: Արմ. կողմում բարձրանում է Բյուրակնը, որտեղ մի ընդհանուր ակունքից, միմյանցից ոչ ավելի քան 500 մ հեռավորության վրա, սկիզբ են առնում Հայոց պատմության մեջ հռչակված երկու մեծ գետերը. Արաքսը հոսում է դեպի հս., ապա՝ արլ., իսկ Արածանին՝ հվ. և արմ.: Այդ վայրերի հետ են կապված ժողովրդական մի շարք ավանդություններ: Դրանցից մեկի համաձայն, իբր Բյուրակնում՝ հազար լճերի վրա է գտնվում աստվածակերտ դրախտը: Ադամն ու Եվան ապրելիս են եղել Բյուրակնի արլ. լանջերի ստորոտին ընկած Հարամիկ հայաբնակ գյուղի տեղում, որից ոչ հեռու, Սելի Մորուք բլրի գագաթին, սառն աղբյուրների ակունքի մոտ, հանգչում է Ադամորդին՝ Աբելը: Ժող. ստուգաբանությամբ, Հարամիկ գյուղի անունը սերում է Հայկ Նահապետի որդի Հարմայի անունից: Ըստ մի այլ ավանդության, Հարամիկից հվ. բարձունքը Կայենի բլուրն է. այդտեղ էր կանգնած Կայենը, երբ նրան կպավ որսորդ Ղամեքի արձակած նետը: Գեղեցիկ է Խ. գ–ի բնությունը, հողը՝ բերրի, ջրերը՝ առատ, օդը՝ վճիտ: Գավառը վաղուց ի վեր հռչակված էր սառնորակ աղբյուրներով, ալպյան մարգագետիններով, սարալանջերին սփռված հոտերով ու երամակներով: Բնական հարստություններից կան քարածուխ, պղինձ, արծաթ, նավթ, աղ, քար, հանքային ջրեր ու բուժիչ ցեխեր: Հս–արմ–ից դեպի հվ–արլ. տարածքով մեկ հոսում է Խնուս գետը: Հայտնի էր նաև «Խնուսի Նեղոսը»՝ ստորերկրյա այն գետը, որ հորդառատ երկրի երես դուրս գալով Խըռթ գյուղի մոտերքը՝ կտրում էր Քառասուն Մանուկ սրբատեղ–ուխտատեղին, այնուհետև բաժանվում առուների՝ ոռոգելու համար գյուղական արոտավայրերը:

Խ. բաժանված էր 5 շրջանի, որոնք հայտնի էին նոր և հին անուններով. Խնուս–Հարք, Շուշար–Վարաժնունիք, Թագման կամ Թարգման–Մարդաղի կամ Մանանաղի, Խարայազի–Դասնավուրք, Կեոքսու–Տվարածատափ: Մինչև VIII դ. Խ. գ–ի տարածքում իշխել են Մամիկոնյանները: Այնուհետև այն հաջորդաբար տիրել են կայսիկները, Մրվանյանները, Խլաթի Շահ–ի–Արմենները, սելջուկները, մոնղոլները: Հայաստանի 1555-ի, ապա 1839-ի բաժանմամբ այն ևս Արևմտյան Հայաստանի կազմում անցավ թուրք. տիրապետությանը: XVII դ. ստեղծվեց Խնուսի սանջակ Էրզրումի վիլայեթի, իսկ XVIII դ. Խնուսի հյուքյումեթություն՝ Բայազետի Փաշայության կազմում: XIX դ. 60-ական թթ. վերջերին, Թուրքիայի վարչական նոր բաժանմամբ, Խ. գ. նորից մտավ Էրզրումի վիլայեթի մեջ: Մինչև XIX դ. սկզբները Խ. գ–ի, ինչպես Սասունի, Մուշի և հարևան մի շարք ուրիշ գավառների կախվածությունը Թուրքիայի կենտրոնական իշխանություններից շատ դեպքերում ձևական էր և հաճախ սահմանափակվում էր սոսկ որոշակի տուրքով, հայ գյուղացիները զինված էին և իրենք էին կռիվներ մղում քրդական հրոսակների դեմ՝ ձգտելով պահպանել իրենց կիսանկախ վիճակը: Քրդական ցեղերը Խ. գ–ում հաստատվել են հիմնականում թուրք–պարսկական պատերազմների ժամանակ: Պարսկաստանի դեմ հանդես եկող քրդական բեկերին ու շեյխերին Թուրքիան հովանավորում էր՝ ուղղելով նրանց քոչերը դեպի կայսրության արլ. վիլայեթների լեռնային արոտավայրերը: Թուրք իշխանությունները նրանց միաժամանակ օգտագործում էին՝ ճնշելու հայերի ազատագրական պայքարը:

Խ. գ. խիտ բնակեցված էր. առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին այնտեղ հաշվվում էր 35–38 հայաբնակ գյուղ: Նախկին հայկ. բնակատեղիները զբաղեցնող քրդական գյուղերը, որ տեղաբաշխված էին գլխավորապես լեռնային մասերում, փոքր էին, շատ դեպքերում ունեին միայն 5–6 տուն: Հայերի թիվը գավառում 1914-ին 25.000 էր: Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ (մշակում էին ցորեն՝ գարնանացան և աշնանացան, գարի, կորեկ, կտավատ ևն), անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, ձկնորսությամբ: Տարածված էր արհեստագործությունը: Լայն համբավ ունեին Խնուսի պանիրը և «Նախշ է ֆարո» հորջորջված զարդանախշով գորգերը: Ներկը պատրաստում էին ծաղիկներից ու բուսարմատներից: Խ. գ–ի տավարը բարձր էր գնահատվում ոչ միայն Էրզրումի, այլև հարևան վիլայեթների շուկաներում:

Խ. գ. եղել է Թոնդրակյան շարժման բնօրրան: Թոնդրակ գյուղի մերձակայքում կային քարե բազմաթիվ թոնիրներ, որից և, ըստ ենթադրության, ծագում է ինչպես բուն գյուղի, այնպես էլ աղանդի անունը: Զեիրմե գյուղում մինչև 1915-ի եղեռնը կային թոնդրակյան հետնորդներ, որոնք գաղտնի, խուսափելով իշխանությունների և եկեղեցու հալածանքից, հետևում էին նախնիների աղանդին: Նրանք պահպանում էին հեռավոր նախորդներից փոխանցվող «Բանալի ճշմարտության» Ավետարանը՝ գրված 985-ին: Որոշ տվյալներով, այդ Ավետարանը եղեռնի ժամանակ նրանք թաղել են իրենց հայրենի հողում՝ հույս ունենալով, որ ողջ կմնան և կվերադառնան նախնիների հողը: «Բանալի ճշմարտության» մի ուրիշ օրինակ հայտնաբերել է Ֆ. Կոնիբերը Էջմիածնի ձեռագրերում:

Խ. գ–ի բնակչությունը գործուն մասնակցություն է բերել հայ ազգային–ազատագրական շարժմանը՝ մաքառելով թուրք բռնապետության դեմ: Իր աշխարհագրական դիրքով գավառը եղել է կապող օղակ Կովկասի և Տարոն–Սասունի միջև:

Խ. գ–ում կրթական գործը առաջադիմել էր հատկապես XIX դ. 70–80-ական թթ. սկսած: 1914-ին այնտեղ գործում էին բազմաթիվ վարժարաններ, Խնուս Բերդում՝ Խաշխաշյան, Ս. Գևորգյան, Միացյալ ընկերության և ամերիկյան միսիոներաց, Աղճամելիքում և Գովանտուկում՝ Ներսեսյան, Արոսում՝ Խորենյան, Ղարաչոբանում՝ Ս. Ղևոնդյան, Գոպալում, Խալիլչաուշում, Խոզլիում, Զեիրմեում և Քաղքիկում՝ ազգային, Ենիքեոյում՝ Դիմաքսյան, Հարամիկում՝ Ս. Սահակյան, Շապատինում՝ Արամյան: Վարժարաններ կային նաև հայաբնակ մյուս գյուղերում: Տեղեկություններ են պահպանվել Մամիկոնյան ընկերության (հիմնվել է 1878–1880) և Երիտասարդական միության (հիմնվել է 1910) մշակութային կազմակերպությունների մասին: Նյութական մշակույթի հռչակված հուշարձաններ էին Խնուսի բերդը, Բորժի Մասուր, Թուխ Մանուկ,