Նորելածին վանքերը։ Հայաբնակ բոլոր գյուղերն ունեին քարակերտ եկեղեցիներ։ Նշանավոր էին Գոպալ, Խալիլչաուշ, Խնուս բերդ, Խոզլի, Հարամիկ, Բուռնազ, Մայլու Ավետարանները։
Մեծ եղեռնի հետևանքով Խ. գ. ևս ամայացավ՝ զրկվելով բնիկ հայ բնակչությունից, որն այդտեղ ապրում էր գրեթե երեք հազար տարի։ 1915-ի մայիսի կեսերին, նախօրոք մշակված ծրագրով, Խ. գ–ում սկսվեց հայերի ջարդը։ Թուրք զորքերը առաջինը հարձակվեցին Սայլու գյուղի վրա՝ սրի քաշելով նրա բնակչությանը։ Այնուհետև «Համիդիե» գնդի ձիավոր ջոկատները կողոպտեցին Ղարաչոբան, Դուման, Մժնկերտ, Քաղքիկ և այլ գյուղեր։ Նկատի ունենալով, որ հազարավոր զոհերի դիակների ոչնչացումը, որը խիստ անհրաժեշտ էր հիգիենիկ–սանիտարական նպատակներով, ծանր գործ է, թուրք. կառավարությունը որոշեց մնացած հայ բնակչության զանգվածային կոտորածը կատարել բնակավայրերից դուրս՝ ամայի վայրերում, մասնավորապես՝ անդնդախոր ձորերում։ Հունիսի 10-ին Խ. գ–ից դուրս եկավ առաջին կարավանը, հազարավոր մարդկանց այդ շարանը իբր պետք է գնար Մուշ։ Վարդոյի մերձակայքում, Զըռու չատ կիրճում, նրանց սպասում էին թուրք. ասկյարները։ Ինչպես այդ, այնպես էլ հաջորդ կարավաններից միայն հատուկենտ մարդկանց հաջողվեց փրկվել։ 1916-ի փետր. 10-ին Խ. գ. մտան ռուս զորքերը, և մի կերպ փրկված խնուսցիները սկսեցին վերադառնալ իրենց գյուղերը։ Բայց 1917-ի վերջին և 1918-ի սկզբին, երբ ռուս. զորքերը սկսեցին թողնել Արևմտյան Հայաստանը, նրանք գաղթեցին Արևելյան Հայաստան։ Ներկայումս խնուսցիների հետնորդներ են ապրում Սովետական Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ–ում, Սիրիայում, Լիբանանում։
Խնուսի գավառի հայաբնակ գյուղերը
Խնուս բերդ, Աղճամելիք կամ Խաչամելիք, Անտալագոմ, Արոս, Գաբրիելի գոմ, Գըզմուսա, Գոլճիսար կամ Խոլհասար, Գոպալ, Գովանդուկ կամ Կովանտուկ, Յահիա, Ելպիս, Եզրդլու կամ Գասպարի գեղ, Ենիքեոյ, Թանտըրլի կամ Թոնդրակ, Թարաձիգ, Լաքպուտաղ, Խալիլչաուշ կամ Խաչալույս, Խըռթ, Խըրմխայա, Խոզան, Խոզլի, Հարամիկ, Մարուֆ կամ Մարդ, Մժնկերտ, Մոլլատաուա, Ղարաչոբան, Ղարապուրաք, Ղարաքյորփի, Շապատին, Չեվիրմե կամ Չաուրմա, Պեկուրաի, Պուռնազ կամ Բուռնազ, Սալուսրի կամ Սարուսլի, Սաոլու կամ Սառլի, Սոկյութլի, Դուման, Փայկ կամ Հայկ, Քաղքիկ։
Գրկ. Մելիքյան Ե., Հարք–Խնուս, Բեյրութ, 1964։ Հուշամատյան Մեծ եղեռնի, կազմ. Գ. Ահարոնյան, Բեյրութ, 1965։ Геноцид армян в Османской империи, Cб. док. и материалов, под ред. M. Нерсисяна, E., 1966. Ա. Սիմոնյան
ԽՆՈՒՍԻ ԴԱՇՏ, գոգհովիտ Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն, Խամուր և Աղդաղ լեռների միջև։ Երկարությունը 30 կմ է, լայնությունը՝ 15 կմ, բարձրությունը՝ 1500–1600 մ։ Տեկտոնական իջվածք է՝ լցված նեոգենի մերգելա–կրաքարային և անթրոպոգենի լճա–սառցադաշտային և ալյուվիալ նստվածքներով, որոնց մեջ հայտնաբերված է անթրոպոգենին բնորոշ Հայկական փղի (Sephas armeniacus) բրածո կմախքը (վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում)։ Նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով Խ. դ. տրոհված է աստիճանաձև սարավանդների։ Բյուրակնից իջնող լավային հոսքերը հվ. մասում վերածվում են մնացորդային կղզիների։ Խ. դ. համարվում է Հայկական բարձրավանդակի առավել ակտիվ սեյսմիկ օջախներից մեկը։ Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի խիստ տատանումներով, երկարատև, զով ամառով և ցուրտ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 8°C-ից 10°C , հուլիսինը՝ 18°C-22°C, տարեկան տեղումները՝ 400–500 մմ։ Ոռոգվում է Բյուրակնից իջնող գետակներով, որոնք միախառնվելով կազմում են Խնուս (Քիլիսա) գետը։ Բնորոշ են տափաստանների լեռնային սևահողերը՝ տարախոտահացագգի և ենթալպյան բարձրախոտ տափաստանների բուսականությամբ։
Ս. Բաչյուն
ԽՇԽՇԱՆ ՊԱԼԱՐ (Gangraena emphysematosa), էմֆիգեմատոզ կարբունկուլ, էմկար, տավարի սուր վարակիչ հիվանդության։ Բնորոշվում է մկաններում արագ մեծացող, խշխշացող այտուցների առկայությամբ, տենդով ու անկման բարձր տոկոսով։ Հարուցիչը B. chauvoei-ն է (Շովոյի ցուպիկը)։ Առավել զգայուն են 3 ամսականից մինչև 4 տարեկան խոշոր եղջերավորները, հազվադեպ՝ ոչխարները և այծերը։ Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանին է։ Վարակվում են հիմնականում սննդի (ալիմենտար) ճանապարհով։ Գաղտնի շրջանը 1–5 օր է։ Նկատվում է ջերմության բարձրացում, ախորժակի անկում, սրտի գործունեության թուլացում։ Կենդանին կաղում է, ազդրի, գավակի և թիակի մկաններում առաջանում են սահմանագծված տաք և ցավոտ այտուցներ (պալարներ)։ Հիվանդ կենդանիները սատկում են 1–2 օրվա ընթացքում։ Ախտորոշում են կլինիկական, էպիզոոտոլոգիական, ախտանատոմիական և բակտերիալոգիական հետազոտության տվյալների հիման վրա։
Բուժումը. հիվանդության սկզբում կարելի է օգտագործել գերիմուն շիճուկ, սրտային դեղամիջոցներ, անտիբիոտիկներ։ Անապահով տնտեսությունը կարանտինի տակ է վերցվում։ Հիվանդներին մեկուսացնում են և բուժում, իսկ մնացածներին՝ իմունացնում։ Հիվանդների սպանդն արգելվում է։ Սահմանափակումները վերացվում են Խ. պ–ի վերջին դեպքից 14 օր հետո։
ԽՈԲԵՐԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 564 (64 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ 1878-ին միացվել է Ռուսաստանին։ Գյուղի հայերը 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ գաղթել և բնակություն են հաստատել Սովետական Հայաստանում։
ԽՈԴԻԿԵՎԻՉ Կղեմենս [21.3.1715, Լվով–20.10 կամ 3.1.1797, Խոդորկով (այժմ՝ Կիևի մարզում)], հայազգի պատմաբան։ "Կուսակրոն–դոմինիկյան, քարոզիչ։ Հայգերմանական քաղքենիական ընտանիքից։ Բարձրագույն կրթությունն ստացել է Լվովում և Հռոմում։ 1760–76-ին եղել է Ռուսիայի դոմինիկյանների պաշտոնական պատմիչ–ժամանակագիրը։ Գրել է «Պատմա–քննական դիսերտացիաներ կիևյան ու գալիցյան՝ երկու մայր արքեպիսկոպոսությունների մասին» (1770), «Ծանոթագրություններ Ռուսիայի դոմինիկյանների օրդենի գավառների պատմության» (հ. 1, 1780) աշխատությունները։ Յա. Դաշկևիչ
ԽՈԴՈՎԵՑԿԻ (Chodowecki) Դանիել (16.10.1726, Գդանսկ, Լեհաստան –7.2. 1801, Բեռլին), նկարիչ, գերմանական լուսավորական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով լեհ։ 1743-ից ապրել է Բեռլինում։ 1797-ից եղել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի դիրեկտոր։ Ճշմարտացիորեն է պատկերել ժամանակակից կենցաղը։ Ստեղծել է 2000-ից ավելի օֆորտներ, հիմնականում՝ Լեսինգի, Ռուսոյի, Գյոթեի, Շիլլերի և ուրիշների երկերի նկարազարդումներ։ Նպաստել է ռեալիզմի զարգացմանը XVIII դ. գերմ. արվեստում։
ԽՈԴՈՒԼՈՎ Դմիտրի Ֆեոդորովիչ [ծն. 2(15). 8. 1912], յակուտ սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1958)։ Ավարտել է Օյունսկու անվ. յակուտական երաժշտա–դրամատիկական թատրոնին կից ստուդիան։ 1934-ից նույն թատրոնի դերասան։ Դերերից են՝ Նիկոլայ (Եֆրեմովի «Եղբայրներ»), Սպիտակ շաման (Օյունսկու «Կարմիր շաման»), Եգոր Բուլչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Լյապկին–Տյապկին (Դոգոլի «Ռևիգոր»)։
Նկարում` Սպիտակ խոշոր խոզ
ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ, զբաղվում է խոզերի բուծմամբ՝ միս, ճարպ, կաշի և այլ մթերքներ ստանալու համար։ Ունի ժողտնտեսային կարևոր նշանակություն։ Անասնապահության համախառն արտադրանքի 20, իսկ գյուղատնտ. ողջ արտադրանքի 10%-ը ստացվում է Խ–ից (1975)։ Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2,5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80–85, մատղաշներինը 72–75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% մկանային հյուսվածք, 38% ճարպ։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90–95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք սպիտակուցներով, հանքանյու–