Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թերով և վիտամիններով։ ՍՍՀՄ–ում արտադրված մսի հաշվեկշռում խոզի միսը 40%-ից ավելի է (1975)։ Խ. ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ (տես Բտում)։

Խ–յամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև XVIII –XIX դդ. եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ XIX դարից Եվրոպայում, հատկապես Անգլիայում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։ Ռուսաստանում Խ. հետամնաց ճյուղերից էր, բուծվում էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ XIX վերջերին, արդյունաբերության զարգացմանը զուգնթաց, Ուկրաինայում, Կենտրոնական սևահողային շրջաններում, Հյուսիսային Կովկասում ու Մերձբալթիկայում ձևավորվեց ապրանքային Խ.։ Սակայն խոզերի ընդհանուր գլխաքանակը դանդաղ էր աճում (1916-ին Ռուսաստանում կար 23 մլն խոզ)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությ–ունից հետո սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումները նպաստեցին Խ–յան հետագա զարգացմանը։ Խոզերի գլխաքանակը 1928-ին հասավ 27,7 մլն, 1976-ին՝ մոտ 58,8 մլն։ Խոզերի գլխաքանակի ավելացմանը զուգընթաց ՍՍՀՄ–ում ստեղծվել են բարձր մթերատու ցեղեր, մշակվել Խ. արդ. հիմունքներով վարելու նոր ձևեր, կառուցվել պետ. խոշոր արդ., միջկոլտնտեսային, արտադրության փակ փուլով մասնագիտացված խոզաբուծական տնտեսություններ։

Հայաստանում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում (Թեղուտ, Շենգավիթ, Աղստև ևն) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ XI դարից Հայաստանում Խ. աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ 1920-ին Հայաստանում կար 5,2 հզ. գլուխ խոզ։ Սովետական կարգերի հաստատումից հետո Խ. սկսում է զարգանալ, և արդեն 1928-ին բուծվում էր մոտ 30 հզ., 1976-ին՝ 142 հզ. խոզ։ ՀՍՍՀ–ում Խ. կենտրոնացված է հիմնականում հս–արլ. և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդ. հիմունքներով վարելու նպատակով կառուցվել է Սովետաշենի խոզաբուծական համալիրը, իսկ X հնգամյակի վերջում շահագործման կհանձնվի Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։ Լայն ծավալ կստանա նաև խոզի մսի արտադրությունը միջտնտեսային ձեռնարկություններում ։

1972-ին աշխարհում խոզերի գլխաքանակը կազմել է 680 մլն, արտադրվել 40,1 մլն տ միս։

Գրկ. Волкопилов Б. П., Свиноводство, 4 изд., Л., 1968; Свиноводство, M., 1974. Գ. Տողանյան

Նկարում` Բերկշիր

ԽՈԶԱԹ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ լեռնաստանում։ 1915-ին ուներ շուրջ 8640 (մոտ 864 տուն) հայ և 1944 (324 տուն) քուրդ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, այգեմշակությամբ, մասամբ՝ առևտրով։ Հայ բնակիչները տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են 1915-ին։ Տեղացի քրդերին հաջողվել է կոտորածից փրկել սակավաթիվ հայերի։ Խ.-ի քրդերը տեղահանվել են 1938-ին։

ԽՈԶԱՂԲՅՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպեր գավառում։ 1909-ին ուներ 46 տուն բնակիչ, որից 30-ը՝ հայ։ Գյուղում կար եկեղեցի՝ Ս. Աստվածածին, մատուռ և ծխական դպրոց։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տեղահանվել են և Բաբերդի մոտերքում գրեթե ամբողջովին ոչնչացվել։ Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել Ուկրաինայում։ Թ. Գևորգյան

ԽՈԶԱՆ, բերդաքաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում։ Առաջին անգամ հիշատակվում է ուրարտ. աղբյուրներում՝ Խուզանա անվանաձևով։ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ) պատմիչը IX դ. 1-ին կեսի դեպքերի առնչությամբ Խ. հիշում է որպես գյուղաքաղաք։ Մատթեոս Ուռհայեցին հիշատակում է Խ. անունով գավառ։

ԽՈԶԱՆ, հատիկային կուլտուրաների բերքահավաքից հետո դաշտում մնացած արմատներով ցողունների ստորին մասը։ Խ–ի դաշտում աճում են նաև տարբեր մոլախոտեր, որոնց վեգետացիան տևում է մինչև սառնամանիքները։ Խ–ի և մոլախոտերի մեջ ապաստանում են գյուղատնտ. բույսերի վնասատուներ և հիվանդությունների հարուցիչներ։ Դրանց դեմ պայքարելու համար բերքահավաքի հետ կամ դրանից անմիջապես հետո կատարում են Խ–ի երեսվար, հետագայում մոլախոտերի ծիլերի երևալու ժամանակ՝ խոր վար։ Խոզանացան կուլտուրաների կամ աշնանացանների ցանքի ժամանակ Խ. վարում են հնձից անմիջապես հետո։ Քամու էրոզիայի ենթակա, խիստ ձմեռ ունեցող և սակավաձյուն շրջաններում (Ղազախստանի և Սիբիրի տափաստանային, ՀՍՍՀ–ի լեռնային շրջաններ) Խ. մշակում են կուլտիվատորներով. դա Խ–ի 85–90% -ը պահպանում է դաշտի մակերեսին, որը խոչընդոտում է հողատարմանը և նպաստում ձյան պահպանմանը։ Բազմամյա խոտաբույսերի ենթացանք ունեցող հատիկային կուլտուրաների հնձից հետո Խ. թողնում են անձեռնմխելի։

ԽՈԶԱՆՈՑ, արտադրական շենք խոզեր պահելու համար։ Խոզաբուծական տնտեսություններում տարածված են հիմնականում 3 տիպի Խ–ներ. 1. մասնագիտացված՝ նախատեսված է սեռահասակային ու տնտ. մեկ խմբի կենդանիների, մերունների ծինն անցկացնելու, արտադրող վարազների, մերուններից առանձնացած խոճկորների, հղիների ու ստերջների, հոտը նորոգելու նպատակով առանձնացված խոճկորների համար, 2. մասնագիտացված կառուցահատված, ինչպես և վերարտադրության և բտման մասնաշենքեր, 3. շենք–կառույց սեռահասակային բոլոր խմբերի կենդանիների համար։ Խ–ները սովորաբար մեկ հարկանի, երբեմն բազմահարկ շինություններ են. ունեն ջեռուցման, օդափոխման, կերի մատակարարման, գոմաղբի հեռացման հարմարանքներ և ավտոմատ սարքավորում։ Արդ. հիմունքներով գործող արտադրական համալիրների Խ–ներում աշխատատար պրոցեսները ավտոմատացված և մեքենայացված են։

ԽՈԶԱՊԻՆ, լիճ Հայկական լեռնաշխարհում, Ախալքալաքի սարավանդում, Վրացական ՍՍՀ և Թուրքիայի սահմանի վրա։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Ջուրն աղի է ու պղտոր։ Լճի հվ–ում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։

ԽՈԶԵՐ (Suidae), կաթնասունների ընտանիքի զույգ սմբակավորների կարգի չորոճող կենդանիներ։ Մարմնակազմը՝ ծանր ու կոպիտ, դունչը երկար՝ կարճ, շարժուն կնճիթով։ Մազածածկը նոսր է, գերակշռում է քստամազը։ Աղորիքները (սեղանատամները) ցածր են, բազմաթմբիկավոր ատամնապսակներով։ Ժանիքները սուր են, կեո, վերջավորությունները՝ 4-մատանի։ Ապրում են հոտերով, ամենակեր են և պոլի գամ։ Հանդիպում են բոլոր մայր ցամաքներում, բացառությամբ Ավստրալիայի և Անտարկտիդայի։ Ունեն 2 ենթաընտանիք (երբեմն դրանց համարում են ինքնուրույն ընտանիքներ)՝ պեկարներ և իսկական Խ.։

ԽՈԶԼՈՒ, Խոզլի, Խոզ Ալլի, Գըզ–Ալի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կային եկեղեցի և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

ԽՈԶՆԱՎԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մսուր–մանկապարտեզ։

ԽՈԶՆԳԵՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ XX դ. սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյու–