Ջղաձգումները շարունակվում են, առաջանում է տանջող զկռտոց: Պուլսը թելանման է, հաճախացած, սրտի տոները՝ խլացած, արյան ճնշումը չի որոշվում: Միզարտադրությունը կարող է լրիվ դադարել: Արյան խտացման հետևանքով էրիթրոցիտների թիվը դառնում է 6–8 մլն 1մմ2-ում և ավելի, լեյկոցիտներինը՝ 10.000–15.000: Ալհիդ փուլին հաջորդում է շնչահեղձությունը, գիտակցությունը մթագնում է, ուժեղանում են կապտությունը և ջղաձգումները: Հևոցի և կոլապսի պատճառով հիվանդը մահանում է: Գոյություն ունի նաև Խ–ի կայծակնային և «չոր» ձևը, երբ մահն առաջանում է ծանր թունավորման հետևանքով, լուծը և փսխումները բացակայում են:
Բուժումը. ջրա–աղային փոխանակությունը վերականգնող միջոցներ, հատուկ աղային լուծույթների ներարկումներ, սիրտ–անոթային համակարգի և երիկամների գործունեությունը լավացնող միջոցներ, անտիբիոտիկներ (տետրացիկլին, մորֆոցիկլին, սիգմոմիցին):
Կանխարգելումը. հիվանդության օջախի ճիշտ հայտնաբերում և հիվանդության հետագա տարածման կանխում, հիվանդների, վիբրիոնակիրների հայտնաբերում ու մեկուսացում հիվանդանոցներում, հիվանդների հետ շփված անձանց մեկուսացում, օջախի ընթացիկ և կանխարգելիչ ախտահանում, արտաքին միջավայրի զանազան գործոնների բակտերիալոգիական հսկողություն, բնակավայրերում կարանտինի սահմանում, կանխարգելիչ պատ վաստ ումներ հակախոլերային վակցինայով և անտիբիոտիկաթերապիա: Խ–ի վերջին դեպքերը Հայաստանում հայտնաբերել է Ա. Ալեքսանյանը 1919–20-ին, որից հետո մինչև 1979-ը հանրապետությունում այն իսպառ բացակայում է:
Գրկ. Ալեքսանյան Ա. Բ., Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե., 1975: Կ. Դեղձանյան
ԽՈԼԻՆԷՍԹԵՐԱԶ, էսթերազների խմբի ֆերմենտ, կատալիզում է ացետիլխոլինի հիդրոլիզը, առաջացնում քացախաթթու և խոլին: Պարունակվում է կենդանի օրգանիզմի արյան և այլ հյուսվածքների (հատկապես նյարդային) մեջ: Խ. ճեղքում և ակտիվազրկում է դրդման ժամանակ նյարդային վերջույթներից արտադրվող ացետիլխոլինը:
ԽՈԼՄՈԳՈՐՅԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնատու ցեղ: Բուծվել է Արխանգելսկի նահանգի Խոլմոգորի շրջանում՝ ժող. սելեկցիայի միջոցով: Մարմնակազմն ամուր է, մկանունքը՝ պինդ, չոր, մաշկը բարակ է և ճկուն: Կովերի մնդավի բարձրությունը 128–134 սմ է, կենդանի քաշը՝ 480–540 կգ (առավելագույնը՝ 700), ցուլերինը՝ 800–900 կգ (առավելագույնը՝ 1200): Տարեկան միջին կաթնատվությունը 3500–4500 կգ է, կաթի յուղայնությունը՝ 3,8–4% (առավելագույնը՝ 5%): Տարածված է ՌՍՖԱՀ եվրոպական մասի հս. և հս–արմ. մարգերում, Թաթարական, Ուդմուրտական ԻՍԱՀ–ների ու Սիբիրի անասնապահական շրջաններում:
ԽՈԼՈԴԿՈՎՍԿԻ Նիկոլայ Ալեքսանդրովիչ [19.2(3.3). 1858, Իրկուտսկ –2.4.1921, Պետրոգրադ], ռուս կենդանաբան, բանաստեղծ–թարգմանիչ: 1880-ին ավարտել է Պետերբուրգի Բժշկավիրաբուժական ակադեմիան: 1892-ից՝ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են միջատաբանության և պարագիտոլոգիայի հարցերին: Էվոլյուցիոն տեսության և ընդհանուր կենսաբանության հարցերի մեկնաբանմամբ Խ. նպաստեց դարվինիզմի տարածմանը Ռուսաստանում: Խ. թարգմանել է Գյոթեի «Ֆաուստը»:
ԽՈԼՈԴՆԱՅԱ ՐԵՉԿԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻԱԱՀ Գագրայի շրջանում, համանուն գետի ձախ ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ–կինո, բուժկայան, բուսաբանական այգի, 2 հանգստյան տուն, 4 պանսիոնատ: Գյուղը հիմնել են Սամսունից, Տրապիզոնից և Օրդուից եկած հայերը, 1828-ին: Ա. Զեյթունյան
ԽՈԼՈԴՆԻ Նիկոլայ Գրիգորևիչ (1882–1953), սովետական բուսաբան, Ուկրաինական ՍԱՀ ԳԱ ակադեմիկոս (1929), Ուկրաինական ԱԱՀ գիտ. վաստ. գործիչ (1945): Աշխատանքները վերաբերում են բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, մանրէաբանության և հողագիտության հարցերին: Նա մշակել է տրոպիզմների ֆիտոհորմոնային տեսությունը, որով բացատրել է բույսերի աճի պրոցեսները:
ԽՈԼՈՊՆԵՐ, ֆեոդալական կախման մեջ գտնվող և իրավական դրությամբ ստրուկներին նման մարդկանց կատեգորիա Ռուսական պետությունում, IX–XVII դդ.: «Խ.» տերմինը աարեգրության մեջ առաջին անգամ հիշատակվում է 986-ին: Ըստ օրենքի խոլոպը իր էր, որի հետ տերը կարող էր վարվել ցանկացած ձևով (սպանել, վաճառել, պարտքի դիմաց տալ ուրիշին ևն): Խ. էին դառնում ռազմագերիները, ինքնավաճառվածները, պարտքի դիմաց կամ հանցագործության համար վաճառվածները, խոլոպուհու հետ ամուսնացողները: Խ–ի մի մասը լրացնում էր իշխանական, այդ թվում զինվորական ծառաների շարքերը, օգտագործվում էր հողագործական աշխատանքներում, ավելի ուշ՝ զբաղվում արհեստներով, գյուղատնտ. աշխատանքով, վարչական գործունեությամբ: XVI դ. կոռային տնտեսության մեջ Խ–ի դերն ու տեղը նվազեց՝ գյուղացիներին ճորտային շահագործման ոլորտը ներգրավելու հաշվին, և դարավերջից առավել տարածվեց ու մասսայական դարձավ ծառայողական խոլոպությունը: XVII դ. վերջից երևան եկան հողին ամրացված, իրենց տնտեսությունն ունեցող և բահրա վճարող Խ., իսկ XVIII դ. սկզբներին միախառնվեցին ճորտերի հետ: Խ. մասնակցել են XVII դ. գյուղացիական ապստամբություններին:
ԽՈԼՈՊՈՎ Գեորգի Կոնստանտինի (ծն. 1914, ք. Շամախի), հայազգի ռուս գրող: ՍՄԿԿ անդամ 1948-ից: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1934-ին հրատարակել է առաջին պատմվածքները, այնուհետև՝ «Աուսաննայի փախուստը» (1940) պատմվածքների ժողովածուն և «Արջի որջ» (1940) վեպը: Ետպատերազմյան շրջանում լույս են տեսել «Կրակներ ծովախորշում» (1947), «Ահեղ տարի» (1955), «Գրենադա» (1961, հայերեն հրտ. 1973), «Դոկեր» (1965, հայերեն հրտ. 1973) վեպերը, «Չհնարված պատմվածքներ պատերազմի մասին» (1968) ժողովածուն ևն: 1973-ից Լենինգրադի գրողների կազմակերպության վարչության առաջին քարտուղարն է, 1957-ից՝ «Զվեզդա» ամսագրի գլխավոր խմբագիրը:
ԽՈԼՈՎ Մահմադուլո (ծն. 1920), սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1954-ին ավարտել է Տաջիկստանի կոմկուսի ԿԿ–ին կից երկամյա կուսակցական դպրոցը: 1963-ի մարտից Խ. Տաջիկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահն է, 1964-ից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1971-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու: ՍՍՀՄ VI – IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է:
ԽՈԼՈՐՁ (Orchis), խոլորձազգիների ընտանիքի ցամաքային կամ էպիֆիտ խոտաբույսերի ցեղ: Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն: Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում ևն: ՍՍՀՄ–ում հայտնի է վայրի Խ–ի մոտ 36, ՀՍՍՀ–ում՝ 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Մայմեխ, Լալվար, Զանգեզուր, Դարալագյազ)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով: Փոշոտվում են միջատների միջոցով: Խ–ի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ:
ԽՈԽ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, համանուն քաղաքից 18 կմ հարավ–արևմուտք: XX դ. սկզբին ուներ 155 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:
ԽՈԽԱՆԱԲԵՐԴ, Խավախան, Խոյախան, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառում, Խաչենագետի աջ ափին, ժայռաբլրի վրա (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ ԼՂԻՄ–ում): Խ. Ներքին Խաչենի տեր Հասան Զալալյանների գլխավոր ամրոցն էր: Ներքին Խաչենի իշխանությունը հաճախ նրա անվամբ կոչվել է «Խոխանաբերդի Վախտանգյանների» իշխանություն, ի տարբերություն Հաթերքի վախտանգյանների իշխանության: Գոյություն է ունեցել վաղ միջնադարից: Սելջուկ–