թուրքերի ասպատակությունների ժամանակ (XII դ.) Խաչենի իշխաններն այստեղ էին ամրանում և դիմադրում օտար նվաճողներին: XII դ. 1-ին կեսին երկու անգամ ավերվել է: Հասան–Ջալալ Ա (XIII դ. 1-ին կես) այն նորոգել է, կառուցել նոր պարիսպներ, կացարաններ ու մթերանոցներ: Մոնղոլների արշավանքների և ասպատակությունների ժամանակ գավառի բնակչության մեծ մասը այնտեղ էր ապաստանում և պաշտպանվում: Վերջնականապես ավերվել է XV–XVI դդ. ակ–կոյունլու և կարա–կոյունլու թուրքերի արշավանքների ժամանակ: Պահպանվում են պարիսպների ու շինությունների մնացորդները:
Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Բարկուդարյան Մ., Արցախ, Բաքու, 1895: Բ. Ուլուբաբյան
Նկարում` Ի. Ի. Խոձկո
ԽՈՁԿՈ Իոսիֆ Իվանովիչ (1800, Վիլնոյի նահանգ–1881, Թիֆլիս): Ռուս գեոդեզիստ, գեներալ–լեյտենանտ: Ազգությամբ լեհ: Ավարտել է Վիլնոյի (Վիլնյուսի) համալսարանը: Մասնակցել է Ռուսաստանի արմ. նահանգների տրիանգուլյացիոն աշխատանքներին: 1840-ից աշխատել է Կովկասում, կազմակերպել ու ղեկավարել է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի և Անդրկովկասի գեոդեզիական չափումներն ու տեղագրական աշխատանքները, որոնց առնչությամբ բարձրացել է Արագածի (1847) և Արարատի (1850) գագաթները: Խ–ի աշխատություններն ու գիտական հաշվետվությունները հիմք են ծառայել Կովկասի առաջին ռելիեֆ քարտեզը կազմելու համար:
ԽՈՂՈՎԱԿԱԳԼՈՑՄԱՆ ՀԱՍՏՈՆ, խողովակագլոցման ագրեգատ, գլոցման հաստոնների և այլ մեքենաների համակարգ, որն իրականացնում է մետաղե անկար խողովակների արտադրության ողջ տեխնոլոգիական ցիկլը: Խ. հ–ի կատարած հիմնական գործողություններն են՝ նախապատրաստուկի տաքացում, անցքահատում, ստացված պարկուճի գլոցում երկարացնող հաստոնով, տրամաչափում, ուղղում, եզրերի կտրում և պատրաստի արտադրանքի որակի վերահսկում: Այս գործողությունները կատարող մեքենաները միմյանց հետ կապված են փոխադրող մեխանիզմներով, որոնք ապահովում են արտադրության լրիվ ավտոմատացումն ու հոսքայնությունը: Խ. հ–ի չափերը որոշվում են գլոցվող խողովակների ամենամեծ տրամագծով, իսկ տիպը՝ երկարացնող հաստոնի կառուցվածքով: Տարբերում են անընդհատ, ավտոմատ, եռագլան և պիլիգրիմային երկարացնող հաստոններով Խ. հ–ներ: Առաջին տիպի Խ. հ–ները ամենաարտադրողականներն են և լայն կիրառություն ունեն մինչև 110 մմ տրամագծով խողովակների գլոցման համար: Ավտոմատ երկարացնող հաստոնով Խ. հ–ները այլ կերպ կոչվում են նաև Շտրիֆելի ագրեգատ (ստեղծողի անունով): Սրանք օգտագործվում են 60–450 մմ և ավելի տրամագծով խողովակների արտադրության համար: Եռագլան երկարացնող հաստոնով Խ. հ–ներն օգտագործվում են 35–200 մմ տրամագծով հաստ պատերով խողովակների մշակման համար: Պիլիգրիմային հաստոնով Խ. հ. օգտագործվում է մեծ տրամագծով (մինչև 400–700 մմ) անկար խողովակների արտադրության համար: Բացի կլոր հատվածքով խողովակներից, կարելի է ստանալ քառակուսի, վեցանիստ, աստիճանավոր և այլ պրոֆիլի խողովակներ: Խ. հ–ների տարեկան միջին արտադրողականությունը 140–180 հզ. տ է: Անընդհատ երկարացնող հաստոնով Խ. հ. ունի ռեկորդային արտադրողականություն՝ տարեկան 400–600 հզ. տ:
ԽՈՂՈՎԱԿԱԵՌԱԿՑՄԱՆ ՀԱՍՏՈՆ, մետաղե խողովակների արտադրության բոլոր տեխնոլոգիական գործողությունները կատարող մեքենաների համակարգ: Վերջիններս պատրաստվում են շերտավոր կամ թերթավոր մետաղից՝ կորացման մեթոդով եզրերի հետագա եռակցմամբ: Խ. հ–ի տիպը բնութագրող գլխավոր հատկանիշներն են եռակցման կարի դասավորությունը (երկայնական կամ պարուրաձև) և եռակցման եղանակը: Առավել տարածված են եռակցումը ճնշմամբ և հալմամբ իրականացնող Խ. հ–ները: Առաջինը կիրառվում է մինչև 500 մմ տրամագծով (երկայնական և պարուրաձև կարով) խողովակների արտադրության համար: Մինչև 100 մմ տրամագծով խողովակների արտադրության դեպքում Խ. հ–ի կազմի մեջ ավելացնում են ռեդուկցիոն հաստոն: Աղեղային եռակցմամբ Խ. հ–ները կիրառվում են 500–1600 մմ տրամագծով խողովակների արտադրության համար: Եռակցումը կատարվում է խողովակի ներսից և դրսից: ժամանակակից հաստոնով խողովակների թողարկման արագությունը (10 մմ տրամագծի դեպքում) հասնում է մինչև 20 մ/վրկ: Մշակվում են Խ. հ–ներ երկշերտ և բազմաշերտ գազատար խողովակների (տրամագիծը՝ ավելի քան 1 մ) արտադրության համար:
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ, միմյանց կիպ միացված խողովակներից կազմված կառույց, որը նախատեսվում է գազերի, հեղուկների և սորուն նյութերի տեղափոխման համար: Ըստ տեղափոխվող նյութի տեսակի Խ. անվանում են՝ գազամուղ, նավթամուղ, ջրմուղ ևն: Խ–ում շարժումը կատարվում է նրա հատվածների ծայրակետերում ճնշումների տարբերության շնորհիվ: Կախված տեղափոխվող նյութերի ֆիզիկական և քիմ. հատկանիշներից՝ Խ–ում օգտագործում են տարբեր մակնիշների պողպատե, թուջե, փայտե, երկաթբետոնե, ապակե, խեցե և պլաստիկ նյութերի տարբեր խառնուրդներից պատրաստված խողովակներ: Քիմ. նյութերի տեղափոխման համար կիրառվում են նաև ներսից պոլիվինիլքլորով, լաքով, ռետինով և այլ նյութերով պատած խողովակներ:
ԽՈՂՈՎԱԿՆԵՐ, գլխավորապես օղակաձև լայնական հատվածք և լայնական չափերի համեմատ մեծ երկարություն ունեցող սնամեջ շինվածքներ: Օգտագործվում են հիմնականում խողովակաշարերում և շինարարական կոնստրուկցիաներում: Պատրաստում են զանազան մետաղներից, խեցուց, ասբեստացեմենտից, աղյուսից, բետոնից, երկաթբետոնից, փայտից, ապակուց, կաուչուկից, պլաստմասսաներից և այլ նյութերից: ժամանակակից տեխնիկայում հատկապես մեծ նշանակություն ունեն մետաղե Խ.: Ըստ պատրաստման ձևի լինում են կարով և անկար: Կարով Խ. պատրաստվում են մեծ մասամբ եռակցմամբ (տես Խողովակաեռակցման հաստոն), իսկ անկար Խ.՝ գլոցմամբ (տես Խողովակագլոցման հաստոն):
ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ, խողովակաշարի հերմետիկությունն ու ամրությունն ապահովող առանձին խողովակների ծայրակից միացումներ: Հիմնականում կիրառվում են եռակցված (մագիստրալային խողովակաշարերում), կցեզրավոր (պողպատե և թուջե խողովակաշարերում), պարուրակային (փոքր տրամաչափի խողովակաշարերում), լայնուկային (թուջե, խեցե, բետոնե և այլ խողովակաշարերում) միացումները (տես նկ.):
Նկարում` Խողովակների միացումների տեսակներ, ա. եռակցված, բ. լայնուկային, գ. կցեզրավոր, դ. պարուրակային
ԽՈՃԻԿ (Խոճիկյան) էդուարդ Մամասի (3.2.1900, Թիֆլիս – 29.11.1961, Երևան), հայ սովետական երգիծաբան, լրագրող: Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1921), սովորել Մոսկվայի հայկ. թատերական ստուդիայում (1923–26): Խմբագրել է «Զուռնա» (1924), «Կարմիր մոծակ» (1926–27) երգիծական հանդեսները: 1954–61-ին աշխատել է «Ոզնի» հանդեսում: Բեմադրվել են նրա «Մերը ջրհորի ափին» (հրտ. 1928), «Մանկավարժական խորհուրդ», «Ազատություն» կատակերգությունները, ռուսերենից փոխադրած «Պապի կճուճը», «Տոմս մինչև Կիրովական» (հրտ. 1946) վոդևիլները: Լույս է