Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան կերպարներ, որոնցից են՝ Սալոմե (Սուnդուկյանի «Էլի մեկ գոհ»), Աննա (Դուլակյանի «Արշալույսին»), Կաբանիխա (Օստրովսկու «Ամպրոպ), Էմիլյա (Շեքսպիրի «Օթելլո»)։ Ս. Սարգսյան


ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ Կոստանդին Սուրենի (ծն. 9.1.1929, Երևան), հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ. դ–ր (1967), պրոֆեսոր (1974)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ 1951-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1974-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչ։ 1964-ից դասավանդում է Երևանի բուհերում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ «Հայ ժողովրդի պատմության» (հ. 7, 1967, հ. 8, 1970) հատորների հեղինակներից է և խմբագրության անդամ, ՍՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտ. պրոբլեմային խորհուրդների անդամ։

Երկ. Культуное строительство в Советской Армении в годы первой пятилетки, Е., 1959; Съeзды советов Армении, E., 1963 (соавтор С. В. Хармандарян); Культурная революция в Советской Армении, E., 1966; Культурные связи Советской Армении, E., 1976.

Նկարում` Ս. Ա. Խուդդյակով


ԽՈՒԴՅԱԿՈՎ Սերգեյ Ալեքսանդրովիչ, Խանփերյանց Արմենակ Արտեմի [1902, գ. Մեծ Թաղլար (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում) –11.4.1950], ավիացիայի մարշալ (1944)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ 1916-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել Բալախանիի նավթահանք երում։ 1917-ի նոյեմբերին կամավոր մտել է Կարմիր գվարդիայի շարքերը, մասնակցել հակահեղափոխության, ապա սովետական Բաքվի վրա արշավող թուրք, բանակի դեմ մղված մարտերին։ Բաքվի կոմունայի ան– կումից հետո տեղափոխվել է Ասարախան, 1919-ի դեկտեմբերից, որպես կադրային զինվոր, կռվել է կարմիր բանակի 1-ին հեծյալ գնդում, 1920–21-ին 11-րդ կպրմիր բանակի շարքերում մասնակցել Անդրկովկասում մղված մարտերին։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սովորել է Թիֆլիսի հեծելազորային հրամանատարների ռազմ, դպրոցում, Ուկրաինայում ծառայել որպես հեծելազորային դասակի, էսկադրոնի հրամանատար, գնդի դպրոցի պետ, զորամասի շտաբի պետ։ 1931–36-ին սովորել է Մոսկվայի Ժուկովսկու անվ, ռազմաօդային ակադեմիայում, ապա պատասխանատու պաշտոններ վարել Բելոռուսական հատուկ ռազմ, օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբում, 1940-ին մասնակցել Արևմտյան Բելոռուսիայի և Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի առաջին օդային բանակի շտաբի պետ, 1943-ից՝ հրամանատար, 1944-ի օգոստոսից՝ կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ։ Որպես ավիացիայի գծով խորհրդական, 1945-ի փետրվարին մասնակցել է Յալթայի կոնֆերանսին։ ճապոնիայի դեմ մղված պատերազմում խ. 12-րդ օդային բանակի հրամանատարն էր, որի հաղթական ավարտից հետո նշանակվեց Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով։

Գրկ. Մալխասյան Ա, Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965։ Ե. Խալեյան


ԽՈԴՈՅԱՆ Կորյուն Լևոնի [ծն. 12.4.1920, գ. Քուչակ (ՀԱԱՀ Ապարանի շրջանում)], հայ սովետական ինժեներ–քիմիկոս, ՀՍՍՀ վաստ. ինժեներ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1942)։ 1958–71-ին և 1976-ից՝ «Պոլիվինիլացետատ» գործարանի, 1971–76-ին՝ Ա. Մ. Կիրովի անվ. քիմ. կոմբինատի դիրեկտոր։ Հեղինակ է նատրիումի քացախատի արդ. ստացման, ացետոնի և բուտիլ–սպիրտի խառնուրդում վինիլքացախատի պոլիմերացման, սպիրտում թթվային կատալիզատորների առկայությամբ պոլիվինիլքացախատի հիդրոլիզի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։


ԽՈՒԶ, կենդանիների մազածածկույթի հեռացումը բուրդ ստանալու (ոչխարներից, այծերից, ուղտերից), ինչպես նաև մաշկի խնամքի, բուժման, ջերմատվության ուժեղացման (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր), որոշակի տեսք տալու (շների որոշ դեկորատիվ ցեղեր) նպատակով։ Նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարները խուզում են գարնանը, կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարները՝ գարնանը և աշնանը։ Խ. հիմնականում մեքենայացված է։ Տես նաև խուզող ագրեգատ։


«ԽՈՒԶԱԿ», քաղաքական և գիտական կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1897–1898-ին, Վառնայում, ապա՝ Ռուսչուկում։ Արձագանքել է ազգային, կրթական, բարոյական, կրոնական և այլ հարցերի։


ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, քրեական դատավարությունում քննչական գործողություն, որի ժամանակ հարկադիր զննվում են բնակարաններ, տեղամասեր, մարդկանց մարմինն ու հագուստը՝ հանցագործության գործիքներ, առարկաներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված արժեքներ, գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ ու փաստաթղթեր, ինչպես նաև հետախուզվող անձանց և բռնագրավման կամ քաղաքացիական հայցի կարգով գանձման ենթակա գույք հայտնաբերելու նպատակով։ Խ. կատարվում է քննիչի կամ հետաքննություն կատարող անձի պատճառաբանված որոշմամբ՝ դատախազի սանկցիայից հետո։ Խ–յանը պարտադիր ներկա են լինում ընթերականեր, հայտնաբերված բոլոր առարկաներն ու փաստաթղթերը ներկայացվում են ներկաներին, նրանց մանրամասների և խ–յան տեղի մասին կազմվում է արձանագրություն, որի պատճենը հանձնվում է խուզարկվողին։


ԽՈՒԶՈՂ ԱԳՐԵԳԱՏ, գործիքների հավաքածու, օգտագործվում է կենդանիների (ոչխար, այծ, ուղտ) բուրդը խուզելու համար։ ՍՍՀՄ–ում թողարկվում են էլեկտրական ու մեխանիկական խ. ա–ներ։ Էլեկտրականը կազմված է էլեկտրաշարժիչից, ճկուն լիսեռներից և խուզող սարքերից։ Որոշ ագրեգատներ ունեն նաև շարժական էլեկտրակայան և էլեկտրահաղորդման ցանց։ Փոքր տնտեսություններում նպատակահարմար է կիրառել ԷՍԱ–1 Դ ագրեգատներ, խոշորներում՝ ԷՍԱ–12/200։ Վերջինս օգտագործվում է նաև այլ կենդանիների խուզի համար։ Ագրեգատն ունի 12 խուզող սարք, հոսանքի հաճախականության և լարման կերպափոխիչ, էլեկտրական ցանց, սրող ապարատ, մասերի ու գործիքների համալիր։ Արտադրվում են նաև 24, 36, 48, 60 խուզող սարքով ագրեգատներ։


ԽՈՒԶՈՂ ՄՐՄԶՈՒԿ, մկնատամ (Dermatomycosis), մարդկանց և կենդանիների սնկային հիվանդություն։ Ախտահարվում են մաշկը, եղունգները, մազերը։ Խ. մ–ի նկատմամբ զգայունակ են տավարը (ավելի հաճախ մատղաշը), ձիերը, շները և կատուները։ Հիվանդության հարուցիչները տրիխոֆիտոն և միկրոսպորում սնկերն են։ Զմռանը Խ. մ. ունենում է զանգվածային բնույթ։ Գաղտնի շրջանը 6–30 օր է։ Մաշկի ախտահարված շրջաններում առաջանում են բշտեր, մազերը թափվում են։ Ախտորոշում են կլինիկական նշաններով և մանրադիտակով։ Անհրաժեշտ է բացառել քոսը։ Բուժումը՝ յոդի, քլորի պատրաստուկներ, 1 –1,5% յուգլոնի քսուք, անտիբիոտիկներ ևն։ Կանխարգելման նպատակով պարբերաբար ախտահանում են անասնաշենքերը և գույքը, բարելավում կերակրման և խնամքի պայմանները։ Տավարին կարելի է իմունացնել ՏՖ–130 վակցինայով։ Տես նաև Վարակիչ հիվանդություններ։ Հ. Բոյախչյան


ԽՈՒԹ, Խույթ (արաբ. Խուայթ), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Սանասունք լեռան հարավային կողմում։ Ուներ մոտ 1190 կմ2 տարածություն՝ շրջապատված անտառապատ լեռներով։ Կլիման բարեխառն է, մակերևույթը՝ հարթ։ Կենտրոնն էր համանուն բերդը։ Գավառի միջով հոսում է Բռնաշեն գետը։ Խ. սահմանակից էր Սասուն գավառին, ուստի աղբյուրներում հաճախ այդ երկու տեղանունները գործածված են միևնույն նշանակությամբ։ Խութեցիները հնուց հայտնի էին իրենց ազատասեր ու քաջակորով բնավորությամբ։ Նրանց կենցաղը, բարքերը, նիստուկացը նկարագրել է IX–X դդ. պատմագիր Թովմա Արծրունին՝ 851–852-ի ժողովրդական ապստամբության առնչությամբ։ Այս ապստամբության ժամանակ խ–ի լեռնականները, Հովնանխութեցու գլխավորությամբ, 851-ի գարնանամուտին, իջնելով լեռներից, ծանր