Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասում՝ 100–120 մ, հարավում և արևելքում՝ մինչև 200–250 մ: Ռելիեֆին բնորոշ են կտրտված գետերով (Կուչուկ, Կուլունդա, Բուռլա) լեռնաբաշերը և անհոսք լճերը: Լճերը հարուստ են սոդայով, գլաուբերյան և կերակրի աղերով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 250 – 350 մմ: Գետահովիտներում և լայն ձորակներում տարածված են սոճու, հյուսիս–արևելքում՝ կեչու, կաղամախու անտառներ: Կ. տ. Արևմտյան Սիբիրի գյուղատնտեսության կարևոր շրջաններից է: Տարածքի մեծ մասը հերկված է, մշակում են հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ:

ԿՈՒԼՈՒՇԿԵՐԿ, Կրբnցիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, Արածանի գետի ափին՝ Դիարբեքիր քաղաքից 20 կմ արևմուտք: 20-րդ դ. սկզբին ուներ 45 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Խաչ): Կուլուշկերկի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿՈՒԿ (Cook) Ջեյմս (1728 թ., Մարտոն – 1779 թ., Հավայի կղզի), անգլիացի ծովագնաց, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար: Առաջին արշավախմբի ժամանակ (1768–1771) այցելել է Տայիտի, հետազոտել Նոր Զելանդիան (բացահայտել նրա կղզային վիճակը) և հայտնագործել Ավստրալիայի ափերը: Երկրորդ արշավախմբի (1772–1775) նպատակն էր փնտրել Հարավային մայր ցամաքը: Այդ ծովագնացությամբ Կուկը հայտնաբերեց Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Աանդվիչյան, Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքեց Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավի կղզիների մասին, բայց հարավի մայր ցամաքը չգտնվեց: Երրորդ արշավախումբը (1776–1779 թթ.), որը հանդերձավորվել էր Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերի «չհայտնաբերված» հողերը բռնագրավելու նպատակով, ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերումով, որտեղ Կուկը սպանվեց բնիկների հետ ունեցած ընդհարումների ժամանակ, իսկ արշավախումբը Ջ. Գորայի հրամանատարությամբ 1780 թ.-ին վերադարձավ Անգլիա: Կ–ի անունով են կոչվել 20-ից ավելի աշխարհագրական օբյեկտներ:

ԿՈՒԿԻ ԼԵՌ, Աորանգի (Cook Mount), լեռնագագաթ Նոր Զելանդիայի Հարավ. կղզում: Բարձրությունը 3764 մ է (երկրի ամենաբարձր կետը): Կազմված է բյուրեղային ապարներից: Լանջերը զառիթափ են: Կան ձնահյուսեր և սառցադաշտեր: Անվանվել է ի պատիվ Ջ. Կուկի:

ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ (Cook Islands), արշիպելագ Խաղաղ օվկիանոսում, Պոլինեզիայում: Վարչականորեն ենթարկվում է Նոր Զելանդիային: Կղզիներն ունեն հրաբխային և կորալային ծագում: Տարածությունը 240 կմ² է: Կլիման արևադարձային է, պասսատային: Զբաղվում են ձկնորսությամբ, կոպրայի, մարգարիտի, սադափի արդյունահանությամբ: Աճեցնում են բանան, նարինջ, անանաս: Հայտնագործել են անգլ. ծովագնաց Զ. Կուկը (1773–1774 թթ.), Սուվորովի կղզին՝ ռուս ծովագնաց Մ. Պ. Լազարևը (1814 թ.):

ԿՈՒԿԻ ՆԵՂՈՒՑ (Cook Strait), Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև: Տասմանի ծովը միացնում է Խաղաղ օվկիանոսի հետ: Երկարությունը 205 կմ է, լայնությունը՝ 25–150 կմ, խորությունը՝ մինչև 365 մ: Հայտնագործել է Ջ. Կուկը (1769 թ.): Կուկի նեղուցի արևելյան ափին է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը:

ԿՈՒ–ԿԼՈՒԿՍ–ԿԼԱՆ (Ku-Klux-Klan), ռասիստական տեռորիստական գաղտնի կազմակերպություն ԱՄՆ–ում: Ստեղծվել է 1865 թ.-ին՝ նեգրերի և նրանց սպիտակամորթ դաշնակիցների դեմ պայքարելու համար: 19-րդ դ. 70-ական թթ. սկզբից անցել է ընդհատակ: Ներկայումս Կու–կլուս–կլանի տեռորիստական գործողություններն ուղղված են ԱՄՆ–ի առաջադիմական կազմակերպությունների դեմ:

ԿՈՒԿՐԻՆԻԿՍՆԵՐ (ազգանունների առաջին տառերից կազմված կեղծանուն), ռուս սովետական նկարիչների ստեղծագործական խումբ՝ Կուպրիանով Միխայիլ Վասիլևիչ (ծնված 1903 թ.), Կռիլով Պորֆիրի Նիկիտիչ (ծնված 1902 թ.), Սոկոլով Նիկոլայ Ալեքսանդրովիչ (ծնված 1903 թ.): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամներ (1947 թ.-ից): ՍՍՀՄ ժողովրդական նկարիչներ (1958 թ.): Սովետական կերպարվեստի առաջատար երգիծանկարիչներ: 1924 թ.-ից աշխատել են համատեղ: 1925 թ.-ից ստեղծել են սուր, այժմեական թեմաներով աշխատանքներ («Տրանսպորտ», տուշ, 1933– 1934 թթ., և այլ նկարաշարեր): Կուկրինիկսների 1941–1945 թթ.-ի պլակատները, ծաղրանկարները, «ՏԱՍՍ–ի պատուհանները» տոգորված են սովետական հայրենասիրությամբ, մահացու ծաղրով («Անխնա ջախջախենք ու ոչնչացնենք թշնամուն», 1941): Քաղաքական ծաղրանկարների և պլակատների համար Կուկրինիկսներն

Կուկրինիկսներ. «Վերջ» (1947–1948 թթ., Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)

արժանացել են ՍՍՀՄ պետական (1942 թ.) և լենինյան (1965 թ.) մրցանակների: 1920-ական թթ. պատկերազարդել են գրական երկեր (Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» և այլ գործեր, 1940–1946 թթ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1947 թ., Մ. Գորկու «Ֆոմա Գորդեև», 1948-1949 թթ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ., և «Մայրը», 1950 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.): Կուկրինիկսների հաստոցային գեղանկարչությունը նույնպես աչքի է ընկնում քաղաքական հնչեղությամբ, ռեալիզմով («Վերջ», 1947–1948 թթ., Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ.): Անհատապես աշխատում են դիմանկարի և բնանկարի ժանրերում: 1972 թ.-ին Պ. Ն. Կռիլովը, 1973 թ.-ին Ն. Ա. Սոկոլովը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Կուկրինիկսների «Գերմանական ինֆորմացիոն բյուրո» (1943 թ.) երգիծանկարը Հայաստանի պետական պատկերասրահում է:

Գրականություն Соколова Н. И., Кукрыниксы, M., 1962.

ԿՈՒԿՈՒՆՅԱՆ Սարգիս Մովսեսի [1866 թ., գ. Նիժ (այժմ՝ Ադրբեջանական ՍՍՀ Կուտկաշենի շրջանում)–1914 թ., Օրյոլի բանտ], հայ ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1884 թ.-ին ավարտել Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Պետերբուրգի համալսարանում, ուր կապվել է հեղափոխական նարոդնիկների հետ: Օգնել է Կ. Եզյանին «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ազգի հետ» (1898 թ., ռուսերեն) վավերագրական ժողովածուն կազմելու գործում: Կուկունյանը Պետերբուրգում կապեր է հաստատել նաև լեհ ու բուլղար հեղափոխական գործիչների հետ և հայերեն թարգմանել նրանց հրապարակած 15 գրքույկներ: Արևմտահայության ազատագրության գործին մասնակցելու նպատակով Կուկունյանը մենեց Կովկաս, կազմակերպեց 100 հոգուց բաղկացած խումբ, ձեռք բերեց դրամ և զենք: 1890 թ.-ի սեպտեմբերի 22-ին Կուկունյանի ջոկատը Կարսի մարզից փորձեց անցնել Թուրքիա: Խար գյուղի մոտ հանդիպելով թուրքական սահմանապահներին՝ մարտի բռնվեց, որի ժամանակ երկու կողմերն էլ մեծ զոհեր տվեցին: Կուկունյանի խմբակի անդամները մարտնչելով նահանջեցին ռուսական սահմանը, որտեղ Կուկունյանին և նրա 25 ընկերներին սահմանապահները ձերբակալեցին: Ցարական դատարանը Կուկունյանին դատապարտեց 20 տարվա բանտարկության և 15 մյուս ընկերների հետ շղթայակապ ուղարկեց Սախալին: 1905 թ.-ին ընդհանուր մանիֆեստի շնորհիվ Կուկունյանը ժամկետից շուտ ազատվեց աքսորից և 1906 թ.-ին վերադարձավ Կովկաս: Հայրենիքում Կուկունյանը նորից սկսեց իր ազգային–ազատագրական գործունեությունը, սակայն ռեակցիայի օրերին կրկին ձերբակալվեց ու նետվեց Մետեխի բանտ, որտեղ հանդիպեց Կամոյին և օգնեց նրան բանտից փախչելու: Թիֆլիսից Կուկունյանին փոխադրեցին Օրյոլի բանտ, ուր և մահացավ:

Երկեր. Վերջին օրերս Սախալինում, Բաքու, 1910:

Գրականություն'՝ Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. 2, Փարիզ, 1934: Ա. Մնացականյան

ԿՈՒԿՈՒՆՈՐ (մոնղոլերեն՝ կապույտ լիճ), Ցինխայ, ամենամեծ անհոսք