Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմնադրել է ՌԿ(բ)Կ հունգարական խումբը: Եղել է 1918 թ.-ի մայիսին ստեղծված ՌԿ(բ)Կ արտասահմանյան խմբերի Կենտրոնական ֆեդերացիայի նախագահը: Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին: 1918 թ.-ին անլեգալ ճանապարհով վերադարձել է Հունգարիա և դարձել Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) հիմնադիրներից, ընտրվել նրա նախագահ: Հունգարական Սովետական Հանրապետության (ՀՍՀ) հռչակումից (1919 թ.-ի մարտի 21) հետո զբաղեցրել է արտաքին գործերի, ռազմական գործերի ժողկոմի պաշտոնները: ՀՍՀ–ի անկումից հետո եկել է Սովետական Ռուսաստան, մասնակցել Ղրիմում սպիտակգվարդիականների դեմ մղվող մարտերին, ընտրվել Ղրիմի հեղկոմի նախագահ: Գործուն մասնակցություն է ցուցաբերել Կոմինտերնի աշխատանքներին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1927 թ.):

ԿՈՒՆԱԵՎ Դինմուհամեդ Ահմեդովիչ [1911 թ. դեկտեմբերի 31 (1912 թ. հունվարի 12), Ալմա Աթա - 1993 թ. օգոստոսի 22], սովետական պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1972 թ. և 1976 թ.), Ղազախական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1952 թ.): ՍՄԿԿ անդամ 1939 թ.-ից: 1936 թ.-ին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը: 1939 թ.-ին եղել է «Ալթայպոլիմետալ» կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, ապա՝ Ռիդերի հանքավարչության դիրեկտոր, 1942–1952 թթ.-ին՝ Ղազախական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1952–1955 թթ.-ին՝ Ղազախական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտ, 1955 թ.-ի ապրիլից մինչև 1960 թ.-ի հունվարը և 1962–1964 թթ.-ին՝ Ղազախական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ: 1960-1962 թթ.-ին և 1964 թ.-ի դեկտեմբերից Կունաևը Ղազախստանի կոմկուսի ԿԿ–ի առաջին քարտուղար է: Կուսակցության 20–25-րդ համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ, 1966 թ.-ի ապրիլից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թ.-ի ապրիլից՝ անդամ: ՍՍՀՄ 3 – 10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1962 թ.-ից՝ Նախագահության անդամ: Աշխատությունները նվիրված են հանքագործության տեսական և պրակտիկ հարցերին: Պարգևատրվել է Լենինի 5 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

ԿՈՒՆԴ, անիվի կենտրոնական, սովորաբար հաստացված մաս, որն ունի անցք՝ սռնիին կամ լիսեռին հագցնելու համար: Կունդը միացնում են անվահեծին ճաղերով կամ սկավառակով:

ԿՈՒՆԵՈ Պաոլո (ծնված 1936 թ. փետրվարի 11, Հռոմ), իտալացի ճարտարապետ, արվեստաբան: Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր: 1962 թ.-ին ավարտել է Հռոմի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը: Հռոմի համալսարանի արվեստի, գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում 1966 թ.-ին հիմնադրված Հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի անդամ է: Մասնակցել է Սովետական Հայաստան (1966 թ., 1968 թ., 1971 թ., 1972 թ., 1975 թ., 1978 թ.), Արևմտյան Հայաստան, Կիլիկիա (1967 թ., 1969–1970)՝Հռոմի համալսարանի կազմակերպած գիտարշավներին: Ճարտարապետ Բրեչչիա Ֆրատադոկկիի հետ համակարգել է հարուստ նյութ հայկական ճարտարապետության վերաբերյալ (չափագրություններ, լուսանկարներ, պատմաժամանակագրական տվյալներ): Հռոմի «Հայկական միջնադարյան ճարտարապետական ուսումնասիրության կենտրոնի» դիրեկտորն է: ՅՈԻՆԵՍԿՕ–ի «Մոնումենտում» հանդեսում (1970 թ., № 5) լույս տեսած «Անի քաղաքի ավերակները» («Les ruines de la Ville d՛Ani») աշխատությունում առաջարկում է Անին դարձնել գիտահետազոտական և տուրիստական միջազգային

կենտրոն: Հայկական ճարտարապետւթյան վերաբերյալ գրել է բազմաթիվ աշխատություններ, Հռոմում, Ռավեննայում, Բերգամոյում, Փարիզում, Երևանում կարդացել դասախոսություններ: Զեկուցումներով մասնակցել է հայ արվեստին նվիրված միջազգային 1-ին և 2-րդ սիմպոզիումներին:

Երկեր՝ Architettura medievale armena, Roma, 1968 (համահեղինակ՝ Էնրիկո Կոստա): La basiliques de Tsitsernakavank dans le Karabagh, «Revue des e՛tudes arme՛niens», 1967, t. 4; Des mode՛les en pierre de l՛architecture arme՛nienne, նույն տեղում, 1969, t. 4; Le Basiliche di T՛ux, Xncorgin, Pasvacke, Hogeacvank, Roma, 1973; L՛architettura della scuola regionale di Ani nell՛ Armenia medievale, Roma, 1977. Ա. Զարյան

ԿՈՒՆԼՈՒՆ, Կուեն–Լուն, լեռնային համակարգ Ասիայում (Չինաստանում): Երկարությունը 2700կմ է, լայնությունը՝ 150–600կմ, միջին բարձրությունը՝ 6000– 6500մ, առավելագույնը՝ 7723մ (Ուլուգ–մուզդաղ լեռ): Կազմված է պալեոզոյի մետամորֆային ապարներից և գրանիտներից: Բաժանվում է Արևմտյան Կունլունի (Պամիրից մինչև Կերիա գետի հովիտը) և Արևելյան Կունլունի: Արևմտյան Կունլունը կազմված է միջլեռնային նեղ հովիտներով իրարից բաժանված Կարանգուդաղ, Մուզդաղ և այլ զուգահեռ լեռնաշղթաներից: Արևմուտքից արևելք տեղումները նվագում են (1000–400 մմ), սառցադաշտերը պակասում, եղևնու և գիհու անտառներն ու լեռնատափաստանները փոխվում լեռնային կիսաանապատների: Արևելյան Կունլունն ընդգրկում է Արկադաղ, Կուկուշիլի, Բոկալիկդաղ լեռնաշղթաները: Սառցադաշտեր կան առավել բարձր գագաթներին: Գետերը կարճ են, սակավաջուր: Բնորոշ են ոչ մեծ, անհոսք լճերը: Գերակշռում են բարձրալեռնային անապատները: Հարավ–Արևելյան Կունլուն հաճախ առանձնացվում է որպես առանձին լեռնային համակարգ (Սինո–Տիբեթական լեռներ):

ԿՈՒՆԾԻԿ ԱԲԵՂԱ (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Թոնդրակյան շարժման ղեկավար 10-րդ դ. վերջին և 11-րդ դ. սկզբին: Ապրել է Մանանաղի գավառի Շիրնի բերդաքաղաքի մոտ գտնվող համանուն ագարակում: Թոնդրակյան գաղափարախոսությունը ուսանել է աղվանքցի մի աբեղայից և իր հերթին քարոզել Մանանաղիում: Թոնդրակեցիների մեջ է ներգրավել ազնվականուհիներ Հրանույշին, Կամարա և Ախնի քույրերին, իշխան Վրվեռին և նրանց աջակցությամբ 10-րդ դ. վերջին թոնդրակյան համայնքներ կազմակերպել Աղյուսո ու Կաշե գյուղերում: 11-րդ դ. սկզբին նրանց ոտքի է հանել աշխարհիկ ու հոգևոր կալվածատերերի դեմ և ավերել գավառի մի շարք եկեղեցիներ ու սրբավայրեր: Ի պատասխան՝ Սամվել եպիսկոպոսի գլխավորությամբ գավառի ավատատերերը այրել ու ոչնչացրել են վերոհիշյալ գյուղերը և հալածել թոնդրակեցիներին: Դրանից հետո Կունժիկ աբեղայիի մասին տեղեկություններ չկան:

Գրականություն՝ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971: Ս. Պողոսյան

ԿՈՒՆՄԻՆ, քաղաք Չինաստանի հարավ–արևմուտքում, Յուննան պրովինցիայի վարչական կենտրոնը: 880 հազ. բն. (1957 թ.): Գտնվում է Յուննանի սարավանդում, 1892մ բարձրության վրա: Տրանսպորտային հանգույց է: Զարգացած է գունավոր մետալուրգիան, էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեքստիլ, կաշվի, սննդի արդյունաբերությունը, արհեստները: Քաղաքի մոտ արդյունահանվում է քարածուխ, երկաթ, ապատիտ: Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, ՉԺՀ ԳԱ հարավ–արևմտյան մասնաճյուղ, բուսաբանական այգի, առողջարաններ, ճարտարապետական հուշարձաններ: Հիմնադրվել է մ. թ. 1-ին դ., Ցզյանլին անվամբ:

ԿՈՒՆՅԱԼ (Cunhal) Ալվարու (1913 թ. նոյեմբերի 10, Կոիմբրա - 2005 հունիսի 13, Լիսաբոն), պորտուգալական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Պորտուգալիայի կոմունիստական կուսակցության (ՊԿԿ) անդամ 1935 թ.-ից: 1935 թ.-ին ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որտեղ ստեղծել է ՍՍՀՄ բարեկամների գաղտնի լիգա և ՄՈՊՈ–ի բաժանմունք: Ղեկավարել է ուսանողների կոմունիստական անլեգալ կազմակերպությունը: 1935–1940 թթ.-ին եղել է Պորտուգալիայի կոմունիստական երիտասարդական միության գլխավոր քարտուղար, 1936 թ.-ից՝ ՊԿԿ ԿԿ–ի, 1938 թ.-ից՝ ՊԿԿ ԿԿ–ի քարտուղարության (ընդհատումներով) անդամ: 1937–1938 թթ., 1940 թ. և 1949–1960 թթ.-ին բանտարկված է եղել: 1960 թ.-ին ՊԿԿ ղեկավար գործիչների խմբի հետ փախել է բանտից: 1961 թ.-ից Կունյալը ՊԿԿ գլխավոր քարտուղարն է: