Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և շինարարություն» (հ. 1–3, 1962–1965), «Տնտեսագիտական հանրագիտարանի», «Մանկավարժական հանրագիտարանի» (հ. 1–4, 1964–68), «Ֆիզիկական հանրագիտական բառարանի» (հ. 1–5, 1960–66), «Համառոտ քիմիական հանրագիտարանի» (հ. 1–5, 1961–67), «Համառոտ աշխարհագրական հանրագիտարանի» (հ. 1–5, 1960–66), «Գյուղատնտեսական հանրագիտարանի» (հ. 1–6, 1969–75), «Անասնաբուժական հանրագիտարանի» (հ. 1–6, 1968–76), «Բժշկական մեծ հանրագիտարանի» (2 հրտ., հ. 1–36, 1956–64, 3 հրտ., հ. 1–30 լույս է տեսնում 1974-ից), «Բժշկական փոքր հանրագիտարանի» (հ. 1 – 12, 1965–70), «Թատերական հանրագիտարանի» (հ. 1–5, 1961–67), «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության» (1977) հանրագիտարանի հրատարակությունները: Ավարտվել է «Դրական համառոտ հանրագիտարանի» (հ. 1–9, 1962–78), «Աշխարհի երկրների և ժողովուրդների արվեստ» հանրագիտարանի (5 հատորով, հ. 1-4, 1962–78), «Երաժշտական հանրագիտարանի» (5 հատորով, հ. 1–4, 1973–78) և այլնի հրատարակումը: Վոենիզդատ հրատարակչությունը լույս է ընծայում «Սովետական ռազմական հանրագիտարանը» (մինչև 1978-ը՝ 5 հ.):

50-ական թթ. վերջերից ազգային լեզվով Հ-ների նախապատրաստման և հրատարակման աշխատանքներ են սկսվել միութենական հանրապետություններում: Դրանք երկու տեսակ են՝ համընդհանուր և տեղային: Սովետական հանրապետական առաջին հանրագիտարանը «Ուկրաինական սովետական հանրագիտարանն» է (հ. 1-17, 1959–65): Բացի համապարփակ Հ–ից Ուկրաինայում լույս են տեսել նաև մի շարք ճյուղային Հ–ներ: Ավարտվել են «Բելոռուսական սովետական հանրագիտարանի» (հ. 1–12, 1969–75), «Լատվիական ՍՍՀ փոքր հանրագիտարանի» (տեղային, հ. 1–3, 1967–72), «Լիտվական սովետական փոքր հանրագիտարանի» (տեղային, հ. 1–2, 1966–75), «էստոնական սովետական հանրագիտարանի» (հ. 1–8, 1968–76) հրատարակությունները: Հրատարակվում են նաև «Ադրբեջանական սովետական հանրագիտարանը» (10 հ.),«Հայկական սովետական հանրագիտարանը» (10 հ.), «Վրացական սովետական հանրագիտարանը» (10 հ.) «Ղազախական սովետական հանրագիտարանը» (12 հ.), «Կիրգիզական սովետական հանրագիտարանը» (6 հ.), «Մոլդավական սովետական հանրագիտարանը» (8 հ.), «Տաջիկական սովետական հանրագիտարանը» (6 հ.), «Թուրքմենական սովետական հանրագիտարանը» (10 հ.), «Ուզբեկական սովետական հանրագիտարանը» (14 հ.), «Լիտվական սովետական հանրագիտարանը» (համապարփակ, 12 հ.):

Սովետական հանրագիտարանային գործում կարևոր իրադարձություն էր «Մանկական հանրագիտարանի» (հ. 1 –10, 1958-1962, 2 հրտ., հ. 1–12, 1964–69, 3 հրտ., հ. 1–12, 1971–78) լույս ընծայումը:

Մեծ ուշադրություն է դարձվում համապարփակ Հ–ների հրատարակմանը սոցիալիստական երկրներում: Բուլղարիայում լույս է ընծայվել «Բուլղարական համառոտ հանրագիտարանը» (հ, 1–5, 1963–69), Հունգարիայում՝ «Հունգարական նոր հանրագիտարանը» (հ. 1–7, 1959–72), Լեհաստանում՝ «Համընդհանուր մեծ հանրագիտարանը» (հ. 1–13, 1962–70), Ռումինիայում «Ռումինական հանրագիտական բառարանը» (հ. 1–4, 1962–66), Չեխոսլովակիայում՝ «Սեղանի գիտական բառարանը» (հ. 1–4, 1962-1967), Հարավսլավիայում՝ «Հարավսլավիայի հանրագիտարանը» (հ. 1–8, 1955–1971):

ԳԴՀ–ում լույս է ընծայվում «Մեյերի նոր բառարանը» (1971-ից, 2 հրտ., 18 հատորով):

Կապիտալիստական երկրներում ներկայումս լույս տեսնող համընդհանուր մեծ Հ–ներից հնագույնը «Բրիտանական հանրագիտարանն» է: Արևմուտքի ժամանակակից առավել հայտնի Հ–ներից են իսպանական «Եվրոպաամերիկյան համընդհանուր պատկերազարդ հանրագիտարանը», «Գիտությունների, գրականության և արվեստի իտալական հանրագիտարանը», ԳՖՀ–ում հրատարակվող «Բրոկհաուզի հանրագիտարանը», ֆրանս. Լարուս ֆիրմայի բազմաթիվ հրատարակությունները, «Ամերիկյան հանրագիտարանը»:

Հանրագիտական բառարաններ կազմելու փորձեր հայ իրականության մեջ արվել են շատ վաղ ժամանակներից: Միջնադարից հայտնի են հանրագիտական բնույթ կրող ձեռագրային պատառիկներ, առանձին հատվածներ:

Ամբողջական այդպիսի աշխատություն է Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու «Գիրք Սահմանաց յոգնադիմի աստուածաբանական, բնական, բարոյական և քաղաքական իրողութեանց գիտութիւնք» հանրագիտական բառարանը, որ լույս է տեսել 1749-ին, Կ. Պոլսում: XIX–XX դդ. հանրագիտական հրատարակություններից են Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց»-ը (հ. 1–12, 1810–15), Մատթեոս Մաղաք–Թեոփիլյանցի «Կենսագրութիւն երեւելի արանց» երկհատոր աշխատությունը (1839), Մինաս Բժշկյանի «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (1850), Նշան Ճիվանյանի «Առձեռն բառարան պատմական, աշխարհագրական և դիցաբանական յատուկ անուանց, հաւելեալ հայկական յատուկ անուանք» (1879), Կարապետ Աքրյանի «Պատկերազարդ Նոր Կաղանդչեք համառօտ կենսագրութիւն երեւելի արանց» (1891), Սուքիաս էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան» (հ. 1–2, 1902–07), Հայկ Տեր–Աստվածատրյանի «Բառարան հայ կենսագրությանց» (1904), Համբարձում Առաքելյանի «Հանրագիտական բառարան» (1915), Մկրտիչ Պոտուրյանի «Հայ հանրագիտակ»-ը (1938) ևն: Հանրագիտական բնույթի կարևոր տեղեկություններ են պարունակում հայերեն տարեգրքերը, մասնավորապես Թեոդիկի «Ամենուն տարեցույցը»:

1932–36-ին ՀԱՍՀ–ում կատարվել է հայերեն հանրագիտարան ստեղծելու փորձ: Լույս է տեսել «Հայկական խորհրդային հանրագիտարանի» առաջին հատորի առաջին պրակը միայն: Մասնագիտացված հանրագիտական բառարանի արժեք ունի Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (հ. 1–5, 1946–62): 1973-ին լույս է տեսել Գառնիկ Ստեփանյանի եռահատոր «Կենսագրական բառարանի» 1-ին հատորը: Հանրագիտական բնույթի տեղեկություններ է պարունակում Հայկ Խաչատրյանի «Դրական տեղեկատուն» (1975):

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, պլաստիկ արվեստների (ճարտարապետություն, կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ), տեսության և պատմության, պրակտիկայի, նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների մասին համակարգված տեղեկություններ պարունակող գիտա-տեղեկատու հրատարակություն: Արվեստի հանրագիտարաններին նախորդել են անտիկ և միջին դարերի հուշարձանների նկարագրումը, ճարտարապետների և կերպարվեստագետների տրակտատները: Սակայն արվեստի տեղեկատու գրականություն սկսել է հրատարակվել XVI–XVIII դդ.՝ արվեստագիտության կազմավորումով: XVI դ. իտալացի Վազարին և նիդերլանդացի Կ. վան Մանդերը սկզբնավորեցին «վարքագրության» ժանրը՝ XVIII դարից սկիզբ առած կենսագրական բառարանների նախատիպը: XVII–XVIII դդ. հրատարակվել են տերմինաբանական բառարաններ: XIX դ. լույս են տեսել Գ. Կ. Նագլերի, Մյուլլեր-Զինգերի և Մայերի (Գերմանիա) կենսագրական հայտնի բառարանները են: XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին Ռուսաստանում լույս են տեսել արվեստաբանական բառարաններ, որոնց մի մասը չի կորցրել գիտական արժեքը (Բուլգակով Ֆ. Ի., «Գեղարվեստի հանրագիտարան», հ. 1–2, 1886–87):

Բուն իմաստով գեղարվեստի հանրագիտարանները լույս են տեսնում XVIII դ. [Պ. Զանի, «Քննադատորեն հիմնավորված գեղարվեստի մեթոդական հանրագիտարան» (Zani P., Enciclopedia metodica critico-ragionata delle belle arti, v. 1–8, Parma, 1794)]: Առավել ընդարձակ ու բազմակողմանի է «Համաշխարհային արվեստի հանրագիտարանը» (Enciclopedia of world art, v. 1–15, N. Y.–Toronto-L., 1959–68, իտալ. հրտ. Enciclopedia universale dell’arte, v. 1–15, Venezia-Roma, 1958–67), որը լույս է տեսել բազմաթիվ երկրների՝ այդ թվում նաև ՍՍՀՄ գիտնականների մասնակցությամբ: Սովետական հանրահայտ արվեստաբանական տեղեկատու ռուսերեն հրատարակություններ են՝ «Կերպարվեստի տերմինների համառոտ բառարան»-ը, 1959, «Երկրների և աշխարհի ժողովուրդների արվեստ»-ը, 5 հատորով (լույս են տեսել 1–4 հատորները, 1962–78-ին) և «ՍՍՀՄ ժողովուրդների նկարիչներ» կենսագրական-մատենագիտական բառարանը՝ 6 հատորով (լույս են տեսել 1–3 հատորները, 1970–1976):

ՀԱՆՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, նշանների համակարգ, որը նպատակ ունի նպաստելու