Հանցագործությունների այս խումբը (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 86– 901) բաժանվում է 4 ենթախմբի՝ ա. պետական կամ հանրային գույքի հափշտակում (գողություն, կողոպուտ, ավազակություն, խարդախություն, յուրացում, վատնում), բ. շահադիտական նպատակներով պետական, հասարակական կազմակերպություններին գույքային վնասի պատճառում (խաբեություն կամ վստահությունը ի չարը գործադրելու միջոցով նյութական վնասի պատճառում, շորթում, գտանքի յուրացում), գ. դիտավորությամբ կամ անզգուշությամբ պետական կամ հասարակական գույքի ոչնչացում կամ վնասում: Այդ հանցագործությունների խմբին է պատկանում նաև գյուղատնտեսական տեխնիկայի հանցավոր անփույթ օգտագործումը կամ պահումը, դ. դիտավորությամբ կամ անզգուշությամբ սոցիալիստական գույքի ոչնչացումը կամ վնասումը: Սոցիաիստական սեփականության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությունների համար սահմանվում է երկարատև ազատազրկում, իսկ առանձնապես խոշոր (ինչպես նաև կրկին անգամ) հափշտակություն կատարողների, խմբի անդամների (այսինքն՝ եթե հանցագործությունը կատարվել է խմբով) կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ՝ նաև մահապատիժ: ԽՍՀՄ–ում քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև մյուս սոցիալիստական երկրների պետական կամ հանրային գույքի հափշտակությունների համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ, ըստ խորհրդային քրեական իրավունքի խորհրդային պետական ապարատի գործունեության դեմ ուղղված հանցագործություն: Ի տարբերություն պաշտոնեական հանցագործության, արարք կատարողները չեն հանդիսանում պետական ապարատի աշխատողներ: Խորհրդային քրեական օրենսդրությամբ վարչակարգի դեմ ուղղված հանցագործությունները բաժանվում են 4 խմբի՝ 1. խորհրդային պետական, հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ (խորհրդային պետական կամ հասարակական կարգն արատավորող հերյուրանքների տարածում, պետական գերբի կամ պետական դրոշի անարգում և այլն): 2. իշխանության, կառավարման մարմինների կամ հասարակական կազմակերպությունների նորմալ գործունեության դեմ ուղղված հանցագործություններ (պաշտոնատար անձի, հասարակական աշխատողի կամ հասարակական պարտքը կատարող քաղաքացու նկատմամբ սպառնալիք կամ բռնություն գործադրելը, պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնագլուխ յուրացնելը, փաստաթղթեր, դրոշմակներ,կնիքներ,բլանկներ հափշտակելը կամ փչացնելը և այլն): 3. հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների նորմալ գործունեության դեմ ուղղված հանցագործություններ (իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը, միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժինիկին դիմադրություն ցույց տալը և այլն): 4. միջազգային կոնվենցիաները խախտող հանցագործություններ (կարմիր խաչի և կարմիր մահիկի նշաններից ապօրինաբար օգտվելը և այլն): ՀԽՍՀ–ում վարչակարգի դեմ ուղղված հանցագործությունները նախատեսված են ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 2061–221 հոդվածներում:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ըստ խորհրդային քրեական իրավունքի, դիտավորյալ հանցագործություններ, որոնք ուղղված են արդարադատությունն իրականացնող մարմինների, ինչպես նաև արդարադատության իրականացմանն առնչվող պետական այլ մարմինների ու պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործունեության դեմ: Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններով ոտնահարվում են նաև քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Խորհրդային քրեական օրենսդրությամբ բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի մեջ ըստ էության մտնում են պաշտոնեական հանցագործությունները՝ ակնհայտ անմեղ անձին պատասխանատվության ենթարկելը, անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը և այլն: Երկրորդ խումբը բաժանվում է երեք ենթախմբերի՝ 1. հանցագործություններ, որոնք խոչընդոտում են քրեական, քաղաքացիական գործերի քննությունը, հանցագործությունների բացահայտումը (ակնհայտ սուտ մատնություն, ակնհայտ սուտ ցուցմունք և այլն). 2. հանցագործություններ, որոնք խոչընդոտում են դատավճռի ի կատար ածումը (փախուստ աքսորավայրից, կալանավայրից, արտաքսվածի ինքնագլուխ վերադարձը նրա բնակության համար արգելված վայրը): Երրորդ ենթախմբի մեջ մտնում են՝ հանցագործությունների պարտակումը, հանցագործությունների մասին չհայտնելը: Տես ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 190–206:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ, միջազգային խաղաղության և ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ ուղղված համամարդկային վտանգավորության հանցագործություններ: Միջազգային սովորութային իրավունքի, համաձայնագրերի ու սկզբունքների, ինչպես նաև միջազգային ռազմական տրիբունալների կանոնադրությունների համաձայն, մարդկության դեմ հանցագործությունները (ագրեսիվ պատերազմների սանձազերծում, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտում, գերիների նկատմամբ դաժանության դրսևորում, զավթած տերիտորիաների բնակչության բնաջնջում և ստրկացում, անմեղ քաղաքացիների տանջահարում, հանրային կամ մասնավոր սեփականության կողոպուտ, քաղաքական, ռազմական կամ կրոնական շարժառիթներով հետապնդում և այլն) կատարած պետությունները ենթարկվում են բարոյաքաղաքական, նյութական, անհատները՝ քրեական պատասխանատվության: Մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններից են՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարողների կողմից հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը (տես Մեծ եղեռն), ինչպես նաև երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական Գերմանիայի և միլիտարիստական Ճապոնիայի՝ հակահիտլերյան կոալիցիայի երկրների ու ժողովուրդների դեմ գործած պատերազմական հանցագործությունները:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ըստ խորհրդային քրեական իրավունքի երկու և ավելի հանցագործությունների առկայությունը քրեական պատասխանատվության ենթակա անձի գործողություններում: Լինում է ռեալ և իդեալական: Ռեալ համակցությունը անձի երկու և ավելի հանցագործության կատարումն է տարբեր արարքների միջոցով (սպանություն, սպեկուլյացիա և այլն), իդեալական համակցությունը՝ մեկ արարքի միջոցով (խանութի վարիչը սպեկուլյանտին, սպեկուլյացիայի նպատակով, ապրանք բաց թողնելու մեկ միասնական արարքով կատարում է երկու հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում և սպեկուլյացիայի օժանդակություն և այլն): Հաշվի առնելով անձի հասարակական վտանգավորությունը, հանցագործությունների համակցությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ ըստ էության կիրառվում են պատժի ավելի խիստ միջոցներ: ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով հանցագործությունների համակցությամբ արարք կատարած անձին պատժելիս, դատարանը յուրաքանչյուր հանցագործության համար նշանակում է առանձին, ապա համակցությամբ՝ ամբողջական պատիժ՝ նվազ խիստ պատժաչափն ավելի խիստ պատժաչափով կլանելու կամ պատժաչափերը լրիվ կամ մասնակիորեն գումարելու եղանակով:
ՀԱՆՑԱԿԱԶՄ, քրեական օրենսդրությամբ նախատեսված տարրերի ամբողջություն, որով անձի հանրորեն վտանգավոր արարքը (գործողություն, անգործություն) բնութագրվում է որպես հանցագործություն: Հանցակազմն ընդգրկում է հետևյալ հատկանիշները՝ օբյեկտ, սուբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտիվ կողմ: Այդ հատկանիշներից թեկուզ մեկի բացակայության դեպքում արարքը դադարում է համարվել հանցագործություն, և գործը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով (ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 5):
ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, երկու և ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը: Հանցակցությունը հանցագործության վտանգավորությունը մեծացնող հանգամանք է. աճում է հասարակությանը առավել մեծ վնաս պատճառելու սպառնալիքը, նվազում հանցագործությունը բացահայտելու հնարավորությունը: Ըստ խորհրդային քրեական իրավունքի հանցակցությունը լինում է հասարակ և բարդ: Հասարակ հանցակցության դեպքում մասնակիցները կատարում են միատեսակ արարքներ (օրինակ, անձի խոշտանգումը, սպանությունը խմբով) և պատժվում որպես համակատարողներ: Բարդ հանցակցության դեպքում հանցագործությունը տեղի է ունենում