Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դեմոկրատիայի հետագա զարգացումն ապահովում է հասարակության բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը հասարակական գործերի կառավարմանը:

Վ. Մուսախանյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, մասսայական գիտակցության վերաբերմունքը հասարակական կյանքի կարևոր և վիճելի հարցերի, ինչպես նաև առանձին անձանց ու հաստատությունների գործունեության նկատմամբ: Հ. կ. առնչվում է հասարակական գիտակցության բոլոր հայտնի ձևերին և յուրովի արտացոլում է հասարակության կամ նրա առանձին խմբերի շահերը: Հասարակության զարգացման սկզբնական շրջանում լինելով հասարակական կյանքի հիմնական կարգավորող գործոնը (ավանդույթը, վարքի նորմաները և ընդհանրապես կենսակերպի ստերեոտիպերը կարող են դիտվել որպես Հ. կ–ի թանձրացումներ)՝ Հ. Կ. աստիճանաբար իր ֆունկցիաների նշանակալի մասը զիջել է պետական-իրավական հարկադրանքին: Բուրժուազիայի հռչակած դեմոկրատական ազատությունները նշանավորեցին հասարակական կյանքում Հ. կ–ի իրավունքների վերականգնումը: Սակայն այստեղ ակնհայտ է նաև հակառակ միտումը՝ Հ. կ–ի ֆունկցիաների և գործունեության ոլորտների սահմանափակում, պաշտոնապես ցանկալի Հ. կ–ի ծրագրավորում ևն: Ընդունելով հասարակական կյանքում Հ. կ–ի կարևոր դերը՝ բուրժ. հետազոտողները, որպես կանոն, պնդում են, որ այն մոլորությունների, նախապաշարմունքների, ստերեոտիպերի և այլ իմացական կազմավորումների թերարժեք զետեղարան է: Այս դատողությունները նպատակ ունեն հիմնավորելու, որ դեմոկրատիան տեսականորեն սնանկ է, գործնականորեն՝ կործանարար: Սոցիալիստական հասարակարգում հասարակական կյանքի խորը և իսկական դեմոկրատացման, մասսայական գիտակցության լավատեղյակության աճի, նրանում գիտականության տարրերի մեծացմանը զուգընթաց, Հ. կ. վերածվում է հասարակական կյանքը ավելի ու ավելի ճիշտ արտացոլող հոգևոր երևույթի և, հետևաբար, դառնում է հասարակական պրոբլեմների լուծման կարևոր միջոցներից մեկը: Ընտրությունները, հանրաքվեները, համաժողովրդական քննարկումներն հասարակական ամենանշանակալի գործողությունների կատարման և դրանց օրինականացման լավագույն հիմքն են: Հ. կ., որպես պետական հաստատությունների գործունեության նկատմամբ յուրատեսակ հսկողություն իրականացնող և նրանցից վեր կանգնած ուժ, կատարում է երեք հիմնական ֆունկցիա. 1. վերահսկման՝ որոշակի վերաբերմունք է ցույց տալիս հասարակական իրադարձություններին, պետական հաստատությունների և անհատների գործունեությանը. 2. խորհրդատու՝ խորհուրդ է տալիս, հասարակական հարցերի լուծման՛ վերաբերյալ իր ցանկություններն է արտահայտում, որոնք գործնականում արդյունավետ են լինում հատկապես այն դեպքում, երբ պաշտոնական կողմը այդ հարցերն առաջադրում է իրոք խորհուրդ ստանալու և կողմնորոշվելու նպատակով. 3. դիրեկտիվ՝ վճիռ է կայացնում, իր կամքն է թելադրում որոշակի հարցերի կապակցությամբ: Հ. կ., մշակելով հասարակական վարքի որոշակի նորմաները, նաև կարգավորում է անհատների և հասարակական խմբերի հարաբերությունները: Հ. կ. կարող է ձևավորվել տարերայնորեն կամ պետական հաստատությունների նպատակասլաց գործունեության հետևանքով: Սակայն բոլոր դեպքերում նրան ամբողջապես բնորոշ է ոչ պաշտոնականությունը:

Գրկ․уледов А․К․, Общественное мнение советского общества․, 1963;Грушие Б․,А․,Мнения о мире и мир мнений 1967.Ս․Մուրադյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, պատմական մատերիալիզմի կատեգորիաներ, որոնցով բնորոշվում են հասարակության նյութական և հոգևոր կողմերը, դրանց կապն ու փոխազդեցությունը: Հ. կ. և հ. գ. փոխհարաբերությամբ բացահայտվում է հասարակության նկատմամբ փիլիսոփայության հիմնական հարցի յուրօրինակությունը: Հասարակական կ ե ց ու թ յ ու ն ը հասարակության նյութական կյանքն է՝ նյութական բարիքների արտադրությունը և այն հարաբերությունները, որոնց մեջ մարդիկ մտնում են այդ արտադրության պրոցեսում: Հասարակական գիտակցությունը հասարակական կեցության արտացոլումն է և, որպես այդպիսին, իր ծագմամբ երկրորդային է, նրանից ածանցյալ, արտահայտում է հասարակական կյանքի հոգևոր կողմը՝ մարդկանց կրոնական, Փիլ., բարոյական, գիտական և մյուս պատկերացումները: Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը, ստեղծելով գիտական պատմափիլիսոփայություն, կարողացան նաև բացահայտել հասարակության նյութական և հոգևոր ոլորտների կապն ու փոխազդեցությունը, ապացուցել, որ «ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակն, նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկեր, հ. 1, էջ 689): Հասարակության զարգացմանը և առաջադիմությանը զուգընթաց հասարակական գիտակցությունը հանդես է գալիս որպես բնության և հասարակության օրինաչափությունների իմացություն, առաջանում են նրա տարբեր ձևերը (կրոն, փիլիսոփայություն, բարոյականություն, քաղաքական գաղափարախոսություն, գիտություն ևն): Պատմական մատերիալիզմը, փիլիսոփայության հիմնական հարցի շրջանակներում բացահայտելով հասարակական կեցության որոշիչ նշանակությունը հասարակական գիտակցության նկատմամբ, միաժամանակ հաստատում է վերջինիս ակտիվությունը և հարաբերական ինքնուրույնությունը: Հասարակական գիտակցությունն ունի իր զարգացման ներքին տրամաբանությունը և մեխանիզմը: Հասարակական կեցության մեջ տեղի ունեցող ոչ բոլոր փոփոխություններն են, որ անմիջականորեն, առավել ևս միանշանակ ձևով, կարող են Փոփոխություններ առաջացնել հասարակական գիտակցության մեջ: Պատմականորեն լինլով նյութական հարաբերությունների ծնունդ՝ հասարակական գիտակցությունը ձեռք է բերում նաև հարաբերական կայունություն, ինքնուրույնություն, զարգացման ներքին տրամաբանություն, որոնք դուրս են գալիս կեցության օրինաչափությունների սահմաններից: Այսպիսի յուրահատկությունների շնորհիվ հասարակական գիտակցությունը դառնում է նաև ակտիվ ու ներգործուն, պատմական որոշակի պայմաններում այն կարող է ազդել կեցության վրա՝ կարգավորել, ուղղություն տալ հասարակական երևույթների ընթացքին, նպաստել հասարակական առաջադիմությանը՝ եթե արտահայտում է առաջադեմ դասակարգերի գաղափարախոսությունը, կամ հակազդել նրան՝ եթե արտահայտում է հետադեմ դասակարգերի գաղափարախոսությունը: Պատմական մատերիալիզմը, մերժելով հասարակության իդեալիստական և գռեհիկ մատերիալիստական բացատրությունները, գտնում է, որ Հ. կ. և հ. գ. գտնվում են մշտական փոխազդեցության մեջ: Երբեք չի կարելի հասարակական գիտակցությունը կտրել իր սոցիալական հիմքից կամ ժխտել գիտակցության ակտիվ դերն ու վերափոխիչ նշանակությունը:

Գ. Մխիթարյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում: Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների: Նյութական (տնտ., արտադրական) Հ. հ. մարդկանց կամքից և գիտակցությունից անկախ, օբյեկտիվ անհրաժեշտությամբ գոյացող, նյութական բարիքների արտադրությանն ուղղված գործունեության հետևանք են: Գաղափարական (քաղ., իրավական, բարոյական ևն) Հ. հ. առաջանում են նյութական Հ. հ–ի բազայի վրա և վերջինի վերնաշենքն են (տես Բազիս և վերնաշենք): Անհատները Հ. հ–ում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ: Հ. հ. դիալեկտիկական փոխազդեցության մեջ են մարդկանց անձնական հարաբերությունների հետ և որոշում են այդ հարաբերությունների էական կողմերը: Սոցիալական տարբեր խմբերի, հանրությունների, կազմակերպությունների Հ. հ. որոշվում են արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի համակարգում ունեցած նրանց տեղով, սոցիալական այլ խմբերի հետ ունեցած փոխհարաբերություններով (տես Արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ): Յուրաքանչյուր հասարակական տնտ. ֆորմացիայի համար Հ. հ. պատմականորեն կոնկրետ և յուրահատուկ են: Սեփականության տվյալ ձևի արմատական ա