Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


14 ԳՀԻ: Կուրորտաբանության հարցերով զբաղվում են նաև ՍՍՀՄ ԲԳԱ և միութենական հանրապետությունների այլ ինստիտուտներում ու լաբորատորիաներում, բժշկական, բժիշկների կատարելագործման ինստիտուտների ամբիոններում և արհմիությունների խոշոր բուժավայրերի հատուկ լաբորատորիաներում: Կուրորտաբանության բնագավառում գիտական գործունեությունը կոորդինացնում է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստիտուտը, կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների համամիութենական գիտական բժշկական ընկերությունը, ՍՍՀՄ ԲԳԱ ընդհանուր միութենական պրոբլեմային հանձնաժողովը: Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստիտուտի բազայի վրա, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի վերաբերյալ գիտական հետազոտությունները համաձայնեցնելու նպատակով Եվրոպայի սոցիալիստական երկրներում ստեղծվել է կոորդինացիոն կենտրոն:

Կուրորտաբանության հարցերը ՍՍՀՄ–ում լուսաբանվում են «Կուրորտնոյե դելո» («Курортное дело», 1923 թ.-ից) և «Վոպրոսի կուրորտոլոգիի, ֆիզիոթերապիի ի լեչեբնոյ ֆիզիչեսկոյ կուլտուրի» («Вопросы курортологии, физеотерапии и лечебной физической культуры», 1923 թ.-ից) ամսագրերում, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ–ների աշխատություններում, մեթոդական ձեռնարկներում: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ազգայնացված պալատների ու առանձնատների մի մասը վերածվեցին ժողովրդի լայն զանգվածներին մատչելի առողջարանա–բուժավայրային հիմնարկների: Ձեռնարկվեցին միջոցառումներ նոր առողջարանների և հանգստյան տների կազմակերպման, դրանց բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ, և սկսվեցին Հայկական ՍՍՀ տերիտորիայի բուժավայրային անսպառ պաշարների բազմակողմանի հետազոտությունները: Հայաստանում կուրորտաբանության հիմնադիրներն են՝ Լ. Ա. Հովհաննիսյանը, Ա. Ա. Մելիք–Ադամյանը, Ա. Հ. Հակոբյանը, Ս. Մ. Լազարևը, Գ. Ա. Ղևոնդյանը, Ռ. Ն. Գյանջեցյանը, Գ. Ա. Մեդնիկյանը, Ա. Պ. Դեմյոխինը: 1921 թ.-ին՝ Դիլիջանում կազմակերպվեց տուբերկուլոզային առողջարան, 1925 թ.-ին՝ Արզնու սրտաբանական առողջարանը: 1930 թ.-ին սկսվեցին Ջերմուկի թերմերի ուսումնասիրությունները, որոնց հիման վրա 1940 թ.-ին կազմակերպվեց բարձրլեռնային բալնեո–ըմպելային առաջին առողջարանը: 1930 թ.-ին Երևանում հիմնվեց կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտը: 1976 թ.-ի տվյալներով ՀՍՍՀ–ում գործում են մեծահասակների՝ 12, մանկական 10 առողջարան, 6 հանգստյան տուն և 10 պրոֆիլակտորիում:

ԿՈՒՐՈՐՏՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, հանրապետական գիտահետազոտական պրոֆեսոր Ա. Հ. Հակոբյանի անվան, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գիտահետազոտական հիմնարկ: Հիմնվել է 1930 թ.-ին, մինչև 1937 թ.-ը կոչվել է ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ:

Ինստիտուտի հիմնադրմանը, գիտական ու գործնական աշխատանքների կազմակերպմանը նպաստել են Լ. Ա. Հովհաննիսյանը, Ա. Հ. Մելիք–Աղամյանը, Գ. Մ. Սաղյանը, Ռ. Ն. Գյանջեցյանը, Գ. Ա. Ղևոնդյանը, Լ. Ա. Հարությունյանը, Ս. Ա. Ճշմարիտյանը, Ս. Ա. Խուրշուդյանը, Յա. Լ. Գրոսմանը, Հ. Հ. Չիլինգարյանը, Գ. Ի. Աղաջանյանը, Վ. Ս. Սադոյանը, Ժ. Ս. Թոփչյանը, Ռ. Ս. Ջանջուտովան, Թ. Գ. Մովսիսյանը: Ինստիտուտը բաղկացած է կլինիկական բաժնից, նյարդաբանական, ստամոքս–աղիքաբանական, ռեաբիլիտացիոն բաժանմունքներով և ֆիգիոթերապևտիկական համալիրից, ուր գործում են լողավազան, բուժական մարմնամարզության դահլիճներ, ֆիգիոթերապևտիկական պրոցեդուրների 15 սենյակ, մեխանոթերապիայի դահլիճ և ջրաբուժական կաբինետ: Ինստիտուտի պոլիկլինիկան ունի բուժախտորոշիչ կաբինետներ, ֆիզկուլտուրայի մանկական դիսպանսեր և կլիմայաբուժական տաղավար: 1961 թ.-ին ինստիտուտի բազայի վրա կազմակերպվել է ֆիզիոթերապիայի և կուրորտոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ Ռ. Ս. Ջանջուտովա): Ինստիտուտում ուսումնասիրում են հետևյալ գիտական պրոբլեմները. 1.Հայաստանի կուրորտների և կուրորտային վայրերի կլիմայի գնահատականը և հանքային ջրերի ֆիզիկա–քիմիական, մանրէաբանական և ռադիոլոգիական բնութագիրը, 2.կուրորտային և ֆիզիկական գործոնների ֆիզիոլոգիական և բուժական մեխանիզմների բնութագիրը:

Ինստիտուտըժն ունի գրադարան (35 հազ. գիրք), հրատարակում է գիտական աշխատություններ (ռուսերեն և հայերեն):

ԿՈՒՐՉԱՏՈՎ Իգոր Վասիլևիչ [1902 թ. դեկտեմբերի 30, (1903 թ. հունվարի 12), ք. Սիմ (Չելյաբինսկի մարզում)– 1960 թ. փետրվարի 7, Մոսկվա], սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1949 թ., 1951 թ., 1954 թ.): ՍՄԿԿ անդամ 1948 թ.-ից: Ավարտել է Ղրիմի համալսարանը (1923 թ.): 1925 թ.-ից աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում՝ Ա. Ֆ. Իոֆֆեի ղեկավարությամբ: 1943 թ.-ին հիմնադրել և գլխավորել է ՍՍՀՄ ԳԱ ատոմային էներգիայի ինստիտուտը (1960 թ.-ից կոչվում է Կուրչատովի անունով): 1933 թ.-ից զբաղվել է ատոմային միջուկի ֆիզիկայի հարցերով: 1934 թ.-ին հայտնագործել է նեյտրոններով ռմբակոծելուց առաջացող միջուկային ռեակցիաների ճյուղավորման երևույթը և ուսումնասիրել մի շարք տարրերի արհեստական ռադիոակտիվությունը: 1935 թ.-ին աշխատակիցների հետ հայտնաբերել է արհեստական ռադիոակտիվ իզոտոպների միջուկային իզոմերիայի երևույթը (տես Իզոմերիա միջուկային): 1941–1945 թթ.-ին Կուրչատովն այլ գիտնականների հետ պաշտպանական նշանակություն ունեցող մի շարք աշխատանքներ է կատարել: 1943 թ.-ից գլխավորել է ատոմային էներգիայի պրոբլեմներին վերաբերող գիտական աշխատանքները: Նրա ղեկավարությամբ են կառուցվել Մոսկվայի առաջին ցիկլոտրոնը (1944 թ.), Եվրոպայի ատոմային առաջին ռեակտորը (1946 թ.), աշխարհի առաջին արդյունաբերական ատոմային էլեկտրակայանը (1954 թ.): Ղեկավարել է նաև սովետական առաջին ատոմային ռումբի (1949 թ.) և աշխարհի առաջին ջերմամիջուկային ռումբի (1953 թ.) ստեղծման աշխատանքները: Ընտրվել է ՍՍՀՄ 3–5 գումարումների

Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է լենինյան (1957 թ.) և ՍՍՀՄ պետական (1942 թ., 1949 թ., 1951 թ., 1954 թ.) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով: Նրա անունով է կոչվել Մենդելեևի պարբերական համակարգի 104-րդ տարրը՝ կուրչատովիումը:

Գրականություն՝ Асташенков П. Т., Академик И.В. Курчатов, М., 1971; Головин И. Н., Курчатов, 3 изд., перераб и доп., М., 1978.